Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 5/1 էջ 19–24
  • Մխիթարենք նրանց, ովքեր վշտի մեջ են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մխիթարենք նրանց, ովքեր վշտի մեջ են
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծո տված մխիթարությամբ
  • Երբ կյանքը խաթարվում է բռնությամբ ու տնտեսական դժվարություններով
  • Երբ փոթորիկներ ու երկրաշարժեր են պատահում
  • Երբ մահացել է ընտանիքի անդամը
  • Մխիթարիր «բոլոր սգավորներին»
    2011 Դիտարան
  • Ինչպես է Աստված մխիթարում
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Որտե՞ղ կարելի է իսկական մխիթարություն գտնել
    2003 Դիտարան
  • Մխիթարենք սրտով կոտրվածներին
    2007 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2003 Դիտարան
w03 5/1 էջ 19–24

Մխիթարենք նրանց, ովքեր վշտի մեջ են

«[Եհովան] օծել է ինձ.... բոլոր սգաւորներին մխիթարելու համար» (ԵՍԱՅԻԱ 61։1, 2)։

1, 2. Ո՞ւմ պետք է մխիթարենք, և ինչո՞ւ։

ԵՀՈՎԱՆ՝ ամեն մխիթարության Աստվածը, սովորեցնում է մեզ հոգ տանել ծանր կացության մեջ գտնվողների մասին։ Նա սովորեցնում է մեզ «մխիթարե[լ] փոքրասիրտներին [«վհատվածներին», ԱՆԹ]» և բոլոր նրանց, ովքեր վշտի մեջ են (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Երբ մեր հավատակիցներն այդպիսի օգնության կարիք են ունենում, մենք այն տրամադրում ենք։ Մենք սեր ենք դրսևորում նաև ժողովի անդամ չհանդիսացող մարդկանց հանդեպ ու նաև նրանց, ովքեր երբեք մեր նկատմամբ սիրալիր վերաբերմունք չեն ցույց տվել (Մատթէոս 5։43–48; Գաղատացիս 6։10)։

2 Հիսուս Քրիստոսը կարդաց ու իրեն վերագրեց հետևյալ մարգարեական հանձնարարությունը. «Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու.... բոլոր սգաւորներին մխիթարելու համար» (Եսայիա 61։1, 2; Ղուկաս 4։16–19)։ Ներկայիս օծյալ քրիստոնյաները վաղուց են հասկացել, որ այդ հանձնարարությունը իրենց էլ է վերաբերում, և «այլ ոչխարները» ուրախությամբ միացել են նրանց այդ գործն անելու համար (Յովհաննէս 10։16)։

3. Երբ մարդիկ հարց են տալիս, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ դժբախտություններ պատահեն, ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

3 Երբ դժբախտություններ են պատահում և մարդկանց ‘սիրտը կոտրվում’ է, նրանք հաճախ հարցնում են. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս ցավն ու տառապանքը»։ Աստվածաշունչը հստակորեն պատասխանում է այդ հարցին։ Սակայն այս հարցի ամբողջական պատասխանը գտնելու համար գուցե որոշակի ժամանակ պահանջվի այն անհատից, որը երբեք չի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա կարող է դա անել Եհովայի վկաների հրատարակությունների օգնությամբ։a Որոշ մարդիկ մխիթարություն են ստացել աստվածաշնչյան այնպիսի համարներից, ինչպիսիք են Եսայիա 61։1, 2–ը, քանի որ դրանք ցույց են տալիս, որ Աստված ուզում է, որ մարդիկ մխիթարվեն։

4. Ինչպե՞ս մի լեհ Եհովայի վկա կարողացավ օգնել մտատանջությունների մեջ ընկած դպրոցական ընկերուհուն, և այս դեպքն ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ դու էլ օգնես ուրիշներին։

4 Պատանիները նույնպես, ինչպես մեծահասակները, մխիթարության կարիք ունեն։ Մի լեհ դեռահաս աղջիկ, որ ընկճված էր, իր ընկերուհուց խորհուրդ հարցրեց։ Ընկերուհին, որ Եհովայի վկա էր, զգուշորեն հարցեր տալով իմացավ, որ այդ աղջկան շատ էին անհանգստացնում որոշ հարցեր. «Ինչո՞ւ այսքան շատ չարություն կա աշխարհում։ Ինչո՞ւ են մարդիկ տառապում։ Ինչո՞ւ է իմ կաթվածահար քույրը տառապում։ Ինչո՞ւ սիրտս առողջ չէ։ Եկեղեցին ասում է, որ դա Աստծո կամքն է։ Բայց եթե այդպես է, ուրեմն ես այլևս չեմ հավատա Աստծուն»։ Եհովայի վկան լուռ աղոթեց, հետո ասաց. «Ուրախ եմ, որ այդ մասին ինձ ասացիր։ Կփորձեմ օգնել քեզ»։ Քույրը պատմեց, որ երեխա ժամանակ ինքն էլ հարցեր ուներ, և որ Եհովայի վկաներն օգնեցին իրեն դրանց պատասխանները գտնել։ Նա ասաց. «Իմացա, որ Աստված մարդկանց չի տանջում։ Աստված սիրում է մեզ, միայն լավագույնն է ցանկանում մեզ և շուտով մեծ փոփոխություններ կկատարի երկրագնդի վրա։ Հիվանդությունները, տարիքային խնդիրները և մահը անցյալ կդառնան, ու մարդիկ հավիտյան կապրեն՝ հենց մեր մոլորակի վրա»։ Նա այդ աղջկա համար Աստվածաշնչից կարդաց Յայտնութիւն 21։3, 4–ը, Յոբ 33։25–ը, Եսայիա 35։5–7 և 65։21–25 համարները։ Երկարատև զրույցից հետո այդ աղջիկը՝ ակնհայտորեն թեթևացած, ասաց. «Հիմա գիտեմ, թե ինչի համար եմ ապրում։ Կարելի՞ է, որ մենք էլի հանդիպենք»։ Նրա հետ շաբաթական երկու անգամ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց անցկացվել։

Աստծո տված մխիթարությամբ

5. Կարեկցանք արտահայտելիս ինչպե՞ս կարող ենք հարկ եղած ձևով մխիթարել անհատին։

5 Երբ ուզում ենք մխիթարել մարդկանց, անշուշտ, տեղին է կարեկցանքի խոսքեր ասել։ Մենք ձգտում ենք խոսքով ու ձայնի երանգով վշտացած անհատին ցույց տալ, որ խորապես անհանգստացած ենք նրա կացությամբ։ Դատարկ, անիմաստ խոսքերով մարդուն չես մխիթարի։ Աստվածաշունչն ասում է, որ «համբերութեամբ եւ գրքերի մխիթարութեամբը յոյսն ունենանք» (Հռովմայեցիս 15։4)։ Սա հաշվի առնելով՝ մենք հարմար պահի կարող ենք մարդուն բացատրել, թե ինչ է Աստծո Թագավորությունը, ու կարող ենք Աստվածաշնչից ցույց տալ, թե ինչպես է այդ Թագավորությունը լուծելու ներկայիս պրոբլեմները։ Դրանից հետո կարող ենք բացատրել, թե այդ հարցում վստահ լինելու ինչ հիմքեր կան։ Ահա այս ձևով մենք կմխիթարենք անհատին։

6. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի օգնենք մարդկանց հասկանալու, որ իրենք կարող են հնարավորին չափ մեծ մխիթարություն ստանալ Գրություններից։

6 Որպեսզի անհատը կարողանա հնարավորին չափ մեծ մխիթարություն ստանալ, նա պետք է ճանաչի ճշմարիտ Աստծուն, իմանա, թե ինչպիսի անձնավորություն է նա ու հասկանա, որ նա իր տված խոստումներն իրագործում է։ Երբ ուզում ենք օգնել այնպիսի անհատի, որը դեռ Եհովայի երկրպագու չէ, լավ կլիներ բացատրել հետևյալը։ 1) Աստվածաշնչի տված մխիթարությունը Եհովայից՝ ճշմարիտ Աստծուց է բխում։ 2) Եհովան Ամենակարողն է՝ երկրի ու երկնքի Արարիչը։ Նա սիրո Աստված է և առատ է ողորմությամբ ու ճշմարտությամբ։ 3) Մենք դժվարությունները դիմագրավելու համար կարող ենք զորություն ստանալ, եթե, ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով նրա Խոսքից, մոտենանք Աստծուն։ 4) Աստվածաշունչը պարունակում է համարներ, որոնք կոնկրետ փորձությունների մասին են. փորձություններ, որոնց մեջ կարող են ընկնել ամենատարբեր մարդիկ։

7. ա) Ինչի՞ կարող ենք հասնել՝ ընդգծելով, որ Աստծո տված մխիթարությունը «Քրիստոսի ձեռովը շատանում է»։ բ) Ինչպե՞ս կարող ենք մխիթարել այն անհատին, որը գիտակցում է իր արարքների սխալ լինելը։

7 Որոշ եղբայրներ ու քույրեր կարողացել են մխիթարել վշտահար մարդկանց, ովքեր որոշ չափով ծանոթ են եղել Աստվածաշնչին՝ նրանց համար կարդալով Բ Կորնթացիս 1։3–7-ը։ Կարդալիս նրանք ընդգծել են «Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը» արտահայտությունը։ Այս համարները կարող են օգնել անհատին հասկանալու, որ Աստվածաշունչը մխիթարության այնպիսի աղբյուր է, որով նա պետք է ավելի շատ հետաքրքրվի։ Հնարավոր է՝ այդ զրույցը հիմք ստեղծի, որ հետագայում նրա հետ քննարկումներ անես նաև այլ թեմաներով։ Եթե անհատը հասկանում է, որ իր անհանգստություններն իր իսկ կատարած վատ գործերի հետևանք են, ապա, խուսափելով քննադատական մոտեցումից, կարող ենք նրան օգնել մխիթարություն գտնել այն խոսքերում, որ գրված են Ա Յովհաննէս 2։1, 2 և Սաղմոս 103։11–14 համարներում։ Այս ձևով մենք մարդկանց իրոք կմխիթարենք Աստծո տված մխիթարությամբ։

Երբ կյանքը խաթարվում է բռնությամբ ու տնտեսական դժվարություններով

8, 9. Ինչպե՞ս կարող ենք մխիթարել բռնության ենթարկված մարդկանց։

8 Միլիոնավոր մարդկանց կյանքը խաթարվում է բռնությամբ՝ լինի դա սովորական հանցագործություն, թե պատերազմ։ Ինչպե՞ս կարող ենք մխիթարել նրանց։

9 Ճշմարիտ քրիստոնյաները զգուշանում են, որ ո՛չ խոսքով և ո՛չ էլ գործով այս աշխարհի հակամարտությունների ժամանակ ոչ մեկի կողմը չբռնեն (Յովհաննէս 17։16)։ Նրանք Աստվածաշնչի միջոցով ցույց են տալիս, որ ներկայիս դաժանությունները հավիտյան չեն շարունակվելու։ Քրիստոնյաները մեջբերում են, օրինակ, Սաղմոս 11։5–ը՝ ցույց տալու համար, թե ինչ է Եհովան զգում բռնություն սիրողների նկատմամբ, կամ էլ Սաղմոս 37։1–4-ը՝ ցույց տալու համար, որ Աստված հորդորում է մեզ, որ վատությանը վատությամբ պատասխանելու փոխարեն՝ ապավինենք Աստծուն։ Սաղմոս 72։12–14-ից հասկանում ենք, թե Մեծ Սողոմոնը՝ Հիսուս Քրիստոսը, որն այժմ իշխում է որպես երկնային Թագավոր, ինչ է զգում՝ տեսնելով, թե ինչպես են անմեղ մարդիկ բռնության ենթարկվում։

10. Եթե անհատը տարիներ շարունակ ապրել է պատերազմական գոտում, ինչպե՞ս կարող են մեջբերված համարները մխիթարել նրան։

10 Շատ մարդիկ ապրում են իրար հաջորդող հակամարտությունների ժամանակներում, երբ հակառակորդ կողմերը պայքար են մղում իշխանության համար։ Պատերազմներն իրենց բերած հետևանքների հետ մեկտեղ նրանց կյանքի անբաժան մասն են կազմում։ Նրանց կարծիքով՝ այդպիսի կյանքից ազատվելու համար միակ հուսալի ելքը ուրիշ երկիր փախչելն է։ Բայց նման ձևով մտածողների մեծամասնությունը այդպես էլ հաջողության չի հասնում, իսկ նրանցից ոմանք էլ կորցնում են կյանքը, երբ փորձում են հեռանալ։ Մյուսներն էլ, ում հաջողվում է գնալ այլ երկիր, հաճախ հայտնաբերում են, որ իրենք պարզապես որոշ պրոբլեմներ փոխարինել են ուրիշներով։ Մենք կարող ենք Սաղմոս 146։3–6-ի միջոցով նրանց օգնել, որ հույսները դնեն ավելի վստահելի բանի վրա, քան գաղթելն է։ Մատթէոս 24։3, 7, 14 և Բ Տիմոթէոս 3։1–5-ում գրված մարգարեությունները կարող են օգնել նրանց համակողմանիորեն հասկանալու, թե ինչ իրավիճակում են իրենք գտնվում և թե ինչ է նշանակում այդ ամենը՝ որ մենք բոլորս ապրում ենք իրերի այս հին համակարգի եզրափակիչ մասում։ Այնպիսի համարներ, ինչպիսիք են Սաղմոս 46։1–3, 8, 9–ը և Եսայիա 2։2–4-ը, կարող են օգնել նրանց գիտակցելու, որ իսկապես կարելի է խաղաղ ապագայի հույս ունենալ։

11. Ո՞ր համարները մխիթարեցին Արևմտյան Աֆրիկայում ապրող մի կնոջ, և ինչո՞ւ։

11 Արևմտյան Աֆրիկայում պատերազմը չէր դադարում, և մի անգամ մի կին գնդակների տարափի տակ փախավ տնից։ Նրա կյանքը լցվեց վախով, տխրությամբ ու խորին հիասթափությամբ։ Ավելի ուշ, երբ նրանք ընտանիքով ապրում էին այլ երկրում, նրա ամուսինը որոշեց այրել իրենց ամուսնության վկայականը, դուրս անել տնից նրան՝ արդեն հղի կնոջը, ու տասնամյա որդուն և դառնալ քահանա։ Երբ այդ կնոջ համար կարդացին Փիլիպպեցիս 4։6, 7 և Սաղմոս 55։22 համարները, ինչպես նաև «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերից հոդվածներ՝ հիմնված Գրությունների վրա, նա վերջապես կարողացավ մխիթարություն գտնել, և նրա կյանքը իմաստ ստացավ։

12. ա) Ի՞նչ սփոփանք է բերում Աստվածաշունչը նրանց, ովքեր տնտեսական ծանր պայմաններում են ապրում։ բ) Ինչպե՞ս ասիացի մի Վկա կարողացավ օգնել գնորդին։

12 Միլիոնավոր մարդիկ չքավորության եզրին են հասնում վատ տնտեսական պայմանների պատճառով։ Մարդիկ նման վիճակում են հայտնվում նաև պատերազմի հետևանքով։ Այլ դեպքերում պետության անխոհեմ քաղաքականության, ինչպես նաև իշխանություն ունեցողների ագահության ու անբարեխղճության պատճառով մարդիկ կորցնում են իրենց ողջ խնայողություններն ու ունեցվածքը։ Ուրիշներն էլ երբեք ունեցվածքի տեր չեն եղել։ Այս բոլոր մարդիկ կարող են մխիթարվել՝ իմանալով, որ Աստված օգնում է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը դնում են Նրա վրա, և խոստանում է մի արդար աշխարհ, որտեղ մարդիկ կվայելեն իրենց ձեռքերի պտուղը (Սաղմոս 146։6, 7; Եսայիա 65։17, 21–23; Բ Պետրոս 3։13)։ Երբ ասիական երկրներից մեկում մի Եհովայի վկա լսեց, թե ինչպես է գնորդը անհանգստություն հայտնում տեղի տնտեսական վիճակի վերաբերյալ, նա բացատրեց, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, մի մասն է կազմում այն բոլոր դեպքերի, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում։ Մատթէոս 24։3–14 և Սաղմոս 37։9–11 համարների քննարկումը բերեց նրան, որ այդ կնոջ հետ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն սկսվեց։

13. ա) Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի օգնությամբ մխիթարել նրանց, ովքեր հիասթափվել են անհիմն խոստումների պատճառով։ բ) Եթե անհատը կարծում է, որ վատ պայմանների պատճառն այն է, որ Աստված չկա, ինչպե՞ս կարող ես նրան օգնել իմանալու ճշմարտությունը։

13 Տարիներ շարունակ տառապող, անհիմն խոստումներ լսող մարդիկ իրենց կացությամբ գուցե ինչ–​որ ձևով նման են իսրայելացիներին, որոնք, գտնվելով Եգիպտոսում, «հոգու նեղութիւնից.... չ’լսեցին Մովսէսին» (Ելից 6։9)։ Նման դեպքերում գուցե օգտակար լինի մարդկանց ցույց տալ Աստվածաշնչի առաջարկած միջոցները, որոնք կօգնեն նրանց հաջողությամբ լուծել իրենց խնդիրները և խուսափել սխալներից, որոնք կարող են խաթարել իրենց կյանքը (Ա Տիմոթէոս 4։8բ)։ Ոմանք գուցե մտածեն, թե իրենց վատ պայմանների պատճառն այն է, որ Աստված չկա կամ էլ նա կա, բայց հոգ չի տանում իրենց մասին։ Դու կարող ես համապատասխան համարների միջոցով մարդկանց օգնել հասկանալու, որ Աստված իր օգնությունը առաջարկում է, բայց շատերը պարզապես չեն ընդունում այն (Եսայիա 48։17, 18)։

Երբ փոթորիկներ ու երկրաշարժեր են պատահում

14, 15. Երբ աղետը էմոցիոնալ ծանր վիճակի մեջ էր գցել շատերին, ինչպե՞ս Եհովայի վկաները ցույց տվեցին իրենց հոգատարությունը։

14 Փոթորիկները, երկրաշարժերը, հրդեհներն ու պայթյունները բազմաթիվ մարդկանց են դժբախտացնում։ Ի՞նչ կարելի է անել նրանց մխիթարելու համար։

15 Մարդն ուզում է զգալ, որ ինչ–​որ մեկը հոգ է տանում իր մասին։ Մի երկրում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որը շատ մարդկանց էմոցիոնալ ծանր վիճակի մեջ գցեց։ Նրանցից շատերը կորցրեցին տան անդամներին, ընտանիքը կերակրողին, ընկերներին, իրենց աշխատանքը և ապահովության զգացումը։ Եհովայի վկաներն իրենց կարեկցանքն էին հայտնում հարևաններին՝ տեսնելով, թե ինչ վնասներ ու կորուստներ են նրանք կրել, և օգնություն էին առաջարկում, ինչպես նաև մխիթարական խոսքեր ընթերցում Աստվածաշնչից։ Շատերն էին արտահայտում իրենց երախտագիտությունը ցուցաբերված մտահոգության համար։

16. Ինչո՞ւ էր սալվադորցի քույրերի քարոզչական ծառայությունն առանձնապես արդյունավետ, երբ այդ երկրի շրջաններից մեկում աղետ պատահեց։

16 Սալվադորում 2001 թ.–ին երկրաշարժ տեղի ունեցավ։ Դրան հետևեց ցեխի ու տիղմի հսկայական զանգվածի հոսքը, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մի Եհովայի վկայի 25–ամյա որդին և նրա հարսնացուի երկու քույրերը զոհվեցին։ Չնայած այդ դժբախտությանը՝ տղայի մայրն ու հարսնացուն չթողեցին քարոզչական ծառայությունը։ Շատերն ասում էին, որ Աստված է տարել մահացածներին կամ էլ, որ դա էր Աստծո կամքը։ Այս Վկաները կարդում էին Առակաց 10։22–ը (Արևմտ. Աստ.)՝ ցույց տալով, որ Աստված չի ուզում, որ մենք ցավ զգանք։ Նրանք կարդում էին նաև Հռովմայեցիս 5։12–ը՝ ցույց տալու համար, որ մարդիկ մահանում են մեղքի պատճառով, և ոչ թե, որ դա Աստծո կամքն է։ Նրանք նաև շեշտում էին, թե ինչ մխիթարական խոսքեր են գրված Սաղմոս 34։18, Սաղմոս 37։29, Եսայիա 25։8 և Յայտնութիւն 21։3, 4 համարներում։ Մարդիկ հաճույքով էին լսում այդ կանանց, հատկապես երբ իմանում էին, որ նրանք էլ են հարազատներ կորցրել աղետի ժամանակ։ Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ սկսվեցին։

17. Աղետների ժամանակ ի՞նչ օգնություն կարող ենք ցույց տալ։

17 Աղետի ժամանակ գուցե հանդիպես այնպիսի մարդու, որն անհապաղ օգնության կարիք է զգում։ Գուցե հարկավոր լինի բժիշկ կանչել, օգնել տուժածին հիվանդանոց հասնելու, հնարավոր ամեն ինչ անել նրան սննդով ու կացարանով ապահովելու համար։ 1998 թ.–ին Իտալիայում աղետ պատահեց։ Մի լրագրող Եհովայի վկաների մասին հետևյալն ասաց. «Նրանք օպերատիվ ձևով են գործում և օգնության ձեռք են մեկնում տուժածներին՝ առանց նայելու, թե ով ինչ կրոնի է պատկանում»։ Որոշ վայրերում մարդիկ մեծ տառապանքներ են կրում այն իրադարձությունների պատճառով, որոնք Աստվածաշնչում նկարագրվում են որպես վերջին օրերի բնութագիր։ Այդ վայրերում Եհովայի վկաները մարդկանց օգնում են տեսնել, որ դրանք աստվածաշնչային մարգարեությունների կատարում են, և մխիթարում են նրանց՝ ցույց տալով, որ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ Աստծո Թագավորությունը իսկական ապահովություն կբերի մարդկությանը (Առակաց 1։33; Միքիա 4։4)։

Երբ մահացել է ընտանիքի անդամը

18–20. Ի՞նչ կարող ես ասել կամ անել մահացած անձնավորության ընտանիքի անդամներին մխիթարելու համար։

18 Ամեն օր միլիոնավոր մարդիկ են սգում սիրելի անձնավորության մահը։ Քրիստոնեական ծառայության կամ առօրյա գործերի ժամանակ, հնարավոր է, հանդիպես այդպիսի անհատի։ Ի՞նչ կարող ես անել խոսքով կամ գործով նրան մխիթարելու համար։

19 Թերևս անհատը դառը վշտի մեջ է, և նրա տունը լիքն է սգացող բարեկամներով։ Իհարկե, շատ բան կա, որ կցանկանայիր ասել նրան, բայց այստեղ կարևոր է խոհեմամիտ լինել (Ժողովող 3։1, 7)։ Թերևս պատշաճ կլիներ ցավակցություն հայտնել, համապատասխան սուրբգրային հրատարակություն թողնել (գրքույկ, պարբերագիր կամ էլ թերթիկ), իսկ մի քանի օր անց այցելել՝ տեսնելու թե ուրիշ ինչով կարելի է օգնել։ Հարմար ժամանակի, եթե նա դեմ չէ, կարդա նրա համար քաջալերական մտքեր Աստվածաշնչից։ Դա կարող է մեղմել և ամոքել նրա վիշտը (Առակաց 16։24; 25։11)։ Իհարկե, դու չես կարող Հիսուսի պես հարություն տալ մահացածին։ Բայց կարող ես ցույց տալ, թե ինչ է Աստվածաշունչն ասում մահացածների վիճակի մասին՝ միաժամանակ հաշվի առնելով, որ տվյալ պահին գուցե տեղին չլինի սխալ գաղափարները հերքելը (Սաղմոս 146։4; Ժողովող 9։5, 10)։ Դուք միասին կարող եք կարդալ, թե հարության հետ կապված ինչ է Աստվածաշունչը խոստանում (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։ Կարող եք Աստվածաշնչից քննարկել հարության դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ են նշանակում այդ խոստումները (Ղուկաս 8։49–56; Յովհաննէս 11։39–44)։ Նաև դիմացինիդ ուշադրությունը հրավիրիր այդ հույսը տվող սիրառատ Աստծո հատկությունների վրա (Յոբ 14։14, 15; Յովհաննէս 3։16)։ Բացատրիր, թե այդ ուսմունքներն ինչպես են օգնել անձամբ քեզ, և թե ինչու ես հավատում դրանց։

20 Եթե սգացող անհատին հրավիրես Թագավորության սրահ, ապա նա կարող է ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես սիրում են իրենց մերձավորներին և գիտեն, թե ինչպես ‘շինություն տալ’ մեկը մյուսին։ Շվեդիայում մի կին այս ձևով գտավ այն, ինչ փնտրում էր ողջ կյանքում (Յովհաննէս 13։35; Ա Թեսաղոնիկեցիս 5։11)։

21, 22. ա) Եթե ուզում ենք մխիթարել մեկին, ի՞նչ պետք է անենք։ բ) Ինչպե՞ս կարող ես մխիթարել այն անհատին, ով արդեն լավ գիտի Աստվածաշունչը։

21 Երբեմն լինո՞ւմ է այնպես, որ տեղեկանալով ինչ–​որ մեկի վշտի մասին (լինի այդ մարդը քրիստոնեական ժողովի անդամ թե՝ ոչ)՝ չես իմացել, թե ինչ ասես այդ մարդուն կամ ինչ անես նրա համար։ Հունարեն բառը, որ հաճախ Աստվածաշնչում թարգմանվել է «մխիթարել» բառով, բառացի նշանակում է «խնդրել մեկին, որ մոտիկ լինի»։ Լինել իսկական մխիթարիչ՝ նշանակում է լինել վշտահարների կողքին (Առակաց 17։17)։

22 Իսկ ինչպե՞ս կարող ես մխիթարել այն անհատին, որին արդեն հայտնի է, թե ինչ է Աստվածաշունչն ասում մահվան, փրկանքի ու հարության մասին։ Հավատակից ընկերոջ ներկայությունն արդեն մխիթարական կարող է լինել։ Եթե նա ցանկանում է խոսել, ուշադիր լսիր։ Մի մտածիր, թե քեզանից սպասվում է երկար–​բարակ խոսել։ Եթե սուրբգրային համարներ ես կարդում, դրանք ներկայացրու որպես Աստծո խոսքեր, որ ձեզ երկուսիդ էլ զորացնում են։ Խորին համոզմունք հայտնիր, որ դուք երկուսդ էլ վստահ եք սուրբգրային այդ խոստումների իրականացման մեջ։ Դրսևորելով այնպիսի կարեկցանք, որն Աստված է դրսևորում, և խոսելով այն թանկարժեք ճշմարտությունների մասին, որ պարունակվում է Աստծո Խոսքում՝ դու կարող ես օգնել վշտի մեջ գտնվող մարդկանց մխիթարություն գտնելու և զորանալու ‘ամեն մխիթարության Աստծուց’՝ Եհովայից (Բ Կորնթացիս 1։3)։

[Ծանոթագրություն]

a Տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» (8–րդ գլուխ), «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» (անգլ., էջ 393–400, 427–431), «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» (10–րդ գլուխ) գրքերը և «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին» գրքույկը։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ո՞ւմ են շատ մարդիկ մեղադրում դժբախտությունների համար, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

• Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց, որ հնարավորին չափ մեծ մխիթարություն ստանան Աստվածաշնչից։

• Ձեր բնակավայրում ո՞ր իրավիճակներն են ցավ ու տառապանք պատճառում մարդկանց, և ինչպե՞ս կարող ես օգնել նրանց։

[նկարներ 23–րդ էջի վրա]

Լուր, որն իսկական մխիթարություն է բերում ծանր ժամանակներում

[թույլտվությամբ]

Refugee camp: UN PHOTO 186811/J. Isaac

[նկար 24–րդ էջի վրա]

Ընկերոջ ներկայությունն արդեն մխիթարական կարող է լինել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը