«Մի վախենաք եւ մի զարհուրիք»
«Մի վախենաք եւ մի զարհուրիք.... Տէրը ձեզ հետ է լինելու» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20։17)։
1. Ի՞նչ ազդեցություն է թողնում ահաբեկչությունը մարդկանց վրա, և ինչո՞վ կարելի է բացատրել նրանց վախի զգացումը։
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ։ Այս բառը լսելն անգամ տագնապ է գցում մարդու սրտում՝ առաջ բերելով անապահովության և անօգնականության զգացում։ Այն արթնացնում է նաև սարսափի, վշտի և զայրույթի խառը զգացումներ։ Այն, ինչ նկարագրում է այս բառը, շատերը վախենում են, թե դեռ շատ տարիներ անհանգստություն կպատճառի մարդկությանը։ Այն փաստը, թե որոշ երկրներ տասնամյակներ շարունակ ահաբեկչության տարբեր ձևերի դեմ մղվող պայքարում լիակատար հաջողությունների չեն հասել, հիմնավոր պատճառ է հանդիսանում նման զգացումներ ունենալու համար։
2. Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում ահաբեկչության խնդրին, և դրա հետ կապված ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
2 Այնուհանդերձ, իրական հիմքեր կան հույս ունենալու, որ այս ամենին վերջ կտրվի։ Եհովայի վկաները, որ ակտիվորեն քարոզում են երկրագնդի 234 երկրներում ու նաև տարածքներում, աչքի են ընկնում իրենց լավատեսական հայացքներով։ Նրանց չի անհանգստացնում այն միտքը, որ ահաբեկչությունը երբեք արմատախիլ չի լինելու, հակառակը՝ նրանք վստահ են, որ այն վերջ կգտնի, այն էլ շուտով։ Արդյոք որքանո՞վ է ռեալ նման լավատեսական մտածելակերպը։ Ո՞ւմ կհաջողվի ազատել աշխարհն այս աղետից, և ինչպե՞ս դա տեղի կունենա։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրը հավանաբար ինչ–որ չափով կրել է բռնության հետևանքները, լավ կլինի ուսումնասիրել և տեսնել, թե ինչ հիմքեր կան՝ նման լավատեսություն դրսևորելու։
3. Վախենալու ի՞նչ պատճառներ գոյություն ունեն, և մեր ժամանակների մասին ի՞նչ է կանխագուշակվել։
3 Թե ինչու են մարդիկ այսօր վախի ու սարսափի մեջ, պատճառները տարբեր են։ Մտածիր այն բազմաթիվ մարդկանց մասին, ովքեր տարիքն առնելու պատճառով այլևս ի վիճակի չեն հոգալու իրենց կարիքները, կամ նրանց մասին, որոնց հյուծում են անբուժելի հիվանդությունները, ինչպես նաև այն ընտանիքների մասին, որոնք ծայրը ծայրին հասցնելու համար շարունակ պայքար են մղում տնտեսական դժվարությունների դեմ։ Ի վերջո խորհիր, թե հենց կյանքն արդեն որքա՜ն անորոշ է։ Դժբախտ պատահարի կամ աղետի պատճառած անսպասելի մահը կարող է թակել ամեն դուռ՝ մի ակնթարթում վերջ դնելով այն ամենին, ինչը թանկ է մեզ համար։ Վախն ու անհանգստությունը, դրանց գումարած բազմաթիվ անձնական կոնֆլիկտներն ու հիասթափությունները վկայում են այն մասին, որ մեր ժամանակները ճշգրտորեն համապատասխանում են Պողոս առաքյալի նկարագրածին։ Նա ասել է. «Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր.... անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր» (Բ Տիմոթէոս 3։1–3)։
4. Ի՞նչ հույսի շող կարելի է տեսնել այն մռայլ նկարագրության մեջ, որի մասին կարդում ենք Բ Տիմոթէոս 3։1–3 համարներում։
4 Թեև սուրբգրային այս համարները մռայլ պատկեր են ներկայացնում, այնուհանդերձ, դրանք նաև շեշտում են հույսի մասին։ Ուշադրություն դարձրու, որ չար ժամանակներ պետք է տիրեին Սատանայի ներկա ամբարիշտ համակարգի «յետի օրերումը»։ Դա նշանակում է, որ մոտ է ազատագրումը, և որ այս չար աշխարհը շուտով կփոխարինվի Աստծո կատարյալ Թագավորությամբ, որի համար էլ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել (Մատթէոս 6։9, 10)։ Այդ Թագավորությունը Աստծո երկնային կառավարությունն է, որը, ինչպես նշում է Դանիել մարգարեն, «յաւիտեանս չի աւերուիլ», այլ «պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մարդկային] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեան» (Դանիէլ 2։44)։
Հակադրություն՝ ահաբեկչության ու քրիստոնեական չեզոքության միջև
5. Վերջին ժամանակներում ինչպե՞ս են ազգերը արձագանքել ահաբեկչության սպառնալիքին։
5 Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ահաբեկչությունը հազարավոր կյանքեր է խլում։ Այս վտանգի մասին մարդիկ ավելի շատ բան իմացան հատկապես Նյու Յորք քաղաքում և Վաշինգտոնում 2001 թ. սեպտեմբերի 11–ին կատարված հարձակումներից հետո։ Այն, որ ահաբեկչությունը գնալով ավելի մեծ ծավալներ է ընդգրկում և համաշխարհային տարածում է գտնում, ստիպեց աշխարհի ազգերին միավորվել դրա դեմ պայքարելու նպատակով։ Օրինակ՝ լրատվական տեղեկատվությունների համաձայն՝ 2001 թ. դեկտեմբերի 4–ին «Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Կենտրոնական Ասիայի 55 երկրների արտգործնախարարներ միաձայն ընդունեցին մի պլան», որի նպատակն էր համախմբել նրանց ջանքերը։ Միացյալ Նահանգների մի բարձրաստիճան պաշտոնյա գովեստի խոսքերով արտահայտվեց այս ձեռնարկման համար, որը «նոր ուժ» կհաղորդեր ահաբեկչության դեմ ուղղված ջանքերին։ Անմիջապես հարյուր միլիոնավոր մարդիկ համախմբվեցին «մի ահռելի պայքար սկսելու համար», ինչպես նշում է «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի հաջողությունների կհասնեն այս միացյալ ջանքերը։ Այնուամենայնիվ, ահաբեկչության դեմ տարվող նման պայքարի արդյունքը եղել է այն, որ շատ մարդկանց այսօր ահ ու սարսափի զգացումն է հետապնդում։ Սակայն նույնը չի կարելի ասել այն անհատների համար, ովքեր ապավինում են Եհովային։
6. ա) Ի՞նչն է պատճառը, որ ոմանք երբեմն դժվարանում են ընդունել քրիստոնեական չեզոք դիրքորոշումը, որ պահում են Եհովայի վկաները։ բ) Քաղաքականության հետ կապված՝ ի՞նչ օրինակ թողեց Հիսուսն իր հետևորդներին։
6 Եհովայի վկաները քաջ հայտնի են քաղաքականության մեջ իրենց ունեցած չեզոք դիրքով։ Ճիշտ է, մարդկանց մեծամասնությունը ողջունում է այս դիրքորոշումը խաղաղ պայմաններում, սակայն երբ արտառոց հանգամանքներ են ստեղծվում, նրանք դառնում են սակավ հանդուրժող։ Հաճախ պատերազմի հարուցած վախն ու անվստահությունը ծայրահեղ ազգայնամոլական զգացումներ են արթնացնում։ Եվ դրա հետևանքով թերևս ոմանք դժվարանում են հասկանալ, թե ինչու է որևէ մեկը ձեռնպահ մնում ազգային համընդհանուր շարժումներին թիկունք կանգնելուց։ Այնուամենայնիվ, ճշմարիտ քրիստոնյաները գիտեն, որ պետք է հնազանդվեն Հիսուսի պատվերին՝ ‘աշխարհից չլինել’ (Յովհաննէս 15։19; 17։14–16; 18։36; Յակոբոս 4։4)։ Դա պահանջում է, որ նրանք չեզոքություն պահպանեն քաղաքական և հասարակական հարցերում։ Հիսուսն անձամբ պատշաճ օրինակ թողեց այս հարցում։ Եթե հաշվի առնենք այն, որ նա կատարյալ իմաստության և բացարձակ կարողությունների տեր էր, Հիսուսը կարող էր հիանալի ներդրում անել մարդկանց գործերին աջակցելու մեջ։ Բայց նա մերժեց քաղաքականության մեջ միջամուխ լինելը։ Իր ծառայության սկզբում նա կտրականապես մերժեց Սատանայի առաջարկը՝ ղեկավարելու աշխարհի բոլոր թագավորությունները։ Ավելի ուշ նա վճռականորեն խուսափեց այն բանից, որ իրեն ընտրեն քաղաքականության մեջ որոշակի պաշտոն զբաղեցնելու համար (Մատթէոս 4։8–10; Յովհաննէս 6։14, 15)։
7, 8. ա) Քաղաքականության հարցում Եհովայի վկաների դրսևորած չեզոքությունը ինչպե՞ս չպետք է հասկանալ և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս են Հռովմայեցիս 13։1, 2 համարները բացառում կառավարության դեմ ուղղված բռնի գործողություններին մասնակցելը։
7 Եհովայի վկաների բռնած չեզոք դիրքը չպետք է սխալ հասկացվի՝ իբրև թե նրանք թիկունք են կանգնում բռնությանը կամ արդարացնում են այն։ Եթե նրանք այդպես վարվեին, ապա դա կհակասեր նրանց այն պնդմանը, թե իրենք ‘խաղաղության ու սիրո Աստծո’ ծառաներ են (Բ Կորնթացիս 13։11)։ Նրանք սովորել են այն մասին, թե ինչպես է Եհովան վերաբերվում բռնությանը։ Սաղմոսերգուն գրել է. «Տէրը կը քննէ արդարը. բայց անոր անձը կ’ատէ ամբարիշտը ու բռնութիւն սիրողը» (Սաղմոս 11։5, Արևմտ. Աստ.)։ Նրանց նաև ծանոթ են Հիսուսի խոսքերը՝ ուղղված Պետրոս առաքյալին. «Սուրդ տեղը դիր. որովհետեւ բոլոր սուր առնողները սրով պիտի կորչեն» (Մատթէոս 26։52)։
8 Թեև պատմությունը ցույց է տալիս, որ կեղծ քրիստոնյաները հաճախ են դիմել ‘սրի’ օգնությանը, սակայն նույնը չի կարելի ասել Եհովայի վկաների մասին։ Նրանք իրենց ետ են պահում նման բնույթի ցանկացած գործողություններից։ Վկաները հավատարմորեն հետևում են Հռովմայեցիս 13։1, 2–ում գտնվող պատվերին. «Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին [պետական իշխանություններին]. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։ Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին»։
9. Ո՞ր երկու կերպերով են Եհովայի վկաները պայքարում ահաբեկչության դեմ։
9 Բայց քանի որ ահաբեկչությունը այդքան մեծ չարիք է, չպե՞տք է արդյոք Եհովայի վկաները ինչ–որ ձևով օգնեն պայքարելու դրա դեմ։ Այո՛, պետք է օգնեն և այդպես էլ անում են։ Առաջին հերթին՝ իրենք անձամբ հեռու են մնում նման գործողություններից։ Երկրորդ՝ նրանք սովորեցնում են մարդկանց քրիստոնեական սկզբունքներ, որոնց կիրառման դեպքում նրանք հեռու կմնան բռնության ամեն տեսակ դրսևորումներից։a Անցած տարի Վկաները 1 202 381 302 ժամ են տրամադրել՝ օգնելու մարդկանց սովորել նման քրիստոնեավայել կյանքով ապրել։ Չի կարելի ասել, որ այս ժամանակը նրանք իզուր են անցկացրել, քանի որ նրանց գործունեության արդյունքում 265 469 անհատներ մկրտվել են և դարձել են Եհովայի վկաներ՝ այդպիսով հանրորեն ցույց տալով, որ կտրականապես դեմ են բռնությանը։
10. Ի՞նչ հեռանկարներ կան ներկայիս աշխարհից բռնության հետքերը մաքրելու վերաբերյալ։
10 Ավելին՝ Եհովայի վկաները գիտակցում են, որ միայն իրենց ուժերով երբեք չեն կարող վերացնել աշխարհում տիրող չարությունը։ Ահա թե ինչու են նրանք ամբողջությամբ ապավինում նրան, ով կարող է դա անել՝ Եհովա Աստծուն (Սաղմոս 83։18)։ Չնայած իրենց գործադրած անկեղծ ջանքերին՝ մարդիկ չեն կարող վերջ դնել բռնությանը։ Աստվածաշունչ գրողներից մեկը Աստծո ներշնչմամբ նախազգուշացնող խոսքեր է ասում մեր՝ ‘հետին օրերի’ մասին. «Չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով» (Բ Տիմոթէոս 3։1, 13)։ Եթե իրերին նայենք այս տեսանկյունից, ապա չարության դեմ հաղթանակ տանելու մարդկանց հեռանկարները հեռու են խոստումնալից լինելուց։ Սակայն մյուս կողմից՝ մենք կարող ենք վստահել Եհովային, ով հիմնովին և վերջնականապես կվերացնի բռնությունը (Սաղմոս 37։1, 2, 9–11; Առակաց 24։19, 20; Եսայիա 60։18)։
Անվախ ենք՝ չնայած մոտալուտ հարձակումին
11. Ի՞նչ քայլեր է Եհովան արդեն ձեռնարկել բռնությունը արմատախիլ անելու համար։
11 Քանի որ խաղաղության Աստվածը ատում է բռնությունը, կարող ենք հասկանալ, թե ինչու է նա քայլեր ձեռնարկել՝ բնաջնջելու Բանսարկու Սատանային՝ բռնության աղբյուր հանդիսացող անձնավորությանը։ Բանն այն է, որ Աստված արդեն նվաստացուցիչ պարտության է մատնել Սատանային Միքայել հրեշտակապետի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին վերջին ժամանակներս Նա Թագավոր է նշանակել։ Այդ իրադարձությունը Աստվածաշնչում հետևյալ կերպ է նկարագրվում. «Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան» (Յայտնութիւն 12։7–9)։
12, 13. ա) 1914 թ. հետ կապված՝ ի՞նչն է նշանակալից։ բ) Ի՞նչ է կանխագուշակում Եզեկիելի մարգարեությունը նրանց մասին, ովքեր Աստծո Թագավորության կողմն են դիրք բռնում։
12 Աստվածաշնչյան ժամանակագրությունը և աշխարհի իրադարձությունները զուգորդվում են իրար հետ՝ մատնանշելով 1914 թ. որպես այդ պատերազմի կատարման թվական։ Այդ ժամանակվանից ի վեր աշխարհի իրավիճակները մշտապես վատացել են։ Իսկ թե ինչու, բացատրում է Յայտնութիւն 12։12–ը. «Սորա համար ուրախացէք, ով երկինք, եւ որ բնակուած էք նորանում. վա՜յ երկրին եւ ծովին, եւ նորանում բնակողներին որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։
13 Հասկանալի է, որ Բանսարկուի բարկությունը առաջին հերթին ուղղված է Աստծո օծյալ երկրպագուների և նրանց ուղեկիցների՝ «ուրիշ ոչխարներ[ի]» դեմ (Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 12։17)։ Այս հակառակությունը շուտով կհասնի իր գագաթնակետին, երբ Սատանան ուժգին հարձակում սկսի ընդդեմ բոլոր նրանց, ովքեր Աստծո հաստատած Թագավորության կողմն են դիրք բռնում և դրան են ապավինում։ Այս ամբողջական հարձակումը «Եզեկիէլ» գրքի 38–րդ գլխում նկարագրվում է որպես հարձակում Մագոգի երկրի Գոգի կողմից։
14. Պաշտպանողական ինչպիսի՞ ձեռնարկումներից են անցյալում օգտվել Եհովայի վկաները, և արդյո՞ք այդ պաշտպանությունը միշտ պետք է շարունակվի։
14 Այն ժամանակվանից ի վեր, երբ Սատանան վայր է նետվել երկնքից, նրա հարձակումներից Աստծո ժողովուրդը երբեմն պաշտպանություն է ստացել քաղաքական որոշ տարրերի ներդրած ջանքերի շնորհիվ, ինչպես խորհրդանշական լեզվով նկարագրվում է Յայտնութիւն 12։15, 16 համարներում։ Սակայն հակառակ դրան՝ Աստվածաշունչը մատնանշում է, որ Սատանայի վերջնական հարձակման ժամանակ ոչ մի մարդկային կազմակերպություն չի պաշտպանի այն անհատներին, ովքեր ապավինում են Եհովային։ Պե՞տք է արդյոք սա ահ ու սարսափ առաջացնի քրիստոնյաների մեջ։ Ամենևի՛ն։
15, 16. ա) Լավատես լինելու համար ի՞նչ հիմքեր են տալիս Եհովայի հուսադրող խոսքերը, որոնցով նա դիմել էր իր ժողովրդին Հովսափատի օրերում։ բ) Ի՞նչ օրինակ թողեցին Հովսափատն ու ժողովուրդը Աստծո ներկայիս ծառաների համար։
15 Աստված անպայման կպաշտպանի իր ժողովրդին այնպես, ինչպես արեց իր վաղեմի Իսրայել ազգին Հովսափատ թագավորի օրերում։ Կարդում ենք. «Ականջ դրէք, ով բոլոր Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ եւ ով Յովսափատ թագաւոր, Տէրը ձեզ այսպէս է ասում. Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է։ ....Դուք չէք պատերազմելու այս անգամ. դուք կացէք, կանգնեցէք եւ կ’տեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ, ով Յուդա եւ Երուսաղէմ. մի վախենաք եւ մի զարհուրիք. էգուց նորանց դիմացը դուրս եկէք, եւ Տէրը ձեզ հետ է լինելու» (Բ Մնացորդաց 20։15–17)։
16 Հուդայի բնակիչներին հավաստիացում տրվեց, որ պատերազմելու հարկ չի լինի։ Նմանապես, երբ Մագոգի երկրի Գոգը հարձակում գործի Աստծո ժողովրդի վրա, նրանք իրենք իրենց պաշտպանելու համար զենք ու զրահ չեն վերցնի։ Ընդհակառակը՝ նրանք ‘կկանգնեն և կտեսնեն Տիրոջ փրկությունը’։ Իհարկե, ‘կանգնել’՝ չի նշանակում լինել բոլորովին անգործունյա վիճակում, ինչպես որ Հովսափատի օրերում Աստծո ժողովուրդը բացարձակապես անգործունյա վիճակում չէր։ Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Եւ Յովսափատը խոնարհուեցաւ երեսովը մինչեւ գետինը, եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները ընկան Տիրոջ առաջը, որ Տիրոջը երկրպագութիւն անեն։ ....Եւ [Հովսափատը] խորհուրդ արաւ ժողովրդի հետ, եւ դրաւ Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ սպառազինեալների առաջից դուրս գալով եւ ասելով. Գոհացէք Եհովայից, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է» (Բ Մնացորդաց 20։18–21)։ Այո՛, նույնիսկ հարձակման ենթարկվելիս ժողովուրդը շարունակում էր եռանդորեն փառաբանել Եհովային։ Սա մի օրինակ է, որին Եհովայի վկաները պետք է հետևեն, երբ Գոգը հարձակում գործի նրանց վրա։
17, 18. ա) Ինչ վերաբերում է Գոգի հարձակմանը, ինչպիսի՞ դրական տրամադրվածություն են այսօր պահպանում Եհովայի վկաները։ բ) Ի՞նչ հիշեցում վերջերս տրվեց քրիստոնյա երիտասարդներին։
17 Մինչև Գոգի հարձակման պահը և նույնիսկ դրանից հետո Եհովայի վկաները կշարունակեն թիկունք կանգնել Աստծո Թագավորությանը։ Նրանք կշարունակեն զորանալ և պաշտպանություն գտնել ամբողջ աշխարհի ավելի քան 94 600 ժողովների հետ միասին (Եսայիա 26։20)։ Որքա՜ն ժամանակահարմար են մեր օրերը՝ արիաբար Եհովային փառաբանելու համար։ Անշուշտ, Գոգի մոտալուտ հարձակման սպասումների մեջ լինելը առիթ չի հանդիսանում, որ նրանք վախով համակվեն և ետ քաշվեն։ Ընդհակառակը՝ դա մղում է նրանց ավելացնելու փառաբանության իրենց զոհերն այնքան, որքան ողջամտության սահմաններում թույլ են տալիս իրենց հնարավորությունները (Սաղմոս 146։2)։
18 Այսպիսի խիզախ տրամադրվածություն հարկ եղած ձևով դրսևորում են հազարավոր երիտասարդներ ամբողջ աշխարհում, որոնք լիաժամ ծառայություն են սկսել։ Նման ապրելակերպ ընտրելու առավելությունը ընդգծելու համար 2002 թ. մարզային համաժողովներում լույս տեսավ «Երիտասարդնե՛ր. ինչպե՞ս եք օգտագործելու ձեր կյանքի տարիները» թերթիկը։ Ե՛վ երիտասարդ, և՛ տարեց քրիստոնյաները երախտապարտ են այսպիսի ժամանակահարմար հիշեցումների համար (Սաղմոս 119։14, 24, 99, 119, 129, 146, ՆԱ)։
19, 20. ա) Ինչո՞ւ քրիստոնյաները չպետք է վախենան կամ զարհուրեն։ բ) Ի՞նչ բանի կնպաստի հաջորդ ուսումնասիրության հոդվածը։
19 Չնայած աշխարհում տիրող իրավիճակներին՝ քրիստոնյաները չպետք է վախենան կամ զարհուրեն։ Նրանք գիտեն, որ շուտով Եհովայի Թագավորությունը վերջնականապես կվերացնի բռնությունը իր բոլոր դրսևորումներով։ Նրանք նաև մխիթարվում են՝ իմանալով, որ հարության միջոցով շատ մարդիկ, ովքեր ժամանակին բռնության զոհ են դարձել, կյանքի կվերադառնան։ Մինչ հարությունը հնարավորություն կտա ոմանց առաջին անգամ իմանալու Եհովայի մասին, ուրիշները կշարունակեն իրենց ընթացքը՝ որպես նվիրված ծառաներ (Գործք 24։15)։
20 Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է քրիստոնեական չեզոքություն պահպանել, և հաստատ ենք մեր որոշման մեջ։ Մենք ցանկանում ենք ամուր կառչած մնալ այն չքնաղ հեռանկարին, երբ ի վիճակի կլինենք ‘կանգնելու և տեսնելու Տիրոջ փրկությունը’։ Հաջորդ հոդվածը կամրացնի մեր հավատը՝ տեղեկացնելով մեր օրերի իրադարձությունների մասին, որոնք աստիճանաբար խորացնում են մեր հասկացողությունը աստվածաշնչյան մարգարեությունների կատարման վերաբերյալ։
[ծանոթագրություն]
a Ծանոթանալու համար այն մարդկանց հետ, ովքեր Եհովայի վկա դառնալու համար փոխել են իրենց բռնի ապրելակերպը, տե՛ս «Արթնացե՛ք» 1990 թ. մարտի 22–ը, էջ 21 (անգլ.), 1991 թ. սեպտեմբերի 8–ը, էջ 18 (ռուս.) և «Դիտարան» 1996 թ. փետրվարի 1–ը, էջ 3, 4 (արևմտ.), 1998 թ. օգոստոսի 1–ը, էջ 5 (ռուս.)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչն է պատճառը, որ այսօր շատերը այդքան հոռետես են։
• Ինչո՞ւ են Եհովայի վկաները լավատեսորեն նայում ապագային։
• Ի՞նչ է Եհովան արդեն արել ամեն բռնության պատճառ հանդիսացող անձնավորությանը։
• Ինչո՞ւ չպետք է վախենանք Գոգի հարձակումից։
[նկար 13–րդ էջի վրա]
Հիսուսը քրիստոնեական չեզոքության պատշաճ օրինակ թողեց
[նկարներ 16–րդ էջի վրա]
Հազարավոր երիտասարդ Վկաներ ուրախությամբ լիաժամ ծառայություն են սկսել
Երիտասարդնե՛ր, ինչպե՞ս եք օգտագործելու ձեր կյանքի տարիները
[նկար 12–րդ էջի վրա. թույլատվությամբ]
UN PHOTO 186226/M. Grafman