Կենսագրություն
Մութ զնդաններից դեպի Շվեյցարիայի Ալպերը
Պատմում է Լոթար Վալթերը
Արևելյան Գերմանիայի կոմունիստական բանտերում երեք երկար տարիներ անցկացնելուց հետո ես անհամբերությամբ էի սպասում այն պահին, երբ կկարողանայի ճաշակել ազատության քաղցրությունը և ընտանիքիս ջերմ ընկերակցությունը։
ՍԱԿԱՅՆ ես չէի սպասում, որ կտեսնեմ վեց տարեկան որդուս՝ Յոհաննեսին, զարմացած ինձ նայելիս։ Իր կյանքի կեսը նա չէր տեսել իր հորը։ Նրա համար ես բոլորովին օտար անձնավորություն էի։
Ի տարբերություն որդուս՝ ես վայելել եմ ծնողներիս սիրալիր ընկերակցությունը։ Ես ծնվել եմ 1928 թ.–ին Զեբնիցում (Գերմանիա)։ Մեր տանը միշտ ջերմ մթնոլորտ է տիրել։ Ինչ վերաբերում է կրոնին, հայրս բացեիբաց արտահայտում էր իր դժգոհությունը։ Նա պատմում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ յուրաքանչյուր կողմում կռվող «քրիստոնյա» զինվորները դեկտեմբերի 25–ին միմյանց մաղթում էին «Երջանիկ Սուրբ Ծնունդ», իսկ հաջորդ օրը շարունակում իրար սպանել։ Նրա համար կրոնը կեղծավորության մարմնացում էր։
Հիասթափությունը իր տեղը զիջում է հավատին
Բարեբախտաբար, ես այդպիսի հիասթափություն չէի ապրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, երբ ես 17 տարեկան էի ու հազիվ ազատվեցի զորակոչվելուց։ Այնուամենայնիվ, ինձ անհանգստացնում էին այսպիսի հարցեր. «Ինչո՞ւ են կատարվում այսպիսի արյունահեղություններ, ո՞ւմ կարող եմ վստահել, որտե՞ղ կարող եմ իսկական ապահովություն գտնել»։ Արևելյան Գերմանիան, որտեղ ապրում էինք, ընկավ Խորհրդային իշխանության տիրապետության տակ։ Արդարության, հավասարության, համերաշխության, խաղաղության և միասնության մասին կոմունիստական գաղափարները հրապուրեցին այն մարդկանց, ովքեր հոգնել էին պատերազմի բերած ավերածություններից։ Շուտով, սակայն, այս անկեղծ մարդկանցից շատերը մեծ հիասթափություն էին ապրելու, այս անգամ ոչ թե կրոնից, այլ քաղաքականությունից։
Մինչ հարցերիս համար իմաստալից պատասխաններ էի փնտրում, մորաքույրներիցս մեկը, որը Եհովայի վկա էր, ինձ հետ խոսեց իր հավատի մասին։ Նա ինձ տվեց Աստվածաշնչի վրա հիմնված մի հրատարակություն, որն ինձ մղեց կյանքում առաջին անգամ կարդալու Մատթեոսի Ավետարանի 24–րդ գլուխը։ Ես շատ էի տպավորվել ողջամիտ և համոզիչ բացատրություններից, որ տրված էին այդ հրատարակության մեջ։ Այնտեղ մեր ժամանակները բնորոշվում էին որպես իրերի ներկա համակարգի ավարտ, և ցույց էր տրվում, թե որն է մարդկության խնդիրների գլխավոր պատճառը (Մատթէոս 24։3; Յայտնութիւն 12։9)։
Շուտով Եհովայի վկաների կողմից հրատարակվող ավելի շատ գրականություն ստացա և մեծ հափշտակությամբ ընթերցելով՝ հասկացա, որ գտել եմ այն ճշմարտությունը, որը եռանդորեն փնտրում էի։ Հուզիչ էր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը 1914 թ.–ին երկնքում թագադրվել է և շուտով վերացնելու է ամեն ամբարշտություն, որպեսզի հնազանդ մարդկությանը օրհնություններ բերի։ Ինձ համար մեկ այլ մեծ հայտնագործություն էր փրկագնի իմաստը պարզորոշ հասկանալը։ Դա ինձ օգնեց, որ սրտաբուխ աղոթքով դիմեմ Եհովա Աստծուն և ներում խնդրեմ։ Ինձ վրա խորապես ազդեց Յակոբոս 4։8 համարում գրված հրավերը. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»։
Չնայած որ ես նոր հավատիս հանդեպ անսահման խանդավառությամբ էի լցված, բայց ծնողներս և քույրս սկզբում դժկամությամբ էին ընդունում իմ ասածները։ Սակայն դրանից իմ ցանկությունը՝ հաճախել Զեբնիցի մոտակայքում անցկացվող փոքրաթիվ Վկաներից կազմված քրիստոնեական ժողովի հանդիպումներին, չնվազեց։ Ի զարմանս ինձ՝ առաջին անգամ ծնողներս և քույրս ինձ հետ եկան հանդիպման։ Դա 1945–1946 թթ. ձմռանն էր։ Հետագայում երբ Հարթաույում, որտեղ ապրում էինք, կազմավորվեց Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ, ընտանիքիս անդամները սկսեցին կանոնավորաբար հաճախել հանդիպումներին։
«Ես մանուկ եմ»
Աստվածաշնչյան կարևոր ճշմարտություններ սովորելը և Եհովայի ժողովրդի հետ կանոնավորաբար համագործակցելը ինձ մղեցին կյանքս նվիրել Եհովային։ Եվ 1946 թ. մայիսի 25–ին ես մկրտվեցի։ Մեծ ուրախություն ապրեցի, երբ ընտանիքիս անդամները նույնպես հոգևոր առաջադիմություններ կատարեցին և ժամանակի ընթացքում երեքն էլ դարձան հավատարիմ Վկաներ։ Քույրս մինչև հիմա էլ Զեբնիցի ժողովներից մեկի ակտիվ քարոզիչներից է։ Մայրս ու հայրս հավատարմորեն ծառայեցին մինչև մահ։ Մայրս մահացավ 1965 թ.–ին, հայրս՝ 1986 թ.–ին։
Մկրտությունից վեց ամիս անց սկսեցի ծառայել որպես հատուկ ռահվիրա։ Սրանով նշանավորվեց թե՛ բարենպաստ և թե՛ անբարենպաստ ժամանակներում կատարած ծառայությանս սկիզբը (Բ Տիմոթէոս 4։2, ՆԱ)։ Շուտով իմ առջև բացվեցին ծառայության նոր հնարավորություններ։ Արևելյան Գերմանիայի մի հեռավոր շրջանում լիաժամ ավետարանիչների կարիք կար։ Ես և մի եղբայր դիմում գրեցինք այդ նշանակումը ստանալու համար, սակայն զգում էի, որ այդ պատասխանատու գործի համար ոչ փորձ ունեի, ոչ էլ հասունություն։ Ես ընդամենը 18 տարեկան էի և ինձ զգում էի ինչպես Երեմիան, որն ասաց. «Ոհ,.... Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ» (Երեմիա 1։6)։ Չնայած իմ մտավախություններին՝ պատասխանատու եղբայրները որոշեցին մեզ հնարավորություն տալ ծառայելու այդ նշանակման մեջ։ Այսպիսով՝ մեզ նշանակեցին ծառայելու Բելզիգում՝ Բրանդենբուրգում գտնվող մի փոքրիկ քաղաքում։
Այդ տարածքում ծառայելը շատ դժվար էր, սակայն դրանից ես արժեքավոր դասեր քաղեցի։ Ժամանակի ընթացքում մի քանի հայտնի գործարար կանայք ընդունեցին Թագավորության պատգամը և դարձան Եհովայի վկաներ։ Սակայն նրանց դիրքորոշումը հակասում էր տեղի բնակչության մեջ խոր արմատներ գցած ավանդույթներին ու նախապաշարումներին։ Թե՛ կաթոլիկ և թե՛ բողոքական հոգևորականությունը մեծ հակառակություն ցույց տվեց և քարոզչական գործի պատճառով զրպարտիչ մեղադրանքներ ներկայացրեց մեր դեմ։ Բայց քանի որ առաջնորդության և պաշտպանության համար մենք ապավինում էինք Եհովային, ապա կարողացանք օգնել մի շարք հետաքրքրվողների ընդունելու ճշմարտությունը։
Անհանդուրժողականության ամպեր են կուտակվում
1948 թվականը բերեց և՛ օրհնություններ և՛ անսպասելի դժվարություններ։ Նախևառաջ ես նշանակվեցի ծառայելու որպես ռահվիրա Ռուդոլշտադտում՝ Թյուրինգիա։ Այնտեղ ծանոթացա բազմաթիվ հավատարիմ եղբայրների ու քույրերի հետ և մեծ բավականություն ստացա նրանց հետ ընկերակցելուց։ Մեկ ուրիշ մեծ օրհնություն էլ ստացա այդ տարվա հուլիսին։ Ես ամուսնացա Էրիկա Ուլմանի՝ հավատարիմ ու եռանդուն մի երիտասարդ քրիստոնյա կնոջ հետ, որին ճանաչում էի դեռ այն ժամանակվանից, երբ հաճախում էի Զեբնիցում գտնվող ժողովը։ Ես և Էրիկան սկսեցինք ռահվիրա ծառայել իմ հարազատ Հարթաու քաղաքում։ Սակայն ժամանակի ընթացքում առողջական և այլ խնդիրների պատճառով Էրիկան չկարողացավ շարունակել լիաժամ ծառայությունը։
Եհովայի ժողովրդի համար դժվար ժամանակներ էին։ Զեբնիցի զբաղվածության ծառայությունը անվավեր ճանաչեց մթերաբաժնի իմ քարտը, որ ես ստիպված լինեի դադարել քարոզելը և աշխատեի լրիվ աշխատանքային օրով։ Պատասխանատու եղբայրները օգտագործեցին իմ դեպքը պետության կողմից իրավական ճանաչում ձեռք բերելու համար, սակայն հայցը մերժվեց, և 1950 թ. հունիսի 23–ին դատարանը վճռեց, որ ես կամ պետք է տուգանք վճարեմ, կամ էլ 30 օր անցկացնեմ բանտում։ Մենք այդ որոշումը բողոքարկեցինք, սակայն ավելի բարձր ատյանի դատարանը մերժեց բողոքը, և ինձ բանտ նստեցրին։
Դա հակառակության ու գնալով ավելացող դժվարությունների ըսկիզբն էր միայն։ Մեկ ամիս էլ չէր անցել, երբ 1950 թ. սեպտեմբերին լրատվական միջոցներով զրպարտող տեղեկություններ տարածելուց հետո կոմունիստական կառավարությունը մեր գործունեությունը դրեց արգելքի տակ։ Արագ աճի և մեր բռնած չեզոք դիրքի պատճառով մեզ համարում էին Արևմուտքի մի վտանգավոր գաղտնի գործակալություն, որը կրոնի քողի տակ «կասկածելի գործունեություն» է իրականացնում։ Հենց այն օրը, երբ արգելքը դրվեց, ծնվեց մեր որդին՝ Յոհաննեսը։ Կինս ծննդաբերեց տանը, իսկ ես այդ ժամանակ բանտում էի։ Ուշադրություն չդարձնելով մանկաբարձուհու խոսքերին՝ Պետական անվտանգության աշխատակիցները ներխուժեցին մեր բնակարան և սկսեցին փնտրել ապացույցներ, որոնք կհաստատեին իրենց մեղադրանքները։ Իհարկե, նրանք ոչինչ չգտան։ Այնուամենայնիվ, հետագայում նրանց հաջողվեց մի անձնավորություն մտցնել մեր ժողով, որն իրենց տեղեկություններ կհաղորդեր։ Դրա հետևանքով բոլոր պատասխանատու եղբայրները, այդ թվում նաև ես, 1953 թ. հոկտեմբերին ձերբակալվեցին։
Մութ զնդաններում
Մեղավոր ճանաչվելուց և երեքից վեց տարի ազատազրկման դատապարտվելուց հետո մենք միացանք Ցվիկաուի Օստերշտայն ամրոցի գարշելի զնդաններում գտնվող մի շարք եղբայրների։ Չնայած այնտեղ տիրող անտանելի պայմաններին՝ մենք շատ ուրախ էինք ընկերակցել հասուն եղբայրների հետ։ Մենք ազատության մեջ չէինք, բայց հոգևոր սննդի պակասություն չունեինք։ Թեև կառավարության կողմից արհամարհված էինք, և մեր գործունեությունը արգելված էր, բայց «Դիտարանը» ճանապարհ գտավ դեպի բանտ ու հայտնվեց հենց մեր բանտախցերում։ Ինչպե՞ս։
Որոշ եղբայրների հանձնարարվել էր աշխատել քարածխի հանքերում, որտեղ նրանք հանդիպել էին ազատության մեջ գտնվող Վկաների, և վերջիններս նրանց պարբերագրեր էին տվել։ Հետո եղբայրները այդ պարբերագրերը գաղտնաբար բանտ էին մտցրել և հնարամտություն գործադրելով՝ մեզ փոխանցել շատ անհրաժեշտ հոգևոր կերակուրը։ Եհովայի հոգատարությունն ու առաջնորդությունը այս ձևով զգալով՝ ես ինձ շատ երջանիկ ու քաջալերված զգացի։
1954 թ. վերջին մեզ տեղափոխեցին Տորգաուի շատ վատ համբավ ունեցող բանտը։ Այնտեղի Վկաները շատ ուրախացան, երբ մեզ տեսան։ Մինչ այդ նրանք հոգևորապես ամուր էին մնացել՝ կրկնելով այն մտքերը, որոնք հիշում էին «Դիտարանի» ավելի վաղ հրատարակություններից։ Նրանք այնքա՜ն կարոտ էին հոգևոր թարմ սննդի։ Այժմ մեր հերթն էր նրանց պատմելու այն աստվածաշնչյան ճշմարտությունները, որ ուսումնասիրել էինք Ցվիկաու քաղաքում։ Բայց ինչպե՞ս կարող էինք դա անել, երբ ամենօրյա զբոսանքների ժամանակ մեզ խստորեն արգելել էին խոսել միմյանց հետ։ Եղբայրները անգին խորհուրդներ տվեցին մեզ, թե ինչպես շփվել։ Նաև մեզ աջակցում էր Եհովայի հզոր, պաշտպանիչ ձեռքը։ Այս ամենից մենք սովորեցինք, թե որքան կարևոր է ջանասիրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը և խորհրդածել դրա շուրջ, քանի դեռ ազատության մեջ ենք և դա անելու հնարավորություն ունենք։
Կարևոր որոշումներ կայացնելու ժամանակը
Եհովայի օգնությամբ մենք ամուր մնացինք։ Ի զարմանս մեզ՝ 1956 թ. վերջին մեզանից մի քանիսին շնորհվեց համաներում։ Դժվար է նկարագրել, թե ինչ ուրախություն ապրեցինք, երբ բանտի դարպասները բացվեցին։ Այդ ժամանակ որդիս վեց տարեկան էր։ Ես այնքա՜ն երջանիկ էի, որ կարող էի կրկին կնոջս կողքին լինել ու նրա հետ միասին դաստիարակել մեր երեխային։ Որոշ ժամանակ Յոհաննեսը ինձ վերաբերվում էր որպես օտարականի, սակայն շուտով մեր միջև ջերմ կապ հաստատվեց։
Արևելյան Գերմանիայում Եհովայի վկաները շատ դժվար ժամանակներ էին ապրում։ Մեր քրիստոնեական ծառայության և չեզոք դիրքի պատճառով մեր հանդեպ թշնամական տրամադրվածությունը մեծանում էր, ու մենք ստիպված էինք ապրել մշտական սպառնալիքի տակ, այնպիսի կյանքով, որը լի էր վտանգով, անհանգստությամբ և որը մեզ շարունակ ուժասպառ էր անում։ Ուստի ես և Էրիկան աղոթքով, նաև հանգամանորեն մտածեցինք մեր վիճակի մասին և եկանք այն եզրակացության, որ լավ կլիներ տեղափոխվել ապրելու ավելի բարենպաստ պայմաններում, որպեսզի ամեն ժամանակ համակված չլինեինք անհանգստության զգացումով։ Մենք ուզում էինք ազատ լինել Եհովային ծառայելու հարցում և հոգևոր նպատակների ձգտել։
1957 թ. գարնանը մեր առջև հնարավորություն բացվեց տեղափոխվելու Շտուտգարտ՝ Արևմտյան Գերմանիա։ Այնտեղ քարոզչական գործունեությունը արգելքի տակ չէր, և մենք ազատ կարող էինք շփվել եղբայրների հետ։ Նրանք սիրով մեծ աջակցություն ցույց տվեցին։ Մենք յոթ տարի ծառայեցինք Հեդելֆինգենի ժողովում։ Այդ ընթացքում մեր որդին սկսեց դպրոց հաճախել, նաև հոգևորապես առաջադիմեց։ 1962 թ. սեպտեմբերին ես առանձնաշնորհում ունեցա սովորելու Վիսբադենում անցկացվող Թագավորական ծառայության դպրոցում։ Դպրոցում ինձ հորդորեցին ընտանիքիս հետ միասին տեղափոխվել ծառայելու այնտեղ, որտեղ գերմաներեն լեզվով Աստվածաշունչ ուսուցանողների կարիք կար։ Այդ տարածքների մեջ էին մտնում Գերմանիայի որոշ շրջաններ և Շվեյցարիան։
Դեպի Շվեյցարիայի Ալպերը
Այսպիսով 1963 թ.–ին մենք տեղափոխվեցինք Շվեյցարիա։ Մեզ նշանակեցին ծառայելու Բրունեն քաղաքի փոքրիկ ժողովում։ Բրունենը գտնվում է գեղեցիկ Լյուցեռն գետի ափին՝ Շվեյցարիայի Ալպերի կենտրոնական մասում։ Մենք մեզ զգում էինք այնպես, ասես դրախտում լինեինք։ Պետք է սովորեինք այնտեղ տարածված գերմաներեն բարբառը, ընտելանայինք տեղի կյանքին և մարդկանց մտածելակերպին։ Այնուամենայնիվ, մեզ շատ հաճելի էր քարոզել և աշխատել խաղաղասեր մարդկանց շրջապատում։ 14 տարի մենք անցկացրեցինք Բրունենում։ Մեր որդին այստեղ մեծացավ։
1977 թ.–ին, երբ ես մոտ 50 տարեկան էի, մեզ հրավիրեցին ծառայելու Շվեյցարիայի Բեթելում, որը գտնվում է Թուն քաղաքում։ Այդ հրավերը մենք ընդունեցինք որպես անսպասելի առանձնաշնորհում և մեծ երախտագիտությամբ արձագանքեցինք։ Ես ու կինս ինը տարի ծառայեցինք Բեթելում. այդ ծառայությունը առանձնահատուկ նշանակություն ունեցավ մեր քրիստոնեական կյանքում և հոգևորի աճի մեջ։ Նաև մեզ շատ դուր էր գալիս քարոզիչների հետ ծառայության գնալ Թունում և մոտակա տարածքներում։ Միշտ աչքներիս առաջ ունեինք Եհովայի «հրաշքները»՝ Բեռնյան Ալպերի ձյունապատ վեհ լեռները (Սաղմոս 9։1)։
Կրկին տեղափոխվում ենք
1986 թ. սկզբին կրկին տեղափոխվեցինք։ Մեզ խնդրեցին ծառայել որպես հատուկ ռահվիրաներ Շվեյցարիայի արևելյան մասում գտնվող Բուքս քաղաքի ժողովին նշանակված հսկայական տարածքում։ Եվ նորից մենք պետք է հարմարվեինք նոր կենսաձևի։ Սակայն քանի որ ցանկանում էինք Եհովային ծառայել այնտեղ, որտեղ նա ավելի նպատակահարմար էր գտնում, մենք հանձն առանք այս նշանակումը՝ արդյունքում ստանալով նրա օրհնությունը։ Ժամանակ առ ժամանակ ես փոխարինել եմ շրջագայող վերակացուներին՝ այցելելով և զորացնելով ժողովները։ Անցել է արդեն տասնութ տարի. այս վայրում ծառայելով՝ մենք ականատես ենք եղել շատ հետաքրքիր դեպքերի։ Բուքսի ժողովը աճել է և այժմ մեր հանդիպումները անցկացնում ենք մի գեղեցիկ Թագավորության սրահում, որի նվիրումը տեղի ունեցավ հինգ տարի առաջ։
Եհովան միշտ էլ մեծապես հոգ է տարել մեր մասին։ Մեր կյանքի լավագույն տարիները մենք անցկացրել ենք լիաժամ ծառայության մեջ, սակայն որևէ բանի պակասություն երբեք չենք ունեցել։ Մենք ուրախ ու երջանիկ ենք տեսնել, որ մեր որդին, նրա կինը և երեխաները, ինչպես նաև նրանց երեխաների ընտանիքները հավատարմորեն քայլում են Եհովայի շավիղներով։
Ետադարձ հայացք նետելով իմ կյանքին՝ տեսնում եմ, որ մենք իսկապես ծառայել ենք Եհովային թե՛ բարենպաստ և թե՛ անբարենպաստ ժամանակներում։ Քրիստոնեական ծառայության հանդեպ ձգտումս կոմունիստական մութ զնդաններից ինձ բերել հասցրել է շվեյցարական Ալպերի շողշողացող լեռները։ Ո՛չ ընտանիքս և ո՛չ էլ ես մի վայրկյան անգամ ափսոսանքի զգացում չենք ունեցել մեր ծառայության համար։
[28–րդ էջի վրայի շրջանակը]
«Կրկնակի զոհերը» հաստատուն են մնում հալածանքների ներքո
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ), որը հայտնի է եղել նաև Արևելյան Գերմանիա անվամբ, Եհովայի վկաները վայրագ հակառակության թիրախ են եղել։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ քրիստոնեական ծառայության և իրենց չեզոք դիրքի պատճառով ավելի քան 5 000 Վկաներ ուղարկվել են ուղղիչ–աշխատանքային գաղութներ, ինչպես նաև կալանավայրեր (Եսայիա 2։4)։
Այս Վկաներից ոմանք նկարագրվել են որպես «կրկնակի զոհեր»։ Նրանցից մոտ 325 հոգի եղել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում և բանտերում։ Այնուհետև 1950–ականներին նրանք հետապնդվել և բանտարկվել են Շտազիի՝ ԳԴՀ–ի Պետական անվտանգության ծառայության կողմից։ Որոշ բանտեր նույնիսկ կրկնակի անգամ են օգտագործվել՝ սկզբում նացիստների, այնուհետև Շտազիի կողմից։
Ուժգին հակառակության առաջին տասնամյակում՝ 1950–1961 թթ., 60 Վկաներ՝ տղամարդիկ և կանայք, բանտում մահացել են վատ վերաբերմունքի, թերսնման, հիվանդությունների և ծերության պատճառով։ Տասներկու Վկաներ ցմահ բանտարկության են դատապարտվել։ Ավելի ուշ այս դատավճիռները փոխարինվել են 15 տարի ազատազրկմամբ։
Այսօր Բեռլինում՝ Շտազիի նախկին գլխավոր վարչության շենքում կա մի հուշատախտակ Արևելյան Գերմանիայում Եհովայի վկաների դեմ 40 տարի տևած պաշտոնական հալածանքի մասին։ Հուշատախտակի վրա փակցված լուսանկարները և որոշ անհատների թողած գրավոր տեղեկությունները լուռ վկայում են դաժան փորձությունների ժամանակ հավատարիմ մնացած այս Վկաների քաջությունն ու հոգևոր ուժը։
[քարտեզ 24–րդ և 25–րդ էջվրի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Արևելյան Գերմանիա
Ռուդոլշտադտ
Բելզիգ
Տորգաու
Զեբնից
Ցվիկաու
[նկար 25–րդ էջի վրա]
Ցվիկաու քաղաքում գտնվող Օստերշտայն ամրոցը
[թույլտվությամբ]
Fotosammlung des Stadtarchiv Zwickau, Deutschland
[նկար 26–րդ էջի վրա]
Կնոջս՝ Էրիկայի հետ