Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 11/1 էջ 23
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Դիմադրիր «աշխարհի ոգուն»
    2008 Դիտարան
  • Հարբեցողություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ճարպակալում. իրո՞ք լուրջ խնդիր է
    2005 Արթնացե՛ք
  • Հավասարակշռված տեսակետ ունեցիր ալկոհոլի օգտագործման հարցում
    2004 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 11/1 էջ 23

Ընթերցողների հարցերը

Ինչպե՞ս է քրիստոնեական ժողովը վերաբերվում որկրամոլությանը։

Աստծո Խոսքը դատապարտում է և՛ հարբեցողությունը, և՛ որկրամոլությունը՝ վարքի այնպիսի դրսևորումներ, որոնք անընդունելի են Աստծուն ծառայող անձանց համար։ Հետևաբար, քրիստոնեական ժողովը անուղղելի որկրամոլին վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես որ հարբեցողին։ Ո՛չ հարբեցողը և ո՛չ էլ որկրամոլը չեն կարող լինել քրիստոնեական ժողովի անդամ։

Առակաց 23։20, 21 համարներում գրված է. «Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։ Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կ’հագցնէ»։ Իսկ Բ Օրինաց 21։20–ում կարդում ենք «անզգամ եւ անհնազանդ» անձնավորության մասին, որն ըստ Մովսիսական օրենքի պետք է սպանվեր։ Համաձայն այս համարի՝ այդ ապստամբ և անզեղջ անհատը երկու բնորոշ գիծ ուներ. նա «լափող եւ լակող [«որկրամոլ ու գինեմոլ», ԱԱ]» էր։ Այստեղից պարզ երևում է, որ հին Իսրայելում նրանք, ովքեր ուզում էին ծառայել Աստծուն, պետք է հեռու մնային որկրամոլությունից։

Բայց ի՞նչ է որկրամոլությունը, և դրա մասին ի՞նչ են մեզ հայտնում Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Որկրամոլը այն անհատն է, որը ագահորեն ու անհագաբար ուտելու և խմելու սովորություն ունի։ Ուրեմն՝ որկրամոլությունը ագահության դրսևորումներից մեկն է, և Աստծո Խոսքը տեղեկացնում է, որ «ագահները» դասվում են այն մարդկանց շարքում, ովքեր Աստծո Թագավորությունը չեն ժառանգի (Ա Կորնթացիս 6։9, 10; Փիլիպպեցիս 3։18, 19; Ա Պետրոս 4։3)։ Բացի այդ, երբ Պողոս առաքյալը քրիստոնյաներին զգուշացրեց ‘մարմնի գործերից’ հեռու մնալու մասին, նա հիշատակեց «արբեցութիւններ, անառակութիւններ [«խրախճանքներ», ՆԱ], եւ ինչ որ սորանց նման են» (Գաղատացիս 5։19–21)։ Չափից շատ ուտելը հաճախ առկա է ‘արբեցությունների և խրախճանքների’ ժամանակ։ Եթե այդպես է, ուրեմն որկրամոլությունը առավել ևս մտնում է Պողոսի նշած «ինչ որ սորանց նման են» արտահայտության մեջ։ Ինչպես որ ‘մարմնի մյուս գործերի’ պարագայում է, այն քրիստոնյան, որը շատերի կողմից ճանաչված է իր որկրամոլությամբ, և որը համառորեն հրաժարվում է փոխել իր ագահ վարքը, պետք է հեռացվի ժողովից (Ա Կորնթացիս 5։11, 13)։a

Թեպետ Աստծո Խոսքը հարբեցողին և որկրամոլին նույն կարգին է դասում, այնուհանդերձ հարբեցողին բնորոշելը շատ ավելի հեշտ է, քան որկրամոլին։ Հարբեցողության նշանները սովորաբար ակնհայտ են լինում։ Սակայն, շատ ավելի դժվար է որոշել այն սահմանագիծը, որտեղ անհատը դառնում է անուղղելի որկրամոլ, քանի որ դա հնարավոր չէ բնորոշել ընդամենը արտաքինից։ Հետևաբար, որկրամոլության հարց քննելիս ժողովի երեցները պետք է ծայրաստիճան զգույշ և խորաթափանց լինեն։

Օրինակ՝ գիրությունը կարող է որկրամոլության նշան լինել, բայց միշտ չէ, որ դա այդպես է։ Անհատի չափազանց մեծ քաշը գուցե հիվանդության արդյունք է։ Ժառանգական գործոնները նույնպես կարող են գիրության պատճառ լինել։ Չպետք է նաև մոռանանք, որ գիրությունը ֆիզիկական վիճակ է, մինչդեռ որկրամոլությունը՝ մտավիճակ։ Գիրությունը մարմնի այն վիճակն է, որին հատուկ է չափազանց ճարպակալումը, այնինչ որկրամոլությունը ուտելու և խմելու ցանկությունը ագահաբար կամ չափից ավելի բավարարելու մղումն է։ Այսպիսով՝ որկրամոլությունը չի բնորոշվում ինչ–որ մեկի մարմնի չափերով, այլ կերակրի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքով։ Անհատը կարող է նորմալ, նույնիսկ նիհար կազմվածք ունենալ, սակայն լինել որկրամոլ։ Ու բացի այդ, իդեալական քաշի կամ կազմվածքի մասին մարդկանց տեսակետները վայրից վայր զգալիորեն տարբերվում են իրարից։

Իսկ որո՞նք են որկրամոլության նշանները։ Որկրամոլը որպես կանոն զսպվածության պակաս ունի և ագահաբար ուտելով հասնում է նույնիսկ այն աստիճանի, որ իրեն վատ է զգում, կամ էլ սրտխառնոց ունենում։ Ինքնատիրապետման պակասը վկայում է, որ նրան ամենևին էլ չի անհանգստացնում այն նախատինքը, որ նա բերում է Եհովայի, ինչպես նաև նրա ժողովրդի բարի անվան վրա (Ա Կորնթացիս 10։31)։ Մյուս կողմից, սակայն, եթե անհատը ուտելու մեջ երբեմն չափն անցնում է, ապա նրան չպետք է դիտել որպես «ագահ» անձնավորության (Եփեսացիս 5։5)։ Բայցևայնպես, համաձայն Գաղատացիս 6։1–ի սկզբունքի՝ այդ քրիստոնյան օգնության կարիք ունի։ Պողոսը գրեց. «Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով»։

Ուտելու հարցում չափն անցնելու մասին աստվածաշնչյան խորհուրդը ինչո՞ւ է կարևոր հատկապես այսօր։ Քանի որ մասնավորապես մեր օրերի համար Հիսուսը հետևյալն ասաց. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն» (Ղուկաս 21։34, 35)։ Ուրեմն, սննդի չարաշահումից խուսափելը կարևոր է հոգևորին վնասող կենսակերպից հեռու մնալու համար։

Չափավորությունը հիանալի քրիստոնեական հատկություն է (Ա Տիմոթէոս 3։2, 11, ՆԱ)։ Ուստի Եհովան անկասկած կօգնի բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար ձգտում են կիրառել Աստվածաշնչի այն խորհուրդները, որոնք վերաբերում են չափավորությամբ ուտելուն և խմելուն (Եբրայեցիս 4։16)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս 1987 թ. փետրվարի 1–ի «Դիտարանի» «Ընթերցողների հարցերը», ռուս. (կամ 1986 թ. մայիսի 1–ի համարը, անգլ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը