Զարգացրու Քրիստոսի տեսակետը մեծության վերաբերյալ
«Ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի» (Մատթէոս 20։26)։
1. Ի՞նչ տեսակետ ունի աշխարհը մեծության վերաբերյալ։
ՀԻՆ եգիպտական Թեբե (ներկայումս Կառնակես) քաղաքի մոտակայքում, Կահիրեից մոտ 500 կիլոմետր հարավ, կանգնած է Ամենհոտեպ III փարավոնի 18 մետրանոց արձանը։ Հնարավոր չէ այդ վիթխարի արձանին նայել առանց չնչինության զգացում ապրելու։ Այդ արձանը, որն անկասկած նախատեսված էր եղել՝ կառավարչի նկատմամբ մարդու մեջ ակնածանք առաջացնելու, խորհրդանիշ է մեծության վերաբերյալ աշխարհի ունեցած տեսակետի, տեսակետ, որը անհատին դարձնում է հնարավորին չափ մեծ ու կարևոր և ստիպում է մյուսներին իրենց անարժեք զգալ։
2. Հիսուսն ի՞նչ օրինակ թողեց իր հետևորդներին, և մենք կարիք ունենք ի՞նչ հարցեր տալու ինքներս մեզ։
2 Հակադրիր մեծության վերաբերյալ այս տեսակետը այն բանի հետ, ինչ սովորեցնում էր Հիսուս Քրիստոսը։ Հիսուսը, չնայած որ իր հետևորդների համար Տեր և Ուսուցիչ էր, նրանց սովորեցրեց, որ մեծությունը բխում է ուրիշներին ծառայելուց։ Իր երկրային կյանքի վերջին օրը Հիսուսը օրինակով ցույց տվեց իր սովորեցրածի իմաստը. նա լվաց իր աշակերտների ոտքերը։ Խոնարհ ծառայության ինչպիսի՜ օրինակ (Յովհաննէս 13։4, 5, 14)։ Ծառայե՞լ, թե՞ ծառայություն ընդունել. ի՞նչն է քեզ ավելի շատ գրավում։ Քրիստոսի օրինակը քո սրտում առաջացնո՞ւմ է ցանկություն, որ նրա պես խոնարհ լինես։ Եկեք քննարկենք, թե ինչ տեսակետ ուներ Քրիստոսը մեծության վերաբերյալ՝ ի տարբերություն աշխարհում տիրապետող տեսակետի։
Խուսափիր մեծության վերաբերյալ աշխարհի տեսակետից
3. Սուրբգրային ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ փառասիրական ձգտումները տխուր վախճան են ունենում։
3 Սուրբգրային բազմաթիվ օրինակներ վկայում են, որ մեծության վերաբերյալ աշխարհի տեսակետը առաջնորդում է դեպի կործանում։ Հիշիր զորեղ Համանին, որը Եսթերի և Մուրթքեի օրերում պարսկական արքունիքի ակնառու դեմքերից էր։ Համանի փառասիրական ձգտումներն ի վերջո ստորացում և մահ բերեցին նրան (Եսթեր 3։5; 6։10–12; 7։9, 10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել գոռոզամիտ Նաբուգոդոնոսորի մասին, որը խելագարվեց իր իշխանության բարձրակետում։ Մեծության վերաբերյալ իր աղավաղված տեսակետը նա արտահայտեց հետևյալ խոսքերով. «Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը իմ մեծութեան փառքի համար» (Դանիէլ 4։30)։ Մյուս օրինակը հպարտ Հերովդես Ագրիպպաս I–ն է, որը փոխանակ փառքը Աստծուն տալու՝ ինքը ընդունեց այդ փառքը, և դա ճիշտ չէր։ Նա «որդներով լցուեցաւ՝ մեռաւ» (Գործք 12։21–23)։ Չցանկանալով ըմբռնել Եհովայի տեսակետը մեծության վերաբերյալ՝ այս բոլոր մարդիկ ստորացուցիչ անկում ունեցան։
4. Ո՞վ է կանգնած աշխարհում տիրող հպարտության ոգու ետևում։
4 Ոչ մի սխալ բան չկա այն բանի մեջ, որ ցանկանում ենք այնպես ապրել, որ պատիվ ու հարգանք վայելենք։ Սակայն Սատանան օգտվում է մեր այդ ցանկությունից՝ խրախուսելով հպարտության ոգի ունենալ, որը նրա իսկ փառասիրական ձգտումների արտացոլումն է (Մատթէոս 4։8, 9)։ Երբեք մի՛ մոռացիր, որ նա ‘այս աշխարհի աստվածն’ է ու հաստատակամորեն ջանում է ամբողջ աշխարհում տարածել իր մտածելակերպը (Բ Կորնթացիս 4։4; Եփեսացիս 2։2; Յայտնութիւն 12։9)։ Իմանալով, թե որտեղից է ծագում նման մտածելակերպը՝ քրիստոնյաները խուսափում են մեծության վերաբերյալ աշխարհի տեսակետից։
5. Արդյո՞ք նվաճումների հասնելը, ճանաչումը և հարստությունը մշտական գոհունակություն են երաշխավորում։ Բացատրե՛ք։
5 Սատանայի ջատագոված գաղափարներից մեկն այն է, որ հասարակության մեջ մեծ անունը, մարդկանց հիացմունքին արժանանալը և փողով լի գրպանը ինքնաբերաբար երջանկացնում են մարդուն։ Արդյոք սա ճի՞շտ է։ Իսկապե՞ս ինչ–ինչ նվաճումների հասնելը, ճանաչումը և հարստությունը երաշխավորում են բավականությամբ լի կյանք։ Աստվածաշունչը մեզ նախազգուշացնում է չխաբվել նման մտածելակերպով։ Իմաստուն թագավոր Սողոմոնը գրեց. «Ես տեսայ բոլոր աշխատութիւնը եւ բոլոր յաջող գործքը, որի համար մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք» (Ժողովող 4։4)։ Շատերը, ովքեր իրենց կյանքը նվիրել են աշխարհում հաջողությունների հասնելուն, կարող են հաստատել այս սուրբգրային խորհրդի ճշմարտացիությունը։ Օրինակ՝ մի մարդ, որը ժամանակին մասնակցել է դեպի լուսին թռչող տիեզերանավի նախագծմանը, կառուցմանը և փորձարկմանը, ասել է. «Ես անմնացորդ նվիրվել էի աշխատանքիս և բարձրակարգ մասնագետ էի դարձել։ Սակայն դա չօգնեց ինձ, որ կայուն երջանկություն և հոգեկան անդորր ունենամ»։a Մեծության վերաբերյալ աշխարհի տեսակետը՝ լինի դա գործարարության, սպորտի թե զվարճությունների բնագավառում, չի երաշխավորում մշտական գոհունակություն։
Մեծություն, որը բխում է սիրուց մղված ծառայությունից
6. Ինչի՞ց է երևում, որ Հակոբոսն ու Հովհաննեսը մեծության վերաբերյալ սխալ տեսակետ ունեին։
6 Հիսուսի կյանքի մի դրվագ բացահայտում է, թե ինչ է իրական մեծությունը։ Մ.թ. 33–ին Հիսուսն իր աշակերտների հետ գնում էր Երուսաղեմ՝ Պասեքը նշելու։ Ճանապարհին ի հայտ դարձավ, որ նրա երկու զարմիկները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, սխալ տեսակետ ունեին մեծության վերաբերյալ։ Նրանք իրենց մոր միջոցով Հիսուսին խնդրեցին. «Ասա, որ մենք նստենք քո աջ ու ձախ կողմերին քո արքայությունում» (Մատթէոս 20։21)։ Հրեաների մեջ աջ կամ ձախ կողմին նստելը պատիվ էր համարվում (Գ Թագաւորաց 2։19)։ Հակոբոսն ու Հովհաննեսը փառասիրաբար փորձեցին գրավել ամենից հատկանշական տեղերը։ Նրանք ուզում էին իշխանություն ստանալ։ Հիսուսը գիտեր, թե ինչ մտքեր են անցնում նրանց գլխով, ու այդ առիթից օգտվեց, որպեսզի շտկի նրանց սխալ տեսակետը մեծության վերաբերյալ։
7. Ըստ Հիսուսի՝ ո՞րն է ճշմարիտ քրիստոնեական մեծությունը։
7 Հիսուսը գիտեր, որ այս հպարտ աշխարհում մեծ է համարվում այն մարդը, ով իշխանություն ունի մյուսների վրա, հրամաններ է արձակում և կարող է մատի մի շարժումով իր ամեն մի քմահաճույքը բավարարել։ Բայց Հիսուսի հետևորդների մեջ խոնարհ ծառայությունն է մեծության չափանիշ։ Նա ասաց. «Ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի։ Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի» (Մատթէոս 20։26, 27)։
8. Ի՞նչ է նշանակում ծառա լինել, և ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։
8 «Ծառայ» թարգմանված հունարեն բառը Աստվածաշնչում վերաբերում է այն մարդուն, որը ջանադրաբար և հետևողականորեն ձգտում է ծառայել մյուսներին։ Հիսուսն իր աշակերտներին կարևոր բան սովորեցրեց. մարդկանց հրամայելը, որ ինչ–որ բան անեն, չի մեծացնում անհատին, այնինչ սիրուց մղված նրանց ծառայելը մեծացնում է։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարձագանքեի, եթե Հակոբոսի ու Հովհաննեսի տեղը լինեի։ Կհասկանայի՞, որ իսկական մեծությունը մարդկանց ծառայելն է սիրուց մղված» (Ա Կորնթացիս 13։3)։
9. Մարդկանց հետ առնչություններ ունենալու մեջ ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
9 Հիսուսն իր աշակերտներին ցույց տվեց, որ մեծության վերաբերյալ աշխարհի չափանիշները տարբերվում են իր տված չափանիշներից։ Նա երբեք իրեն վեր չդասեց այն անհատներից, ում ծառայում էր, կամ չստիպեց նրանց իրենց ստորադաս զգալ։ Ամեն տեսակի մարդ՝ կին, տղամարդ, երեխա, հարուստ, աղքատ, իշխանավոր, ինչպես նաև հայտնի մեղսագործ, իրեն լավ էր զգում նրա կողքին (Մարկոս 10։13–16; Ղուկաս 7։37–50)։ Մարդիկ հաճախ անհամբեր են լինում նրանց հանդեպ, ովքեր սահմանափակ հնարավորություններ կամ ինչ–որ թերություններ ունեն։ Սակայն Հիսուսն այդպիսին չէր։ Թեպետ նրա աշակերտները երբեմն անմիտ քայլեր էին անում ու սիրում էին վիճել, նա համբերատարությամբ կրթում էր նրանց, որով ցույց էր տալիս, որ ինքն իսկապես խոնարհ ու մեղմ անձնավորություն է (Զաքարիա 9։9; Մատթէոս 11։29; Ղուկաս 22։24–27)։
10. Ինչպե՞ս է Հիսուսի ամբողջ կյանքն արտացոլում ուրիշների համար նրա կատարած անշահախնդիր ծառայությունը։
10 Աստծո այս նշանավոր Որդու անեսասիրության օրինակը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչ է իսկական մեծությունը։ Հիսուսը չեկավ երկիր, որ իրեն սպասարկեն, այլ նա եկավ, որ ծառայի մարդկանց. նա բուժում էր «կերպ կերպ ցաւերով հիւանդներին» ու ազատում էր նրանց դիվային իշխանությունից։ Թեև նա հոգնում էր ու հանգստի կարիք ունենում, սակայն միշտ մյուսների կարիքներն ավելի բարձր էր դասում իր կարիքներից՝ ամեն ջանք անելով մխիթարելու նրանց (Մարկոս 1։32–34; 6։30–34; Յովհաննէս 11։11, 17, 33)։ Սերը մղեց նրան մարդկանց օգնել հոգևորապես. նա հարյուրավոր կիլոմետրեր էր անցնում փոշոտ ճանապարհներով Թագավորության բարի լուրը քարոզելու համար (Մարկոս 1։38, 39)։ Կասկած չկա, որ Հիսուսը մեծ կարևորություն էր տալիս ուրիշներին ծառայելուն։
Ընդօրինակիր Քրիստոսի խոնարհությունը
11. Ի՞նչ հատկություններ են պահանջվում այն եղբայրներից, որոնք ժողովում նշանակված են ծառայելու որպես վերակացուներ։
11 19–րդ դարի վերջում՝ «Սիոնի Դիտարանի» 1894 թ. սեպտեմբերի 1–ի համարում (անգլ.) նշվեց, թե ինչ մտածելակերպ պետք է մշակեին այն քրիստոնյա վերակացուները, որոնք ընտրվելու էին որպես շրջագայող ներկայացուցիչներ՝ հոգալու Աստծո ժողովրդի կարիքները։ Այդ համարում գրվեց, որ այդ տղամարդիկ պետք է լինեին «հեզ, որպեսզի մեծ կարծիք չունենային իրենց մասին.... լինեին խոնարհամիտ անհատներ, որոնք ջանում են ոչ թե իրենց մասին քարոզել, այլ Քրիստոսի, ոչ թե իրենց գիտելիքները ցուցադրել, այլ նրա Խոսքը իր պարզությամբ ու զորությամբ ներկայացնել»։ Հստակ է, որ ճշմարիտ քրիստոնյաները երբեք չպետք է ձգտեն պատասխանատվություններ ստանձնել անձնական փառասիրությանը հագուրդ տալու, դիրք, իշխանություն ձեռք բերելու և ուրիշների նկատմամբ վերահսկողություն ունենալու նպատակով։ Խոնարհ վերակացուն միշտ հիշում է, որ իր պատասխանատվությունը ‘բարի գործ’ անելն է և ոչ թե սեփական փառքի համար բարձր պաշտոն ունենալը (Ա Տիմոթէոս 3։1, 2)։ Բոլոր երեցներն ու ծառայող օգնականները պետք է ամեն ինչ անեն, որ խոնարհաբար ծառայեն մարդկանց ու առաջնորդություն վերցնեն սուրբ ծառայության մեջ՝ լավ օրինակ թողնելով մյուսներին (Ա Կորնթացիս 9։19; Գաղատացիս 5։13; Բ Տիմոթէոս 4։5)։
12. Նրանք, ովքեր ժողովում ձգտում են պատասխանատվությունների, ի՞նչ հարցեր կարող են տալ իրենք իրենց։
12 Յուրաքանչյուր եղբայր, որ առանձնաշնորհման է ձգտում, թերևս կարող է ինքն իրեն հարց տալ. «Փնտրո՞ւմ եմ հնարավորություններ ծառայելու մարդկանց, թե՞ ավելի շատ հակված եմ ծառայություն ընդունելու։ Պատրա՞ստ եմ կատարել այնպիսի հանձնարարություններ, որոնք անմիջապես նկատելի չեն մյուսների կողմից»։ Օրինակ՝ երիտասարդ եղբայրը գուցե պատրաստ է ելույթներ ունենալ քրիստոնեական ժողովում, սակայն վարանում է օգնել տարեցներին։ Նա գուցե հաճույքով է շփվում ժողովի պատասխանատու եղբայրների հետ, բայց դժկամությամբ է մասնակցում քարոզչական գործին։ Լավ կլինի, եթե այդ երիտասարդն ինքն իրեն հարց տա. «Արդյո՞ք ես գլխավորապես կենտրոնանում եմ Աստծո ծառայության այն երեսակների վրա, որոնք ճանաչում և գովասանք են բերում։ Ձգտո՞ւմ եմ փայլել ուրիշների առջև»։ Եթե ձգտում ենք փառքի, ապա, ինչ խոսք, չենք ընդօրինակում Քրիստոսին (Յովհաննէս 5։41)։
13. ա) Ինչպե՞ս կարող է վերակացուի խոնարհության օրինակը ազդել մյուսների վրա։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ խոնարհամտություն ցուցաբերելը քրիստոնյայի համար ընտրության հարց չէ։
13 Երբ ջանք չենք խնայում ընդօրինակելու Քրիստոսի խոնարհությունը, մեր մեջ մարդկանց ծառայելու մղում է առաջանում։ Տեսնենք մի զոնալ վերակացուի օրինակը։ Նա ստուգում էր Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկի գործունեությունը։ Չնայած իր հագեցած գրաֆիկին ու մեծ պատասխանատվությանը՝ այս վերակացուն ժամանակ հատկացրեց՝ օգնելու մի երիտասարդ եղբոր, որը փորձում էր կարգի բերել կազմարարական հաստոցը։ «Անհավատալի էր,— պատմում է եղբայրը։— Նա ասաց, որ ինքը նմանատիպ հաստոց է աշխատեցրել Բեթելում, երբ երիտասարդ էր, և հիշում է, թե որքան դժվար էր հաստոցին տալ պահանջված պարամետրերը։ Նա բավական ժամանակ ինձ հետ աշխատեց այդ հաստոցի վրա, չնայած որ բազմաթիվ կարևոր գործեր ուներ անելու։ Դա ինձ անչափ տպավորեց»։ Այս եղբայրը, որն այժմ Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում վերակացու է, մինչև հիմա հիշում է այդ զոնալ վերակացուի խոնարհության օրինակը։ Եկեք երբեք չմտածենք, թե այնքան բարձր դիրք ունենք կամ այնքան կարևոր անձնավորություն ենք, որ չենք կարող մեզ թույլ տալ համեստ, աննշան գործեր անել։ Դրա փոխարեն՝ պարտավոր ենք գոտևորվել «խոնարհութիւնով»։ Սա ընտրության հարց չէ։ Խոնարհությունը մաս է կազմում ‘նոր մարդու’, որը քրիստոնյան պետք է հագնի (Փիլիպպեցիս 2։3; Կողոսացիս 3։10, 12; Հռովմայեցիս 12։16)։
Ինչպես Քրիստոսի տեսակետն ունենալ մեծության վերաբերյալ
14. Աստծո ու հավատակիցների հետ մեր ունեցած հարաբերությունների մասին խորհրդածելն ինչպե՞ս կարող է մեզ օգնել, որ ճիշտ տեսակետ ունենանք մեծության վերաբերյալ։
14 Ինչպե՞ս կարող ենք ճիշտ տեսակետ ունենալ մեծության վերաբերյալ։ Կերպերից մեկը Եհովա Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունների մասին խորհրդածելն է։ Նրա վեհությունը, զորությունը և իմաստությունը նրան աներևակայելիորեն բարձր են դարձնում հասարակ մարդկանցից (Եսայիա 40։22)։ Մեր հավատակիցների հետ ունեցած հարաբերությունների մասին խորհելը նույնպես օգնում է խոնարհամտություն մշակել։ Օրինակ՝ մենք գուցե մյուսներին գերազանցում ենք որոշ հարցերում, սակայն նրանք էլ թերևս գերազանցում են մեզ կյանքի շատ ավելի կարևոր բնագավառներում, կամ գուցե մեր քրիստոնեական եղբայրներն ունեն հատկություններ, որոնք մենք չունենք։ Իրականում, շատերը, որ թանկագին են Աստծո համար, հակված չեն աչքի ընկնելու, քանի որ հեզ են ու խոնարհ (Առակաց 3։34; Յակոբոս 4։6)։
15. Աստծո ժողովրդի անարատությունն ինչպե՞ս է փաստում, որ ոչ ոք հիմք չունի իրեն ավելի բարձր դասել մյուսներից։
15 Սա բավական ակնառու ձևով երևում է այն ամենից, ինչ տեղի է ունեցել Եհովայի վկաների հետ հավատի համար կրած փորձությունների ժամանակ։ Այդ մարդիկ, որոնք աշխարհի կողմից հաճախ դիտվել են որպես հասարակ անձնավորություններ, կատաղի հալածանքների ներքո պահել են Աստծո հանդեպ իրենց անարատությունը։ Նրանց օրինակի շուրջ խորհրդածելը կարող է օգնել մեզ, որ միշտ խոնարհ լինենք, ու կարող է սովորեցնել մեզ «բան չ’մտածել նորանից աւելի, քան թէ արժան է մտածել» (Հռովմայեցիս 12։3)։b
16. Ինչպե՞ս կարող են ժողովի բոլոր անդամները մեծության վերաբերյալ զարգացնել այնպիսի տեսակետ, ինչպիսին Հիսուսն ուներ։
16 Բոլոր քրիստոնյաները՝ տարեց թե երիտասարդ, պետք է ջանք թափեն, որ Քրիստոսի տեսակետն ունենան մեծության վերաբերյալ։ Ժողովում անհրաժեշտ է լինում ամենատարբեր հանձնարարություններ կատարելու։ Երբեք մի՛ դժգոհիր, եթե քեզ խնդրում են կատարել մի հանձնարարություն, որը գուցե թվա, թե նվաստացուցիչ է (Ա Թագաւորաց 25։41; Դ Թագաւորաց 3։11)։ Ծնողնե՛ր, քաջալերո՞ւմ եք ձեր զավակներին, որ ուրախությամբ կատարեն ցանկացած գործ, որ նրանց տրվում է՝ լինի դա Թագավորության սրահում թե համաժողովի անցկացման վայրում։ Տեսնո՞ւմ են նրանք ձեզ «նվաստացուցիչ» աշխատանք անելիս։ Մի եղբայր, որն այժմ ծառայում է Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, շատ լավ հիշում է իր ծնողների օրինակը։ Նա ասում է. «Այն, թե ինչ տեսակետ նրանք ունեին Թագավորության սրահը կամ համաժողովի վայրը մաքրելու վերաբերյալ, ինձ հուշում էր, որ նրանք դա կարևոր էին համարում։ Ծնողներս հաճախ կամավոր գործեր էին անում ժողովի կամ քույր–եղբայրների համար՝ անկախ այն բանից, թե դրանք ինչքան աննշան կարող էին լինել։ Նրանց այդ տրամադրվածությունն օգնեց ինձ, որ Բեթելում ծառայելիս սիրով անեի ցանկացած գործ»։
17. Ի՞նչ կերպերով կարող են խոնարհ կանայք օրհնություն լինել ժողովի համար։
17 Ինչ վերաբերում է ուրիշների շահերը սեփական շահերից վեր դասելուն, մենք ունենք մի գերազանց օրինակ՝ հանձին Եսթերի, որը մ.թ.ա. հինգերորդ դարում դարձել էր Պարսկական կայսրության թագուհի։ Ապրելով պալատում՝ նա պատրաստ էր իր կյանքը վտանգել հանուն Աստծո ժողովրդի՝ գործելով Նրա կամքին ներդաշնակ (Եսթեր 1։5, 6; 4։14–16)։ Այսօր քրիստոնյա քույրերը, անկախ իրենց տնտեսական պայմաններից, կարող են դրսևորել Եսթերի ոգին՝ քաջալերելով ճնշվածներին, այցելելով հիվանդներին, մասնակցելով քարոզչական գործին ու համագործակցելով երեցների հետ։ Այդպիսի խոնարհ քույրերը մեծ օրհնություն են ժողովի համար։
Մեծության վերաբերյալ Քրիստոսի տեսակետն ունենալը օրհնություններ է բերում
18. Ի՞նչ օգուտներ ենք քաղում, եթե դրսևորում ենք Քրիստոսի տեսակետը մեծության վերաբերյալ։
18 Շատ օրհնություններ կարող ես քաղել, եթե Քրիստոսի տեսակետն ունենաս մեծության վերաբերյալ։ Մյուսներին անշահախնդրորեն ծառայելը ուրախություն կբերի թե՛ նրանց, թե՛ քեզ (Գործք 20։35)։ Ջանք չխնայելով քո եղբայրների համար՝ դու ավելի սիրելի կդառնաս (Գործք 20։37)։ Իսկ ամենակարևորը, Եհովան հանուն հավատակիցների արած քո գործերը դիտում է որպես իրեն մատուցված հաճելի զոհաբերություն (Փիլիպպեցիս 2։17)։
19. Ի՞նչ պետք է վճռենք մեծության վերաբերյալ Քրիստոսի տեսակետն ունենալու առնչությամբ։
19 Ամեն մեկս պետք է քննի իր սիրտը ու ինքն իրեն հարց տա. «Ես միայն խոսքերո՞վ կասեմ, որ իրոք հարկավոր է Քրիստոսի տեսակետն ունենալ մեծության վերաբերյալ, թե՞ ջանք կթափեմ, որ դա գործերով ապացուցեմ»։ Եհովայի տեսակետը գոռոզամիտների վերաբերյալ միանգամայն հստակ է (Առակաց 16։5; Ա Պետրոս 5։5)։ Թող որ մեր գործերը վկայեն, որ մեզ դուր է գալիս մեծության վերաբերյալ Քրիստոսի տեսակետն ունենալը՝ անկախ այն բանից՝ դա առնչվում է քրիստոնեական ժողովին, ընտանիքին, թե մարդկանց հետ մեր առօրեական շփումներին, և եկեք ինչ–որ անենք, հանուն Աստծո փառքի ու գովաբանության անենք (Ա Կորնթացիս 10։31)։
[ծանոթագրություններ]
a «Դիտարան», 1984 թ., հոկտեմբերի 1, էջ 8–11, ռուս. (1982 թ., մայիսի 1, էջ 3–6, անգլ.)։
b Օրինակների համար տե՛ս «Եհովայի վկաների 1992 թ. տարեգիրքը» (էջ 181, 182, անգլ.) և «Դիտարանի» 1993 թ. սեպտեմբերի 1–ի համարը (էջ 27–31, ռուս.)։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչո՞ւ պետք է խուսափենք մեծության վերաբերյալ աշխարհի տեսակետն ունենալուց։
• Ըստ Հիսուսի՝ ի՞նչ է մեծությունը։
• Ինչպե՞ս կարող են վերակացուներն ընդօրինակել Քրիստոսի խոնարհությունը։
• Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ զարգացնենք մեծության վերաբերյալ Քրիստոսի տեսակետը։
[շրջանակ 17–էջի վրա]
Ո՞վ ունի Քրիստոսի տեսակետը մեծության վերաբերյալ
Նա՞, ով ցանկանում է, որ իրեն ծառայեն, թե՞ նա, ով պատրաստ է ծառայելու։
Նա՞, ով նախընտրում է բոլորի ուշադրության կենտրոնում լինել, թե՞ նա, ով համեստ գործեր է կատարում։
Նա՞, ով բարձրացնում է իր անձը, թե՞ նա, ով բարձրացնում է ուրիշներին։
[նկար 14–րդ էջի վրա]
Ամենհոտեպ III փարավոնի վիթխարի արձանը
[նկար 15–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչը Համանի կործանման պատճառ եղավ
[նկարներ 16–րդ էջի վրա]
Ուրիշներին ծառայելու հնարավորություններ փնտրո՞ւմ ես