Ճշմարիտ քրիստոնեությունը բարգավաճում է
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ երկիր եկավ առաջին դարում, և նրա ծառայությունը մեծ ազդեցություն թողեց մարդկանց վրա։ Նրա բերած պատգամը նրանց զորացնում էր, լուսավորում, ոգեշնչում։ Հիսուսի ունկնդիրներից շատերը խորապես տպավորվում էին նրա խոսքերից (Մատթէոս 7։28, 29)։
Հիսուսը անվախորեն մերժեց խորամուխ լինել իր ժամանակի կրոնական ու քաղաքական ճնշիչ համակարգերի մեջ, սակայն իրեն մատչելի դարձրեց հասարակ ժողովրդին (Մատթէոս 11։25–30)։ Նա ընդունում էր, որ չար ոգիները ամենուրեք ազդեցություն են գործում մարդկանց վրա, և նրանց նկատմամբ կիրառեց իր աստվածատուր զորությունը (Մատթէոս 4։2–11, 24; Յովհաննէս 14։30)։ Հիսուսը հմտորեն ցույց տվեց, որ կապ գոյություն ունի չարչարանքի ու մեղքի միջև, և սիրով նշեց, որ Աստծո Թագավորությո՛ւնը թեթևացում կբերի (Մարկոս 2։1–12; Ղուկաս 11։2, 17–23)։ Նա մեկընդմիշտ հեռացրեց այն քողը, որն այդքան երկար ժամանակ ծածկում էր իր Հոր իսկական անձնավորությունը, և նրա անունը հռչակեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին անձնական հարաբերություններ ունենալ Աստծո հետ (Յովհաննէս 17։6, 26)։
Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսի աշակերտները, չնայած կրոնական ու քաղաքական դաժան հալածանքին, արագորեն տարածեցին նրա ազդու պատգամը։ Ընդամենը մոտ 30 տարում գործունյա քրիստոնեական ժողովներ կազմավորվեցին Աֆրիկայում, Ասիայում ու Եվրոպայում (Կողոսացիս 1։23)։ Ամբողջ Հռոմեական կայսրությունում Հիսուսի պարզ ճշմարտությունները լուսավորեցին խոնարհ և արդարամիտ մարդկանց սրտերը (Եփեսացիս 1։17, 18)։
Բայց ինչպե՞ս էին այս բոլոր նոր աշակերտները, որոնք ունեին տարբեր տնտեսական, մշակութային, լեզվական և կրոնական ծագում, միավորվելու, ինչպես Պողոս առաքյալն է ասում, ‘մեկ հավատքի’ մեջ (Եփեսացիս 4։5)։ Ի՞նչն էր մղելու նրանց «միեւնոյն խօսքն ունենա[լ]», որը կօգներ իրենց միասնական լինել (Ա Կորնթացիս 1։10)։ Քանի որ այսօր լուրջ տարաձայնություններ կան իրենց քրիստոնյա համարող մարդկանց շրջանում, ապա լավ կլիներ, եթե քննեինք, թե ինքը Հիսուսն ինչ էր սովորեցնում։
Քրիստոնեական միասնության հիմքը
Հիսուսը, երբ Պոնտացի Պիղատոսի առջև էր, բնորոշեց, թե որն է քրիստոնեական միասնության հիմքը։ Նա ասաց. «Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է» (Յովհաննէս 18։37)։ Ուստի Հիսուսի ուսուցումները, ինչպես նաև Աստծո ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի մնացած մասը ընդունելը զորավոր միավորիչ ազդեցություն է թողնում Քրիստոսի ճշմարիտ աշակերտների վրա (Ա Կորնթացիս 4։6; Բ Տիմոթէոս 3։16, 17)։
Ինչ խոսք, Հիսուսի աշակերտները երբեմն որոշ հարցեր կամ անհամաձայնություններ էին ունենալու։ Այդ դեպքում ի՞նչ։ Հիսուսը բացատրեց. «Երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ» (Յովհաննէս 16։12, 13)։ Այլ խոսքով՝ Աստծո սուրբ ոգին հնարավորություն էր տալու Հիսուսի ճշմարիտ աշակերտներին ըմբռնել ճշմարտությունը, որը աստիճանաբար բացվելու էր Աստծո կողմից։ Բացի այդ, այդ ոգին նրանց մեջ առաջ էր բերելու այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, ուրախություն և խաղաղություն, որոնք նպաստելու էին նրանց միասնությանը (Գործք 15։28; Գաղատացիս 5։22, 23)։
Հիսուսը թույլ չտվեց, որ իր աշակերտների մեջ տարաձայնություններ կամ բաժանումներ լինեն։ Բացի այդ, նա իրավունք չտվեց նրանց աստվածաշնչյան ճշմարտությունների ուրիշ բացատրություններ տալու՝ դրանք հարմարեցնելու համար իրենց հանդիպած մարդկանց մշակութային կամ կրոնական ավանդություններին։ Նրանց հետ անցկացրած վերջին գիշերը նա ջերմեռանդորեն աղոթեց. «Ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, ալ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան ինձ։ Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ» (Յովհաննէս 17։20, 21)։ Ուրեմն՝ ոգով և ճշմարտությամբ իսկապես «մէկ»՝ միասնական լինելը, քրիստոնեության սկզբից մինչև մեր օրերը Քրիստոսի աշակերտների հատկանշական գիծն էր լինելու (Յովհաննէս 4։23, 24)։ Բայց մեր օրերում եկեղեցիները ոչ թե միասնական են, այլ պառակտված։ Ինչո՞ւ։
Ինչո՞ւ եկեղեցիների միջև չկա միասնություն
Հավատալիքների ու սովորությունների այն մեծ բազմազանությունը, որ գոյություն ունի իրենց քրիստոնյա համարողների շրջանում, եթե անկեղծ լինենք, բացատրվում է նրանով, որ այդ մարդիկ չեն հետևում Հիսուսի ուսուցումներին։ Մի լրագրող նշել է. «Ինչպես և անցյալ ժամանակներում էր, այսօր նոր քրիստոնյաները հակված են Աստվածաշնչից ընդունելու այն, ինչ համապատասխանում է իրենց կարիքներին, և անտեսելու այն, ինչ չի համապատասխանում իրենց ազգային կրոնական ավանդություններին»։ Սա հենց այն է, ինչ Հիսուսը և նրա առաքյալները կանխագուշակել էին։
Օրինակ՝ Աստծո ներշնչանքով Պողոս առաքյալը Տիմոթեոսին, որ իր պես վերակացու էր, գրեց. «Ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին»։ Բոլո՞ր քրիստոնյաներն էին մոլորվելու։ Ո՛չ։ Պողոսը շարունակում է իր միտքը. «Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր» (Բ Տիմոթէոս 4։3–5; Ղուկաս 21։8; Գործք 20։29, 30; Բ Պետրոս 2։1–3)։ Տիմոթեոսն ու մյուս հավատարիմ քրիստոնյաները այս՝ Աստծուց ներշնչված խորհրդով էին առաջնորդվում։
Ճշմարիտ քրիստոնյաները շարունակում են միասնական լինել
Տիմոթեոսի պես, այսօր ճշմարիտ քրիստոնյաները շարունակում են զգոնություն պահպանել՝ մերժելով մարդկային դատողությունները և իրենց հավատալիքները հիմնելով միայն ու միայն Աստվածաշնչի վրա (Կողոսացիս 2։8; Ա Յովհաննէս 4։1)։ Ընդօրինակելով առաջին դարի քրիստոնյաներին՝ Եհովայի վկաներն այսօր իրենց ծառայությունը կատարում են աշխարհի ավելի քան 230 երկրում՝ Հիսուսի սկզբնական պատգամը՝ Թագավորության բարի լուրը, հասցնելով մարդկանց։ Քննենք չորս կարևոր հանգամանք, որոնք ցույց են տալիս, որ նրանք ընդօրինակում են Հիսուսին ու իրենց դրսևորում են որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ անկախ իրենց բնակության վայրից։
Նրանց համոզմունքները հիմնված են Աստծո Խոսքի վրա (Յովհաննէս 17։17)։ Մի քահանա (Բելգիա) Եհովայի վկաների մասին գրեց. «Նրանցից կարող ենք սովորել պատրաստակամություն՝ հետևելու Աստծո Խոսքին ու քաջություն՝ վկայելու դրա մասին»։
Նրանք համաշխարհային խնդիրների լուծումը տեսնում են Աստծո Թագավորության մեջ (Ղուկաս 8։1)։ Բարանքիլիաում (Կոլումբիա) մի Եհովայի վկա զրույց սկսեց Անտոնիոյի հետ, որը մի քաղաքական շարժման եռանդուն պաշտպաններից էր։ Վկան ո՛չ նրա կողմը բռնեց, ո՛չ էլ ինչ–որ այլ քաղաքական գաղափարախոսություն պաշտպանեց։ Նա Անտոնիոյին ու նրա քույրերին առաջարկեց իր հետ անվճար Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շուտով Անտոնիոն հասկացավ, որ Աստծո Թագավորությունն իսկապես Կոլումբիայի և աշխարհի մյուս երկրների աղքատների միակ հույսն է։
Նրանք պատվում են Աստծո անունը (Մատթէոս 6։9)։ Մարիան (Ավստրալիա) անկեղծորեն կաթոլիկություն էր դավանում։ Երբ նա առաջին անգամ հանդիպեց Եհովայի վկաներին, թույլ տվեց, որ նրանք Աստվածաշնչի միջոցով ցույց տան, թե ինչ է Աստծո անունը։ Ինչպե՞ս Մարիան արձագանքեց. «Առաջին անգամ տեսնելով Աստծո անունը Աստվածաշնչում՝ լաց եղա։ Այնպե՜ս զգացվեցի այն բանից, որ կարող եմ իմանալ ու օգտագործել Աստծո անձնական անունը»։ Մարիան շարունակեց Աստվածաշունչ ուսումնասիրել, և նա կյանքում առաջին անգամ Եհովային ճանաչեց որպես անձնավորության և հնարավորություն ունեցավ սերտ փոխհարաբերություններ հաստատել նրա հետ։
Նրանք միացած են սիրով (Յովհաննէս 13։34, 35)։ Կանադական մի լրագրի խմբագրական հոդվածում գրվել է. «Անկախ այն բանից, թե կրոնական համոզմունքներ ունեք կամ չունեք՝ պետք է արժանին հատուցեք այն 4 500 Եհովայի վկաներին, որոնք անցած մեկուկես շաբաթվա ընթացքում, օրուգիշեր աշխատելով, Կասիդիում 2 300 քառակուսի մետր տարածքի վրա կառուցեցին Համաժողովների սրահ.... Սա անելը ուրախությամբ, առանց վիճաբանությունների, տարաձայնությունների կամ միմյանցից փառք գողանալու, ճշմարիտ քրիստոնեության նշան է» («The Ladysmith-Chemainus Chronicle»)։
Դե, կարող եք քննել այս փաստերը։ Մինչ քրիստոնեական աշխարհի աստվածաբանները, միսիոներները և եկեղեցի հաճախողները շարունակում են ջանքեր թափել՝ ցրելու հակասությունների սև ամպերը, որ կուտակվել են իրենց եկեղեցիների գլխին, ճշմարիտ քրիստոնեությունը շարունակում է ամենուր բարգավաճել։ Իրոք, ճշմարիտ քրիստոնյաները շարունակում են կատարել այն հանձնարարությունը, որ ստացել են՝ քարոզել և ուսուցանել Աստծո Խոսքը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր «հառաչում եւ ողբում են» այն բոլոր «պղծութիւնների» համար, որ ներկայումս կատարվում են, և ովքեր անհանգստանում են այն տարաձայնություններով, որ կա քրիստոնեական աշխարհի եկեղեցիների միջև, ապա մենք հրավիրում ենք ձեզ միանալ Եհովայի վկաներին միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, միասնական քրիստոնեական երկրպագություն մատուցելու մեջ (Եզեկիէլ 9։4; Եսայիա 2։2–4)։