«Մօտեցէք աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»
Նախկինում և հիմա. մռայլ անցյալ, պայծառ ապագա
«ԱՍՏՈՒԾՈՅ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է.... եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ Այսպես արտահայտվեց Պողոսը Աստծո Խոսքի ներթափանցող զորության մասին։ Այն, որ Աստծո խոսքը կարող է հասնել մարդու սրտին, հատկապես ակներև էր մ.թ. առաջին դարում։ Չնայած այն ժամանակվա անառողջ մթնոլորտին՝ նրանք, ովքեր դառնում էին քրիստոնյա, հագնում էին «նոր մարդը» (Հռովմայեցիս 1։28, 29; Կողոսացիս 3։8–10)։
Աստվածաշնչում գրված է, որ Աստծո խոսքը մարդուն վերափոխելու ուժ ունի, և դա այսօր նույնպես ակներև է։ Քննենք Ռիչարդ անունով մի բարձրահասակ, ուժեղ մարդու օրինակը։ Նա շատ տաքարյուն անձնավորություն էր, և ամենաչնչին պատճառն անգամ բավական էր, որ կռվի բռնվեր։ Բռնությունը ապականել էր նրա կյանքը։ Ռիչարդը նույնիսկ բռնցքամարտի ակումբի անդամագրվեց։ Նա ջանասիրաբար մարզվում էր և դարձավ Վեստֆալիա քաղաքի (Գերմանիա)՝ բռնցքամարտի ծանր քաշային կատեգորիայի չեմպիոն։ Նա նաև շատ էր խմում և հաճախ ծեծկռտուքների մեջ էր ընկնում։ Այդպիսի կռիվներից մեկի ժամանակ մարդ սպանվեց, և Ռիչարդը հազիվ խուսափեց բանտարկությունից։
Ի՞նչ կարելի է ասել Ռիչարդի ամուսնական կյանքի մասին։ «Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը ես էլ, Հայքեն էլ՝ ամեն մեկս իր ուզած ձևով էր ապրում։ Հայքեն շատ ժամանակ էր անցկացնում իր ընկերուհիների հետ, իսկ ես հաճույքով զբաղվում էի իմ սիրած գործերով՝ հիմնականում բռնցքամարտով, սերֆինգով և ջրացատկով»,— պատմում է Ռիչարդը։
Երբ նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, Ռիչարդն իրեն շատ ճնշված զգաց այն մտքից, որ անհնարին թվացող փոփոխություններ պիտի մտցներ իր կյանքում, որպեսզի համապատասխանեցներ այն Աստծո Խոսքում գրված բարձր չափանիշներին։ Բայց երբ Ռիչարդը սկսեց ավելի լավ ճանաչել Եհովա Աստծուն, Նրան հաճեցնելու ցանկությունը մեծացավ։ Ռիչարդը հասկացավ, որ Աստված հավանություն չի տալիս բռնություն սիրողներին կամ նրանց, ովքեր բռնությունը դարձնում են զվարճանալու միջոց։ Նա իմացավ, որ «անիրաւութիւն [«բռնութիւն», Արևմտ. Աստ.] սիրողին ատում է [Եհովայի] անձը» (Սաղմոս 11։5)։
Բացի այդ, դրախտային երկրում հավիտյան ապրելու հույսը հրապուրեց թե՛ Ռիչարդին, թե՛ Հայքեին։ Նրանք ցանկանում էին այնտեղ լինել միասի՛ն (Եսայիա 65։21–23)։ Ռիչարդին խորապես հուզեց «մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» հրավերը (Յակոբոս 4։8)։ Նա տեսավ, թե որքան կարևոր է կիրառել Աստծո կողմից ներշնչված հետևյալ խորհուրդը. «Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր. որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է» (Առակաց 3։31, 32)։
Չնայած Ռիչարդն իր կյանքը փոխելու ուժգին ցանկություն ուներ, նա գիտակցում էր, որ սեփական ուժերով չէր կարող դա անել։ Նա հասկացավ, որ հարկավոր է աղոթքի միջոցով Աստծուց օգնություն խնդրել, ուստիև վարվեց այն խոսքերի համաձայն, որ Հիսուսն ասել էր իր առաքյալներին. «Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. հոգին յոժար է, բայց մարմինը տկար» (Մատթէոս 26։41)։
Իմանալով, թե ինչպես է Աստված նայում բռնությանը և բարկության պոռթկումներին՝ Ռիչարդը համոզվեց, որ բռնցքամարտն անընդունելի մարզաձև է։ Եհովայի օգնությամբ, ինչպես նաև իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողների քաջալերանքի շնորհիվ նա դադարեց բռնությամբ զբաղվել։ Ռիչարդը վերջ տվեց բռնցքամարտին և ծեծկռտուքներին ու որոշեց բարելավել իր ընտանեկան կյանքը։ «Աստվածաշնչյան ճշմարտությունը սովորելն օգնեց ինձ, որ մի բան անելուց առաջ կանգնեմ ու մտածեմ»,— ասում է Ռիչարդը, որն այժմ հեզ վերակացու է Եհովայի վկաների ժողովներից մեկում։ Նա ավելացնում է. «Կնոջս ու երեխաներիս հետ իմ փոխհարաբերություններում այժմ առաջնորդվում եմ սիրո և հարգանքի սկզբունքներով։ Արդյունքն այն է, որ մեր ընտանիքը միասնական է դարձել»։
Սխալ տեղեկություններ ունեցող մարդիկ երբեմն մեղադրում են Եհովայի վկաներին ընտանիքներ քանդելու մեջ։ Ռիչարդի պես մարդկանց օրինակները հերքում են նրանց մեղադրանքները։ Իրականում, Աստվածաշնչի ճշմարտությունը կարող է ամուր ընտանիք և պայծառ ապագա տալ նրանց, ովքեր մութ անցյալ են ունեցել (Երեմիա 29։11)։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
«Դրախտ–երկրում ապրելու հույսը մղեց ինձ փոխվելու»
[շրջանակ 8–րդ էջի վրա]
Աստվածաշնչի սկզբունքները ներգործուն են
Աստվածաշունչը կարող է մեծ ազդեցություն գործել մարդկանց կյանքի վրա։ Ահա մի քանի սուրբգրային սկզբունքներ, որոնք օգնել են բռնի անհատներին փոխվել։
«Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը» (Առակաց 16։32)։ Անզուսպ բարկությունը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է։
«Մարդուն խոհեմութիւնը անոր բարկութիւնը կը զսպէ» (Առակաց 19։11, Արևմտ. Աստ.)։ Խոհեմությունը և իրադրությունն ըմբռնելու կարողությունը օգնում են անհատին ընդհարման տանող ակնհայտ պատճառներից այն կողմ տեսնել և կարող են կանխել բարկության բռնկումը։
‘Մի ընկերացիր բարկութեան տեր մարդու հետ, որ չսովորես նրա ճանապարհները’ (Առակաց 22։24, 25)։ Քրիստոնյաները իմաստություն են դրսևորում՝ խուսափելով ընկերակցել բարկացկոտ անձանց հետ։