Կրոն. դրակա՞ն ազդեցություն, թե՞ բացասական
«ԵՍ ՊԱՐՏԱԿԱՆ եմ քրիստոնեությանը և վստահ եմ, որ նույն ձևով էլ վերջին 2 000 տարիներին ողջ աշխարհն է պարտական նրան»,— կարդում ենք մի գրքի ներածության մեջ («Two Thousand Years—The First Millennium; The Birth of Christianity to the Crusades»)։
«Քրիստոնեության» հասցեին ասված այս երախտիքի խոսքերի հեղինակն է անգլիացի գրող ու հեռուստահաղորդավար Մելվին Բրագը։ Նրա խոսքերը արտացոլում են երկրի վրա ապրող միլիոնավոր մարդկանց երախտագիտության ու նվիրումի խոր զգացումները այս կամ այն կրոնի հանդեպ։ Նրանք համոզված են, որ կրոնը շատ զորեղ դրական ազդեցություն է թողել իրենց կյանքում։ Մի գրող ասում է, որ իսլամը «ոգեշնչել է մի հսկայական քաղաքակրթություն.... [որից] օգուտ է քաղել ողջ աշխարհը»։
Կրոնի դերը. դրակա՞ն, թե՞ բացասական
Սակայն Բրագի հաջորդ խոսքերը, լուրջ հարց են առաջ քաշում, թե արդյոք կրոնն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն է ունեցել։ Նա ասում է. «Քրիստոնեությունն էլ ինձ է պարտավոր բացատրություն տալ»։ Ինչի՞ համար է բացատրություններ ակնկալում գրողը։ «Մոլեռանդության, չարության, անմարդկայնության ու տգիտության մեջ համառելու համար. բաներ, որոնցով մեծամասամբ բնորոշվել է նրա «պատմությունը»»,— ասում է նա։
Շատ մարդիկ գուցե համաձայնեն, որ պատմության ընթացքում աշխարհի կրոնների մեծամասնությանը բնորոշ են եղել մոլեռանդությունը, չարությունը, անմարդկայնությունն ու տգիտության մեջ համառելը։ Նրանց կարծիքով՝ կրոնը միայն ձևանում է լինել մարդկանց բարերարը և առաքինության ու սրբության դիմակի ետևում իրականում թաքցնում է կեղծավորությունն ու սուտը (Մատթէոս 23։27, 28)։ Մի հանրագիտարանում հանդիպում ենք այսպիսի խոսքերի. «Մեր գրականության մեջ սովորական բան է դարձել համարելը, որ կրոնը առանձնահատուկ դեր է ունեցել քաղաքակրթության մեջ»։ Ապա այն շարունակում է. «Սակայն ոչինչ այնպես հրապարակային ձևով չի հերքվել պատմական փաստերի միջոցով, որքան այդ պնդումը» («A Rationalist Encyclopædia»)։
Ներկայումս ցանկացած թերթում ինչքան ասես օրինակներ կարելի է գտնել այնպիսի կրոնական առաջնորդների, ովքեր քարոզում են սեր, խաղաղություն ու գթություն, սակայն ատելություն են բորբոքում և Աստծո անունն օգտագործում են՝ «օրինականացնելու» իրենց դաժան հակամարտությունները։ Զարմանալի չէ, որ շատ մարդկանց կողմից կրոնը ավելի հաճախ դիտվում է որպես ավերիչ ազդեցություն թողնող ուժ։
Արդյո՞ք առանց կրոնի ավելի լավ է
Եղել են մարդիկ, որ անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելի նման եզրակացրել են, թե լավ կլինի, եթե ժամանակի ընթացքում «ամեն տեսակի կրոնական հավատալիքները դադարեն գոյություն ունենալուց»։ Նրանց կարծիքով՝ մարդկային բոլոր պրոբլեմները հիմնավորապես կարող են լուծում գտնել միմիայն կրոնից ազատվելու միջոցով։ Սակայն նրանք մոռանում են, հավանաբար, որ կրոնը մերժողներն էլ նույնքան ատելություն ու անհանդուրժողականություն կարող են բորբոքել, որքան նրա պաշտպանները։ Կրոնական գրվածքների հեղինակ Քերըն Արմսթրոնգը հիշեցնում է. «Վերջին հաշվով, Հոլոքոստը ցույց տվեց, որ հակակրոնական գաղափարախոսությունը [կարող է] լինել նույնքան մահացու, որքան որևէ խաչակրաց արշավանք» («The Battle for God—Fundamentalism in Judaism, Christianity and Islam»)։
Ուրեմն, կրոնը իրականում դրակա՞ն ներգործություն է ունենում, թե՞ մարդկության պրոբլեմների հիմնական պատճառն է։ Արդյո՞ք այդ պրոբլեմների լուծումը ամեն տեսակ կրոններից ազատվելն է։ Հաջորդ հոդվածից կարող եք տեղեկանալ, թե ինչ է այդ մասին ասում Աստվածաշունչը։ Այն ինչ կիմանաք, գուցե ձեզ զարմանք պատճառի։