Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 2/15 էջ 28–31
  • Համեմատո՞ւմ ես քեզ ուրիշների հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համեմատո՞ւմ ես քեզ ուրիշների հետ
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ և ինչու գուցե սկսենք համեմատել
  • Մրցակցային համեմատություններ
  • Եղիր գոհունակ և ճիշտ տեսակետ ունեցիր քո մասին
  • Պայքարենք նախանձի դեմ
  • Տեղին համեմատություններ
  • Նախանձի դեմ պայքարելով՝ հետամուտ եղիր խաղաղության
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հատկություն, որը կարող է թունավորել մեր միտքը. նախանձ
    2012 Դիտարան
  • Ինչպե՞ս երջանիկ լինել
    2014 Արթնացե՛ք
  • Միավորված՝ ընկերական ամուր կապով
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2005 Դիտարան
w05 2/15 էջ 28–31

Համեմատո՞ւմ ես քեզ ուրիշների հետ

ՄԵԶԱՆԻՑ ո՞վ կյանքում չի հանդիպել այնպիսի անձնավորության, որն ավելի լավ արտաքին ունի, քան մենք, թվում է, թե ավելի ճանաչված է, ամեն բան ավելի արագ է ըմբռնում կամ դպրոցում ավելի բարձր գնահատականներ է ստանում։ Գուցե ուրիշներն ունեն ավելի լավ առողջություն, կամ ավելի գոհացուցիչ աշխատանք, մեծ հաջողությունների են հասնում, բազմաթիվ ընկերներ ունեն։ Միգուցե նրանք ավելի շատ ունեցվածքի, փողի, նոր ավտոմեքենայի տեր են, կամ գուցե ավելի երջանիկ են թվում։ Երբ այսպիսի բաներ ենք նկատում, սկսո՞ւմ ենք մեզ համեմատել ուրիշների հետ։ Արդյոք հնարավոր չէ՞ խուսափել համեմատություններ անելուց։ Ինչո՞ւ քրիստոնյան պետք է խուսափի այդպես վարվելուց։ Եվ ինչպե՞ս կարող ենք գոհունակ լինել՝ առանց մեզ համեմատելու մյուսների հետ։

Երբ և ինչու գուցե սկսենք համեմատել

Ոմանց կարծիքով՝ պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ սկսում համեմատել իրենց մյուսների հետ, թերևս այն է, որ դրա միջոցով նրանք պահպանում են կամ բարձրացնում իրենց ինքնահարգանքը։ Հաճախ մարդկանց բավականություն է պատճառում այն միտքը, որ նրանք իրենց հասակակիցների պես հաջողությունների են հասնում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ համեմատությունների միջոցով փորձում ենք հաղթահարել անվստահության զգացումը, հասկանալ, թե ինչի ենք ի վիճակի և ինչ չափով։ Մենք նկատում ենք, թե ինչպիսի հաջողությունների են հասնում ուրիշները։ Եթե նրանք շատ բաներով նման են մեզ և որոշակի նպատակների են հասել, գուցե մտածենք, թե մենք էլ կարող ենք հասնել դրանց։

Շատ հաճախ համեմատություններն արվում են իրար նման մարդկանց միջև, որոնք նույն սեռի են, նույն տարիքի, հասարակության նույն խավից են և ճանաչում են միմյանց։ Քիչ հավանական է, որ սկսենք մեզ համեմատել մի անձնավորության հետ, որից շատ բաներով տարբերվում ենք։ Այլ խոսքերով՝ դեռահաս աղջիկը թերևս իրեն համեմատի ոչ թե թոփ մոդելի, այլ իր դասընկերուհիների հետ, և ընդհակառակը՝ թոփ մոդելը դժվար թե իրեն համեմատի դեռահասի հետ։

Ո՞ր բնագավառներում են համեմատություններ արվում։ Համեմատության հիմք կարող է ծառայել ցանկացած իր կամ հատկանիշ, որը բարձր է գնահատվում հասարակության մեջ, օրինակ՝ խելքը, գեղեցկությունը, հարստությունը, հագուստը։ Այնուամենայնիվ, մենք հակված ենք համեմատություններ անելու այն բաների միջև, որոնք մեզ հետաքրքրում են։ Օրինակ՝ մենք, ըստ երևույթին, չենք նախանձի մեր ծանոթին նամականիշների նրա մեծ հավաքածուի համար, եթե ինքներս առանձնապես հետաքրքրված չենք նամականիշներ հավաքելով։

Համեմատությունները բազմազան զգացումներ են առաջ բերում. գոհունակությունից մինչև ընկճվածություն, հիացմունքից և ընդօրինակելու ցանկությունից մինչև վրդովմունք ու թշնամություն։ Այս զգացումներից մի քանիսը վնասակար են և քրիստոնեական հատկությունների հետ անհամատեղելի։

Մրցակցային համեմատություններ

Շատերը, ովքեր ցանկանում են հաղթող դուրս գալ համեմատություններ անելիս, մրցակցության ոգի են դրսևորում։ Նրանք ուզում են ավելի լավը լինել, քան ուրիշները, և չեն բավարարվում, մինչև իրենց մեջ այդպիսի զգացում չառաջանա։ Նման անհատների միջավայրում լինելը հաճելի չէ։ Նրանց հետ շփվելիս և ընկերություն անելիս մարդը լարվում է և հոգնում։ Այդ մարդիկ ոչ միայն խոնարհություն չունեն, այլև հիմնականում չեն կիրառում դիմացինին սիրելու վերաբերյալ Աստվածաշնչի խորհուրդը։ Դա երևում է այն բանից, որ ուրիշները նրանց վերաբերմունքից թերարժեքության զգացում են ունենում և նվաստացած են զգում իրենց (Մատթէոս 18։1–5; Յովհաննէս 13։34, 35)։

Մարդիկ վիրավորվում են, երբ նրանց զգալ են տալիս, թե իրենք ձախողակ են։ Ըստ մի գրողի՝ «մենք ավելի ցավոտ ենք տանում մեր անհաջողությունները, երբ պարզվում է, որ նմանատիպ իրավիճակում գտնվող մարդիկ հասել են այն բանին, ինչին մենք էինք ցանկանում»։ Այսպիսով, մրցակցության ոգին մարդու մեջ ծնում է նախանձ, դառնություն և սրտնեղություն դիմացինի հանդեպ նրա ունեցվածքի, բարեկեցության, դիրքի, հեղինակության, առավելությունների և այլ պատճառներով։ Արդյունքում՝ մրցակցությունը սկսում է ավելի սուր բնույթ կրել։ Աստվածաշունչը դատապարտում է մրցակցություն առաջ բերելը (Գաղատացիս 5։26, ՆԱ)։

Նախանձ մարդիկ հակառակորդների ձեռքբերումները թերագնահատելու միջոցով ձգտում են վերականգնել ինքնահարգանքը։ Գուցե թվա, թե այդպես վարվելու մեջ վատ բան չկա, սակայն եթե դա ժամանակին չնկատվի և չսանձվի, ապա կարող է մեծ մեղքի առաջնորդել։ Եկեք քննարկենք աստվածաշնչյան երկու դեպք, որտեղ նախանձի զգացումը վճռական դեր է խաղացել։

Փղշտացիների միջավայրում բնակվելիս Իսահակը «ոչխարներ, եւ արջառներ, եւ շատ ծառաներ ունեցաւ, եւ փղշտացիք նախանձեցին նորան»։ Այդ պատճառով նրանք «գոցեցին»՝ փակեցին Իսահակի հոր՝ Աբրահամի փորած ջրհորները, իսկ թագավորը հրամայեց Իսահակին հեռանալ իրենց երկրից (Ծննդոց 26։1–3, 12–16)։ Նրանց նախանձը թունոտ էր և կործանարար։ Նրանք այլևս տանել չէին կարողանում, որ Իսահակն իրենց երկրում բարեկեցիկ կյանքով էր ապրում։

Դարեր անց պատերազմի դաշտում Դավիթն աչքի ընկավ իր սխրագործությամբ։ Իսրայելացի կանայք սկսեցին գովերգել նրա քաջագործությունը հետևյալ խոսքերով. «Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, եւ Դաւիթն իր բիւրաւորներին»։ Թեև Սավուղը նույնպես որոշ չափով գովաբանվեց, սակայն այդ համեմատությունը նա համարեց նվաստացուցիչ, և նրա սրտում բույն դրեց նախանձը։ Այդ պահից ի վեր նա թշնամական զգացումներ էր տածում Դավիթի հանդեպ։ Շուտով նա Դավիթին սպանելու առաջին փորձն արեց։ Ի՜նչ չար գործերի կարող է առաջնորդել նախանձը (Ա Թագաւորաց 18։6–11)։

Ուստի երբ մեզ համեմատում ենք ուրիշների հետ, կամ զուգահեռներ ենք անցկացնում մեր և նրանց առավելությունների ու հաջողությունների միջև և նկատում, որ մեր մեջ նախանձի կամ մրցակցության ոգու պես ինչ–որ բան է առաջանում, պետք է խիստ զգուշանանք։ Սրանք բացասական զգացումներ են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Աստծու մտածելակերպի հետ։ Սակայն, նախքան քննելը, թե ինչպես կարելի է պայքարել այդ զգացումների դեմ, եկեք քննարկենք մի այլ բան, որի պատճառով մարդիկ սկսում են համեմատություններ անել։

Եղիր գոհունակ և ճիշտ տեսակետ ունեցիր քո մասին

«Խելացի՞ եմ, հրապուրի՞չ եմ, ունե՞մ լավ առողջություն, հեղինակավո՞ր եմ, սիրելի՞ եմ. իսկ որքա՞ն»։ Քիչ է պատահում, որ կանգնենք հայելու առաջ և այսպիսի հարցեր ուղղենք ինքներս մեզ։ Սակայն մի գրողի խոսքերով՝ «այսպիսի հարցեր անուղղակիորեն հաճախ են անցնում մեր մտքով և լուռ եզրահանգումների բերում, որոնք քիչ թե շատ գոհացնում են մեզ»։ Այն անձնավորությունը, որը վստահ չէ, թե ինչի կարող է հասնել, թերևս խորհի տարբեր բաների մասին, սակայն առանց մրցակցելու մտադրության կամ նախանձի զգացումի։ Նա պարզապես ուզում է հասկանալ, թե ինչի է ընդունակ։ Միշտ չէ, որ այդպես վարվելը սխալ է։ Այնուհանդերձ, ճիշտ կլինի գնահատել ինքներս մեզ՝ չհամեմատվելով ուրիշների հետ։

Մենք տարբեր ընդունակություններ ունենք, և դա կախված է մի շարք գործոններից։ Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք մեզ կթվան ավելի ընդունակ, քան մենք։ Ուստի նրանց հետ համեմատվելու փոխարեն՝ լավ կլինի մեր գործերը գնահատենք Աստծու արդար չափանիշների համաձայն, որոնք վստահելի ուղեցույց են բարին և արդարը որոշելու հարցում։ Եհովային հետաքրքրում է այն, թե ինչպիսին է մեզանից յուրաքանչյուրն անհատապես։ Նա կարիք չունի մեզ համեմատելու որևէ մեկի հետ։ Պողոս առաքյալը հորդորում է. «Ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ [«ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով», ԷԹ]» (Գաղատացիս 6։4)։

Պայքարենք նախանձի դեմ

Քանի որ բոլոր մարդիկ անկատար են, նախանձի զգացումը հաղթահարելու համար թերևս ժամանակ և մեծ ջանքեր պահանջվեն։ Իմանալ, թե Գրություններն ասում են, որ առաջինը մենք պետք է քայլեր ձեռնարկենք դիմացինին պատվելու համար, մի բան է, իսկ այդ խորհուրդը կիրառելը՝ բոլորովին այլ բան։ Պողոսը հասկանում էր, որ մեղանչելու հակում ունի, ուստի այն հաղթահարելու համար պետք է ‘[իր] մարմինը ճնշեր և նվաճեր’ (Հռովմայեցիս 12։10; Ա Կորնթացիս 9։27)։ Մեր դեպքում դա նշանակում է պայքարել մրցակցական մտքերի դեմ՝ դրանք փոխարինելով դրական մտքերով։ Մենք պետք է աղոթենք Եհովային՝ խնդրելով մեզ օգնել «չ’մտածել [մեր մասին] աւելի, քան թէ արժան է մտածել» (Հռովմայեցիս 12։3)։

Աստվածաշունչ ուսումնասիրելն ու կարդացածի շուրջ խորհրդածելը այս հարցում նույնպես մեծ օգնություն են։ Օրինակ՝ մտածիր ապագա Դրախտի մասին, որ խոստացել է Աստված։ Այն ժամանակ բոլորն էլ կունենան խաղաղություն, լավ առողջություն, առատ սնունդ, հարմարավետ տուն և գոհացուցիչ աշխատանք (Սաղմոս 46։8, 9; 72։7, 8, 16; Եսայիա 65։21–23)։ Արդյոք որևէ մեկը հակված կլինի՞ մրցակցելու։ Դժվար թե։ Այդպես վարվելու ոչ մի հիմք չի լինի։ Ճիշտ է, Եհովան մեզ ամեն բան չի ասել այն մասին, թե կյանքն ինչպիսին է լինելու Դրախտում, բայց մենք ողջամտորեն կարող ենք եզրակացնել, որ բոլորն էլ կկարողանան հասնել այնպիսի նպատակների և այնպիսի հմտություններ ձեռք բերել, որոնք իրենց հաճույք կպատճառեն։ Մեկը գուցե ցանկանա աստղագիտությամբ զբաղվել, մյուսը՝ գործվածքե գեղեցիկ իրեր պատրաստել։ Ոչ մեկը մյուսին չի նախանձի։ Մեր ընկերների հաջողությունները մղիչ ուժ կհանդիսանան մեզ համար և ոչ թե դառնանալու պատճառ։ Այդպիսի զգացումները անցյալի գիրկը կանցնեն։

Եթե դա է մեր երազած կյանքը, արդյոք հիմա չպե՞տք է ձգտենք նման վերաբերմունք մշակել։ Մենք արդեն հոգևոր դրախտում ենք և ազատված ենք բազմաթիվ խնդիրներից, որոնք գոյություն ունեն մեզ շրջապատող աշխարհում։ Քանի որ Աստծու նոր աշխարհում մրցակցության ոգի չի լինի, ապա իսկապես հիմքեր ունենք այսօր դրանից խուսափելու։

Ուրեմն մի՞թե սխալ է մեզ ուրիշների հետ համեմատելը։ Կա՞ն դեպքեր, երբ դա տեղին է։

Տեղին համեմատություններ

Համեմատությունները մեծամասամբ դառնացնում կամ ընկճում են մարդկանց, սակայն անպայման չէ, որ դրանք միշտ այդպիսի ազդեցություն թողնեն։ Այս առումով նկատի առ, թե ինչ խորհուրդ է տալիս Պողոսը. «Նմանող [եղեք] հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին» (Եբրայեցիս 6։12)։ Եթե ձգտենք զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսին որ ունեին Եհովայի՝ հնում ապրած հավատարիմ ծառաները, ապա մեծ արդյունքների կարող ենք հասնել։ Իհարկե, դրա համար հարկ կլինի որոշ համեմատություններ անել։ Այդպես վարվելով՝ կտեսնենք, թե ում օրինակին կարող ենք հետևել, և ինչ ոլորտներում բարելավումներ անելու կարիք ունենք։

Եկեք խորհենք Հովնաթանի մասին։ Գուցե մտածենք, թե նա նախանձ լինելու պատճառ ուներ։ Հովնաթանը Իսրայելի Սավուղ թագավորի ավագ որդին էր և թերևս ակնկալում էր մի օր դառնալ թագավոր, սակայն Եհովան ընտրեց Դավիթին, որը մոտ 30 տարով փոքր էր նրանից։ Նախանձելու փոխարեն՝ Հովնաթանը աչքի ընկավ նրանով, որ անեսասիրաբար ընկերություն արեց Դավիթի հետ և աջակցեց նրան՝ որպես Եհովայի նշանակած ապագա թագավորի։ Հովնաթանն իսկապես հոգևոր անձնավորություն էր (Ա Թագաւորաց 19։1–4)։ Ի տարբերություն իր հոր, որը մտածում էր, թե Դավիթն իր հակառակորդն է՝ Հովնաթանը այս ամենի մեջ տեսավ Եհովայի ձեռքը և հնազանդվեց Նրա կամքին։ Նա իրեն չհամեմատեց Դավիթի հետ և ինքն իրեն չհարցրեց. «Ինչո՞ւ Դավիթը, և ոչ՝ ես»։

Հավատակիցների շրջապատում մենք երբեք չպետք է այնպիսի զգացում ունենանք, թե սպառնալիքի տակ ենք, կարծես թե մյուսները փորձում են մեզ գերազանցել կամ գրավել մեր տեղը։ Մրցակցելը ճիշտ չէ։ Հասուն քրիստոնյաներին բնորոշ են համագործակցության ոգին, միասնությունը և սերը, ոչ թե մրցակցությունը։ Սոցիոլոգ Ֆրանչեսկո Ալբերոնին ասում է. «Սերը նախանձի գերագույն թշնամին է։ Եթե մեկին սիրում ես, ապա նրա բարին ես կամենում և ուրախանում ես, երբ նա հաջողությունների է հասնում ու երջանիկ է»։ Ուստի եթե քրիստոնեական ժողովում որևէ մեկը ինչ–որ առանձնաշնորհում է ստանում, մենք սեր դրսևորած կլինենք, եթե ուրախանանք դրա համար։ Հենց այդպես վարվեց Հովնաթանը։ Նրա նման՝ մենք էլ կօրհնվենք, եթե աջակցենք այն անձանց, որոնք Եհովայի կազմակերպության մեջ հավատարմորեն ծառայում են պատասխանատու նշանակումներում։

Տեղին է հիանալ մեր քրիստոնյա հավատակիցների գերազանց օրինակով։ Հավասարակշռված ձևով մեր ու նրանց միջև համեմատություններ անցկացնելը կարող է մղել, որ ընդօրինակենք նրանց հավատը (Եբրայեցիս 13։7)։ Բայց եթե զգույշ չլինենք, ընդօրինակումը կարող է վերածվել մրցակցության։ Եթե այնպիսի զգացում ունենք, թե այն անձնավորությունը, որով հիանում ենք, գերազանցում է մեզ ու այդ պատճառով ձգտում ենք արատավորել նրա անունը կամ քննադատել նրան, նշանակում է՝ ոչ թե ընդօրինակում ենք, այլ նախանձում։

Ոչ մեկն իդեալական չէ, բոլորն էլ անկատար են։ Ուստի Գրություններն ասում են. «Նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ», նաև՝ «Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Եփեսացիս 5։1, 2; Ա Պետրոս 2։21)։ Մենք պետք է ձգտենք ընդօրինակել Եհովայի և Հիսուսի դրսևորած հատկությունները՝ սերը, ջերմ զգացումները, կարեկցանքը և խոնարհությունը։ Հարկավոր է ժամանակ հատկացնել և զուգահեռներ անցկացնել մեր և նրանց հատկությունների, նպատակների ու գործելակերպի միջև։ Այդ համեմատությունները կհարստացնեն մեր կյանքը, կտան վստահելի առաջնորդություն, ինչպես նաև կայունության, ապահովության զգացում և կօգնեն դառնալու այնպիսի անձինք, ինչպիսիք են հասուն քրիստոնյա տղամարդիկ ու կանայք (Եփեսացիս 4։13)։ Եթե մեր ձեռքից եկածն անենք նրանց գերազանց օրինակին հետևելու համար, ապա, իհարկե, այնքան էլ հակված չենք լինի մեզ համեմատելու ուրիշների հետ։

[նկար 28–րդ, 29–րդ էջերի վրա]

Սավուղ թագավորը նախանձում էր Դավիթին

[նկար 31–րդ էջի վրա]

Հովնաթանը երիտասարդ Դավիթին երբեք չի համարել իր հակառակորդը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը