Զարգացրեք առատաձեռնության ոգի
ՈՉ ՈՔ չի ծնվում առատաձեռնության ոգով։ Երեխան բնականից ձգտում ունի բավարարելու իր ցանկություններն ու կարիքները. նրան չեն հետաքրքրում նույնիսկ իր մասին հոգ տանողների կարիքները։ Սակայն նա ժամանակի ընթացքում սովորում է, որ միշտ ինքը չպետք է լինի ուշադրության կենտրոնում։ Ուրիշներն էլ պետք է ուշադրության արժանանան։ Նա պետք է սովորի ոչ միայն վերցնել, այլ նաև տալ կամ ունեցածից ուրիշներին էլ բաժին հանել։ Առատաձեռնության ոգին մի բան է, որ հարկավոր է զարգացնել։
Ոչ բոլոր մարդիկ, ովքեր նույնիսկ առատաձեռնորեն են տալիս իրենց ունեցածից, ունեն այդ ոգին։ Ոմանք գուցե նվիրատվություններ կատարեն, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը։ Մյուսները միգուցե դա անեն մարդկանց գովասանքին արժանանալու համար։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները այսպիսի մղումներով չեն դրսևորում առատաձեռնություն։ Ուրեմն ինչպիսի՞ նվիրատվություններն են քաջալերվում Աստծո Խոսքում։ Այս հարցին պատասխանելու համար հակիրճ քննարկենք առաջին դարի քրիստոնյաների օրինակը։
Քրիստոնյաների ցուցաբերած առատաձեռնության օրինակներ
Աստվածաշնչում նկարագրվում է, որ քրիստոնյաները սովորաբար տալիս էին ‘իրենց ունեցած բարիքները’ ուրիշներին՝ նրանց, ովքեր իսկապես կարիքի մեջ էին (Եբրայեցիս 13։16, ԷԹ; Հռովմայեցիս 15։26)։ Նրանք չպետք է դա անեին ստիպողաբար։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9։7)։ Դա նաև չպետք է արվեր ցուցադրելու նպատակով։ Անանիան ու Սափիրան այդպես վարվեցին և թանկ վճարեցին դրա համար (Գործք 5։1–10)։
Նվիրաբերությունների կարիքը մեծապես զգացվեց, երբ շատ հրեաներ ու պրոզելիտներ հեռավոր տեղերից մ.թ. 33–ին հավաքվեցին Երուսաղեմում՝ Պենտեկոստեի տոնը նշելու համար։ Այստեղ էր, որ Հիսուսի հետևորդները «Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել»։ Մի մեծ բազմություն էր հավաքվել նրանց շուրջը ու լսում էր Պետրոսի ոգևորիչ ելույթը Հիսուս Քրիստոսի մասին։ Դրանից հետո մարդիկ տեսան, թե ինչպես Պետրոսը և Հովհաննեսը տաճարի դռան առաջ բուժեցին մի կաղ մարդու, լսեցին, թե ինչպես Պետրոսը մեկ անգամ ևս խոսեց Հիսուսի մասին, ինչպես նաև ապաշխարելու վերաբերյալ։ Հազարավորներ ապաշխարեցին ու մկրտվեցին՝ դառնալով Քրիստոսի հետևորդներ («Գործք», 2–րդ և 3–րդ գլուխներ)։
Նորադարձները կամենում էին մնալ Երուսաղեմում և ավելի շատ հրահանգներ ստանալ Հիսուսի առաքյալներից։ Բայց առաքյալներն ինչպե՞ս կարող էին հոգալ նրանց բոլորի կարիքները։ Աստվածաշնչյան արձանագրության մեջ ասվում է. «Նորանք որ ագարակների կամ տների տէր էին, ծախում էին, եւ ծախուածի գինը բերում էին, առաքեալների ոտների մօտ էին դնում. եւ ամեն մէկին տրվում էր ինչ որ պէտք էր ունենում» (Գործք 4։33–35)։ Իրոք, նորաստեղծ քրիստոնեական ժողովն ուներ առատաձեռնության ոգի։
Հետագայում առատաձեռնության ոգի դրսևորեցին նաև ուրիշ ժողովներ։ Օրինակ՝ մակեդոնացի քրիստոնյաները, աղքատ լինելով հանդերձ, իրենց հնարավորության սահմաններից ավելին արեցին՝ Հուդայի կարիքավոր եղբայրների համար նվիրատվություններ անելով (Հռովմայեցիս 15։26; (Բ Կորնթացիս 8։1–7)։ Փիլիպպեցիների ժողովը հայտնի էր այն բանով, որ աջակցություն էր ցույց տալիս Պողոսին նրա ծառայության մեջ (Փիլիպպեցիս 4։15, 16)։ Երուսաղեմի ժողովը ամեն օր սնունդ էր բաժանում կարիքի մեջ եղող այրիներին, ու առաքյալները յոթ որակյալ մարդկանց նշանակեցին հետևելու, որ օգնության կարիք ունեցող ոչ մի որբևայրի չանտեսվեր (Գործք 6։1–6)։
Վաղ քրիստոնեական ժողովներն արագորեն էին արձագանքում օգնության կոչին նույնիսկ այն ժամանակ, երբ աղետ դեռ չկար, բայց սպասվում էր։ Օրինակ՝ երբ Ագաբոս մարգարեն կանխագուշակեց գալիք մեծ սովի մասին, Ասորիքի Անտիոքի ժողովի «աշակերտներն որոշեցին որ իրանցից ամեն մէկն, որքան որ կարող էր, օգնութիւն ուղարկէ Հրէաստանումը բնակուած եղբայրներին» (Գործք 11։28, 29)։ Ի՜նչ հոյակապ ոգի դրսևորեցին նրանք՝ նախօրոք հոգ տանելով մյուսների կարիքների մասին։
Ի՞նչը մղեց առաջին քրիստոնյաներին լինել այսպես առատաձեռն ու սիրալիր։ Իսկապես, մարդն ինչպե՞ս է առատաձեռնության ոգի ձեռք բերում։ Մենք շատ բաներ կարող ենք սովորել՝ հակիրճ քննելով Դավիթ թագավորի օրինակը։
Դավիթը առատաձեռնորեն աջակցում է ճշմարիտ երկրպագությանը
Գրեթե 500 տարի շարունակ ուխտի տապանակը՝ մի սրբազան արկղ, որ խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը, չուներ մշտական հանգրվան։ Այն պահվում էր վրանում՝ խորանում, որը տեղից տեղ էին փոխադրում, երբ իսրայելացիները թափառում էին անապատում, իսկ հետո այն տարվեց Ավետյաց երկիր։ Դավիթ թագավորը շատ էր ցանկանում Եհովայի համար կառուցել մի վայելուչ տուն և սուրբ տապանակը վրանից տեղափոխել այնտեղ։ Դիմելով Նաթան մարգարեին՝ Դավիթն ասաց. «Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ եւ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է» (Ա Մնացորդաց 17։1)։
Սակայն Դավիթը պատերազմի մարդ էր։ Ուստի Եհովան որոշեց, որ Դավիթի որդի Սողոմոնն իր խաղաղ թագավորման տարիներին կկառուցեր այդ տաճարը՝ ուխտի տապանակը այնտեղ դնելու համար (Ա Մնացորդաց 22։7–10)։ Այնուհանդերձ, այս հանգամանքը Դավիթի մեջ չհանգցրեց առատաձեռնության ոգին։ Նա մեծ աշխատանք կազմակերպեց՝ հավաքելով բոլոր անհրաժեշտ շինանյութերը, որոնք կօգտագործվեին տաճարի շինարարության ժամանակ։ Հետագայում նա ասաց Սողոմոնին. «Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ չ’կայ որովհետեւ շատ է. նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել» (Ա Մնացորդաց 22։14)։ Այդ ամենից բացի, իր սեփական գանձանակից Դավիթը ոսկի ու արծաթ նվիրաբերեց, որը մեր օրերում կազմում է ավելի քան 1 200 000 000 դոլար։ Բացի դրանից, իշխանները ևս առատաձեռնորեն նվիրատվություններ արեցին (Ա Մնացորդաց 29։3–9)։ Ինչ խոսք, Դավիթը առատաձեռնության ոգի դրսևորեց։
Ի՞նչը մղեց Դավիթին տալ այսպիսի առատաձեռնությամբ։ Նա հասկանում էր, որ այն, ինչ ձեռք էր բերել ու ինչ–որ իրականացրել էր, եղել էր Եհովայի օրհնությամբ։ Նա դա արտահայտեց իր աղոթքում. «Ով Տէր մեր Աստուած, բոլոր այս առատութիւնը որ մենք պատրաստեցինք քեզ մի տուն շինելու քո սուրբ անուան համար, քո ձեռիցն է դա, եւ բոլորը քոնն է։ Եւ գիտեմ, ով իմ Աստուած, որ դու փորձում ես սիրտը եւ սիրում ես ուղղութիւն. ես իմ սրտի ուղղութեամբը ընծայեցի այս ամենը, եւ հիմա ուրախութեամբ տեսայ քո այստեղ գտնուող ժողովուրդը որ քեզ կամաւոր ընծայ մատուցրեց» (Ա Մնացորդաց 29։16, 17)։ Դավիթը թանկ էր գնահատում Եհովայի հետ իր հարաբերությունները։ Նա հասկանում էր, որ Աստծուն հարկավոր է ծառայել «կատարեալ սրտով եւ յօժար կամքով», և այդպես վարվելով՝ ուրախություն էր գտնում (Ա Մնացորդաց 28։9)։ Այս նույն հատկությունները նաև մղեցին առաջին քրիստոնյաներին առատաձեռնության ոգի դրսևորելու։
Եհովան՝ տալու մեջ մեծագույն օրինակը
Տալու հարցում Եհովան է, որ լավագույն օրինակ է հանդիսանում։ Նա այնքան սիրող ու հոգատար է, որ «իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։45)։ Ողջ մարդկությանը նա է տալիս «կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան» (Գործք 17։25)։ Իսկապես որ, ինչպես նշում է Հակոբոս աշակերտը, «ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը» (Յակոբոս 1։17)։
Եհովայի կողմից մեզ տված մեծագույն նվերն այն է, որ նա ուղարկեց «իր միածին Որդին.... որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Ոչ ոք չի կարող պնդել, որ արժանի է այդպիսի պարգևի, «որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3։23, 24; Ա Յովհաննէս 4։9, 10)։ Քրիստոսի փրկանքի հիման վրա ու դրա միջոցով է, որ Աստծո «անպատմելի պարգեւը», այսինքն՝ ‘Աստծո առատ շնորհը’ ստանում ենք (Բ Կորնթացիս 9։14, 15)։ Երախտապարտ լինելով Աստծուն այդ նվերի համար՝ Պողոսը «Աստուծոյ շնորհաց աւետարան[ը] վկայե[լը]» դարձրեց իր կյանքի գլխավոր գործը (Գործք 20։24)։ Նա հասկանում էր, որ Աստծո կամքն էր, «որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։
Այսօր դա իրականացվում է հսկա քարոզչական և կրթական աշխատանքի միջոցով, որի մեջ ներգրավված են ամբողջ աշխարհի 234 երկրներ։ Հիսուսը կանխագուշակեց, որ այդ աշխատանքը մեծ մասշտաբների պիտի հասներ, երբ ասաց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։ Այո՛, «բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի» (Մարկոս 13։10)։ Անցյալ տարի բարի լուրի ավելի քան վեց միլիոն քարոզիչներ 1 202 381 302 ժամ են նվիրել այս գործին ու ավելի քան 5 300 000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացրել։ Այս գործը շատ կարևոր է, քանի որ մարդկանց կյանքն է հարցի տակ դրված (Հռովմայեցիս 10։13–15; Ա Կորնթացիս 1։21)։
Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ հոգևոր քաղց ունեցող մարդկանց օգնելու համար միլիոնավոր հրատարակություններ, այդ թվում Աստվածաշնչեր, գրքեր ու գրքույկներ են տպագրվում ամեն տարի։ Բացի այդ, միլիարդից ավելի «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր են թողարկվում։ Քանի որ մարդիկ արձագանքում են բարի լուրին, Եհովայի վկաները ավելի ու ավելի շատ Թագավորության սրահներ ու Համաժողովների սրահներ են կառուցում, որոնք ծառայում են որպես Աստվածաշունչ ուսումնասիրելու կենտրոններ։ Ամեն տարի շրջանային և հատուկ համաժողովներ, ինչպես նաև մարզային համաժողովներ են կազմակերպվում։ Բացի այդ, շարունակաբար կրթվում են միսիոներներ, շրջագայող վերակացուներ, երեցներ ու ծառայող օգնականներ։ Մենք գոհանում ենք Եհովայից այս միջոցառումների համար, որ մատչելի են «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով (Մատթէոս 24։45–47)։ Անշուշտ ցանկանում ենք արտահայտել մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ։
Երախտագիտություն ցույց տվեք Եհովայի հանդեպ
Ինչպես որ տաճարի կառուցման ու առաջին քրիստոնեական ժողովների կարիքները հոգալու դեպքում էր, այնպես էլ այսօր վերոհիշյալ բոլոր բաները ֆինանսավորվում են կամավոր նվիրատվություններով։ Բայցևայնպես պետք է հիշել, որ ոչ ոք չի կարող հարստացնել Եհովային՝ ամեն բաների Տիրոջը (Ա Մնացորդաց 29։14; Անգէ 2։8)։ Հետևաբար նվիրատվությունները վկայում են Եհովայի հանդեպ մեր սիրո և ճշմարիտ երկրպագությունը առաջ տանելու մեր ցանկության մասին։ Պողոսն ասում է, որ առատաձեռնության այս դրսևորումները «գոհութիւն է բերում Աստուծուն» (Բ Կորնթացիս 9։8–13)։ Եհովան խրախուսում է այդպիսի առատաձեռնությունը, որովհետև դա ցույց է տալիս, որ ունենք այդ ոգին ու սրտանց սիրում ենք նրան։ Նրանք, ովքեր առատաձեռն են ու ապավինում են Եհովային, կօրհնվեն նրա կողմից ու հոգևորապես կծաղկեն (Բ Օրինաց 11։13–15; Առակաց 3։9; 10; 11։25)։ Այն բանում, որ այդպես վարվելով մենք երջանիկ կլինենք, վստահեցնում են Հիսուսի խոսքերը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
Առատաձեռնության ոգի ունեցող քրիստոնյաները չեն սպասում, մինչև որ դա ցույց տալու անհրաժեշտությունը առաջանա։ Դրա փոխարեն՝ նրանք հնարավորություններ են փնտրում ‘բարի գործելու ամենի, մանավանդ հավատքի ընտանիների’ հանդեպ (Գաղատացիս 6։10)։ Հորդորելով առատաձեռնություն ցույց տալու հարցում ընդօրինակել Եհովային՝ Պողոսը գրեց. «Բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած» (Եբրայեցիս 13։16)։ Մեր միջոցները՝ ժամանակը, ուժը ու նյութականը, տրամադրելը ուրիշներին օգնելու և մաքուր երկպագությունը առաջ տանելու համար շատ հաճելի է Եհովա Աստծուն։ Իրոք որ, նա սիրում է առատաձեռնությունը։
[շրջանակ 28–րդ էջի վրա]
Ինչպես են ոմանք նվիրատվություններ կատարում
Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրատվությունների արկղը (Մատթէոս 24։14)։ Ամեն ամիս այդ նվիրատվությունները ժողովներից ուղարկվում են տեղի մասնաճյուղ։
Կամավոր դրամական նվիրատվությունները կարելի է ուղարկել անմիջապես տվյալ երկրի մասնաճյուղ։ Հարկավոր է գումարին կցել մի համառոտ նամակ և այնտեղ նշել, որ դա նվիրատվություն է։
ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դրամական նվիրատվություններից բացի՝ մի շարք երկրներում կան Թագավորության գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրաբերել որպես նվեր անմիջապես Ընկերությանը, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով նվիրատուի՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է կապ հաստատել Ընկերության հետ։
Կտակ։ Ընկերությանը կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի ձևով։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել Ընկերությանը։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Դիտարան» Ընկերության տեղի գրասենյակից։
[նկար 26–րդ էջի վրա]
Ի՞նչն Էր մղում առաջին քրիստոնյաներին լինելու առատաձեռն