Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 10/1 էջ 14–19
  • «Գորովանքո՛վ սիրեցեք միմյանց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Գորովանքո՛վ սիրեցեք միմյանց»
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գորովանք և սեր
  • «Աստուածանից սովորած էք իրար սիրելու»
  • Զգո՞ւմ ես ‘լայնանալու’ անհրաժեշտությունը
  • Սիրտդ բա՛ց արա
  • ‘Ես հավանեցի քեզ’
  • Եհովան լի է գորովանքով
  • Գորովալից սեր ունեցեք միմյանց հանդեպ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս սեր արտահայտել ամուսնության մեջ
    Աջակցություն ընտանիքին
  • Սեր ցույց տուր ընտանեկան շրջանակում
    2002 Դիտարան
  • Քայլո՞ւմ ես սիրո «գերազանց ճանապարհով»
    2009 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 10/1 էջ 14–19

«Գորովանքո՛վ սիրեցեք միմյանց»

«Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք [«գորովանքո՛վ սիրեցեք միմյանց», ԱՆԹ]» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 12։10)։

1, 2. Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեին իրենց եղբայրների հետ մեր օրերում ծառայած մի միսիոներ և Պողոս առաքյալը։

ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ իր միսիոներական ծառայության ամբողջ 43 տարիների ընթացքում Դոնը հայտնի էր իր ջերմ զգացմունքներով, որ տածում էր նրանց հանդեպ, ում ծառայում էր։ Իսկ այժմ, երբ նա տառապում էր հիվանդությամբ, որն ի վերջո կտրեց նրա կյանքի թելը, նրա նախկին աշակերտները, որոնց հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրել, հազարավոր կիլոմետրեր անցան, որպեսզի նրա մահճակալի մոտ ասեն. «Կամսահամնիդա, կամսահամնիդա» («Շնորհակալությո՛ւն, շնորհակալությո՛ւն»)։ Դոնի գորովանքը շարժե՛լ էր նրանց սիրտը։

2 Այսպիսի օրինակներ շատ կան։ Առաջին դարում Պողոս առաքյալը մեծ գորովանք էր զգում նրանց հանդեպ, ում ծառայում էր։ Նա չխնայեց իր անձը նրանց համար։ Ճիշտ է, նա հաստատ համոզմունքների տեր մարդ էր, բայցև մեղմ ու հոգատար էր, «ինչպես մի մայր, որ սնում է իր զավակներին» (ԱՆԹ)։ Թեսաղոնիկեցիների ժողովին Պողոսը հետևյալը գրեց. «Խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք» (Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 8)։ Ավելի ուշ, երբ Պողոսն իր եփեսացի եղբայրներին ասաց, որ նրանք այլևս չէին տեսնելու իրեն, «ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի վզովն ընկած՝ նորան համբուրում էին» (Գործք 20։25, 37)։ Հստակ երևում է, որ Պողոսը և նրա եղբայրները լոկ հավատակիցներ չէին. նրանց փոխհարաբերությունները շատ ավելի խորն էին։ Նրանք խանդակաթ սեր էին տածում միմյանց հանդեպ։

Գորովանք և սեր

3. Աստվածաշնչում օգտագործված «գորովանք» և «սեր» բառերը ինչպես են փոխկապակցված։

3 Գրություններում գորովանքը, կարեկցանքը և գթասրտությունը՝ բոլորն էլ սերտորեն կապված են քրիստոնեական ամենավեհ հատկության՝ սիրո հետ (Ա Թեսաղոնիկեցիս 2։8; Բ Պետրոս 1։7)։ Գեղեցիկ ադամանդի նիստերի պես՝ Աստծո այս հատկությունները լրացնում և հավասարակշռում են իրար։ Դրանց շնորհիվ քրիստոնյաները ոչ միայն իրար հետ, այլև իրենց երկնային Հոր հետ են մտերմանում։ Այդ իսկ պատճառով Պողոս առաքյալը իր հավատակիցներին հորդորեց. «Սէրն առանց կեղծաւորութեան [լինի] .... Եղբայրսիրութիւնում իրար վերայ գթած եղէք [«գորովանքո՛վ սիրեցեք միմյանց», ԱՆԹ]» (Հռովմայեցիս 12։9, 10)։

4. Ի՞նչ է նշանակում «գորովանք» թարգմանված բառը։

4 Պողոսի օգտագործած հունարեն բառը, որ թարգմանվել է «գորովանք», երկու մասից է բաղկացած. մեկը նշանակում է ընկերություն, մյուսը՝ բնական կապվածություն։ Ինչպես մի աստվածաշնչագետ է բացատրում, սա նշանակում է, որ քրիստոնյաները «պետք է ճանաչվեն իրենց նվիրվածությամբ, որը հատուկ է այնպիսի ընտանիքի, որի անդամները սերտ կապվածություն ունեն, միմյանց սիրում են ու աջակցում»։ Ունե՞ս արդյոք նույն զգացումները քո քրիստոնյա եղբայրների և քույրերի հանդեպ։ Քրիստոնեական ժողովում պետք է ջերմ՝ փոխադարձ կապվածության մթնոլորտ տիրի (Գաղատացիս 6։10)։ Աշխարհաբար նոր թարգմանության մեջ Հռովմայեցիս 12։10–ը հետևյալ կերպ է ձևակերպված. «Եղբոր նման գորովանքո՛վ սիրեցեք միմյանց»։ Իսկ «Երուսաղեմի Աստվածաշնչում» կարդում ենք. «Սիրեցեք միմյանց այնպես, ինչպես որ եղբայրները պետք է սիրեն» («The Jerusalem Bible»)։ Այո՛, քրիստոնյաների միջև սերը ներառում է ավելին, քան պարզապես տրամաբանություն և պարտականություն։ «Առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ»՝ մենք պետք է «մաքուր սրտով ջերմօրէն սիրե[նք] միմեանց» (Ա Պետրոս 1։22, ԷԹ)։

«Աստուածանից սովորած էք իրար սիրելու»

5, 6. ա) Ինչպե՞ս է Եհովան միջազգային համաժողովների միջոցով իր ծառաներին սովորեցրել քրիստոնեական կապվածություն ցուցաբերել։ բ) Ինչպե՞ս է եղբայրների միջև կապը ժամանակի ընթացքում ավելի ամրանում։

5 Չնայած նրան, որ այս աշխարհում «շատերի սէրը» սառչում է, Եհովան ուսուցանում է իր ներկայիս ծառաներին ‘իրար սիրել’ (Մատթէոս 24։12; Ա Թեսաղոնիկեցիս 4։9)։ Եհովայի վկաների միջազգային համաժողովները այդպիսի ուսուցում ստանալու հրաշալի հնարավորություն են ընձեռում։ Այս համաժողովներին տեղի Վկաները ծանոթանում են հեռավոր երկրներից եկած իրենց եղբայրների հետ. նրանցից շատերը սիրով իրենց հարկի տակ են ընդունում օտարերկրյա պատվիրակներին։ Վերջերս կայացած համաժողովներից մեկում եղբայրներ և քույրեր էին եկել այնպիսի երկրներից, որտեղ մարդիկ սովորաբար իրենց զուսպ են պահում զգացմունքներ արտահայտելիս։ «Երբ այս պատվիրակները եկան, սկզբում նրանք կաշկանդված ու անվստահ էին,— պատմում է մի քրիստոնյա, որը զբաղվում էր պատվիրակներին կացարանով ապահովելու հարցով։— Բայց ընդամենը վեց օր անց, երբ եկավ հրաժեշտի պահը, ինչպես նրանք, այնպես էլ հյուրընկալները փաթաթվում էին իրար ու լաց լինում։ Նրանց սրտերը լցվել էին քրիստոնեական այնպիսի սիրով, որը երբեք չէին մոռանա»։ Անկախ նրանից, թե ինչ ծագում ունեն մեր եղբայրները՝ նրանց հանդեպ հյուրասեր լինելը առավելագույնս օգտակար կլինի թե՛ հյուրերի, թե՛ հյուրընկալների համար (Հռովմայեցիս 12։13)։

6 Ճիշտ է, համաժողովներին պատահած նման դեպքերը շատ հուզիչ են, բայց այնուամենայնիվ քրիստոնյաների միջև է՛լ ավելի մտերիմ հարաբերություններ են հաստատվում, երբ նրանք մի որոշ ժամանակ միասին ծառայում են Եհովային։ Երբ մեր եղբայրներին լավ ենք ճանաչում, կարող ենք է՛լ ավելի խորը գնահատել նրանց գրավիչ հատկությունները՝ ճշմարտախոսությունը, վստահելիությունը, նվիրվածությունը, բարությունը, մեծահոգությունը, ուշադրությունը, գթասրտությունը և անեսասիրությունը (Սաղմոս 15։3–5; Առակաց 19։22)։ Մարկը, որ ծառայել է որպես միսիոներ Արևելյան Աֆրիկայում, ասում է. «Եղբայրների հետ ուս–ուսի ծառայելը ստեղծում է մի այնպիսի կապ, որը խզել հնարավոր չէ»։

7. Ի՞նչ է պահանջվում մեզանից, որպեսզի ժողովում քրիստոնեական կապվածություն վայելենք։

7 Ժողովում այդպիսի կապ ստեղծելու և պահպանելու համար եղբայրներն ու քույրերը պետք է մտերմանան իրար հետ։ Կանոնավորաբար հաճախելով քրիստոնեական հանդիպումներին՝ մենք ամրապնդում ենք մեր կապը նրանց հետ։ Ներկա լինելով հանդիպումներին, մասնակցելով դրանց, ինչպես նաև հանդիպումներից առաջ և հետո շփվելով մյուսների հետ՝ մենք քաջալերում ենք միմյանց ու մղում ‘սիրո և բարի գործերի’ (Եբրայեցիս 10։24, 25)։ «Ես հաճույքով եմ հիշում,— պատմում է ԱՄՆ–ում ապրող մի երեց,— երբ երեխա էի, մեր ընտանիքը միշտ նրանց թվում էր, ովքեր վերջինն էին հեռանում Թագավորության սրահից. հնարավորին չափ երկար էինք մնում՝ հաճույք ստանալով ընկերական և իմաստալից զրույցներից»։

Զգո՞ւմ ես ‘լայնանալու’ անհրաժեշտությունը

8. ա) Ի՞նչ էր ուզում ասել Պողոսը, երբ քրիստոնյաներին հորդորեց ‘լայնանալ’։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ժողովում գորովանքը ծաղկի։

8 Այդ կապվածությունը լիովին արտահայտելու համար գուցե հարկ լինի, որ ‘լայնանանք’ մեր սրտերում։ Պողոս առաքյալը հետևյալը գրեց Կորնթոսի ժողովին. «Մեր սիրտը լայնացած է։ Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք»։ Պողոսը հորդորեց նրանց, որ ի պատասխան իրենք էլ ‘լայնանան’ (Բ Կորնթացիս 6։11–13)։ Իսկ դու կարո՞ղ ես ‘լայնանալ’ գորովանք դրսևորելու մեջ։ Կարիք չկա սպասել, թե մյուսները երբ կմոտենան քեզ։ Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը գորովանք դրսևորելու անհրաժեշտությունը կապեց հետևյալ խորհրդի հետ. «Պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք» (Հռովմայեցիս 12։10)։ Հանդիպումների ժամանակ մյուսներին կարող ես պատիվ տալ, եթե առաջինը դու մոտենաս նրանց և ողջունես։ Կարող ես նաև հրավիրել նրանց միասին ծառայության դուրս գալ կամ պատրաստվել ժողովի հանդիպմանը։ Այդպես անելով՝ մենք ճանապարհ ենք հարթում, որ գորովանքը ծաղկի։

9. Ի՞նչ քայլեր են ոմանք արել, որպեսզի դառնան իրենց հավատակիցների մտերիմ ընկերները (պատմեք օրինակներ)։

9 Ժողովի անդամները ինչպես ընտանիքով, այնպես էլ անհատապես կարող են ‘լայնանալ’՝ միմյանց այցելելով։ Օրինակ՝ կարող ենք միասին համեստ ճաշկերույթ վայելել, ինչպես նաև հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել (Ղուկաս 10։42; 14։12–14)։ Հակոբը ժամանակ առ ժամանակ փոքրաթիվ խմբերի համար զբոսախնջույքներ է կազմակերպում։ «Գալիս են բոլոր տարիքի մարդիկ, այդ թվում միայնակ ծնողներ,— պատմում է նա։— Ամեն մեկն էլ տուն է վերադառնում հաճելի հիշողություններով, և նրանք զգում են, որ ավելի են մտերմացել»։ Մենք քրիստոնյաներ ենք ու պետք է ջանանք լինել ոչ միայն հավատակիցներ, այլև իսկական ընկերներ (Գ Յովհաննէս 14)։

10. Ի՞նչ կարող ենք անել, երբ մեր փոխհարաբերությունները եղբայրների հետ լարվում են։

10 Երբեմն, սակայն, մարդկային անկատարությունը կարող է դժվարություններ ստեղծել ընկերություն հաստատելու և ջերմ զգացմունքներ զարգացնելու մեջ։ Ի՞նչ կարող ենք անել։ Նախևառաջ մենք կարող ենք Եհովային աղոթել, որ լավ հարաբերություններ ունենանք մեր եղբայրների հետ։ Աստված կպատասխանի նման անկեղծ աղոթքներին, քանզի նրա կամքն է, որ իր ծառաները իրար հետ լավ փոխհարաբերությունների մեջ լինեն (Ա Յովհաննէս 4։20, 21; 5։14, 15)։ Բացի այդ, մենք պետք է գործենք մեր աղոթքներին համաձայն։ Ռիկը, որ Արևելյան Աֆրիկայում շրջագայական ծառայության մեջ է, հիշում է մի եղբոր, որն իր կոպիտ բնավորության պատճառով դժվարանում էր ուրիշների հետ լեզու գտնել։ «Եղբորից խուսափելու փոխարեն՝ ես վճռեցի ավելի լավ ճանաչել նրան,— պատմում է Ռիկը։— Պարզվեց, որ եղբոր հայրը խստապահանջ մարդ է եղել։ Հասկանալով, թե ինչ ճիգեր էր գործադրում եղբայրը այդ թերությունը հաղթահարելու համար և թե ինչ հաջողությունների էր հասել՝ ես ուղղակի հիացել էի նրանով։ Մենք մտերիմ ընկերներ դարձանք» (Ա Պետրոս 4։8)։

Սիրտդ բա՛ց արա

11. ա) Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի ժողովում եղբայրների միջև ջերմ զգացմունքներն աճեն։ բ) Ինչո՞ւ մյուսներից հեռու մնալը կարող է հոգևորապես վնասել։

11 Մեր օրերում մարդկանց կյանքն անցնում գնում է, բայց նրանք այդպես էլ ոչ մի մտերիմ ընկեր չեն ունենում։ Որքա՜ն ցավալի է։ Քրիստոնեական ժողովում տեղին չէ և չպետք է այդպես լինի։ Իսկական եղբայրասիրությունը ընդամենը կիրթ խոսակցություն և քաղաքավարի վարվեցողություն չէ, և ոչ էլ դա բուռն զգացմունքների տարափ տեղալն է մյուսների վրա։ Ավելի շուտ, մենք պետք է ցանկանանք բացել մեր սիրտը, ինչպես որ Պողոսն իր սիրտը բացեց կորնթացիներին, և մեր հավատակիցներին ցույց տանք, որ իսկապես անհանգստացած ենք նրանց բարօրությամբ։ Ճիշտ է, ամեն մեկս բնականից շփվող ու զրուցասեր չէ, սակայն եթե չափազանց ինքնամփոփ լինենք, ապա ինքներս մեզ կվնասենք։ «Ինքնահաճոյ [«զատուող», ԱԱ, ծան.] մարդը ցանկութիւն է որոնում,— զգուշացնում է Աստվածաշունչը։— Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է» (Առակաց 18։1)։

12. Ի՞նչ կենսական դեր է խաղում բաց հաղորդակցությունը ժողովի անդամների հետ մտերիմ հարաբերություններ պահպանելու հարցում։

12 Բաց հաղորդակցությունը առանցքային նշանակություն ունի իսկական ընկերության համար (Յովհաննէս 15։15)։ Բոլորս էլ կարիք ունենք այնպիսի ընկերների, որոնց կկարողանայինք վստահել մեր նվիրական զգացումներն ու մտքերը։ Բացի այդ, ինչքան լավ ենք ճանաչում իրար, այնքան ավելի հեշտությամբ ենք բավարարում միմյանց կարիքները։ Այս ձևով միմյանց շահերով հետաքրքրվելը կնպաստի, որ ժողովում գորովանքը ծաղկի, և մենք կտեսնենք Հիսուսի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35; Փիլիպպեցիս 2։1–4)։

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ իսկական գորովանք ենք տածում մեր եղբայրների հանդեպ։

13 Որպեսզի մեր գորովանքը լավագույն պտուղներ բերի, մենք պետք է արտահայտենք այն (Առակաց 27։5)։ Եթե իսկապես կապվածություն ենք զգում մարդկանց հանդեպ, ապա, ամենայն հավանականությամբ, դա կերևա մեր դեմքից, որն էլ կմղի նրանց արձագանքելու մեր գորովանքին։ «Աչքի զուարթութիւնը զուարթացնում է սիրտը»,— ասում է աստվածաշնչյան մի առակ (Առակաց 15։30)։ Իմաստալից գործերը նույնպես նպաստում են ջերմ կապվածության առաջացմանը։ Թեև փողով հնարավոր չէ գնել իսկական կապվածությունը, սակայն սրտանց տրված նվերը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ ստացողի համար։ Բացիկը, նամակը և «յարմար ժամանակին խօսուած խօսքը» ջերմ գորովանք արտահայտելու ձևեր են (Առակաց 25։11; 27։9)։ Մարդկանց հետ ընկերություն հաստատելուց հետո մենք պետք է պահպանենք այն՝ շարունակելով անեսասեր կապվածություն դրսևորել նրանց հանդեպ։ Եվ հատկապես մենք կձգտենք նրանց կողքին լինել, երբ նրանք նեղության մեջ լինեն։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17։17)։

14. Ի՞նչ կարող ենք անել, եթե մեզ թվում է, թե ինչ–որ մեկը չի արձագանքում մեր ցուցաբերած գորովանքին։

14 Իրականությունն այն է, որ մենք չպետք է ակնկալենք, թե մտերիմ կլինենք ժողովի բոլոր անդամների հետ։ Բնականաբար, ոմանց հետ ավելի մտերիմ կլինենք, քան մյուսների։ Ուստի եթե քեզ թվում է, թե որևէ մեկն այնպես ջերմ չէ քո հանդեպ, ինչպես որ կցանկանայիր, հապճեպորեն մի եզրակացրու, թե խնդիրը քեզանում է կամ նրանում։ Մի փորձիր հարկադրել նրան մտերմանալու քեզ հետ։ Եթե պարզապես փորձես այդ անհատի հետ լինել այնքան ընկերական, ինչքան որ նա է թույլ տալիս, ապա հետագա մտերիմ հարաբերությունների առջև դուռը բաց կպահես։

‘Ես հավանեցի քեզ’

15. Մարդկանց վրա ի՞նչ ազդեցություն է թողնում գովասանքը կամ դրա բացակայությունը։

15 Որքա՜ն պետք է որ ուրախացած լիներ Հիսուսը, երբ իր մկրտության ժամանակ երկնքից լսեց հետևյալ խոսքերը. «Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի» (Մարկոս 1։11)։ Հավանություն արտահայտող այս խոսքերը պետք է որ խորացրած լինեին Հիսուսի համոզվածությունն այն բանում, որ Հայրը գորովանք է զգում իր հանդեպ (Յովհաննէս 5։20)։ Ցավոք, ոմանք ընդհանրապես չեն լսում այսպիսի գովասանական խոսքեր այն մարդկանցից, որոնց հարգում և սիրում են։ «Ինձ պես շատ պատանիների ընտանիքի անդամներ չեն կիսում նրանց քրիստոնեական համոզմունքները,— նշում է Էնը։— Տանը միայն քննադատություն ես լսում։ Սա շատ է տխրեցնում»։ Բայց երբ նրանք դառնում են ժողովի անդամ, սկսում են զգալ այն ջերմությունը, որ ցուցաբերում է հոգատար և օգնության հասնող հոգևոր ընտանիքը՝ իրենց հավատը կիսող հայրերն ու մայրերը, եղբայրներն ու քույրերը (Մարկոս 10։29, 30; Գաղատացիս 6։10)։

16. Ինչո՞ւ ուրիշների հանդեպ քննադատական վերաբերմունք դրսևորելը օգտակար չէ։

16 Որոշ մշակույթներում ծնողները, մեծահասակները և ուսուցիչները հազվադեպ են սրտանց գովում պատանիներին ու երեխաներին՝ կարծելով, թե գովասանքը նրանց ինքնահավան ու հպարտ կդարձնի։ Նման մտածելակերպը կարող է թափանցել նույնիսկ քրիստոնեական ընտանիք ու ժողով։ Կարծիք հայտնելով պատանու ելույթի կամ նրա գործադրած ուրիշ ջանքերի վերաբերյալ՝ մեծահասակ անձնավորությունը գուցե ասի. «Լավ էր, բայց կարող ես ավելին անել»։ Մեկ ուրիշ ձևով՝ նա գուցե նույնիսկ իր դժգոհությունն արտահայտի։ Շատերը մտածում են, թե վարվելով այդպես՝ պատանուն մղում են հասնելու իր հնարավորությունների լիակատար գործադրմանը։ Սակայն նման մոտեցումը հաճախ հակառակ արդյունք է բերում, քանի որ պատանին գուցե թևաթափ լինի կամ ունենա այնպիսի զգացում, թե ի վիճակի չէ արդարացնել սպասելիքները։

17. Ինչո՞ւ պետք է հնարավորություններ փնտրենք գովելու ուրիշներին։

17 Բայցևայնպես, գովեստի խոսքերը չպետք է ասվեն զուտ որպես նախաբան խորհուրդ տալիս։ Անկեղծ գովասանքը նպաստում է, որ ընտանիքում և ժողովում գորովալից մթնոլորտ տիրի, ինչի շնորհիվ էլ պատանիները մղվում են փնտրելու փորձառու եղբայրների և քույրերի խորհուրդը։ Ուրեմն, եկեք թույլ չտանք, որ մշակույթը թելադրի մեզ, թե ինչպես վարվել մարդկանց հետ, այլ դրա փոխարեն թող որ «նոր մարդին հագնէ[ն]ք՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը»։ Գովիր այնպես, ինչպես Եհովան (Եփեսացիս 4։24)։

18. ա) Պատանինե՛ր ու երեխանե՛ր, ինչպե՞ս պետք է վերաբերվեք մեծերի տված խորհրդին։ բ) Ինչո՞ւ են մեծահասակները լրջորեն մոտենում այն բանին, թե ինչպե՛ս են խորհուրդ տալիս։

18 Բայց մյուս կողմից, պատանինե՛ր ու երեխանե՛ր, մի կարծեք, որ եթե մեծահասակները ուղղում են ձեզ կամ խորհուրդ են տալիս, նշանակում է, թե նրանք ձեզ չեն սիրում (Ժողովող 7։9)։ Ընդհակառա՛կը։ Ամենայն հավանականությամբ, նրանք անհանգստանում են ձեզանով, ու ջերմ գորովանքն է մղում նրանց դա անել։ Այլապես ինչո՞ւ են նրանք իրենց վրա դժվարություն վերցնում՝ տվյալ հարցի մասին խոսելու ձեզ հետ։ Գիտենալով, թե ինչ ազդեցություն կարող են խոսքերը ունենալ անհատի վրա՝ մեծահասակները, մասնավորապես երեցները, նախքան խորհուրդ տալը հաճախ բավական ժամանակ են տրամադրում խորհրդածելուն և աղոթելուն, որովհետև նրանք ցանկանում են միայն բարիք անել (Ա Պետրոս 5։5)։

Եհովան լի է գորովանքով

19. Ինչո՞ւ հիասթափություն ապրած անձինք կարող են Եհովային դիմել աջակցության համար։

19 Նախկինում ունեցած դառը փորձի պատճառով ոմանք գուցե մտածեն, թե գորովանք արտահայտելը միայն հավելյալ հիասթափությունների դուռ է բացում։ Նրանցից քաջություն և ամուր հավատ է պահանջվում, որպեսզի կարողանան իրենց սիրտը բացել ուրիշներին։ Բայց նրանք երբեք չպետք է մոռանան, որ Եհովան «հեռու չէ մեր ամեն մէկիցը»։ Նա հրավիրում է մեզ մոտենալ իրեն (Գործք 17։27; Յակոբոս 4։8)։ Նա նաև հասկանում է, որ մենք վիրավորվելու մտավախություններ ունենք, և խոստանում է մեր կողքին լինել ու օգնել։ Սաղմոսերգու Դավիթը վստահեցնում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։

20, 21. ա) Որտեղի՞ց գիտենք, որ կարող ենք մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ բ) Եհովայի հետ մտերմություն վայելելու համար ի՞նչ է պահանջվում։

20 Եհովայի հետ մտերիմ հարաբերությունները ամենակարևոր փոխհարաբերություններն են, որ հնարավոր է զարգացնել։ Բայց արդյո՞ք այդպիսի կապը իսկապես հնարավոր է։ Այո՛։ Աստվածաշունչը հայտնում է, որ արդար տղամարդիկ ու կանայք իրենց անչափ մոտ են զգացել մեր երկնային Հորը։ Նրանց ջերմ խոսքերը մինչև օրս պահպանվել են, որպեսզի մեր մեջ վստահություն ներշնչեն, որ մենք նույնպես կարող ենք մոտենալ Եհովային (Սաղմոս 23, 34, 139; Յովհաննէս 16։27; Հռովմայեցիս 15։4)։

21 Իր հետ մտերմություն հաստատելու համար Եհովան այնպիսի պահանջներ է սահմանել, որ յուրաքանչյուրս էլ կարող է բավարարել։ «Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը,— հարցրեց Դավիթը։— Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը» (Սաղմոս 15։1, 2; 25։14)։ Տեսնելով, որ Աստծուն ծառայելով լավ պտուղներ ենք քաղում և ստանում ենք նրա առաջնորդությունն ու պաշտպանությունը՝ մենք կհասկանանք, որ Եհովան լի է գորովանքով (Յակոբոս 5։11, ՆԱ)։

22. Եհովան ցանկանում է, որ ինչպիսի՞ փոխհարաբերություններ տիրեն իր ժողովրդի մեջ։

22 Ի՜նչ մեծ օրհնություն է մեզ համար, որ Եհովան ցանկանում է անձնական փոխհարաբերություններ ունենալ անկատար մարդկանց հետ։ Ուստի չպե՞տք է արդյոք գորովալից լինենք միմյանց նկատմամբ։ Եհովայի օգնությամբ ամեն մեկս էլ կարող է ինչպես արտահայտել, այնպես էլ ստանալ գորովանք, որը հատկանշական է մեր քրիստոնեական եղբայրությանը։ Աստծո Թագավորության ներքո բոլորն էլ գորովանքով կսիրեն միմյանց հավիտյան։

Կարո՞ղ եք բացատրել

• Ինչպիսի՞ մթնոլորտ պետք է տիրի քրիստոնեական ժողովում։

• Յուրաքանչյուրս ինչպե՞ս կարող է նպաստել, որ ժողովում գորովալից հարաբերություններ տիրեն։

• Ինչպե՞ս է անկեղծ գովասանքը նպաստում քրիստոնյաների միջև ջերմ կապվածությանը։

• Ինչպե՞ս է Եհովայի գորովանքը աջակցում ու ամրացնում մեզ։

[նկար 15–րդ էջի վրա]

Քրիստոնյաների միջև սերը ավելին է, քան լոկ պարտականություն

[նկար 17–րդ էջի վրա]

Կարո՞ղ ես ‘լայնանալ’ գորովանք ցուցաբերելու մեջ

[նկար 18–րդ էջի վրա]

Քննադատո՞ւմ ես, թե՞ քաջալերում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը