Հրաշքներ. հեքիա՞թ, թե՞ իրականություն
ԱՆՑՆՈՂ մեքենայի վրա փակցված գրությունը՝ «Հրաշքներ պատահում են. դիմիր հրեշտակներին», անմիջապես գրավեց մի տղամարդու ուշադրությունը։ Թեև նա կրոնասեր անձնավորություն էր, սակայն վստահ չէր, թե դա ինչ էր նշանակում։ Արդյո՞ք այդ գրությունը նշանակում էր, որ մեքենայի տերը հավատում է հրաշքների։ Թե՞ դա հեգնանք էր, որն արտահայտում էր թերահավատություն և՛ հրաշքների, և՛ հրեշտակների նկատմամբ։
Հավանաբար քեզ կհետաքրքրի գերմանացի գրող Մանֆրեդ Բարտելի խոսքերը. «Հրաշք. սա մի բառ է, որն անմիջապես ընթերցողներին բաժանում է երկու հակամարտ խմբերի»։ Նրանք, ովքեր հավատում են հրաշքներին, համոզված են, որ դրանք իսկապես տեղի են ունենում ու թերևս՝ հաճախ։a Օրինակ՝ ըստ մի տեղեկատվության՝ Հունաստանում վերջին տարիներին հավատացյալները պնդում են, որ մոտավորապես ամիսը մեկ անգամ հրաշքներ են տեղի ունենում։ Այդ է պատճառը, որ հունական ուղղափառ եկեղեցու մի եպիսկոպոս զգուշացրեց. «Հավատացյալը հակված է մարդկային հատկություններ վերագրելու Աստծուն, Մարիամին ու սրբերին։ Հավատացյալները չպետք է շատ հեռու գնան այս հարցում»։
Որոշ երկրներում հավատը հրաշքների հանդեպ այնքան էլ տարածված չէ։ Ըստ Ալենսբախի հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի տվյալների, որոնք հրապարակվել են 2002 թ.–ին Գերմանիայում՝ գերմանացիների 71 տոկոսը հրաշքները համարում է հեքիաթ և ոչ թե իրականություն։ Սակայն մեկ երրորդից քիչ մասի մեջ, որ հավատում է հրաշքների, կային երեք կանայք, որոնք ասում էին, թե Կույս Մարիամից պատգամ են ստացել։ Մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Մարիամը հրեշտակների ու աղավնու ուղեկցությամբ «հայտնվել» էր նրանց, գերմանական «Վեստֆալենփոստ» լրագիրը տեղեկացրեց. «Մինչև օրս մոտ 50 000 ուխտագնացներ՝ մարդիկ, որոնք բուժում են փնտրում, ինչպես նաև պարզապես հետաքրքրասերներ, մեծ հետաքրքրություն են հանդես բերել այդ կանանց տեսած տեսիլքների հանդեպ»։ Սպասվում էր, որ 10 000 մարդ էլ խմբվելու է այդ գյուղում՝ ականատես լինելու Մարիամի հետագա հայտնություններին։ Ասում են, որ Մարիամը հայտնվել է նաև Լուրդում (Ֆրանսիա) 1858 թ.–ին և Ֆատիմայում (Պորտուգալիա) 1917 թ.–ին։
Ի՞նչ կարելի է ասել ոչ քրիստոնեական կրոնների մասին
Գրեթե բոլոր կրոններում գոյություն ունի հավատ հրաշքների հանդեպ։ «Կրոնի հանրագիտարանում» բացատրվում է, որ բուդդայականության, քրիստոնեության և մահմեդականության հիմնադիրները տարբեր տեսակետներ են ունեցել հրաշքների վերաբերյալ, բայց նաև ավելացվում է. «Այս կրոնների պատմությունը միանշանակ ցույց է տալիս, որ հրաշքները և հրաշքների մասին պատմությունները մարդու կրոնական կյանքի անբաժանելի մասն են եղել» («The Encyclopedia of Religion»)։ Հանրագիտարանը նշում է, որ «Բուդդան անձամբ երբեմն հրաշքներ է գործել»։ Հետագայում, երբ «բուդդայականությունը արմատներ գցեց Չինաստանում, նրա միսիոներները հաճախ ցուցադրում էին հրաշքներ գործելու իրենց զորությունը»։
Հիշատակելով մի քանի նման ենթադրյալ հրաշքներ՝ հանրագիտարանը եզրակացնում է. «Անհատը գուցե պատրաստ չլինի ընդունելու հրաշքների մասին այդ բոլոր պատմությունները, որ պատմել են բարեպաշտ կենսագիրները, այդուհանդերձ դրանք, անկասկած, հորինվել են բարի մտադրությամբ՝ փառաբանելու Բուդդային, որը կարողություն ուներ իր ջերմեռանդ հետևորդներին օժտելու հրաշքներ գործելու զորությամբ»։ Ինչ վերաբերում է մահմեդականությանը, նույն աշխատությունում ասվում է. «Մահմեդականների մեծամասնությունը երբեք չի դադարել հրաշքներ ակնկալելուց։ Ավանդություններում Մահմեդը ներկայացվում է որպես մի անձնավորություն, որը բազմաթիվ առիթներով հրաշքներ է գործում հանրության առջև։ .... Մարդիկ հավատում են, որ սրբերը նույնիսկ մահվանից հետո իրենց գերեզմանների մոտ հրաշքներ են գործում հօգուտ հավատարիմների, և նրանք ջերմեռանդորեն ակնկալում են սրբերի միջամտությունը»։
Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնեության մասին
Քրիստոնեություն դավանող շատ մարդիկ տարբեր տեսակետներ ունեն այս հարցում։ Ոմանք փաստ են համարում այն ամենը, ինչ Աստվածաշունչն ասում է Հիսուս Քրիստոսի կամ Աստծու նախաքրիստոնեական ժամանակների ծառաների կատարած հրաշքների մասին։ Սակայն շատերն էլ այլ կարծիքի են։ Նրանք համաձայն են բողոքական բարեփոխիչ Մարտին Լյութերի տեսակետին։ «Կրոնի հանրագիտարանում» ասվում է. «Ե՛վ Լյութերը, և՛ Կալվինը գրել են, որ հրաշքների դարն անցել է ու չպետք է սպասել, որ հրաշքներ կլինեն»։ Իսկ կաթոլիկ եկեղեցին շարունակում է հավատալ հրաշքների՝ «առանց փորձելու դրանք բացատրել բանականությամբ», ինչպես ասվում է այդ աշխատության մեջ։ Այնուամենայնիվ, «բողոքականների մտավորական խավը եկավ այն համոզմունքին, որ քրիստոնեություն դավանելը հիմնականում կապ ունի բարոյականության հետ, և որ ո՛չ Աստված, ո՛չ ոգեղեն աշխարհը առանձնապես չեն առնչվում մարդկանց կյանքին կամ ներգործում դրա վրա»։
Իրենց քրիստոնյա համարող այլ անհատներ էլ, այդ թվում հոգևորականներ կասկածում են, որ Աստվածաշնչում հիշատակված հրաշքները իրականում տեղի են ունեցել։ Օրինակ՝ այրվող թփի վերաբերյալ դրվագը, որ հիշատակվում է Աստվածաշնչի «Ելից» գրքի 3–րդ գլխի 1–5-րդ համարներում։ «Ի՞նչ է Աստվածաշունչն իրականում ասում» գրքում նշվում է, որ գերմանացի մի շարք աստվածաբաններ չեն ընդունում, թե այդ հրաշքը իրականում տեղի է ունեցել («What the Bible Really Says»)։ Այդ հրաշքը, ըստ նրանց, «խորհրդանշում է Մովսեսի ներքին պայքարը իր խղճի ցավոտ ծակոցների և այրող խայթերի դեմ»։ Գիրքը շարունակում է. «Կրակի բոցերի տակ կարելի է հասկանալ նաև ծաղիկներ, որոնք ծաղկել են Աստծու ներկայության շողերի ներքո»։
Գուցե նման բացատրությունը ձեզ չի բավարարում։ Այդ դեպքում ինչի՞ն կհավատաք։ Իրատեսակա՞ն կլինի հավատալ, որ հրաշքներ երբևէ տեղի են ունեցել։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ժամանակակից հրաշքների մասին։ Եթե չենք կարող դիմել հրեշտակներին, ապա ո՞ւմ կարող ենք դիմել։
Աստվածաշնչի տեսակետը
Ոչ ոք չի կարող հերքել Աստվածաշնչի հաղորդագրություններն այն մասին, որ Աստված անցյալում երբեմն մարդկային տեսանկյունից անկարելի գործեր է արել։ Աստծու մասին մենք կարդում ենք. «Հանեցիր քո Իսրայէլ ժողովրդին Եգիպտոսի երկրիցը նշաններով եւ հրաշքներով եւ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ մեծ ահարկութեամբ» (Երեմիա 32։21)։ Պատկերացրե՛ք միայն. այն օրերի ամենահզոր ազգը ծնկի բերվեց Աստծու տասը պատուհասներով, որոնց մեջ էր մտնում նաև առաջնեկներին սպանելու պատուհասը։ Սրանք իսկապես հրաշքներ էին (Ելից, գլուխ 7–14)։
Դարեր անց չորս ավետարանագիրները արձանագրեցին Հիսուսի կողմից արված մոտ 35 հրաշքներ։ Իրականում նրանց խոսքերից հետևում է, որ Հիսուսը նույնիսկ ավելի շատ հրաշքներ է գործել, քան իրենք արձանագրել են։ Այդ հաղորդագրությունները հեքիա՞թ են, թե՞ իրականություն (Մատթէոս 9։35; Ղուկաս 9։11)։b
Եթե Աստվածաշունչն այն է, ինչ հավակնում է լինել, այսինքն՝ Աստծու ճշմարտության Խոսք, ուրեմն դուք հիմնավոր պատճառ ունեք հավատալու այն հրաշքներին, որոնց մասին այդ գիրքը խոսում է։ Աստվածաշունչն ինչպես որ հստակորեն ասում է, որ անցյալում հրաշքներ տեղի են ունեցել՝ հրաշքով բուժումներ, հարության դեպքեր և այլն, այնպես էլ հստակորեն բացատրում է, որ նման հրաշքներ այլևս տեղի չեն ունենում (տե՛ս «Ինչո՞ւ անցյալի հրաշքներն այլևս տեղի չեն ունենում» շրջանակը, էջ 4)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նույնիսկ այն անձինք, ովքեր ընդունում են Աստվածաշնչի ճշմարտացիությունը, ժամանակակից հրաշքների նկատմամբ հավատը անհիմն են համարում։ Հաջորդ հոդվածը պատասխանում է այս հարցին։
[ծանոթագրություններ]
a «Հրաշք» բառը այս հոդվածում օգտագործված է այն իմաստով, որը տրվում է մի աստվածաշնչային բառարանում. «Երևույթ ֆիզիկական աշխարհում, որի տեղի ունենալուն նպաստող ուժերը գերազանցում են մարդու և բնության բոլոր հայտնի ուժերին, ուստիև վերագրվում է գերբնական զորությանը»։
b Դուք հնարավորություն ունեք քննելու բազմաթիվ ապացույցներ, որ Աստվածաշունչը արժանահավատ է։ Տեսե՛ք «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ 4–րդ էջի վրա]
ԻՆՉՈ՞Ւ ԱՆՑՅԱԼԻ ՀՐԱՇՔՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՏԵՂԻ ՉԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Աստվածաշնչում տարբեր հրաշքներ են հիշատակված (Ելից 7։19–21; Գ Թագաւորաց 17։1–7; 18։22–38; Դ Թագաւորաց 5։1–14; Մատթէոս 8։24–27; Ղուկաս 17։11–19; Յովհաննէս 2։1–11; 9։1–7)։ Այդ հրաշքներից շատերը ծառայեցին այն նպատակին, որ հաստատեցին Հիսուսի Մեսիա լինելը, և փաստեցին, որ նա Աստծու աջակցությունն ունի։ Հիսուսի վաղ հետևորդները գերբնական պարգևներ ունեին, օրինակ՝ լեզուներով խոսելը և ներշնչյալ արտահայտություններ հասկանալը (Գործք 2։5–12; Ա Կորնթացիս 12։28–31)։ Այդ պարգևները օգտակար էին քրիստոնեական ժողովի համար նրա կազմավորման շրջանում։ Ի՞նչ առումով։
Օրինակ՝ այն ժամանակ Գրությունների առանձին օրինակներ քիչ կային։ Սովորաբար միայն հարուստները ունեին ձեռագրեր կամ գրքեր։ Հեթանոսական երկրներում մարդիկ գիտելիքներ չունեին ո՛չ Աստծու Խոսքի, ո՛չ էլ նրա Հեղինակի՝ Եհովայի մասին։ Քրիստոնեական ուսմունքները պետք է հաղորդվեին բանավոր։ Հրաշքներ անելու պարգևները օգնում էին մարդկանց տեսնել, որ Աստված գործում է քրիստոնեական ժողովի միջոցով։
Սակայն Պողոսը բացատրեց, որ այդ պարգևները դադարելու էին, երբ այլևս դրանց կարիքը չլիներ։ «Եթէ մարգարէութիւններ կան՝ կ’խափանուին. եթէ լեզուներ՝ կ’լռեն. եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։ Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։ Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի» (Ա Կորնթացիս 13։8–10)։
Մեր օրերում մարդկանց մատչելի են Աստվածաշնչեր, ինչպես նաև համաբարբառներ ու հանրագիտարաններ։ Հատուկ կրթություն ստացած վեց միլիոնից ավելի քրիստոնյաներ նրանց օգնում են Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերել, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա։ Այսպիսով՝ հրաշքներն այլևս անհրաժեշտ չեն ապացուցելու համար, որ Հիսուս Քրիստոսը Աստծու կողմից նշանակված Ազատարարն է, կամ հաստատելու, որ Եհովան աջակցում է իր ծառաներին։