Կանգնեցեք և տեսեք Եհովայի փրկությունը
«Կացէք, կանգնեցէք եւ կ’տեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20։17)։
1, 2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Մագոգի երկրի Գոգի մոտալուտ հարձակումը ավելի աղետալի հետևանքներ կթողնի, քան բոլոր ազգերին սպառնացող ահաբեկչությունը։
«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ» բառը ոմանց կողմից նկարագրվում է որպես հարձակում ողջ աշխարհի հասարակության կամ նույնիսկ քաղաքակրթության վրա։ Հասկանալի է, որ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել այս սպառնալիքի հանդեպ։ Բայց ավելի լուրջ հետևանքներ է թողնելու մեկ այլ հարձակում, որին ամբողջ աշխարհի հասարակությունը քիչ կամ էլ ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Ի՞նչ հարձակման մասին է խոսքը։
2 Մագոգի երկրի Գոգը պետք է իրագործի այդ հարձակումը, որի մասին Աստվածաշունչը խոսում է «Եզեկիէլ» գրքի 38–րդ գլխում։ Չափազանցություն կլինի՞ ասել, որ այս հարձակումը ավելի աղետալի հետևանքներ կթողնի, քան բոլոր ազգերին սպառնացող ահաբեկչությունը։ Իհարկե ոչ, քանի որ Գոգի հարձակումը ավելին է իր մեջ պարփակում, քան մարդկային կառավարությունների դեմ ուղղված հարձակումը։ Այն Աստծո՛ երկնային կառավարության դեմ է ուղղված։ Այնուամենայնիվ, ի տարբերություն մարդկանց, որոնք գուցե սահմանափակ հաջողությունների հասնեն հասարակական համակարգին սպառնացող հարձակումների դեմ պայքարելու մեջ, Ստեղծիչը ի վիճակի է լիակատար հաղթանակ տանել Գոգի առավել սարսափելի հարձակման դեմ։
Հարձակում Աստծո Կառավարության վրա
3. Սկսած 1914 թ.–ից՝ ի՞նչ հրավեր է տրվել աշխարհի կառավարիչներին, և ինչպե՞ս են նրանք արձագանքել։
3 Աստծո կողմից նշանակված այժմ իշխող Թագավորի և Սատանայի ամբարիշտ համակարգի միջև հակամարտությունը ընթացքի մեջ է՝ սկսած այն ժամանակվանից, երբ 1914 թ. երկնքում հաստատվեց Աստծո Թագավորությունը։ Այն ժամանակ մարդկային կառավարիչներին ազդարարվեց հպատակվել Աստծո կողմից ընտրված Կառավարչին, սակայն նրանք հրաժարվեցին, ինչպես որ կանխագուշակվել էր. «Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ Կոտրենք նորանց կապաքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից» (Սաղմոս 2։1–3)։ Թագավորության իշխանության հանդեպ այս դիմադրությունը իր գագաթնակետին կհասնի այն պահին, երբ Մագոգի երկրի Գոգը կատարի իր հարձակումը։
4, 5. Ինչպե՞ս կարող են մարդիկ մարտնչել Աստծո անտեսանելի, երկնային կառավարության դեմ։
4 Թերևս հարցնենք. ինչպե՞ս կարող են մարդիկ մարտնչել անտեսանելի, երկնային կառավարության դեմ։ Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, այս կառավարությունը բաղկացած է ‘հարյուր քառասունչորս հազարից, որ երկրից փրկվել էին’ և Հիսուս Քրիստոսից՝ Աստծո Գառից (Յայտնութիւն 14։1, 3; Յովհաննէս 1։29)։ Քանի որ այդ կառավարությունը երկնային է, այն ներկայացվում է որպես «նոր երկինք», ուստի տրամաբանական է, որ դրա երկրային հպատակները կոչվեն «նոր երկիր» (Եսայիա 65։17; Բ Պետրոս 3։13)։ Քրիստոսի 144 000 իշխանակիցների մեծ մասը արդեն փաստել է իր հավատարմությունը և ավարտել իր երկրային ընթացքը ու այդպիսով ապացուցել, որ արժանի է ստանձնելու ծառայության նոր նշանակումները երկնքում։
5 Այնուհանդերձ, 144 000–ի մի փոքր մնացորդ դեռ երկրի վրա է։ 2002 թ. Տերունական ընթրիքին ներկա գտնվող ավելի քան 15 000 000 մարդկանցից միայն 8 760 հոգին են արտահայտել իրենց հույսը, որ ընտրված են երկնային այս պատասխանատվությունը կատարելու համար։ Ցանկացած ոք, ով համարձակվում է հարձակում գործել Թագավորության այս ապագա անդամների վրա, որ դեռ երկրի վրա են, իրականում պայքար է մղում Աստծո Թագավորության դեմ (Յայտնութիւն 12։17)։
Թագավորը հաղթանակ է տանում
6. Ինչպե՞ս են Եհովան և Հիսուսը վերաբերվում այն հակառակությանը, որ ուղղված է Աստծո ժողովրդի դեմ։
6 Աստվածաշնչում նախապես ասվել էր, թե ինչպես է Եհովան արձագանքելու իր հաստատած Թագավորության դեմ տարվող հակառակությանը։ Կարդում ենք. «Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։ Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց։ Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ» (Սաղմոս 2։4–6)։ Հասել է ժամանակը, որպեսզի Քրիստոսը Եհովայի առաջնորդությամբ դուրս գա «յաղթելու համար» (Յայտնութիւն 6։2)։ Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր ժողովրդի դեմ ուղղված հակառակությանը վերջնական հաղթանակի ժամանակահատվածում։ Փաստորեն նրա համար դա հարձակում է անձամբ իր և իր նշանակած Թագավորի դեմ, որն արդեն իշխում է։ «Ձեզ դպչողը [իմ] աչքի բիբին է դպչում»,— ասում է Եհովան (Զաքարիա 2։8)։ Իսկ Հիսուսը ազդեցիկ կերպով ասաց, որ այն, ինչ մարդիկ անում կամ չեն անում իր օծյալ եղբայրների համար, նա համարում է, որ նրանք այդ բոլորը անում կամ չեն անում անձամբ իր համար (Մատթէոս 25։40, 45)։
7. Ի՞նչ պատճառներից ելնելով է, որ Յայտնութիւն 7։9–ում նկարագրված «մեծ բազմութիւն[ը]» ենթարկվում է Գոգի ցասմանը։
7 Իհարկե, նրանք, ովքեր ջանասիրաբար թիկունք են կանգնում օծյալ մնացորդին, նույնպես կենթարկվեն Գոգի ցասմանը։ Աստծո «նոր երկրի» ապագա անդամները կազմում են մի «մեծ բազմութիւն», որ կանչվել են «բոլոր ազգերէն ու ցեղերէն եւ ժողովուրդներէն ու լեզուներէն» (Յայտնութիւն 7։9, Աևմտ. Աստ.)։ Նրանք ներկայացված են որպես մի ժողովուրդ՝ «կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած»։ Սա ցույց է տալիս, որ նրանք Աստծո և Հիսուս Քրիստոսի բարեհաճությունն են վայելում։ «Ձեռքերումն արմաւենիներ» ունենալով՝ նրանք հռչակում են Եհովային՝ որպես տիեզերքի լիիրավ Գերիշխանի, որն իր իշխանությունը իրականացնում է գահակալված Թագավոր Հիսուս Քրիստոսի՝ ‘Աստծո Գառան’ կառավարման միջոցով (Յովհաննէս 1։29, 36)։
8. Ի՞նչ կմղվի անելու Քրիստոսը, երբ Գոգը հարձակվի, և ինչպիսի՞ հետևանքով։
8 Գոգի հարձակումը առիթ կհանդիսանա, որ Աստծո կողմից գահակալված Թագավորը գործի մղվի և իրագործի Արմագեդոն պատերազմը (Յայտնութիւն 16։14, 16)։ Բոլոր նրանք, ովքեր մերժել են ընդունել Եհովայի գերիշխանությունը, կբնաջնջվեն։ Եվ ընդհակառակը՝ նրանք, ովքեր Աստծո Թագավորության հանդեպ հավատարմություն պահելու համար փորձություններ են կրել, մշտապես կազատագրվեն։ Սրա վերաբերյալ Պողոս առաքյալը գրել է. «Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը. որի համար էլ նեղութիւն էք քաշում, որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել. Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։ Կրակի բոցով վրեժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։5–8)։
9, 10. ա) Ինչպե՞ս Եհովան հաղթանակ շնորհեց Հուդային հզոր թշնամու դեմ պայքարում։ բ) Ի՞նչ պետք է շարունակեն անել քրիստոնյաներն այսօր։
9 Մոտեցող մեծ նեղության ընթացքում, որի գագաթնակետը կլինի Արմագեդոնը, Քրիստոսը պատերազմ կմղի ողջ չարության դեմ։ Սակայն հարկ չի լինի, որ նրա հետևորդները կռվեն, ճիշտ ինչպես որ հազարավոր տարիներ առաջ անհրաժեշտություն չառաջացավ, որ երկցեղ Հուդայի թագավորության բնակիչները պատերազմեին։ Պատերազմը Եհովայինն էր, և նա էլ շնորհեց հաղթանակը։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Տէրը դարանակալներ հանեց Ամմոնի եւ Մովաբի որդկանց եւ Սէիր սարի բնակիչների դէմ, որ եկել էին Յուդայի վերայ, եւ նորանք կոտորուեցան։ Որովհետեւ Ամմոնի եւ Մովաբի որդիքը վեր կացան Սէիր սարի բնակիչների վերայ ջարդելու եւ բնաջինջ անելու. եւ երբոր վերջացրին Սէիրի բնակիչներին, իրար օգնեցին միմեանց ջարդելու։ Եւ Յուդայեանք եկան անապատի միջի դիտանոցը եւ նայեցին այն բազմութեան վերայ, եւ ահա նորանց դիերը փռուած էին երկրի վերայ, եւ մէկ ազատուած չ’կար» (Բ Մնացորդաց 20։22–24)։
10 Դեպքերն ընթացան հենց այնպես, ինչպես կանխատեսել էր Եհովան։ «Դուք չէք պատերազմելու»,— ասել էր նա (Բ Մնացորդաց 20։17)։ Սա օրինակ է քրիստոնյաների համար, որին նրանք պետք է հետևեն այն ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսը առաջ ընթանա «յաղթելու» համար։ Իսկ մինչ այդ նրանք շարունակում են պատերազմել չարի դեմ ոչ թե բառացի զենքերով, այլ հոգևոր։ Այսպես նրանք ‘բարիով հաղթում են չարին’ (Հռովմայեցիս 6։13; 12։17–21; 13։12; Բ Կորնթացիս 10։3–5)։
Ո՞վ է ղեկավարելու Գոգի հարձակումը
11. ա) Իր հարձակումը իրագործելու համար ինչպիսի՞ տարրեր կօգտագործի Գոգը։ բ) Ի՞նչ է իր մեջ ընդգրկում հոգևորապես զգոն լինելը։
11 Մագոգի երկրի Գոգը դա նվաստացած Բանսարկու Սատանան է, որն այդպիսի վիճակում է գտնվում 1914 թ.–ից։ Լինելով հոգևոր էակ՝ նա չի կարող անմիջականորեն ի կատար ածել իր հարձակումը, սակայն իր գործն առաջ տանելու համար նա կօգտագործի մարդկային տարրերը։ Ովքե՞ր կլինեն նրանք։ Աստվածաշունչը մեզ չի հայտնում մանրամասները, բայց տալիս է որոշակի նշաններ, որոնց օգնությամբ կկարողանանք բնորոշել, թե ովքեր են լինելու նրանք։ Մինչ աշխարհի իրադարձությունները իրականացնում են աստվածաշնչյան մարգարեությունները, մենք աստիճանաբար կստանանք ավելի հստակ պատկեր այդ մասին։ Եհովայի ժողովուրդը խուսափում է ենթադրություններ անելուց, սակայն պահպանում է հոգևոր զգոնություն՝ ամբողջովին իրազեկ լինելով քաղաքական և կրոնական իրադարձություններից, որոնք մատնանշում են Աստվածաշնչի մարգարեությունների իրականացումը։
12, 13. Ի՞նչ էր Դանիել մարգարեն կանխագուշակել Աստծո ժողովրդի դեմ վերջնական հարձակման մասին։
12 Դանիել մարգարեն լույս է սփռում Աստծո ժողովրդի դեմ կատարվող այդ վերջնական հարձակման վրա։ Նա գրում է. «[Հյուսիսի թագավորը] մեծ բարկութեամբ պիտի ելլէ, որպէս զի դաշտերը կորսնցնէ ու բնաջինջ ընէ։ Պալատներու պէս վրանները ծովուն [ու].... փառաւոր ու սուրբ լերան [մեջտեղը] պիտի կանգնեցնէ» (Դանիէլ 11։44, 45, Արևմտ. Աստ.)։
13 Աստվածաշնչյան ժամանակներում ‘ծովը’ համարվում էր Մեծ ծովը՝ Միջերկրականը, իսկ ‘սուրբ լեռը’՝ Սիոնը, որի մասին Եհովան ասել էր. «Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ» (Սաղմոս 2։6; Յեսու 1։4)։ Այսպիսով՝ հոգևոր առումով «ծովուն [ու].... փառաւոր ու սուրբ լերան [մեջտեղը]» գտնվող երկիրը ներկայացնում է օծյալ քրիստոնյաների հոգևորապես բարգավաճող կալվածքները։ Նրանք այլևս ծովի նմանվող Աստծուց օտարացած մարդկության մաս չեն կազմում. նրանք սպասում են այն ժամանակին, երբ երկնային Թագավորության մեջ կկառավարեն Հիսուս Քրիստոսի հետ։ Պարզ է, ուրեմն, որ Աստծո օծյալ ծառաները մեծ բազմությանը պատկանող իրենց հավատարիմ ուղեկիցների հետ միասին կդառնան հյուսիսի թագավորի թիրախը, երբ նա սկսի իր սարսափելի հարձակումը՝ ի կատարում Դանիելի մարգարեության (Եսայիա 57։20; Եբրայեցիս 12։22; Յայտնութիւն 14։1)։
Ինչպե՞ս կարձագանքեն Աստծո ծառաները
14. Հարձակման ենթարկվելիս ի՞նչ երեք բան է անելու Աստծո ժողովուրդը։
14 Երբ հարձակում գործվի Աստծո ծառաների վրա, ի՞նչ պետք է անեն նրանք։ Եվ կրկին, Հովսափատի օրերում Աստծո ժողովրդի ցուցաբերած հակազդեցությունը օրինակ է հանդիսանում։ Նկատի առեք, որ այնտեղի բնակիչներին պատվեր էր տրվել անելու երեք բան. 1) կենալ կամ պահպանել դիրքերը, 2) կանգնել և 3) տեսնել Եհովայի փրկությունը։ Մեր օրերում ինչպե՞ս կվարվի Աստծո ժողովուրդը այդ խոսքերի հետ ներդաշնակ (Բ Մնացորդաց 20։17)։
15. Եհովայի ժողովրդի համար ի՞նչ է նշանակում ‘կենալ’։
15 Կենալ կամ պահպանել դիրքերը։ Աստծո ժողովուրդը կշարունակի անսասան կերպով պահպանել իր դիրքը Աստծո Թագավորությանը ժրաջանորեն թիկունք կանգնելու հարցում։ Նա կշարունակի պահել քրիստոնեական իր չեզոք դիրքը։ Եհովային անձնվիրաբար ծառայելու հարցում նա կմնա ‘հաստատ ու անշարժ’ և կշարունակի հրապարակավ գովաբանել Եհովային իր ողորմության համար (Ա Կորնթացիս 15։58; Սաղմոս 118։28, 29)։ Ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում տեղի ունեցող ոչ մի ճնշում չի սասանի նրան Աստծո բարեհաճությունը վայելող այս դիրքից։
16. Ի՞նչ կերպով Եհովայի ծառաները ‘կկանգնեն’։
16 Կանգնել։ Եհովայի ծառաները չեն փորձի փրկել իրենք իրենց, այլ լիակատար կերպով կապավինեն Եհովային։ Միայն նա կարողություն ունի իր ծառաներին ազատելու աշխարհում տիրող քաոսից, և նա խոստացել է դա անել (Եսայիա 43։10, 11; 54։15 Արևմտ. Աստ.; Երեմիայի Ողբերը 3։26)։ Եհովային ապավինելը նաև իր մեջ կընդգրկի վստահել ներկայիս այն տեսանելի միջոցին, որ նա տասնամյակներ շարունակ օգտագործում է հօգուտ իր նպատակների։ Ճշմարիտ քրիստոնյաները ավելի քան երբևէ կարիք կունենան վստահելու իրենց հավատակիցներին՝ նրանց, ովքեր Եհովայի և իր նշանակած Թագավորի կողմից լիազորված են առաջնորդություն վերցնելու։ Այս հավատարիմ տղամարդիկ կառաջնորդեն Աստծո ժողովրդին։ Նրանց առաջնորդությունը մերժելը կարող է աղետալի ավարտ ունենալ (Մատթէոս 24։45–47; Եբրայեցիս 13։7, 17)։
17. Ինչո՞ւ Աստծո հավատարիմ ծառաները կտեսնեն Եհովայի փրկությունը։
17 Տեսնել Եհովայի փրկությունը։ Փրկություն կշնորհվի բոլոր նրանց, ովքեր ամուր կառչած են քրիստոնեական անարատ դիրքից և ազատագրման համար ապավինում են Եհովային։ Մինչև վերջին ժամը՝ որքան որ հնարավոր լինի, նրանք կհայտարարեն Եհովայի դատաստանի գալստյան օրվա մասին։ Բոլոր ստեղծագործությունը պետք է իմանա, որ Եհովան է ճշմարիտ Աստված, և որ երկրի վրա նա ունի հավատարիմ ծառաներ։ Այլևս երբեք կարիք չի լինի երկար վիճաբանել Եհովայի գերիշխանության արդարացի լինելու մասին (Եզեկիէլ 33։33; 36։23)։
18, 19. ա) Ինչպե՞ս է «Ելից» գրքի 15–րդ գլխում արձանագրված հաղթական երգը արտացոլում այն անհատների զգացումները, ովքեր կվերապրեն Գոգի հարձակումից։ բ) Ի՞նչ է պատշաճ, որ Աստծո ժողովուրդը ներկայումս անի։
18 Ուժերը վերականգնված՝ Աստծո ժողովուրդը կմտնի նոր աշխարհ և, մեծ ցանկությամբ լցված, կերգի մի հաղթական երգ, ինչպես արեցին վաղեմի իսրայելացիները Կարմիր Ծովի միջով ազատագրվելուց հետո։ Հավերժ երախտապարտ լինելով Եհովային իր պաշտպանության համար՝ նրանք, թե՛ անհատապես և թե՛ որպես խումբ, կարձագանքեն դեռ շատ վաղուց ասված խոսքերին. «Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է.... Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է.... Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։ Եւ քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին. ուղարկում ես քո բարկութիւնը, եւ ուտում է նորանց յարդի պէս.... Քո ողորմութիւնովը առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. քո զօրութիւնովը տարիր նորանց քո սուրբ բնակարանը.... Դու կ’բերես նորանց եւ կ’տնկես նորանց քո ժառանգութեան սարի վերայ, այն տեղը, որ քո բնակութեան համար շինեցիր, ով Եհովայ. այն սրբարանը, Տէր, որ քո ձեռքերը շինեցին։ Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից» (Ելից 15։1–19)։
19 Այժմ, երբ հավիտենական կյանքի հեռանկարն ավելի ակնհայտ է, քան երբևէ, Աստծո ծառաների համար որքա՜ն հարմար ժամանակ է՝ ցույց տալու իրենց նվիրվածությունը Եհովայի հանդեպ և վերականգնելու վճռականությունը՝ իրենց հավիտենական Թագավորին ծառայելու համար (Ա Մնացորդաց 29։11–13)։
Կարո՞ղ եք պատասխանել
• Ինչո՞ւ Գոգի հարձակումը ուղղված կլինի օծյալների և «ուրիշ ոչխարների» դեմ։
• Ինչպե՞ս Աստծո ժողովուրդը ‘կկենա’։
• Ի՞նչ է նշանակում ‘կանգնել’։
• Ինչպե՞ս Աստծո ժողովուրդը կտեսնի Եհովայի փրկությունը։
[նկար 18–րդ էջի վրա]
Եհովան հաղթանակ շնորհեց իր ժողովրդին ու Հովսափատին և հարկ չկար, որ նրանք պատերազմեին
[նկար 20–րդ էջի վրա]
Օծյալները և «ուրիշ ոչխարները» միասին պաշտպանում են Եհովայի գերիշխանությունը
[նկար 22–րդ էջի վրա]
Վաղեմի իսրայելացիների պես Աստծո ժողովուրդը շուտով կերգի մի հաղթական երգ