Կենսագրություն
Երբ կույր էի, աչքերս բացվեցին
Պատմում է Էգոն Հաուսերը
Երկու ամիս ֆիզիկապես կույր մնալուց հետո աչքերս բացվեցին աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ, որոնց ես ուշադրություն չէի դարձրել իմ ամբողջ կյանքում։
ՍԻՐՏՍ գոհունակության զգացումով է լցվում, երբ վերհիշում եմ կյանքիս անցած ավելի քան յոթանասուն տարիներին տեղի ունեցած շատ դեպքեր։ Բայց եթե հնարավորություն ունենայի փոփոխություն մտցնելու դրանցից գոնե մեկի մեջ, ապա դա կլիներ այն, որ ավելի շուտ կիմանայի Եհովա Աստծո մասին։
Ես ծնվել եմ 1927 թ.–ին Արգենտինայի և Բրազիլիայի միջև գտնվող մի փոքրիկ երկրում՝ Ուրուգվայում, որն իր ձևով տանձ է հիշեցնում, ու գտնվում է Ատլանտյան օվկիանոսի երկայնքով կիլոմետրերով ձգվող գեղատեսիլ ափին։ Բնակչությունը հիմնականում բաղկացած է իտալացի և իսպանացի ներգաղթյալների սերունդներից։ Սակայն ծնողներս ներգաղթել էին Հունգարիայից։ Իմ վաղ մանկության տարիներին մենք ապրում էինք մի հասարակ, բայց համերաշխ հարևանության մեջ։ Մեր դռներին չկային կողպեքներ, և ոչ էլ պատուհաններին՝ վանդակներ։ Մեր միջև չկային ռասայական նախապաշարումներ։ Օտարերկրացի թե բնիկ, սևամորթ թե սպիտակամորթ՝ բոլորս էլ ընկերներ էինք։
Ծնողներս կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ անդամներ էին, ու ես տասը տարեկան հասակում դարձա եկեղեցու զոհասեղանի սպասավոր։ Չափահաս դառնալով՝ սկսեցի աշխատել տեղի ծխական համայնքում ու նաև թեմի եպիսկոպոսի խորհրդատուներից մեկն էի։ Քանի որ բժիշկ էի, հրավիրվեցի Վենեսուելա՝ մասնակցելու մի սեմինարի, որ կազմակերպել էր կաթոլիկ եկեղեցին։ Մենք՝ որպես գինեկոլոգիայի գծով մասնագիտացող բժիշկների խումբ, նշանակում ստացանք ուսումնասիրելու հակաբեղմնավորիչ հաբերը, որ այդ ժամանակ սկսվել էին վաճառվել։
Ուսանողական տարիներիս տպավորությունները
Ուսանողական տարիներին, գիտելիքներ ձեռք բերելով մարդու մարմնի մասին, ավելի ու ավելի էի տպավորվում մարդու մարմնի կառուցվածքի մեջ արտացոլված իմաստությամբ։ Օրինակ՝ ինձ ապշեցնում էր այն, որ մարմինն ունի ինքն իրեն առողջանալու և վնասվածքներից հետո վերականգնվելու ունակություն, ինչպես օրինակ՝ լյարդը կամ որոշ կողոսկրեր, որ մասամբ հեռացվելուց հետո կարողանում են նորից աճել ու հասնել իրենց նորմալ չափերին։
Միևնույն ժամանակ, տեսնում էի դժբախտ պատահարների բազմաթիվ զոհերի ու տխրում էի, երբ նրանք մահանում էին արյան փոխներարկման պատճառով։ Այսօրվա պես հիշում եմ, թե որքան դժվար էր զրուցել արյան փոխներարկման առաջ բերած բարդությունների պատճառով մահացած հիվանդների հարազատների հետ։ Հիմնականում հարազատներին չէին ասում, որ իրենց սիրելի անձնավորությունը մահացել է արյան փոխներարկման պատճառով։ Նրանց ուրիշ պատճառներ էին ներկայացնում։ Թեև արդեն երկար տարիներ են անցել, սակայն մինչև հիմա հիշում եմ ծանր զգացումներս, որ ունեցել եմ արյան փոխներարկման հետ կապված։ Վերջիվերջո եկա այն եզրակացության, որ ինչ–որ սխալ բան կա արյան փոխներարկում կատարելու մեջ։ Երանի՜ թե այն ժամանակ իմանայի արյան սրբության վերաբերյալ Եհովայի տված օրենքը։ Այդ դեպքում ես գուցե այդպես չանհանգստանայի (Գործք 15։19, 20)։
Բավականություն եմ ստանում մարդկանց օգնելուց
Ժամանակի ընթացքում դարձա վիրաբույժ, ինչպես նաև Սանտա Լուսիայում գտնվող հիվանդանոցներից մեկի տնօրենը։ Նաև աշխատում էի Կենսաբանության ազգային ինստիտուտում։ Մեծ բավականություն էի ստանում աշխատանքից։ Ես բուժում էի մարդկանց, թեթևացնում էի նրանց ցավը, շատ դեպքերում կյանքեր էի փրկում և ծնունդներ էի ընդունում։ Իմ՝ մինչ այդ ունեցած փորձառությունը հուշում էր ինձ, որ արյան փոխներարկում չառաջարկեմ հիվանդներին, ու ես հազարավոր վիրահատություններ կատարեցի առանց արյան փոխներարկման։ Ես այսպես էի դատում. արյունահոսությունը նման է տակառի միջի հեղուկի արտահոսմանը։ Միակ գործնական լուծումը տակառը նորոգելն է և ոչ թե այն անընդհատ լցնելը։
Բուժում եմ Եհովայի վկա հիվանդներին
Առաջին անգամ Եհովայի վկաների հետ ծանոթացա 1960–ականներին, երբ նրանք սկսեցին դիմել մեր կլինիկային անարյուն վիրաբուժության հարցով։ Երբեք չեմ մոռանա հիվանդներից մեկի՝ Մերսեդես Գոնսալես անունով մի ռահվիրայի (լիաժամ ծառայող) հետ պատահած դեպքը։ Նրա արյան քանակն այնքան էր նվազել, որ համալսարանի հիվանդանոցի բժիշկները չէին համարձակվում վիրահատել նրան՝ վստահ լինելով, որ ողջ չի մնա։ Չնայած արյունահոսությանը՝ մենք նրան վիրահատեցինք մեր կլինիկայում։ Վիրահատությունը հաջող անցավ, ու նա ավելի քան 30 տարի շարունակեց ռահվիրայությունը մինչև իր մահը. նա մահացավ վերջերս՝ 86 տարեկան հասակում։
Ինձ միշտ տպավորում էր Վկաների սերը և ուշադրությունը, որ նրանք ցուցաբերում էին՝ հոգ տանելով իրենց հիվանդ քրիստոնյա եղբայրներին։ Երբ համայց էի կատարում, ինձ դուր էր գալիս լսել հիվանդների զրույցները իրենց համոզմունքների մասին և վերցնում էի նրանց առաջարկած գրականությունը։ Մտքովս էլ չէր անցնում, որ նրանց բժիշկը լինելուց բացի, շուտով դառնալու եմ նաև նրանց հոգևոր եղբայրը։
Ամուսնանալով հիվանդներից մեկի դստեր՝ Բեատրիսի հետ՝ ես սկսեցի ավելի մոտիկից շփվել Վկաների հետ։ Նրա ընտանիքի համարյա բոլոր անդամները արդեն շփվում էին Վկաների հետ, և մեր ամուսնությունից հետո Բեատրիսը նույնպես սկսեց ակտիվորեն ծառայել Աստծուն՝ դառնալով Եհովայի վկա։ Իսկ ես ամբողջությամբ կլանված էի իմ աշխատանքով և բժշկական ասպարեզում որոշակի ճանաչում ունեի։ Կյանքը հրաշալի էր։ Երբեք մտքովս չէր անցնում, որ շուտով աշխարհը գլխիս շուռ էր գալու։
Դժբախտությունը հարվածում է
Ամենավատ բաներից մեկը, որ կարող է պատահել վիրաբույժին, տեսողության կորուստն է։ Ինձ հենց դա պատահեց։ Բոլորովին անսպասելիորեն աչքերիս ցանցաթաղանթները պատռվեցին, ու ես կուրացա։ Չգիտեի՝ կվերականգնվի՞ արդյոք տեսողությունս։ Ինձ վիրահատեցին, և ես, աչքերիս վիրակապ դրած, պառկեցի հիվանդանոցում։ Դեպրեսիայի մեջ ընկա։ Ես ինձ ամբողջովին անարժեք ու անհույս էի զգում և հուսահատված էի այն աստիճան, որ վճռեցի վերջ դնել կյանքիս։ Քանի որ չորրորդ հարկում էի պառկած, վեր կացա անկողնուց և, պատը շոշափելով՝ սկսեցի քայլել՝ փորձելով գտնել պատուհանը ու ցած նետվել։ Բայց հայտնվեցի միջանցքում, և բուժքույրը ինձ տարավ անկողնուս մոտ։
Երկրորդ անգամ նման փորձ չարեցի։ Բայց իմ խավար աշխարհը շարունակում էր ինձ դեպրեսիվ ու գրգռված վիճակի մեջ պահել։ Ես Աստծուն խոստացա, որ եթե տեսողությունս վերականգնվի, Աստվածաշունչը ծայրից ծայր կկարդամ։ Վերջապես, տեսողությունս մասամբ վերականգնվեց, ու ես կարողացա կարդալ։ Սակայն ի վիճակի չէի շարունակել վիրաբույժի աշխատանքս։ Բայց, ինչպես Ուրուգվայում են ասում, «No hay mal que por bien no venga» (չկա չարիք առանց բարիքի)։ Շուտով անձամբ պետք է համոզվեի այս խոսքերի ճշմարտացիության մեջ։
Անհաջող սկիզբ
Ես ցանկանում էի գնել «Երուսաղեմի Աստվածաշնչի» խոշորատառ հրատարակությունը, սակայն իմացա, որ Եհովայի վկաներն ավելի էժան գնով էին Աստվածաշունչ տալիս։ Մի երիտասարդ Վկա ասաց, որ կարող է ինձ համար մեկ օրինակ բերել։ Հաջորդ օրը՝ առավոտյան, նա Աստվածաշունչը ձեռքին կանգնած էր իմ տան դռան առաջ։ Դուռը բացեց կինս ու զրուցեց նրա հետ։ Ես տան ներսի սենյակից կոպիտ ձևով բղավեցի՝ ասելով, որ եթե կինս արդեն վճարել է Աստվածաշնչի համար, ուստի կարիք չկա, որ այդ երիտասարդը մնար իմ տանը. բնականաբար, նա իսկույն հեռացավ։ Ի՜նչ իմանայի, որ այս նույն անձնավորությունը իմ կյանքում շուտով կարևոր դեր էր խաղալու։
Մի անգամ կնոջս ինչ–որ բան խոստացա, սակայն չկարողացա այն կատարել։ Ուստի նրան փոխհատուցելու և ուրախացնելու համար ասացի, որ իր հետ կգնամ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, որ նշվում է տարեկան մեկ անգամ։ Երբ այդ օրը եկավ, հիշեցի խոստումս ու կնոջս հետ գնացի այդ իրադարձությանը։ Ինձ տպավորեց այն ընկերական մթնոլորտն ու ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերվեց իմ հանդեպ։ Երբ հռետորը սկսեց իր ելույթը, զարմանքով տեսա, որ դա այն նույն երիտասարդն էր, որին անքաղաքավարի ձևով դուրս էի հրավիրել իմ տնից։ Նրա ելույթը խորը կերպով ազդեց ինձ վրա, ու շատ վատ զգացի ինձ, որ նրա հետ կոպտորեն էի վարվել։ Ինչպե՞ս կարող էի հարթել իրավիճակը։
Խնդրեցի կնոջս, որ նրան ճաշի հրավիրի, սակայն կինս առաջարկեց. «Ի՞նչ ես կարծում, ավելի հարմար չի՞ լինի, եթե դու ինքդ հրավիրես։ Մնա այստեղ։ Հիմա նա մեզ կմոտենա»։ Կինս ճիշտ էր։ Երիտասարդը եկավ մեզ մոտ, ողջունեց մեզ և ուրախությամբ ընդունեց հրավերը։
Այն օրը երեկոյան, երբ նա եկավ, մենք մի խոսակցություն ունեցանք, որը մղեց ինձ իմ կյանքում բազմաթիվ փոփոխություններ անել։ Նա ինձ ցույց տվեց «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքըa, իսկ ես իմ հերթին ցույց տվեցի այդ նույն գրքի վեց օրինակ։ Դրանք ես ստացել էի հիվանդանոցում Եհովայի վկա հիվանդներից, բայց երբեք չէի կարդացել։ Ճաշի ընթացքում, դրանից հետո ու այդպես մինչև ուշ գիշեր ես նրան իրար ետևից հարցեր էի տալիս, իսկ նա բոլոր այդ հարցերին պատասխանում էր Աստվածաշնչի միջոցով։ Քննարկումը շարունակվեց մինչև առավոտ։ Նախքան մեկնելը երիտասարդն ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց «Ճշմարտություն» գրքով։ Երեք ամսում ավարտեցինք այդ գիրքը և ուսումնասիրությունը շարունակեցինք ««Ընկա՜վ մեծ Բաբելոնը». Աստծո Թագավորությունը իշխում է» գրքովb։ Այնուհետև որոշեցի կյանքս նվիրել Եհովա Աստծուն և մկրտվեցի։
Նորից ինձ պիտանի եմ զգում
Կուրության արդյունքը եղավ այն, որ ‘սրտիս աչքերը’ բացվեցին աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ, որոնց նախքան այդ ուշադրություն չէի դարձրել (Եփեսացիս 1։18)։ Եհովային ճանաչելն ու նրա սիրառատ նպատակների մասին իմանալը փոխեցին ամբողջ կյանքս։ Ինձ նորից զգացի պիտանի ու երջանիկ։ Ես մարդկանց օգնում եմ և՛ ֆիզիկապես, և՛ հոգևորապես. ցույց եմ տալիս, թե ինչպես կարող են իրենց կյանքը երկարացնեն այս համակարգում մի քանի տարով և հավիտյան՝ գալիք նոր աշխարհում։
Ես հետևում եմ ժամանակակից բժշկության նորագույն նվաճումներին և հետազոտություններ եմ կատարում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ արյան փոխներարկման հետ կապված վտանգները, այլընտրանքային բուժումը, հիվանդի իրավունքները, բիոէթիկան։ Ես առիթներ եմ ունեցել իմ հետազոտությունների արդյունքների մասին հայտնելու տեղի բժիշկներին բժշկական սեմինարների ժամանակ, երբ հրավիրվել եմ այդ թեմաներով ելույթ ունենալու։ 1994 թ.–ին ներկա եղա անարյուն վիրաբուժությանը նվիրված Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) կայացած առաջին համաժողովին ու ելույթ ներկայացրի, թե ինչպես վարվել արյունահոսության դեպքում։ Այդ ելույթից մի հատված ընդգրկեցի իմ՝ «Ինչ անել արյունահոսության դեպքում» վերնագրով հոդվածում, որը տպագրվեց «Hemoterapia» բժշկական պարբերագրում։
Ճնշման տակ պահում եմ անարատությունս
Սկզբում արյան փոխներարկման առնչությամբ կասկածներս գլխավորապես հիմնված էին գիտական տեղեկությունների վրա։ Հայտնվելով հիվանդի դերում՝ հասկացա, որ բավական դժվար խնդիր է մերժել արյան փոխներարկումը և պահել հավատդ բժիշկների ուժեղ ճնշման ներքո։ Երբ ինֆարկտ ստացա, ստիպված էի վիրաբույժներից մեկին երկու ժամից ավելի բացատրել դիրքորոշումս։ Նա իմ ամենալավ ընկերներից մեկի որդին էր և ասաց, որ թույլ չի տա ինձ մահանալ, այն դեպքում երբ, ըստ նրա, արյան փոխներարկմամբ հնարավոր էր կյանքս փրկել։ Ես մտքում աղոթեցի Եհովային, խնդրեցի, որ օգնի այս բժշկին հասկանալ և հարգել իմ տեսակետը, անգամ եթե ինքը համաձայն չէ դրան։ Վերջիվերջո, բժիշկը խոստացավ հարգել իմ ցանկությունը։
Մեկ ուրիշ անգամ պիտի վիրահատեին իմ շագանակագեղձը, որի վրա մեծ ուռուցք կար։ Արյունահոսություն ունեցա։ Կրկին կարիք եղավ բացատրելու արյան փոխներարկումից հրաժարվելու պատճառները, ու թեպետ կորցրեցի արյանս երկու երրորդ մասը, բուժանձնակազմը հարգեց իմ դիրքորոշումը։
Վերաբերմունքը փոխվում է
Լինելով Բիոէթիկայի միջազգային ասոցիացիայի անդամ՝ հաճույքով եմ ականատես եղել, թե ինչպես են բժիշկներն ու իրավաբանները փոխում իրենց վերաբերմունքը հիվանդի իրավունքների հանդեպ։ Բժիշկներն իրենց անառարկելի հայացքները փոխարինում են հարգանքով դեպի հիվանդի ազատ կամքի արտահայտումը։ Ներկայումս նրանք հիվանդին հնարավորություն են տալիս մասնակցել բուժման մեթոդի ընտրությանը։ Եհովայի վկաներին այլևս չեն համարում մոլեռանդներ, որոնց տեսակետը, ըստ բժիշկների, ուշադրության արժանի չէր։ Դրա փոխարեն՝ նրանց համարում են քաջատեղյակ հիվանդներ, որոնց իրավունքների հետ պետք է հաշվի նստել։ Բժշկական սեմինարների ու հեռուստահաղորդումների ընթացքում հայտնի պրոֆեսորները այսպիսի մտքեր են արտահայտում՝ «Եհովայի վկաների շնորհիվ մենք այժմ հասկանում ենք....», «Եհովայի վկաներից մենք սովորեցինք....», «նրանք սովորեցրին մեզ բարելավել....»։
Ասում են, թե կյանքը ամեն ինչից կարևոր է, որովհետև առանց դրա ազատությունը, անկախությունը և արժանապատվությունը իմաստ չունեն։ Բայց ներկայումս շատերը ընդունում են մի ավելի լավ իրավական հայեցակետ, ըստ որի՝ ամեն անհատ ինքն է տնօրինում իր իրավունքները և միայն ինքն է որոշում, թե իր ո՛ր իրավունքներին ինքը նախապատվություն կտա յուրաքանչյուր առանձին դեպքում։ Այս ձևով, նախապատվություն է տրվում մարդու արժանապատվության զգացումին, ընտրության ազատությանը և կրոնական համոզմունքներին. անհատը ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի։ Եհովայի վկաների կողմից հիմնված Հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունն օգնել է բազմաթիվ բժիշկների այս հարցերում ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել։
Իմ ընտանիքը ամեն ժամանակ աջակցում է ինձ, ինչը ինձ հնարավորություն է տալիս պիտանի լինելու Եհովայի ծառայության մեջ ու նաև ծառայելու որպես երեց քրիստոնեական ժողովում։ Ինչպես արդեն նշեցի, ամենաշատը ափսոսում եմ նրա համար, որ ավելի շուտ չեմ իմացել Եհովայի մասին։ Ինչևէ, անչափ երախտապարտ եմ, որ նա բաց արեց իմ հոգևոր աչքերը՝ տեսնելու հոյակապ հեռանկարը. ապրել Աստծո Թագավորության ներքո, որտեղ ոչ ոք չի ասելու՝ «հիւանդ եմ» (Եսայիա 33։24, ԱԱ)։c
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Մինչ այս հոդվածը պատրաստվում էր հրատարակման, եղբայր Էգոն Հաուսերը հեռացավ կյանքից։ Նա մինչև մահ հավատարիմ մնաց Աստծուն, և ուրախ ենք, որ նա իր հույսն ամուր պահեց։
[նկար 24–րդ էջի վրա]
Երեսունս արդեն բոլորել էր, երբ աշխատում էի Սանտա Լուսիայի հիվանդանոցում
[նկար 26–րդ էջի վրա]
Կնոջս՝ Բեատրիսի հետ, 1995 թ.–ին