Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 6/1 էջ 4–7
  • Նվիրաբերություն, որ հաճելի է Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նվիրաբերություն, որ հաճելի է Աստծուն
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ողորմութիւն տուէք»
  • Կարևոր է ճիշտ մղումը
  • Կազմակերպված օգնություն
  • Նվիրաբերություն, որ ամենամեծ օգուտն է տալիս
  • Հիսուսին ընդօրինակելով՝ հոգատար լինենք աղքատների հանդեպ
    2006 Դիտարան
  • Զարգացրեք առատաձեռնության ոգի
    2003 Դիտարան
  • Ուրախություն գտիր՝ Եհովային տալով քո լավագույնը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մոտ է աղքատությունից զերծ աշխարհը
    2005 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 6/1 էջ 4–7

Նվիրաբերություն, որ հաճելի է Աստծուն

ՀԻՍՈՒՍՆ իր աշակերտների ու մի քանի մտերիմ ընկերների հետ, այդ թվում՝ Մարիամը, Մարթան և Ղազարոսը, որը նոր էր հարություն առել, համեղ կերակուր էին վայելում Բեթանիայում։ Երբ Մարիամը բերեց մի շիշ թանկարժեք յուղ և դրանով օծեց Հիսուսի ոտքերը, Հուդա Իսկարիովտացին վրդովված ասաց. «Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չ’ծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ»։ Մյուսներն էլ շտապեցին նման դժգոհություն արտահայտել (Յովհաննէս 12։1–6; Մարկոս 14։3–5)։

Սակայն Հիսուսը պատասխանեց. «Թոյլ տուէք դորան.... Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք՝ կարող էք նորանց բարի անել. բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չ’ունիք» (Մարկոս 14։6–9)։ Հրեա կրոնական առաջնորդները սովորեցնում էին, որ ողորմություն տալը ոչ միայն առաքինի արարք էր, այլ նույնիսկ կարող էր մեղքեր քավել։ Իսկ Հիսուսը պարզաբանեց, որ Աստծուն հաճելի նվիրատվությունը չի սահմանափակվում միայն աղքատներին ողորմություն տալով։

Եթե կարճ հայացք նետենք այն բանին, թե ինչպես էին նվիրաբերություններ կատարվում վաղ քրիստոնեական ժողովում, դա մեզ կօգնի տեսնել, թե ինչ գործնական ձևերով կարող ենք ցույց տալ մեր հոգատարությունն այսօր ու հաճեցնել Եհովային մեր նվիրաբերություններով։ Կիմանանք նաև նվիրաբերելու մի անզուգական ձևի մասին, որ առավելագույն չափով է օգուտ տալիս։

«Ողորմութիւն տուէք»

Մի քանի անգամ Հիսուսը քաջալերեց իր առաքյալներին ‘ողորմություն տալ’ (Ղուկաս 12։33)։ Սակայն նա զգուշացրեց, որ դա չարվեր ցուցադրաբար՝ նպատակ ունենալով ավելի փառաբանել տվողին, քան Աստծուն։ Նա ասաց. «Երբոր ողորմութիւն անես, փող մի հնչեցնիր քո առաջին. ինչպէս կեղծաւորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառաւորուին մարդկանցից» (Մատթէոս 6։1–4)։ Կիրառելով այս զգուշացումը՝ վաղ քրիստոնյաները խուսափեցին ընդօրինակել իրենց օրերի կեղծավոր կրոնական վերնախավի դրսևորած ցուցադրական ողորմությունը։ Նրանք նախընտրեցին կարիքի մեջ գտնվողներին անձամբ օգնել կամ նվերներ տալ։

Օրինակ՝ Ղուկաս 8։1–3 համարներում պատմվում է, որ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Շուշանը և այլոք օգտագործում էին ‘իրենց ստացվածքները’՝ խոնարհաբար ծառայելով Հիսուսին և իր առաքյալներին։ Առաքյալները աղքատ մարդիկ չէին. նրանք պարզապես թողել էին իրենց աշխատանքը, որպեսզի իրենց ջանքերը լիովին կենտրոնացնեին ծառայության վրա (Մատթէոս 4։18–22; Ղուկաս 5։27, 28)։ Օգնելով նրանց կատարել Աստծո տված հանձնարարությունը՝ այս կանայք, փաստորեն, փառաբանում էին Աստծուն։ Իսկ Աստված ցույց տվեց այդ կանանց հանդեպ իր գնահատանքը նրանով, որ Աստվածաշնչում արձանագրվեց նրանց ողորմասիրտ առատաձեռնության մասին, որպեսզի բոլոր ապագա սերունդները տեղեկանային այդ մասին (Առակաց 19։17; Եբրայեցիս 6։10)։

Մեկ ուրիշ գթասիրտ կին էր Այծեմնիկը, որը «լիքն էր բարի գործերով և ողորմութիւններով»։ Նա ապրում էր ծովափնյա քաղաք Հոպպեում և այնտեղի կարիքավոր այրիների համար հագուստ էր կարում։ Արդյոք նա էր գնում հագուստ կարելու համար անհրաժեշտ իրերը, թե պարզապես աշխատանքն էր անվճար անում՝ չգիտենք։ Այնուամենայնիվ, իր բարի գործերով նա սիրելի էր դարձել թե՛ նրանց, ում կարողացել էր օգնել, թե՛ Աստծուն, որը ողորմածորեն օրհնեց նրան ուրիշներին պատրաստակամորեն օգնություն ցույց տալու համար (Գործք 9։36–41)։

Կարևոր է ճիշտ մղումը

Ի՞նչն է մղել այս անհատներին նվիրաբերել։ Դա զուտ խղճահարության զգացումը չէր՝ առաջացած ի պատասխան օգնության խնդրանքի։ Նրանցից յուրաքանչյուրը բարոյական պատասխանատվություն էր զգում ամեն օր անելու իր ուժերից եկած ամեն բան՝ օգնելու աղքատության ու դժբախտության մեջ եղողներին, հիվանդներին և այլ խնդիրներ ունեցողներին (Առակաց 3։27, 28; Յակոբոս 2։15, 16)։ Սա է նվիրատվության այն ձևը, որ հաճելի է Աստծուն։ Այն առաջին հերթին պայմանավորված է Աստծո հանդեպ խոր սիրով և նրա ողորմածությունն ու առատաձեռնությունը ընդօրինակելու ցանկությամբ (Մատթէոս 5։44, 45; Յակոբոս 1։17)։

Հովհաննես առաքյալը ընդգծեց նվիրաբերության մի կարևոր կողմ, երբ հարցրեց. «Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում» (Ա Յովհաննէս 3։17)։ Պատասխանն ակնհայտ է. Աստծո հանդեպ սերը մղում է մարդկանց ողորմած լինել։ Աստված գնահատում և օրհնում է նրանց, ովքեր, ինչպես նա, առատաձեռնության ոգի են դրսևորում (Առակաց 22։9; Բ Կորնթացիս 9։6–11)։ Տեսնո՞ւմ ենք արդյոք նման առատաձեռնություն այսօր։ Քննարկենք Եհովայի վկաների ժողովներից մեկում վերջերս տեղի ունեցած մի դեպք։

Մի տարեց քրիստոնյա կնոջ տուն վերանորոգման խիստ կարիք ուներ։ Այդ կինը մենակ էր ապրում և ընտանիք չուներ, որը օգներ նրան։ Տարիներ շարունակ նրա դուռը միշտ բաց էր եղել քրիստոնեական հանդիպումներ անցկացնելու համար։ Այդ կինը հաճախ հյուրասիրություն էր ցույց տալիս իր հրավերն ընդունողներին (Գործք 16։14, 15, 40)։ Տեսնելով նրա կացությունը՝ ժողովի անդամները միաբանվեցին, որ օգնեն։ Ոմանք գումար նվիրաբերեցին, մյուսները՝ իրենց աշխատանքը։ Մի քանի հանգստյան օրերի ընթացքում կամավորները դրեցին նոր տանիք, վերանորոգեցին լողասենյակը, սվաղապատեցին և ներկեցին ամբողջ առաջին հարկը, խոհանոցում տեղադրեցին նոր պահարաններ։ Նրանց նվիրաբերությունը ոչ միայն օգնեց այդ կնոջը, այլև ավելի մտերմացրեց ժողովի անդամներին, իսկ հարևանները տպավորվեցին ճշմարիտ քրիստոնեական նվիրաբերության այդ օրինակից։

Շատ ձևեր կան, որոնցով կարող ենք անձամբ օգնել ուրիշներին։ Կարո՞ղ ենք ժամանակ անցկացնել որբ տղայի կամ աղջկա հետ։ Կարո՞ղ ենք տարեց այրու համար, որին ճանաչում ենք, գնումներ կատարել կամ էլ ինչ–​որ բան կարել։ Կարո՞ղ ենք կերակուր պատրաստել կամ որոշ գումար տալ սահմանափակ միջոցներ ունեցող մեկին։ Ուրիշներին օգնելու համար անպայման չէ հարուստ լինել։ Պողոս առաքյալը գրել է. «Եթէ յօժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը» (Բ Կորնթացիս 8։12)։ Բայց արդյո՞ք անձամբ՝ ուղղակիորեն օգնություն տալն է այն միակ ձևը, որ Աստված օրհնում է։ Ո՛չ։

Կազմակերպված օգնություն

Երբեմն անձնական ջանքերը բավարար չեն։ Հիսուսն ու իր առաքյալները աղքատների համար ընդհանուր դրամական ֆոնդ էին ստեղծել։ Իրենց ծառայության ընթացքում նրանք դրամական նվիրատվություններ էին ընդունում այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին դա անել (Յովհաննէս 12։6, ԷԹ13։29)։ Նմանապես, երբ կարիք առաջացավ, առաջին դարի ժողովները դրամական նվիրատվություն հավաքեցին և կազմակերպված ձևով մեծ մասշտաբի օգնություն ցուցաբերեցին (Գործք 2։44, 45; 6։1–3; Ա Տիմոթէոս 5։9, 10)։

Նման անհրաժեշտություն առաջացավ մոտավորապես մ.թ. 55 թ.–ին։ Հրեաստանում գտնվող ժողովները աղքատության մեջ էին ընկել միգուցե որոշ ժամանակ առաջ այնտեղ եղած մեծ սովի հետևանքով (Գործք 11։27–30)։ Պողոս առաքյալը, որ միշտ մտահոգվում էր աղքատների մասին, օգնություն ցուցաբերելու մեջ ներգրավեց նույնիսկ Մակեդոնիայի նման հեռավոր վայրերում գտնվող ժողովներին։ Նա անձամբ նվիրատվություններ հավաքեց և վստահելի մարդկանց միջոցով ուղարկեց դրանք (Ա Կորնթացիս 16։1–4; Գաղատացիս 2։10)։ Ո՛չ նա, ո՛չ էլ մյուսները իրենց ծառայության դիմաց վճար չվերցրեցին (Բ Կորնթացիս 8։20, 21)։

Ներկայումս, երբ տարերային աղետ է հարվածում, Եհովայի վկաները նույնպես շտապում են օգնության։ Օրինակ՝ 2001 թ. ամռանը ուժգին փոթորիկները ջրհեղեղներ առաջացրեցին Հյուսթոնում (ԱՄՆ, Տեխաս)։ Ամբողջությամբ վերցրած՝ վնասվել էր Վկաներին պատկանող 723 տուն. դրանց մեծամասնությունը՝ շատ մեծ չափով։ Անմիջապես կազմվեց աղետի ժամանակ օգնություն ցուցաբերելու կոմիտե, որտեղ ընդգրկվեցին համապատասխան քրիստոնյա երեցներ։ Նրանք պետք է պարզեին յուրաքանչյուրի կարիքները և ըստ դրա օգնության կարգով գումար հատկացնեին տեղի Վկաներին, որպեսզի նրանք կարողանային դուրս գալ այդ իրավիճակից ու վերանորոգել իրենց տները։ Հարևան ժողովներից եկած պատրաստակամ կամավորները կատարեցին ամբողջ աշխատանքը։ Մի Վկա այնքան երախտապարտ էր օգնության համար, որ երբ ապահովագրական ընկերությունից գումար ստացավ իր տան վերանորոգման ծախսերը ծածկելու, անմիջապես նվիրաբերեց այդ գումարը օգնության հիմնադրամին, որպեսզի դրանով օգնություն ցույց տրվեր մյուս կարիքավորներին։

Ինչ վերաբերում է բարեգործական նպատակով կազմակերպված նվիրատվությանը, պետք է զգույշ լինենք ու ծանրութեթև անենք օգնության այն բոլոր կոչերը, որ ստանում ենք։ Որոշ բարեգործական կազմակերպություններ մեծ գումար են հատկացնում աշխատողներին ու գովազդին, որի հետևանքը լինում է այն, որ հավաքված գումարի շատ փոքր մասն է ծառայում իր նպատակին։ Առակաց 14։15-ն ասում է. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը»։ Ուստի խելացի կվարվենք, եթե փաստերը մանրազնին քննենք։

Նվիրաբերություն, որ ամենամեծ օգուտն է տալիս

Կա նվիրաբերության մի ձև, որը շատ ավելի կարևոր է, քան պարզապես դրամ նվիրաբերելը։ Հիսուսը դրան ակնարկեց, երբ մի հարուստ երիտասարդ կառավարիչ հարցրեց նրան, թե հավիտենական կյանք ստանալու համար ինչ պետք է աներ։ Հիսուսն ասաց նրան. «Գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ» (Մատթէոս 19։16–22)։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը պարզապես չասաց՝ ողորմություն տուր աղքատներին և կյանք կունենաս, այլ ասաց. «Եկ հետեւիր ինձ»։ Այլ խոսքերով ասած՝ թեպետ բարեգործությունը գովելի և օգտակար է, բայց Քրիստոսի աշակերտ լինելը իր մեջ ավելին է ներառում։

Հիսուսը հիմնականում հետաքրքրված էր ուրիշներին հոգևոր օգնություն ցույց տալու հարցով։ Իր մահից կարճ ժամանակ առաջ նա ասաց Պիղատոսին. «Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է» (Յովհաննէս 18։37)։ Ու թեև Հիսուսը առաջնորդություն վերցրեց աղքատներին օգնելու, հիվանդներին բժշկելու և սովածներին կերակրելու հարցում, սակայն իր աշակերտներին առաջին հերթին սովորեցրեց քարոզել (Մատթէոս 10։7, 8)։ Փաստ է, որ նրա տված վերջին հրահանգներից էր. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք» (Մատթէոս 28։19, 20)։

Իհարկե, քարոզչությունը վերջ չի դնի աշխարհի բոլոր պրոբլեմներին։ Այնուամենայնիվ, Աստծո Թագավորության մասին բարի լուրը մարդկանց հայտնելը փառաբանում է Աստծուն, որովհետև դրանով իրականանում է Նրա կամքը, և հավիտենական օրհնությունների դուռ է բացում նրանց համար, ովքեր ընդունում են աստվածային պատգամը (Յովհաննէս 17։3; Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Ինչո՞ւ չլսեք, թե ինչ են ասում Եհովայի վկաները, երբ հաջորդ անգամ նրանք թակեն ձեր դուռը։ Նրանք հոգևոր նվեր են բերում իրենց հետ։ Վկաները գիտեն, որ դա լավագույն բանն է, որ կարող են տալ ձեզ։

[նկարներ 6–րդ էջի վրա]

Հոգատարություն դրսևորելու շատ ձևեր կան

[նկար 7–րդ էջի վրա]

Բարի լուրի մեր քարոզչությունը հաճելի է Աստծուն և հավիտենական օրհնությունների ճանապարհ է բացում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը