Խնկարկություն. տեղ ունի՞ ճշմարիտ երկրպագության մեջ
«ԱՍՏՎԱԾՆԵՐԸ անուշահոտություններ են սիրում»։ Այս ասացվածքը տարածված էր հին եգիպտացիների շրջանում։ Նրանք խնկարկությունը իրենց երկրպագության կարևոր մասն էին համարում։ Հավատալով, թե աստվածները մոտ են՝ եգիպտացիները ամեն օր խունկ էին ծխում տաճարներում, իրենց տների զոհասեղանների վրա և նույնիսկ իրենց աշխատանքի ժամանակ։ Նման սովորություններ են ունեցել նաև ուրիշ ժողովուրդներ։
Ի՞նչ է խունկը։ Այս բառը կարող է վերաբերել թե՛ անուշահոտությանը, թե՛ այրվող նյութին։ Խունկը, ինչպես օրինակ՝ կնդրուկն ու բալասանը, պատրաստվում է բուրավետ խեժերից և խիժաշատ բույսերից։ Դրանք մանրացնում են և հաճախ խառնում այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են համեմունքները, ծառի կեղևը և ծաղիկները, այնպես որ որոշակի բուրմունք ստանան որոշակի օգտագործման համար։
Հնում խունկն այնքան ցանկալի և հետևաբար բարձր գնահատվող բան էր, որ դրա բաղադրիչները կարևոր ապրանքներ դարձան առևտրի մեջ։ Քարավանները առևտրական ճանապարհներով բերում էին դրանք հեռավոր երկրներից։ Հավանաբար կհիշեք, որ Հակոբի կրտսեր որդուն՝ Հովսեփին, վաճառեցին իսմայելացի վաճառականներին, որոնք «գալիս [էին] Գաղաադիցը, եւ իրանց ուղտերը համեմներով եւ բալասանով եւ զմուռսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս» (Ծննդոց 37։25)։ Խունկն այնքան մեծ պահանջարկ սկսեց վայելել, որ կնդրուկի առևտրական ճանապարհը, որն անկասկած բացվել էր խնկավաճառների կողմից, աշխուժացրեց երթևեկումը Ասիայի ու Եվրոպայի միջև։
Խունկը մինչև օրս գործածվում է բազմաթիվ կրոններում արարողությունների ու ծեսերի ժամանակ։ Բացի այդ, ավելի ու ավելի շատ մարդիկ նախընտրում են խունկ ծխել իրենց տանը՝ պարզապես հաճելի բուրմունք վայելելու համար։ Իսկ քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեն խնկարկությանը։ Արդյո՞ք երկրպագության մեջ Աստված ընդունում է այն։ Քննենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում տվյալ հարցի վերաբերյալ։
«Սուրբ.... Եհովայի համար»
Հնում ապրած իսրայելացիների համար խնկարկությունը խորանում ծառայող քահանաների պարտականությունների կարևոր մասն էր հանդիսանում։ Մի հանրագիտարանում ասվում է. «Ինչպես երևում է, հրեաներն, իրոք, այն աստիճանի էին խնկարկությունը երկրպագության մաս և սրբազան նվիրաբերություն համարում, որ ոչ մի տեղ չենք կարդում նրանց կողմից խունկը այլ նպատակով օգտագործելու մասին» («McClintock and Strong’s Cyclopedia»)։
Եհովա Աստված նշել էր չորս բաղադրիչներ, որ պետք է միախառնվեին և այրվեին խորանում. «Առ քեզ համար անուշահոտ համեմներ, այսինքն ստաշխն ու եղունգն եւ քաղբան, այս անուշահոտ համեմները եւ մաքուր կնդրուկ. ամենը հաւասար կշռով լինին։ Եւ նորանց իւղագործի արհեստով բաղադրեալ խունկ շինես աղուած՝ մաքուր՝ սուրբ։ Եւ նորանցից մի քիչ ծեծես շատ բարակ, եւ դնես ժողովքի խորանի մէջ վկայութեանը առաջին» (Ելից 30։34–36)։ Գիտնականները ենթադրում են, որ հետագայում հրեա ռաբբիները դրան ուրիշ բաղադրիչներ էլ ավելացրին տաճարում օգտագործելու համար։
Խորանում այրվող խունկը սուրբ էր և գործածվում էր բացառապես Աստծուն երկրպագություն մատուցելու ժամանակ։ Եհովան պատվիրել էր. «Այն խունկը, որ շինելու ես իրան բաղադրութեան համեմատ, դուք ձեզ համար չ’շինէք. նա քեզ համար սուրբ պիտի լինի Եհովայի համար։ Ով որ հոտոտելու համար նորա նմանը շինելու լինի, նա իր ժողովրդիցը պիտի կորչէ» (Ելից 30։37, 38)։ Քահանաները այրում էին խունկը օրվա մեջ երկու անգամ հատուկ զոհասեղանի վրա (Բ Մնացորդաց 13։11)։ Իսկ Քավության օրը քահանայապետը խունկը այրում էր Սրբությունների Սրբությունում (Ղեւտացոց 16։12, 13)։
Սակայն բոլոր դեպքերում չէ, որ խնկարկությունը ընդունելի էր Աստծուն։ Նա պատժեց քահանա չհանդիսացող այն անհատներին, ովքեր մեծամտաբար խունկ էին մատուցել, ասես՝ քահանաներ եղած լինեին (Թուոց 16։16–18, 35–40; Բ Մնացորդաց 26։16–20)։ Հրեաների կատարած խնկարկությունը գարշելի էր Եհովայի համար, երբ նրանք միևնույն ժամանակ մասնակցում էին կեղծ երկրպագությանը և իրենց ձեռքերը լցնում արյունով։ Նրանց կեղծավորությունը մղեց Եհովային հայտարարելու հետևյալը. «Խունկը ինձ համար պիղծ է» (Եսայիա 1։13, 15)։ Իսրայելացիներն այնքան անտարբեր դարձան Եհովայի հաստատած երկրպագության ձևի հանդեպ, որ փակեցին տաճարը ու սկսեցին ուրիշ զոհասեղանների վրա խունկ ծխել (Բ Մնացորդաց 28։24, 25)։ Տարիներ անց սուրբ խունկը սկսեցին նույնիսկ օգտագործել կեղծ աստվածների պիղծ երկրպագության մեջ։ Նման գործողությունները զզվելի էին Եհովայի համար (Եզեկիէլ 16։2, 17, 18)։
Խունկն ու առաջին քրիստոնյաները
Օրենքի ուխտը, այդ թվում նաև սուրբ խունկ մատուցելու վերաբերյալ քահանաներին տրված պատվերը կորցրին իրենց ուժը, երբ մ.թ. 33 թ.–ին Քրիստոսը հաստատեց նոր ուխտը (Կողոսացիս 2։14)։ Ոչ մի տեղ արձանագրված չէ, որ առաջին քրիստոնյաները կրոնական նկատառումներով խունկ են ծխել։ Վերոհիշյալ հանրագիտարանում այս կապակցությամբ ասվում է. «Հաստատ է, որ խունկ չի օգտագործվել [առաջին քրիստոնյաների կողմից]։ Իրականում դրա գործածությունը հեթանոսության նշան էր.... Հեթանոսական զոհասեղանի վրա խնկի մի քանի հատիկներ գցելը պաշտամունք էր համարվում»։
Առաջին քրիստոնյաները հրաժարվում էին խունկ ծխել նաև Հռոմի կայսրի «աստվածային» լինելն ընդունելու նպատակով, նույնիսկ եթե դրա համար կորցնեին իրենց կյանքը (Ղուկաս 4։8; Ա Կորնթացիս 10։14, 20 ա)։ Եթե հաշվի առնենք, որ այն օրերում խունկն օգտագործվում էր կռապաշտության մեջ, հասկանալի կլինի, թե ինչու էին առաջին քրիստոնյաները հրաժարվում նույնիսկ խունկի վաճառքով զբաղվելուց։
Խնկարկությունն այսօր
Իսկ ինչպե՞ս է խունկն օգտագործվում այսօր։ Քրիստոնեական աշխարհի բազմաթիվ եկեղեցիներում այն մատուցվում է արարողությունների ու պատարագի ժամանակ։ Ասիական շատ ընտանիքներ խունկ են ծխում տաճարներում կամ տան զոհասեղանի առջև՝ իրենց աստվածներին փառաբանելու և մահացածներին պաշտպանելու համար։ Կրոնական արարողությունների ժամանակ խունկն օգտագործվում է օդը բուրմունքով լցնելու, ինչպես նաև բուժելու, մաքրելու և պաշտպանելու նպատակով։
Վերջերս խունկը նորից լայն տարածում է գտել նույնիսկ այնպիսի մարդկանց շրջանում, ովքեր որևէ կրոն չեն դավանում։ Ոմանք խունկ են ծխում մեդիտացիայով զբաղվելիս։ Մի ձեռնարկում առաջարկություն էր արվում խունկն օգտագործել «գիտակցության անհասանելի ոլորտներին» և նյութական աշխարհից այն կողմ գտնվող «զորություններին» հասնելու նպատակով։ Նույն ձեռնարկն առաջարկում էր նաև խնկարկության հետ կապված արարողություններ կատարել կյանքում եղող խնդիրները լուծելու համար, իսկ այդ արարողությունները ներառում էին կապ «գերբնական էակների» հետ։ Մի՞թե նման բաները քրիստոնյայի համար են։
Եհովան խստորեն դատապարտում է նրանց, ովքեր փորձում են միախառնել կեղծ կրոնական սովորույթները ճշմարիտ երկրպագության հետ։ Պողոս առաքյալը Եսայիայի մարգարեությունից մի հատված վկայակոչեց և կիրառեց քրիստոնյաների նկատմամբ՝ կոչ անելով նրանց չընկնել կեղծ կրոնի անմաքուր ազդեցության տակ։ Նա գրեց. «Նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կ’ընդունեմ ձեզ» (Բ Կորնթացիս 6։17, 18ա; Եսայիա 52։11)։ Ճշմարիտ քրիստոնյաները ջանում են հեռու մնալ այն ամենից, ինչը կապ ունի կեղծ կրոնի և ոգեհարցության հետ (Յովհաննէս 4։24)։
Այն, որ խունկն օգտագործվում է կրոնական արարողությունների ժամանակ և ոգեհարցության մեջ, նշանակո՞ւմ է արդյոք, թե խնկարկությունը սխալ է բոլոր դեպքերում։ Պարտադիր չէ։ Ասենք՝ ինչ–որ մեկը ցանկանում է խունկը որպես անուշահոտություն այրել իր տանը՝ զուտ հաճելի բուրմունք վայելելու համար (Առակաց 27։9)։ Նույնիսկ այս դեպքում, սակայն, խունկ այրելու հարցում որոշում կայացնելիս քրիստոնյան պետք է հաշվի առնի որոշ հանգամանքներ։ Ձեր բնակավայրում ապրող մարդիկ չե՞ն կապի արդյոք խնկարկությունը կեղծ կրոնական սովորույթի հետ։ Ձեր հասարակության մեջ խունկ ծխելը հաճախ չի՞ վերագրվում ոգեհարցությանը, թե՞ ընդունված է այն օգտագործել կրոնի հետ առնչություն չունեցող նպատակներով։
Եթե որևէ մեկը վճռում է խունկ ծխել, ապա որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի թե՛ իր խիղճը, թե՛ ուրիշների զգացմունքները (Ա Կորնթացիս 10։29)։ Այս դեպքում կարելի է կիրառել Պողոսի խոսքերը՝ ուղղված հռոմեացիներին։ Ահա թե ինչ է գրել նա. «Ապա ուրեմն խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք։ Կերակուրի պատճառով մի քանդիր Աստուծոյ գործը. ամեն բան մաքուր է. բայց չար է այն մարդի համար՝ որ գայթակղութիւն տալով է ուտում։ Լաւ է միս չ’ուտել եւ գինի չ’խմել, եւ այն բանը չ’անել՝ որ նորանով քո եղբայրը.... գայթակղում է» (Հռովմայեցիս 14։19–21)։
Խունկի պես պատրաստված աղոթքներ
Իսրայելացիների մատուցած խունկը հարմար խորհրդանիշն էր Աստծո կողմից լսվող աղոթքների։ Այսպես՝ սաղմոսերգու Դավիթը Եհովային երգելով ասում է. «Իմ աղօթքը թող ընդունելի [«պատրաստված», ՆԱ] լինի ինչպէս խունկ քո առաջին» (Սաղմոս 141։2)։
Հավատարիմ հրեաները խնկարկությունը անիմաստ ծես չէին համարում։ Խունկը պատրաստելիս և այրելիս նրանք մեծ ուշադրություն էին դարձնում այն բանի վրա, որ անեն դա այնպես, ինչպես պատվիրել էր Եհովան։ Այսօր քրիստոնյաները, խունկ օգտագործելու փոխարեն, մատուցում են աղոթքներ, որոնք մեծ գնահատանք ու հարգանք են արտահայտում մեր երկնային Հոր հանդեպ։ Աստծո Խոսքը վստահեցնում է մեզ՝ «ուղիղների աղօթքը նորան հաճելի է», ինչպես տաճարում քահանաների մատուցած անուշահոտ խունկը (Առակաց 15։8)։
[նկարներ 29–րդ էջի վրա]
Խորանում և տաճարում այրվող խունկը սուրբ էր
[նկար 30–րդ էջի վրա]
Քրիստոնյայի համա՞ր է մեդիտացիայի նպատակով խունկ ծխելը