Ի՞նչ արժեք ունի ձեր կյանքը
ԱՌԱՋԻՆ աշխարհամարտի ժամանակ զոհաբերվեցին անթիվ–անհամար կյանքեր։ Մինչդեռ նույն ընթացքում Անտարկտիդայի մոտ տիտանական ջանքեր գործադրվեցին մարդկանց կյանքերը փրկելու ուղղությամբ։ Անգլո–իռլանդացի բևեռախույզ Էռնեստ Շեքլտոնն ու իր արշավախումբը նավաբեկության ենթարկվեցին։ Նրանց «Էնդյուրանս» նավը խորտակվեց՝ բախվելով մի սառցաբեկորի։ Սակայն Շեքլտոնին հաջողվեց փրկել իր ուղեկիցներին։ Նրանք ապաստան գտան Էլեֆանթ կղզու վրա (Ատլանտյան օվկիանոսի հարավում), որը հազիվ թե կարելի էր կղզի անվանել։ Նավաբեկյալներին լուրջ վտանգ էր սպառնում։
Փրկության միակ հույսը Շեքլտոնը կապում էր այն բանի հետ, որ իրենցից ոմանք հասնեին Հարավային Ջորջիա կղզու վրա գտնվող կետորսական կայան և օգնություն հայցեին։ Սակայն այդ կղզին գտնվում էր 1 100 կիլոմետր հեռավորության վրա, իսկ նա ուներ ընդամենը 7 մետր երկարությամբ մի նավակ, որը հաջողվել էր փրկել «Էնդյուրանսից»։ Ուստի փրկվելու հավանականությունը մեծ չէր։
Այնուամենայնիվ, 1916 թ. մայիսի 10–ին՝ 17 տանջալից օրերից հետո, Շեքլտոնը մի քանի հոգու հետ հասավ Հարավային Ջորջիա։ Չափազանց վատ եղանակի պատճառով նրանք ստիպված եղան ափ դուրս գալ կղզու հակառակ ծայրում։ Ուղևորներին 30 կիլոմետր ճանապարհ էր սպասում քարտեզի վրա չգծագրված, ձյունապատ լեռների միջով։ Չնայած բոլոր անբարենպաստ հանգամանքներին՝ զրոյից ցածր ջերմաստիճանին և լեռներ բարձրանալու համար համապատասխան սարքավորումներ չունենալուն՝ Շեքլտոնը հասավ իր նշանակման վայրը և ի վերջո փրկեց նաև Էլեֆանթ կղզում մնացած իր ուղեկիցներին։ Ինչո՞ւ նա այդքան ջանք թափեց։ Ահա թե ինչ է ասում կենսագիր Ռոլանդ Հանթֆորդը. «[Շեքլտոնի] նպատակներից մեկն էր փրկել իր մարդկանցից յուրաքանչյուրի կյանքը»։
«Մէկը չի կորչիլ»
Ինչո՞ւ Շեքլտոնի ուղեկիցները չհուսալքվեցին՝ փրկության սպասելով «դժգույն և անմատչելի մի սառցապատ ժայռաբեկորի [վրա], որ ծայրից ծայր 30 կիլոմետր երկարություն ուներ»։ Այդ անհատները վստահ էին, որ իրենց առաջնորդը կկատարի իր խոստումը և կազատի նրանց։
Մեր օրերում մարդկությունը շատ բաներով նման է Էլեֆանթ կղզի ընկած նավաբեկյալներին։ Շատերն ապրում են աներևակայելիորեն ծանր պայմաններում և մաքառում են լոկ իրենց գոյությունը պահպանելու համար։ Բայց նրանք կարող են լիովին վստահ լինել, որ Աստված «աղքատին կ’ազատէ» կեղեքումից ու նեղ վիճակից (Յոբ 36։15)։ Համոզված եղեք, որ Արարիչը թանկ է գնահատում յուրաքանչյուր մարդու կյանքը։ «Կանչիր ինձ նեղութեան օրումը,— ասում է Եհովա Աստված.— եւ ես կ’ազատեմ քեզ» (Սաղմոս 50։15)։
Անհավանակա՞ն եք համարում այն միտքը, որ Արարիչը կարող է բարձր գնահատել անձամբ ձեզ՝ երկրի միլիարդավոր բնակիչներից ընդամենը մեկին։ Այդ դեպքում ուշադրություն դարձրեք, թե ինչ գրեց Եսայիա մարգարեն մեր անսահման տիեզերքի միլիարդավոր գալակտիկաներում գտնվող միլիարդավոր աստղերի մասին. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում։ Միայն Ծիր կաթին գալակտիկան (մեր արեգակնային համակարգը ընդամենը նրա մի մասն է) բաղկացած է առնվազն 100 միլիարդ աստղերից։ Իսկ որքա՞ն է գալակտիկաների թիվը։ Ոչ ոք ճշգրտորեն չի կարող ասել, սակայն ոմանց հաշվարկներով՝ 125 միլիարդ։ Ուրեմն որքա՜ն պետք է լինի աստղերի թիվը։ Եվ տիեզերքի Արարիչը գիտի այս աստղերից յուրաքանչյուրի անունը, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը։
«Ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են»
Ոմանք գուցե առարկեն. «Եթե որևէ մեկը գիտի միլիարդավոր աստղերի կամ թեկուզ մարդկանց անունները, դա դեռ չի նշանակում, որ նա հոգ է տանում նրանց մասին»։ Օրինակ՝ լավ հիշողություն ունեցող համակարգչում կարելի է գրանցել միլիարդավոր մարդկանց անուններ։ Սակայն ոչ ոքի մտքով անգամ չի անցնի, որ այդ համակարգիչը հոգ է տանում նրանցից որևէ մեկի մասին։ Բայց ինչպես տեղեկացնում է Աստվածաշունչը, Եհովա Աստված ոչ միայն գիտի թվով միլիարդների հասնող մարդկանց անունները, այլև հոգ է տանում նրանցից յուրաքանչյուրի մասին անհատապես։ «Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք,— գրեց Պողոս առաքյալը,— որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։7)։
Հիսուս Քրիստոսն ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։ Ուրեմն մի վախենաք. դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք [«ավելի արժեք ունեք», ԱՆԹ]» (Մատթէոս 10։29–31)։ Ուշադրության է արժանի, որ Հիսուսը չասաց, թե Աստված ուղղակի տեղյակ կլինի ճնճղուկի կամ մարդու հետ պատահածին, այլ նշեց. «Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք [«ավելի արժեք ունեք», ԱՆԹ]»։ Ինչո՞ւ եք դուք ավելի արժեքավոր։ Որովհետև ստեղծված եք «Աստուծոյ պատկերովը» և ունակ եք մշակել ու դրսևորել բարոյական, մտավոր և հոգևոր հատկություններ՝ արտացոլելով նրա վեհ հատկությունները (Ծննդոց 1։26, 27)։
«Բանական էակի գործունեության արդյունք»
Մոլորության մեջ մի ընկեք այն մարդկանց խոսքերից, որոնք մերժում են Արարչի գոյությունը։ Նրանց կարծիքով՝ դուք ստեղծվել եք բնության կույր, դիմազուրկ ուժերի կողմից։ Այդ մարդիկ պնդում են, թե դուք ամենևին էլ արարված չեք «Աստուծոյ պատկերովը» և որևէ ձևով չեք տարբերվում այս մոլորակի կենդանական աշխարհի մյուս բոլոր ներկայացուցիչներից, այդ թվում ճնճղուկներից։
Մի՞թե խելքին մոտ է թվում այն միտքը, որ կյանքն այստեղ առաջ է եկել սոսկ պատահականության, կամ՝ կույր ուժերի ներգործության արդյունքում։ Ինչպես նշում է մոլեկուլային կենսաբան Մայքլ Բիհին, կյանքի պահպանմանը նպաստող «անհավանականորեն բարդ կենսաքիմիական գործընթացները» հիմնավորապես փաստում են այդ գաղափարի անտրամաբանական լինելը։ Նրա խոսքերով՝ կենսաքիմիայի բացահայտած փաստերն անհերքելիորեն ապացուցում են հետևյալը. «Կյանքը երկրի վրա՝ իր ամենատարրական մակարդակից.... բանական էակի գործունեության արդյունք է» («Darwin’s Black Box—The Biochemical Challenge to Evolution»)։
Աստվածաշունչը ասում է, որ կյանքը երկրի վրա՝ իր բոլոր մակարդակներում, արդյունք է բանական էակի գործունեության։ Այդ գիրքը հայտնում է նաև, որ նման բոլոր գործունեությունների Աղբյուրը Եհովա Աստված է՝ տիեզերքի Արարիչը (Սաղմոս 36։9; Յայտնութիւն 4։11)։
Այն իրողությունը, որ աշխարհը լի է ցավով ու տառապանքով, թող չխանգարի ձեզ հավատալ երկրագնդի և կյանքի Արարչի գոյությանը։ Ուստի ձեր մտքում պահեք երկու կարևոր ճշմարտություններ։ Նախ՝ Աստված չի ստեղծել այն անկատարությունը, որ կա մեր շուրջը։ Եվ երկրորդ՝ մեր Արարիչը հիմնավոր պատճառներ ունի ժամանակավորապես դա թույլատրելու։ Ինչպես բազմիցս նշվել է «Դիտարան» պարբերագրում, Եհովա Աստված սահմանափակ ժամանակով է թույլատրել չարությունը լոկ այն պատճառով, որ մեկընդմիշտ լուծում տա որոշ բարոյական հարցերի։ Դրանք ծագեցին այն ժամանակ, երբ մարդիկ առաջին անգամ մերժեցին նրա գերիշխանությունըa (Ծննդոց 3։1–7; Բ Օրինաց 32։4, 5; Ժողովող 7։29; Բ Պետրոս 3։8, 9)։
«Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է»
Ինչ խոսք, չնայած այն ծանր պայմաններին, որ շատերին այսօր տառապանք են պատճառում, կյանքը, միևնույն է, հրաշալի պարգև է։ Եվ մենք հնարավորության սահմաններում ամեն բան անում ենք այն պահպանելու համար։ Իսկ ապագա կյանքը, որ խոստանում է Աստված, շատ ավելի լուսավոր է լինելու, քան ծանր ու թշվառ պայմաններում գոյության կռիվ մղելը, ինչպես որ եղավ Էլեֆանթ կղզու վրա գտնվող մարդկանց դեպքում։ Աստծու նպատակն է փրկել մեզ ներկայիս խղճուկ և ունայն վիճակից, որպեսզի մենք կարողանանք «ձեռք բերե[լ] ճշմարիտ կեանքը», որը նա ի սկզբանե նախատեսել էր իր ստեղծած մարդկանց համար (Ա Տիմոթէոս 6։19, ԷԹ)։
Աստված կիրականացնի այս ամենը, քանի որ թանկ է համարում մեզանից յուրաքանչյուրին։ Նա իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով տվեց այն քավիչ զոհաբերությունը, որն անհրաժեշտ էր մեզ մեղքից, անկատարությունից և մահից ազատելու համար. բաներ, որ ժառանգել ենք մեր նախածնողներից՝ Ադամից ու Եվայից (Մատթէոս 20։28)։ «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը,— ասաց Հիսուս Քրիստոսը,— որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը.... յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։
Ի՞նչ կանի Եհովան այն անհատների համար, որոնց կյանքը մռայլված է դառնությամբ ու կեղեքումով։ Ահա թե իր Որդու վերաբերյալ ինչ է ասում Արարիչը իր ներշնչյալ Խոսքում. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը»։ Ինչո՞ւ Աստված կանի դա։ Որովհետև «նորանց արիւնը [կամ՝ կյանքը] պատուական կ’լինի նորա առաջին» (Սաղմոս 72։12–14)։
Դարեր շարունակ մարդկությունը ճգնել է մեղքի ու անկատարության բեռի տակ, այսպես ասած՝ ‘հառաչել’ ցավից ու տառապանքից։ Աստված թույլ է տվել այս ամենը՝ գիտենալով, որ ի զորու է ամոքել դրա հետևանքով հասցված ցանկացած վերք (Հռովմայեցիս 8։18–22)։ Շատ շուտով, սակայն, նա կբերի վերականգնման ժամանակները իր Որդի Հիսուս Քրիստոսի ձեռքում գտնվող Թագավորության միջոցով (Գործք 3։21, ՆԱ; Մատթէոս 6։9, 10)։
Սա նշանակում է նաև, որ բոլոր այն մարդիկ, ովքեր անցյալում տառապել ու մահացել են, հարություն կառնեն։ Նրանք ապահով վիճակում են՝ Աստծու հիշողության մեջ (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։ Շուտով այդ անհատները «առատորեն» (ՆԱ) կյանք կունենան (Յովհաննէս 10։10; Յայտնութիւն 21։3–5)։ Երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ լիարժեքորեն կվայելի կյանքը և կկարողանա զարգացնել այն հրաշալի հատկություններն ու հմտությունները, որոնք հատկանշական են «Աստուծոյ պատկերովը» ստեղծվածներին։
Արդյոք կլինե՞ք այն անհատների թվում, ովքեր կվայելեն Եհովայի խոստացած կյանքը։ Դա կախված է ձեզանից։ Քաջալերում ենք ձեզ ընդունել Աստծու կողմից նախատեսված այն միջոցները, որոնց օգնությամբ հնարավորություն կստանաք վայելելու բոլոր այդ օրհնությունները։ Այս պարբերագրի հրատարակիչները ուրախ կլինեն օգնել ձեզ այդ հարցում։
[ծանոթագրություն]
a Այս հարցին ավելի մանրամասն ծանոթանալու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 8–րդ գլուխը («Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը»)։
[նկար 4–րդ, 5–րդ էջերի վրա]
Նավաբեկյալները վստահ էին, որ Շեքլտոնը կկատարի նրանց փրկելու վերաբերյալ իր խոստումը
[թույլտվությամբ]
© CORBIS
[նկար 6–րդ էջի վրա]
«Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք»