Ինչո՞ւ. «Աստվա՛ծ, ինչո՞ւ թույլ տվեցիր»
ՌԻԿԱՐԴՈՅԻ մտքում դեռ թարմ են հուշերն այն մասին, թե ինչպես բժշկի ընդունարանում նստած՝ ինքն ու կինը՝ Մարիան, չէին համարձակվում կարդալ Մարիայի վերջին ստուգումների պատասխանը։a Ի վերջո Ռիկարդոն բացեց ծրարը, ու նրանք արագորեն հայացք նետեցին բժշկական լեզվով գրված տողերի վրա։ Նկատելով «քաղցկեղ» բառը՝ երկուսն էլ սկսեցին լաց լինել, քանի որ հասկանում էին, թե ինչ է կանգնած դրա ետևում։
«Բժիշկը շատ բարի էր,— հիշում է Ռիկարդոն,— ու, ինչպես երևում է, գիտակցում էր պահի լրջությունը, քանի որ անընդհատ կրկնում էր՝ հուսացեք Աստծուն»։
Նախքան ճառագայթման միջոցով բուժմանն անցնելը՝ Մարիայի բժիշկը նկատեց, որ նրա աջ ոտքը երբեմն ակամայից շարժվում էր։ Հետագա ստուգումները ցույց տվեցին, որ քաղցկեղը տարածվել էր նրա գլխուղեղով մեկ։ Ընդամենը մեկ շաբաթ անց ճառագայթումը դադարեցվեց։ Մարիան ընկավ կոմայի մեջ ու երկու ամիս հետո մահացավ։ «Թեև լավ էր, որ նրա տանջանքներն ավարտվեցին,— ասում է Ռիկարդոն,— բայց այնքան էի զգում նրա կարիքը, որ ինձ էլ էի մահ ցանկանում։ Հաճախ էի Աստծուն աղաղակում՝ ասելով. «Ինչո՞ւ թույլ տվեցիր այդ բանը»»։
Դժբախտությունը բազում հարցեր է առաջ բերում
Աշխարհով մեկ տառապանք են կրում Ռիկարդոյի նման անթիվ–անհամար մարդիկ։ Նրանցից շատերը անմեղ զոհեր են՝ զինված ընդհարումների, երեխաների հանդեպ կամ ընտանիքներում կատարվող բռնության և մարդու գործած այլ չարագործությունների։ Թվում է՝ պատմության ընթացքում միայն ցավ ու անարդարություն է եղել, որ տղամարդ թե կին գիտակցաբար պատճառել են իրար (Ժողովող 4։1–3)։ Իսկ բնական աղետների, էմոցիոնալ, մտավոր և ֆիզիկական հիվանդությունների զոհե՞րը... Զարմանալի չէ, ուրեմն, որ շատերն են հարցնում. «Ինչո՞ւ է Աստված թույլատրել այսքան տառապանք»։
Տառապանքին դժվարությամբ են դիմանում նույնիսկ կրոնական համոզմունքների տեր մարդիկ։ Գուցե ձեզ էլ է հետաքրքրում, թե սիրառատ ու ամենազոր Աստված ինչ պատճառ պետք է ունենար՝ տառապանք թույլ տալու։ Այս դժվարին հարցին գոհացուցիչ և ճշմարտացի պատասխան գտնելը կարևոր է ներքին խաղաղություն ձեռք բերելու և Աստծո հետ փոխհարաբերություններ հաստատելու համար։ Այդ պատասխանը տրվում է Աստվածաշնչում։ Դրան ծանոթանալու համար քննեք հաջորդ հոդվածը։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկարներ 3–րդ էջի վրա]
Բժիշկն անընդհատ ասում էր՝ հուսացեք Աստծուն