Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 9/15 էջ 10–15
  • Հոգևոր խոսակցությունները կերտում են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հոգևոր խոսակցությունները կերտում են
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ուշադրություն դարձրեք սրտին
  • «Այն մտածեցէք»
  • Կերտիչ զրույցներ վարեք
  • Հոգևոր զրույցները վարձատրվում են
  • Նոր խորագիր՝ զրույց սկսելու համար
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2016)
  • Ինչպես օգտագործել զրույցների օրինակները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Հաճույքո՞վ ես զրույց սկսում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Զրույցների օրինակներ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
Ավելին
2003 Դիտարան
w03 9/15 էջ 10–15

Հոգևոր խոսակցությունները կերտում են

«Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին» (ԵՓԵՍԱՑԻՍ 4։29)։

1, 2. ա) Որքա՞ն արժեքավոր է մարդու խոսելու ունակությունը։ բ) Ինչպե՞ս են ցանկանում օգտագործել իրենց լեզուն Եհովայի ծառաները։

«ՄԱՐԴՈՒ խոսելու ունակությունը գաղտնիք է, աստվածային պարգև, հրաշք»։ Այսպես է գրել բառարանագիր Լյուդվիգ Քյոլերը։ Հնարավոր է՝ թեթևամտորեն ենք նայում Աստծուց տրված այս թանկագին պարգևին (Յակոբոս 1։17)։ Բայց խորհեք, թե որքա՜ն մեծ է այս գանձի կորուստը, երբ կաթվածը զրկում է սիրելի անձնավորությանը հստակ արտահայտվելու ունակությունից։ «Մենք հիանալի հաղորդակցություն էինք վայելում,— պատմում է Ջոանը, որի ամուսինը վերջերս կաթված է ստացել,— որքա՜ն եմ կարոտում մեր զրույցներին»։

2 Խոսակցությունները կարող են ընկերների միջև եղած փոխհարաբերություններն ամրացնել, թյուրիմացությունները պարզել, ընկճվածներին ոգևորել, հավատն ամրացնել և կյանքը հարստացնել։ Բայց խոսակցությունն ինքնաբերաբար չի հանգեցնում այսպիսի բաների։ Իմաստուն թագավոր Սողոմոնը գրեց. «Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18)։ Որպես Եհովայի ծառաներ՝ ցանկանում ենք, որ մեր զրույցները բուժեն ու կերտեն և ոչ թե վիրավորեն ու սիրտ կոտրեն։ Նաև ցանկանում ենք մեր լեզուն օգտագործել Եհովային փառաբանելու համար թե՛ մեր ծառայության մեջ և թե՛ անձնական զրույցներում։ Սաղմոսերգուն երգեց. «Աստուծով կ’պարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կ’գոհանանք յաւիտեան» (Սաղմոս 44։8)։

3, 4. ա) Խոսելու հետ կապված՝ ի՞նչ խնդիրների ենք բախվում բոլորս։ բ) Ինչո՞ւ է կարևոր մեր խոսքին ուշադրություն դարձնելը։

3 «Լեզուն,— զգուշացնում է Հակոբոս աշակերտը,— ոչ ով կարող չէ նուաճել»։ Նա հիշեցնում է մեզ. «Շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել» (Յակոբոս 3։2, 8)։ Մեզանից ոչ ոք կատարյալ չէ։ Դրա համար էլ, չնայած մեր լավագույն միտումներին, միշտ չէ, որ մեր խոսքը կերտում է մյուսներին կամ փառք է բերում մեր Արարչին։ Այդ պատճառով պետք է սովորենք զգույշ լինել մեր խոսքերում։ Ավելին, Հիսուսն ասաց. «Ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան։ Որովհետեւ քո խօսքիցը կ’արդարանաս, եւ քո խօսքիցը կ’դատապարտուիս» (Մատթէոս 12։36, 37)։ Այո՛, մեր խոսքերի համար մենք պատասխանատու ենք ճշմարիտ Աստծո առջև։

4 Վնասակար խոսակցություններից խուսափելու ամենալավ կերպերից է հոգևոր զրույցներ վարելու սովորություն զարգացնելը։ Այս հոդվածում կքննարկենք այն, թե ինչպես կարող ենք դա անել, ինչպիսի թեմաների շուրջ կարող ենք խոսել և ինչ օգուտներ կարող ենք քաղել կերտիչ զրույցներից։

Ուշադրություն դարձրեք սրտին

5. Ինչպե՞ս է սիրտը կարևոր դեր խաղում կերտիչ խոսակցություններ վարելու մեջ։

5 Երբ կերտիչ զրույցներ վարելու սովորություն ենք զարգացնում, առաջին հերթին պետք է գիտակցենք, որ մեր խոսքն արտացոլում է այն, ինչ որ կա մեր սրտում։ Հիսուսն ասաց. «Սրտի աւելացածիցը կ’խօսի բերանը» (Մատթէոս 12։34)։ Պարզ ասած՝ մենք սիրում ենք խոսել այն բաների մասին, որոնք կարևոր են մեզ համար։ Այդ պատճառով էլ պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ի՞նչ են ասում իմ զրույցները սրտիս վիճակի մասին։ Երբ ընտանիքիս կամ հավատակիցներիս հետ եմ լինում, արդյո՞ք զրույցներս պտտվում են հոգևոր հարցերի շուրջ, թե՞ միշտ խոսում եմ սպորտի, հագուստի, կինոնկարների, սննդի, վերջին ձեռքբերումներիս կամ այլ ոչ այնքան կարևոր բաների մասին»։ Հնարավոր է՝ անկախ մեր կամքից մեր կյանքն ու մտքերը պտտվեն երկրորդական բաների շուրջ։ Ճիշտ առաջնահերթություններ դնելը կբարելավի մեր խոսակցությունների որակը, ինչպես նաև մեր կյանքը (Փիլիպպեցիս 1։10)։

6. Խորհրդածությունն ի՞նչ դեր է խաղում մեր զրույցներում։

6 Նպատակաուղղված խորհրդածությունը մեր խոսակցությունների որակը բարելավելու մեկ այլ կերպ է։ Եթե գիտակցաբար ջանք ենք թափում՝ մտածելու հոգևոր բաների մասին, կտեսնենք, որ ինքնաբերաբար սկսում ենք հոգևորի շուրջ խոսել։ Դավիթ թագավորը տեսավ այս բաների միջև եղած կապը։ Նա երգեց. «Թող հաճոյ լինին քեզ իմ բերանի խօսքերը. եւ սրտիս խորհուրդը՝ քո առաջին, ով Տէր» (Սաղմոս 19։14)։ Իսկ սաղմոսերգու Ասափն ասաց. «[Ես] քննում եմ քո [Աստծո] ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները» (Սաղմոս 77։12)։ Աստծո Խոսքի ճշմարտություններով խորապես հետաքրքրված սրտից ու մտքից բնականաբար կհորդեն գովելի խոսքեր։ Երեմիան չկարողացավ չխոսել այն բաների մասին, որ Եհովան իրեն սովորեցրել էր (Երեմիա 20։9)։ Այդպես կարող է լինել նաև մեր դեպքում, եթե կանոնավորապես խորհրդածենք հոգևորի շուրջ (Ա Տիմոթէոս 4։15)։

7, 8. Կերտիչ զրույցների համար ինչպիսի՞ թեմաներն են լավ։

7 Հոգևոր գործունեությունների լավ գրաֆիկ ունենալը կերտիչ խոսակցությունների համար բազմաթիվ թեմաներ է տալիս (Փիլիպպեցիս 3։16)։ Համաժողովները, ժողովի հանդիպումները, ընթացիկ հրատարակությունները, օրվա խոսքն ու կից մեկնաբանությունները՝ բոլորն էլ հարստացնում են մեզ հոգևոր գոհարներով, որոնք կարող ենք «բաժանել» ուրիշներին (Մատթէոս 13։52)։ Իսկ հոգևոր առումով որքա՜ն խրախուսիչ կարող են լինել քրիստոնեական ծառայության ժամանակ մեզ պատահած դեպքերը։

8 Սողոմոն թագավորը հիացած էր ծառերի, կենդանիների, թռչունների և ձկների այն բազմազանությունով, որ տեսնում էր Իսրայելում (Գ Թագաւորաց 4։33)։ Նա հաճույք էր ստանում Աստծո ստեղծագործությունների մասին խոսելուց։ Մենք ևս կարող ենք նույնն անել։ Եհովայի ծառաները սիրում են տարբեր թեմաներով խոսել, բայց հոգևոր թեմաները միշտ համ ու հոտ են տալիս հոգևորի հանդեպ տրամադրված մարդկանց խոսակցություններին (Ա Կորնթացիս 2։13)։

«Այն մտածեցէք»

9. Ի՞նչ հորդոր տվեց Պողոսը փիլիպպեցիներին։

9 Ինչ թեմաների շուրջ էլ որ խոսենք, մեր զրույցները ուրիշների համար կերտիչ կլինեն, եթե հետևենք Պողոսի հորդորին, որ նա գրեց Փիլիպպեի ժողովին։ Նա ասաց. «Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ [«արժանի է լուրջ ուշադրության», ՆԱ], ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, [«շարունակ», ՆԱ] այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։ Պողոսի նշած բաներն այնքան կարևոր են, որ նա ասում է՝ «[շարունակ] այն մտածեցէք»։ Մենք պետք է մեր միտքն ու սիրտը լցնենք դրանցով։ Եկեք տեսնենք, թե ինչպես Պողոսի նշած այս ութ կետերից յուրաքանչյուրին ուշադրություն դարձնելը կարող է օգնություն լինել զրույցներ վարելու հարցում։

10. Ինչպե՞ս կարող են մեր զրույցները ներառել ճշմարիտ բաներ։

10 Այն, ինչ որ ճշմարիտ է, ավելին է իր մեջ բովանդակում, քան պարզապես ստույգ, ոչ սուտ տեղեկությունը։ Դա վերաբերում է այն ամենին, ինչը որ ազնիվ է և արժանահավատ, ինչպես օրինակ՝ Աստծո Խոսքի ճշմարտությունը։ Ուստի երբ ուրիշների հետ խոսում ենք Աստվածաշնչի ճշմարտությունների մասին, որոնք տպավորել են մեզ, կամ ելույթների մասին, որ մեզ քաջալերել են, կամ Գրությունների վրա հիմնված խորհրդի մասին, որ օգնել է մեզ, մենք մտածում ենք ճշմարիտ բաների շուրջ։ Մյուս կողմից՝ մենք մերժում ենք ‘սուտանուն գիտությունը’, որը ճշմարտության միայն տեսքն ունի (Ա Տիմոթէոս 6։20)։ Մենք նաև խուսափում ենք բամբասանք տարածելուց կամ ծառայության ժամանակ տեղի ունեցած այնպիսի դեպքեր պատմելուց, որոնց ճիշտ լինելը հնարավոր չէ պարզել։

11. Լուրջ ուշադրության արժանի ի՞նչ նյութեր կարող են ընդգրկվել մեր զրույցներում։

11 Լուրջ ուշադրության արժանի բաները արժանապատիվ և կարևոր բաներն են, ոչ թե դատարկ ու աննշան։ Դրանց մեջ մտնում են մեր քրիստոնեական ծառայության ոլորտները, այս չար ժամանակները, որոնցում ապրում ենք, նաև մեր մաքուր վարքը պահպանելու անհրաժեշտությունը։ Երբ այսպիսի լուրջ բաներ ենք քննարկում, մենք ամրացնում ենք հոգևորապես արթուն մնալու, մեր անարատությունը պահելու և բարի լուրը քարոզել շարունակելու մեր վճռականությունը։ Իսկապես, ծառայության ժամանակ պատահող հետաքրքիր դեպքերը և ընթացիկ իրադարձությունները, որոնք մեզ հիշեցնում են, որ ապրում ենք վերջին օրերում, խրախուսիչ զրույցներ վարելու զանազան նյութերով են մեզ ապահովում (Գործք 14։26; Բ Տիմոթէոս 3։1–5)։

12. Հաշվի առնելով արդար և սուրբ բաների մասին մտածելու Պողոսի խորհուրդը՝ խոսակցության մեջ ինչի՞ց պետք է խուսափել։

12 Արդար նշանակում է Աստծո աչքերում արդար լինել՝ համապատասխանելով նրա չափանիշներին։ «Սուրբ» բառը մտքի ու վարքի մաքրության գաղափարն է տալիս։ Զրպարտությունը, անպարկեշտ կատակները, սեքսի մասին ակնարկները տեղ չունեն մեր խոսակցություններում (Եփեսացիս 5։3; Կողոսացիս 3։8)։ Աշխատանքի վայրում կամ դպրոցում քրիստոնյաները, իմաստություն դրսևորելով, հեռանում են, երբ խոսակցությունն այդ ուղղությամբ է սկսում զարգանալ։

13. Բերեք զրույցների օրինակներ, որտեղ խոսակցությունը պտտվում է սիրուն և բարի անուն ունեցող բաների շուրջ։

13 Երբ Պողոսը հորդորում է մտածել սիրուն բաների շուրջ, նա նկատի ունի այն բաները, որոնք հաճելի են և դուրեկան կամ որոնք սեր են ներշնչում՝ ի հակադրություն նրանց, որ ատելություն, դառնություն կամ վեճ են առաջացնում։ Բարի անուն ունեցող խոսքերն այն տեղեկություններն են, որոնք հարգանքի ու գովասանքի են արժանի։ Այդպիսի տեղեկություններից են հավատարիմ եղբայրների ու քույրերի կենսագրությունները, որ կանոնավորապես հրատարակվում են «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում։ Հավատն ամրացնող այս հոդվածները կարդալուց հետո ինչո՞ւ ուրիշներին չպատմեք ձեր տպավորությունների մասին։ Որքա՜ն քաջալերական է ուրիշների հոգևոր հաջողությունների մասին լսելը։ Այսպիսի զրույցները սիրով և միաբանությամբ կլցնեն ժողովը։

14. ա) Առաքինություն դրսևորելու համար մեզանից ի՞նչ է պահանջվում։ բ) Ինչպե՞ս կարող է մեր խոսքը գովելի բաներ բովանդակել։

14 Պողոսը հիշատակում է ‘առաքինության’ մասին։ «Առաքինություն» բառը վերաբերում է բարությանը կամ բարձր բարոյականությանը։ Մենք պետք է հետևենք, թե արդյո՞ք մեր շրթունքներն առաջնորդվում են սուրբգրային սկզբունքներով և չեն շեղվում արդար, սուրբ, առաքինի բաներից։ Գովելի նշանակում է գովասանքի արժանի։ Երբ լավ ելույթ ես լսում կամ ժողովում հավատարմության օրինակ ես նկատում, ասա այդ մասին թե՛ այդ անհատին և թե՛ ուրիշներին։ Պողոս առաքյալը հաճախ գովում էր իր հավատակիցներին նրանց լավ հատկությունների համար (Հռովմայեցիս 16։12; Փիլիպպեցիս 2։19–22; Փիլիմոն 4–7)։ Եվ, ինչ խոսք, մեր Արարչի ստեղծագործությունն իսկապես արժանի է գովասանքի։ Մենք նրանում կերտիչ զրույցների համար առատ թեմաներ ենք գտնում (Առակաց 6։6–8; 20։12; 26։2)։

Կերտիչ զրույցներ վարեք

15. Սուրբգրային ո՞ր պատվիրանն է պարտավորեցնում ծնողներին իմաստալից զրույցներ վարել իրենց երեխաների հետ։

15 Բ Օրինաց 6։6, 7–ում ասվում է. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս»։ Հստակ է, որ այս պատվիրանը պահանջում է ծնողներից իմաստալից, հոգևոր զրույցներ վարել իրենց երեխաների հետ։

16, 17. Եհովայի և Աբրահամի օրինակից ի՞նչ կարող են սովորել քրիստոնյա ծնողները։

16 Կարող ենք պատկերացնել այն երկա՜ր զրույցները, որ իր երկրային նշանակման հետ կապված՝ Հիսուսը պետք է որ ունեցած լիներ իր երկնային Հոր հետ։ Նա ասաց իր աշակերտներին. «Ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ» (Յովհաննէս 12։49; Բ Օրինաց 18։18)։ Աբրահամ նահապետը պետք է որ շատ ժամեր անցկացրած լիներ իր որդի Իսահակի հետ՝ խոսելով այն մասին, թե ինչպես էր Եհովան օրհնել իրենց և իրենց նախահայրերին։ Այսպիսի խոսակցություններն անշուշտ օգնեցին և՛ Հիսուսին, և՛ Իսահակին խոնարհաբար հնազանդվել Աստծո կամքին (Ծննդոց 22։7–9; Մատթէոս 26։39)։

17 Մեր երեխաները նույնպես կարիք ունեն կերտիչ զրույցների։ Իրենց զբաղված առօրյայում ծնողները պետք է երեխաների հետ խոսելու ժամանակ գտնեն։ Եթե հնարավոր է, ինչո՞ւ օրը գոնե մեկ անգամ ամբողջ ընտանիքով միասին չճաշել։ Այսպիսի ճաշերի ընթացքում և դրանցից հետո կերտիչ զրույցներ ունենալու հնարավորություններ են լինում, որոնք ընտանիքի հոգևոր առողջության համար անգնահատելի կլինեն։

18. Պատմեք մի օրինակ, որը ցույց է տալիս ծնողների և երեխաների միջև լավ հաղորդակցության օգուտները։

18 Ալեխանդրոն՝ 20 տարեկան մի ռահվիրա, հիշում է 14 տարեկանում իր ունեցած կասկածները։ Նա պատմում է. «Դասընկերներիս և ուսուցիչներիս ազդեցության պատճառով ես համոզված չէի Աստծո գոյության և Աստվածաշնչի արժանահավատության մեջ։ Ծնողներս շատ ժամանակ անցկացրեցին՝ համբերատարորեն տրամաբանելով ինձ հետ։ Այս զրույցները ոչ միայն օգնեցին ինձ վանել այդ դժվար ժամանակաշրջանում իմ ունեցած կասկածները, այլև կյանքում ճիշտ որոշումներ կայացնել»։ Իսկ ա՞յժմ։ Ալեխանդրոն շարունակում է. «Ես դեռ ապրում եմ մեր տանը։ Սակայն զբաղված առօրյայի պատճառով ես ու հայրս դժվարանում ենք առանձին խոսելու ժամանակ գտնել։ Ուստի շաբաթը մեկ անգամ ես և նա միասին ճաշում ենք իր աշխատանքի վայրում։ Ես իսկապես գնահատում եմ այդ զրույցները»։

19. Ինչո՞ւ մենք բոլորս հոգևոր զրույցների կարիք ունենք։

19 Արդյո՞ք մենք նույնպես թանկ չենք գնահատում մեր հավատակիցների հետ օգտակար հոգևոր զրույցներ ունենալու հնարավորությունները։ Այդպիսի հնարավորություններ լինում են ժողովի հանդիպումների և ծառայության ժամանակ, ընկերական հավաքույթներին և ճանապարհորդելիս։ Պողոսն անհամբերությամբ սպասում էր, թե երբ պիտի խոսեր Հռոմում գտնվող քրիստոնյաների հետ։ «Շատ ցանկանում եմ ձեզ տեսնել,— գրեց նա հռոմեացիներին,— ....որ ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ՝ իմ եւ ձեր հաւատքի միջոցով» (Հռովմայեցիս 1։11, 12)։ «Հավատակիցների հետ հոգևոր թեմաներով զրուցելը մեզ համար կենսական կարիք է լրացնում,— ասում է Յոհաննեսը՝ քրիստոնյա մի երեց։— Դրանք ջերմացնում են սիրտը և թեթևացնում մեր ծանր առօրյան։ Ես հաճախ խնդրում եմ տարեցներին պատմել ինձ իրենց կյանքի մասին, և թե ինչն է նրանց ուժ տվել, որ հավատարիմ մնան։ Տարիների ընթացքում ես շատերի հետ եմ զրուցել, և նրանցից յուրաքանչյուրը տվել է ինձ որոշակի իմաստություն կամ գիտելիքներ, որոնք հարստացրել են իմ կյանքը»։

20. Ի՞նչ կարող ենք անել, եթե հանդիպում ենք ամաչկոտ անձնավորության։

20 Իսկ ի՞նչ կարելի է անել այն դեպքում, երբ ինչ–​որ մեկը, ասես, չի արձագանքում, երբ սկսում եք հոգևոր թեմայով խոսել։ Մի՛ հանձնվեք։ Թերևս որոշ ժամանակ անց ավելի հարմար պահ կարող եք գտնել։ Սողոմոնը գրեց. «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 25։11)։ Ամաչկոտ անձանց հանդեպ հասկացողություն դրսևորեք։ «Խոր ջուրեր է մարդիս սրտի խորհուրդը, բայց խելօք մարդը նորան կ’հանէ» (Առակաց 20։5)։a Իսկ ամենակարևորը՝ երբեք թույլ մի տվեք, որ ուրիշների վերաբերմունքը ձեզ ետ պահի այն բաների մասին խոսելուց, որոնք հասել են ձեր սրտին։

Հոգևոր զրույցները վարձատրվում են

21, 22. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ հոգևոր զրույցների մասնակցելով։

21 Պողոս առաքյալը խորհուրդ տվեց. «Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին» (Եփեսացիս 4։29; Հռովմայեցիս 10։10)։ Զրույցը ճիշտ ուղղությամբ տանելը գուցե մեզանից ջանքեր պահանջի, բայց դրանից եկող օգուտները շատ են։ Հոգևորի մասին զրուցելով՝ մենք կարողանում ենք ուրիշներին պատմել մեր հավատի մասին և ամրացնել եղբայրությունը։

22 Ուրեմն եկեք օգտագործենք խոսելու մեր պարգևը՝ ուրիշներին զորացնելու և Աստծուն փառաբանելու համար։ Այդպիսի զրույցները բավականության աղբյուր կլինեն մեզ համար և քաջալերություն ուրիշների համար։ Իսկ ամենակարևորը՝ դրանք կուրախացնեն Եհովայի սիրտը, որովհետև նա ուշադրություն է դարձնում մեր խոսակցություններին և ուրախանում է, երբ մեր լեզուն գործածում ենք ճիշտ ձևով (Սաղմոս 139։4; Առակաց 27։11)։ Եթե մեր զրույցները հոգևոր են, կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեզ չի մոռանա։ Մեր օրերում Եհովային ծառայող մարդկանց մասին խոսելով՝ Աստվածաշունչն ասում է. «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար» (Մաղաքիա 3։16; 4։5)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ մեր զրույցները հոգևոր առումով կերտիչ լինեն։

[ծանոթագրություն]

a Իսրայելում գտնվող որոշ ջրհորներ շատ խորն էին։ Հնէաբանները Գաբավոնում գտել են մի ջրամբար, որը մոտ 25 մետր խորություն ունի։ Այն ունի աստիճաններ, որով մարդիկ կարողացել են իջնել մինչև հատակը՝ ջուր հանելու։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ի՞նչ են ասում մեր խոսակցությունները մեր մասին։

• Ինչպիսի՞ կերտիչ բաների մասին կարող ենք զրուցել։

• Ի՞նչ կարևոր դեր են խաղում զրույցները ընտանեկան շրջանակում և քրիստոնեական ժողովում։

• Ի՞նչ օգուտներ են բերում կերտիչ խոսակցությունները։

[նկարներ 12–րդ էջի վրա]

Կերտիչ զրույցները պտտվում են այն բաների շուրջ....

«ինչ որ ճշմարիտ է»

«ինչ որ պարկեշտ [«լուրջ ուշադրության արժանի», ՆԱ]»

«[ինչ որ] գովութիւն է»

«ինչ որ բարի անուն [է]»

[թույլտվությամբ]

Video cover, Stalin: U.S. Army photo; Creator book cover, Eagle Nebula: J. Hester and P. Scowen (AZ State Univ.), NASA

[նկար 13–րդ էջի վրա]

Ճաշի ժամերը հոգևոր զրույցներ վարելու հիանալի հնարավորություններ են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը