Ի՞նչ է պատահել բարեգործությանը
ՆՅՈՒ ՅՈՐՔ քաղաքում և Վաշինգտոնում 2001 թ. սեպտեմբերի 11–ի գրոհներից հետո հասարակությունը նշանակալի աջակցություն ցույց տվեց ողբերգությունից տուժածներին։ Մարդիկ հեղեղեցին բարեգործական կազմակերպությունները 2,7 մլրդ դոլար նվիրատվություններով, որպեսզի դրանք օգտագործվեին զոհվածների ընտանիքներին հոգ տանելու նպատակով։ Ավերածության մասշտաբներից ցնցված՝ ամեն տեղից մարդիկ ցանկանում էին օգնության ձեռք մեկնել։
Սակայն շուտով հայտնի դարձավ, որ հեղինակություն վայելող որոշ բարեգործական կազմակերպություններ անօրինական ձևով սեփականացնում էին դրամական միջոցները, և դա շատերի մոտ վրդովմունք առաջ բերեց։ Մի հաղորդագրության մեջ պարսավանքի բազում խոսքեր ուղղվեցին մի մեծ բարեգործական կազմակերպության հասցեին, որը ծրագրել էր տիրանալ ստացած 546 մլն դոլար գումարի գրեթե կեսին և օգտագործել այն այլ նպատակներով։ Թեպետ ավելի ուշ այդ կազմակերպությունը փոխեց իր որոշումը և ներում խնդրեց, մի լրագրող նշեց, որ «քննադատները ուշացած են համարում դեպքերի այս շրջադարձը, որ արվեց վերականգնելու համար այն վստահությունը», որ կազմակերպությունը վայելում էր նախքան այդ դեպքերը։ Իսկ դուք ի՞նչ եք մտածում։ Արդյո՞ք բարեգործական կազմակերպությունների հանդեպ ձեր ունեցած վստահությունը նույնպես թուլացել է վերջերս։
Օգնության միջո՞ց, թե՞ միջոցների վատնում
Բարեգործական կազմակերպություններին նվիրատվություններ տալը սովորաբար գովելի է համարվում։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են այդպես կարծում։ Ավելի քան 200 տարի առաջ անգլիացի ակնարկագիր Սեմյուել Ջոնսոնը գրեց. «Երբ փող ես վճարում աշխատողներին՝ որպես աշխատանքի փոխհատուցում, ավելի համոզված ես լինում, որ բարի գործ ես անում, քան երբ պարզապես նվիրատվություն ես անում»։ Մեր օրերում ևս շատերն այդպես են մտածում։ Հասարակությունը կորցնում է վստահությունը՝ լսելով հաղորդագրություններ այն մասին, որ բարեգործական կազմակերպությունները ճիշտ չեն տնօրինում նվիրատվությունները։ Քննարկենք վերջերս տեղի ունեցած երկու դեպք։
Սան Ֆրանցիսկոյում կրոնական մի բարեգործական կազմակերպության ղեկավարի հեռացրեցին աշխատանքից այն բանից հետո, երբ նա կազմակերպության վարչություն ուղարկեց իր կոսմետիկական վիրահատության և շաբաթը 500 դոլար կազմող ավելի քան երկու տարվա ռեստորանի հաշիվները։ Բրիտանիայում հեռուստատեսությամբ կազմակերպված մեծ բարեգործական միջոցառման նախաձեռնողները շվարեցին, երբ հայտնաբերեցին, որ Ռումինիայում նոր որբանոցներ կառուցելու նպատակով տրամադրված մոտ 10 մլն դոլար օգնության հաշվին կառուցվել էր ստանդարտներին անհամապատասխան ընդամենը 12 շինություն, իսկ հարյուր հազարավոր դոլարներ պարզ չէ, թե ուր էին կորել։ Նման բացասական հաղորդագրությունների հետևանքով որոշ նվիրատուներ իրավամբ ավելի զգույշ են դարձել այն հարցում, թե որքան նվիրաբերել և ում։
Տա՞լ, թե՞ չտալ
Ցավալի կլինի թույլ տալ, որ որոշ անհատների կամ կազմակերպությունների արարքների պատճառով մեր մեջ մարի ուրիշների հանդեպ կարեկցանք ու անկեղծ հոգատարություն դրսևորելու ցանկությունը։ Աստվածաշունչն ասում է. «Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել [‘օգնել’, ԱՆԹ] նորանց նեղութեան մէջ» (Յակոբոս 1։27)։ Աղքատների ու չքավորների նկատմամբ գործերով հոգատարություն ցուցաբերելը քրիստոնեության անբաժանելի մասն է։
Գուցե դեռևս մտածում եք. «Շարունակե՞մ նվիրատվություններ անել բարեգործական կազմակերպություններին, թե՞ պարզապես անձամբ փորձեմ օգնել»։ Ինչ տեսակ նվիրատվություն է Աստվա՛ծ ակնկալում։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։