Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 3/1 էջ 4–7
  • Ինչ օգուտներ է բերում հաշտությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ օգուտներ է բերում հաշտությունը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ձգտեք հաշտության
  • Հաղթահարեք խոչընդոտները
  • Վարվեք ճիշտ հակառակ ձևով
  • Հպարտության դիմաց վճարվող գինը որքա՞ն բարձր է
    1999 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես իսկական հեզություն ցուցաբերել
    1999 Դիտարան
  • Զարգացրու իսկական խոնարհություն
    2005 Դիտարան
  • Խոնարհություն
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2005 Դիտարան
w05 3/1 էջ 4–7

Ինչ օգուտներ է բերում հաշտությունը

ԷԴԸ մահամերձ էր, իսկ Բիլը շարունակում էր ատել նրան։ 20 տարի առաջ Էդը կայացրել էր մի որոշում, որի պատճառով Բիլը կորցրել էր իր աշխատանքը, և երբեմնի մտերիմ այս ընկերները օտարացել էին։ Այժմ Էդը փորձում էր ներողություն խնդրել, որպեսզի կարողանա հանգիստ մահանալ։ Մինչդեռ Բիլը հրաժարվեց նրան լսել։

Գրեթե 30 տարի անց, երբ Բիլն էր մահանում, նա բացատրեց, թե ինչու Էդին չներեց։ «Էդը չպետք է այդպես վարվեր իր ամենալավ ընկերոջ հանդեպ։ Ես պարզապես չէի ուզում հաշտվել նրա հետ 20 տարի անց.... Գուցե սխալվում էի, բայց այդպես էի մտածում»։a

Ճիշտ է, տարաձայնությունները սովորաբար ողբերգական ավարտ չեն ունենում, սակայն հաճախ վիրավորում են մարդկանց զգացմունքները և դառնացնում նրանց։ Օրինակ՝ մտածիր որևէ մեկի մասին, որը Էդի պես է զգում իրեն։ Գիտակցելով, որ իր կայացրած որոշումը վնասներ է պատճառել՝ այդպիսի անհատը թերևս խղճի խայթ է զգում և ապրում է կորստի զգացումով։ Նա նաև ցավ է ապրում, երբ մտածում է, որ իր վիրավորված ընկերը հրաժարվեց իրենց ընկերությունից՝ ինչպես կհրաժարվեին մի անարժեք իրից։

Իսկ նա, ով այնպիսի զգացումներ ունի, ինչպիսին Բիլն ուներ, թերևս իրեն անմեղ զոհ համարի և խորապես դառնանա ու վիրավորվի։ Նա գուցե մտածի, որ իր ընկերը միտումնավոր կերպով է վիրավորել իրեն։ Հաճախ, երբ երկու անհատների միջև տարաձայնություն է լինում, յուրաքանչյուրը համոզված է, թե ինքն է ճիշտ, իսկ մյուսը կողմը՝ ամբողջովին մեղավոր։ Այսպիսով, երկու ընկեր կարծես պատերազմելիս լինեն։

Նրանք շարունակում են պատերազմել լուռ զենքերով։ Օրինակ՝ երբ մեկը հանկարծ հանդիպում է մյուսին, կտրուկ փոխում է իր ճանապարհը, ուրիշ մարդկանց շրջապատում գտնվելիս նրանք չնկատելու են տալիս միմյանց։ Հեռվից գաղտնի նայում են իրար կամ էլ սառը, ատելությամբ լի հայացքներ նետում մեկը մյուսին։ Իսկ երբ իրար հետ խոսում են, խայթող խոսքեր են օգտագործում, որոնք դանակի հարվածների պես վիրավորում են։

Չնայած թվում է, թե նրանք միմյանց դեմ են տրամադրված, հավանաբար որոշ հարցերում համաձայն են իրար հետ։ Օրինակ՝ հնարավոր է նրանք գիտակցում են, որ լուրջ խնդիրներ ունեն, և որ մտերիմ ընկերոջը կորցնելը ցավալի է։ Յուրաքանչյուրն էլ թերևս զգում է այդ ցավը, և երկուսն էլ հասկանում են, որ ինչ–որ բան է հարկավոր անել այդ վերքը բուժելու համար։ Սակայն ո՞վ կանի առաջին քայլը՝ վնասված փոխհարաբերությունները վերականգնելու և խաղաղություն հաստատելու նպատակով։ Ոչ մեկը չի ուզում։

Երկու հազար տարի առաջ Հիսուսի առաքյալները նույնպես երբեմն բորբոքված վեճեր էին ունենում (Մարկոս 10։35–41; Ղուկաս 9։46; 22։24)։ Մի անգամ, երբ առաքյալները վիճել էին իրար հետ, Հիսուսը հարցրեց նրանց. «Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում»։ Վերջիններս ամոթից լռեցին (Մարկոս 9։32, 33)։ Հիսուսի ուսմունքները օգնեցին նրանց հարթելու իրենց խնդիրները։ Նրա, ինչպես նաև աշակերտներից մի քանիսի տված խորհուրդները շարունակում են օգնել մարդկանց լուծելու իրենց կոնֆլիկտները և վերականգնելու կորցրած ընկերությունը։ Տեսնենք, թե ինչպես։

Ձգտեք հաշտության

«Ես չեմ ուզում խոսել այդ անձնավորության հետ։ Նրա երեսը տեսնել անգամ չեմ ուզում»։ Եթե դու նույնպես այսպիսի խոսքեր ես ասել ինչ–որ մեկի հասցեին, ապա անհրաժեշտ է քայլեր ձեռք առնել, ինչպես ցույց են տալիս աստվածաշնչյան հետևյալ համարները։

Հիսուսն ասաց. «Եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ» (Մատթէոս 5։23, 24)։ Նա նաև ասաց. «Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք» (Մատթէոս 18։15)։ Անկախ այն բանից՝ դու ես առաջինը վիրավորել դիմացինին, թե նա՝ քեզ, Հիսուսի խոսքերը մատնանշում են, որ դու պետք է անհապաղ զրուցես նրա հետ այդ հարցի շուրջ։ Եվ դա հարկավոր է անել «հեզութեան հոգով» (Գաղատացիս 6։1)։ Սակայն այդ զրույցի նպատակը չպետք է լինի այն, որ արդարանալու միջոցով պահես համբավդ կամ ստիպես դիմացինին ներողություն խնդրել, այլ այն, որ հաշտության հասնես։ Գործնակա՞ն է Աստվածաշնչի այս խորհուրդը։

Էռնեստը հսկայական գրասենյակի տնօրեն է։b Տարիների ընթացքում աշխատանքի բերումով անհրաժեշտ է եղել, որ նա նուրբ հարցեր լուծի տարբեր մարդկանց հետ և լավ փոխհարաբերություններ պահպանի։ Էռնեստը նկատել է, թե որքան հեշտությամբ կարող են խնդիրներ առաջանալ։ Նա ասում է. «Ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ եմ ունենում ուրիշների հետ։ Երբ այդպիսի բան է տեղի ունենում, նստում եմ այդ անձնավորության հետ ու քննարկում խնդիրը։ Գնա հենց նրա՛ մոտ։ Երես առ երես խոսիր հաշտվելու նպատակով։ Այս սկզբունքը միշտ գործում է»։

Ալիսյան, որի ընկերները տարբեր մշակույթներից են, ասում է. «Երբեմն ինչ–որ բան եմ ասում, այնուհետև զգում եմ, որ գուցե վիրավորել եմ դիմացինին։ Այդ ժամանակ գնում եմ ու ներողություն խնդրում։ Երևի ավելի հաճախ եմ ներողություն խնդրում, քան իրականում դրա կարիքը կա։ Ես այդպես եմ վարվում նույնիսկ այն դեպքում, երբ ոչ ոք ինձնից չի վիրավորվել։ Ուղղակի դա անելով՝ ինձ ավելի հանգիստ եմ զգում, քանի որ գիտեմ, որ մեր միջև այլևս անհամաձայնություն չկա»։

Հաղթահարեք խոչընդոտները

Այնուհանդերձ, անձնական խնդիրները հարթելու ճանապարհին հաճախ խոչընդոտների ենք հանդիպում։ Երբևէ քեզ տվե՞լ ես այսպիսի հարց. «Ինչո՞ւ հենց ես պետք է առաջին քայլն անեմ։ Չէ՞ որ նա է մեղավորը»։ Իսկ պատահե՞լ է, որ գնացել ես որևէ մեկի մոտ՝ խնդիրը հարթելու և լսել. «Ես քեզ ոչինչ չունեմ ասելու»։ Որոշ մարդիկ այդպես են արձագանքում էմոցիոնալ ցավի պատճառով։ Առակաց 18։19 համարում ասվում է. «Վիրավորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. եւ վէճերը բերդի նիգերին են նման»։ Ուստի հաշվի առ անհատի զգացումները։ Եթե նա հրաժարվում է զրուցել քեզ հետ, մոտեցիր նրան մի որոշ ժամանակ հետո։ Այդ դեպքում գուցե ‘ամուր քաղաքը’ բացվի, ‘նիգերը’ հեռացվեն և այդպիսով խնդիրը հարթվի։

Հաշտության ճանապարհին մեկ ուրիշ խոչընդոտ կարող է լինել անհատի արժանապատվության զգացումը։ Որոշ մարդիկ ներողություն խնդրելը կամ նույնիսկ հակառակ կողմի հետ զրուցելը նվաստացուցիչ են համարում։ Ճիշտ է, տեղին է մտահոգվել արժանապատվության մասին, բայց արդյո՞ք հաշտվելուց հրաժարվելով՝ անհատը բարձրացնում կամ ցածրացնում է իր արժանապատվությունը։ Արդյո՞ք այդ մտահոգության ետևում հպարտությունը չէ կանգնած։

Հակոբոս առաքյալը ցույց է տալիս, որ կռվարար ոգին և հպարտությունը սերտորեն կապված են իրար հետ։ Որոշ քրիստոնյաների միջև տեղի ունեցող ‘պատերազմների’ և ‘կռիվների’ մասին նշելուց հետո նա շարունակում է. «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Յակոբոս 4։1–3, 6)։ Ամբարտավանությունը կամ հպարտությունը ինչպե՞ս է խանգարում խաղաղություն հաստատելուն։

Հպարտությունը մոլորեցնում է մարդկանց՝ ստիպելով նրանց հավատալ, թե իրենք մյուսներից ավելի լավն են։ Հպարտ անձնավորությունը մտածում է, որ ինքը իշխանություն ունի դատելու դիմացինի բարոյական արժեքները։ Ինչպե՞ս։ Երբ տարաձայնություններ են առաջանում, հպարտ մարդը հաճախ դիմացինին համարում է որպես անուղղելի մեկը, որը չի կարող դեպի լավը փոխվել։ Հպարտությունը դրդում է որոշ մարդկանց ուշադրություն չդարձնելու նրանց վրա, ովքեր իրենցից տարբերվում են, ուր մնաց թե անկեղծորեն ներողություն խնդրեն։ Հետևաբար հպարտ մարդիկ փոխանակ ճիշտ ձևով լուծելու ընդհարումները՝ հաճախ թույլ են տալիս, որ դրանք ավելի խորանան։

Ինչպես պատնեշն է մայրուղու վրա արգելակում երթևեկությունը, այնպես էլ հպարտությունը հաճախ թույլ չի տալիս խաղաղություն հաստատել։ Եթե նկատում ես, որ չես ուզում հաշտվել դիմացինի հետ, գուցե հպարտությունն է քեզ խանգարում։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ խոչընդոտը։ Զարգացնելով հպարտության ճիշտ հակառակ հատկությունը՝ խոնարհությունը։

Վարվեք ճիշտ հակառակ ձևով

Աստվածաշունչը հորդորում է խոնարհություն զարգացնել։ «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։ Իսկ Սաղմոս 138։6 համարում տեսնում ենք, թե որն է խոնարհների և հպարտների վերաբերյալ Աստծու տեսակետը. «Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին»։

Շատերը կարծում են, որ խոնարհությունը նվաստացուցիչ հատկություն է։ Թերևս այդպես են մտածում աշխարհի ղեկավարները։ Չնայած ազգերը հպատակվում են նրանց կամքին, քաղաքական ղեկավարները խուսափում են խոնարհաբար ընդունել իրենց սխալները։ Եթե ղեկավարներից որևէ մեկը ասի՝ ներողություն եմ խնդրում, ապա անշուշտ այդ մասին լուրերում կհայտարարվի։ Օրինակ՝ երբ վերջերս մի նախկին պաշտոնյա ներողություն խնդրեց մի դժբախտության համար, որի մեջ ինքն էլ էր մեղավոր, նրա խոսքերը խոշոր տառերով հայտնվեցին թերթերի գլխավոր էջերում։

Ուշադրություն դարձրեք, թե մի բառարանում ինչպես է բացատրվում «խոնարհություն» բառը. «Խոնարհ լինելու հատկություն, հպարտության կամ ամբարտավանության հակառակը, իր մասին համեստ կարծիք ունենալը»։ Հետևաբար խոնարհությունը ցույց է տալիս անհատի կարծիքն իր մասին և ոչ թե այն, թե ինչ են ուրիշները մտածում նրա մասին։ Խոնարհաբար սխալը ընդունելը և անկեղծորեն ներողություն խնդրելը բոլորովին չի նվաստացնում անհատին, ընդհակառակը՝ ավելի է բարձրացնում նրա հեղինակությունը։ Աստվածաշունչն ասում է. «Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը» (Առակաց 18։12)։

Այն ղեկավարների մասին, որոնք իրենց սխալների համար ներողություն չեն խնդրում, մի դասախոս ասել է. «Ցավոք, նրանք կարծում են, որ սխալն ընդունելը թուլության նշան է։ Թույլ և անվստահ մարդիկ դժվար թե ներողություն խնդրեն։ Ընդհակառակը՝ մեծահոգի և քաջ մարդիկ են, որ չեն կարծում, թե կորցնում են իրենց ինքնահարգանքը, ասելով՝ Ես սխալ եմ գործել»։ Սա ճշմարիտ է, նույնիսկ երբ դու ղեկավար չես։ Եթե ջանքեր գործադրես հպարտությունը փոխարինելու խոնարհությամբ, ապա խաղաղության հասնելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ Տեսնենք, թե ինչպես մի ընտանիք համոզվեց այս խոսքերի ճշմարտացիության մեջ։

Ջուլիի և նրա եղբայր Ուիլյամի միջև առաջ եկած անհամաձայնության պատճառով նրանց փոխհարաբերություններում լարվածություն ստեղծվեց։ Ուիլյամը այնքան բարկացավ Ջուլիի և նրա ամուսնու՝ Ջոզեֆի վրա, որ խզեց իր բոլոր կապերը նրանց հետ։ Նա նույնիսկ վերադարձրեց այն բոլոր նվերները, որ Ջուլին և Ջոզեֆը տարիների ընթացքում տվել էին։ Քրոջ և եղբոր երբեմնի մտերմությունը ամիսների ընթացքում փոխարինվեց դառնությամբ։

Սակայն Ջոզեֆը որոշեց կիրառել Մատթէոս 5։23, 24 համարներում ամփոփված խորհուրդը։ Նա փորձեց հեզության ոգով մոտենալ իր աներձագին և նամակներ ուղարկեց, որտեղ ներողություն էր խնդրում նրան վիրավորելու համար։ Նա նաև քաջալերում էր կնոջը, որ ների եղբորը։ Ժամանակի ընթացքում Ուիլյամը հասկացավ, որ Ջուլին և Ջոզեֆը անկեղծորեն ցանկանում են հաշտվել, և փոխեց իր վերաբերմունքը։ Վերջապես Ուիլյամն ու նրա կինը հանդիպեցին Ջուլիին և Ջոզեֆին. նրանք ներողություն խնդրեցին իրարից, գրկախառնվեցին և վերականգնեցին իրենց բարեկամությունը։

Եթե դու նույնպես խնդիր ունես որևէ մեկի հետ և ձգտում ես լուծել այն, ապա համբերատարությամբ կիրառիր աստվածաշնչյան խորհուրդները և ջանք թափիր դիմացինի հետ խաղաղություն հաստատել։ Եհովան կօգնի քեզ և իսրայելացիներին ուղղված նրա խոսքերը կկատարվեն նաև քո պարագայում. «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը» (Եսայիա 48։18)։

[ծանոթագրություններ]

a Վերցված է Սթենլի Քլոդի և Լին Օլսոնի՝ «The Murrow Boys—Pioneer on the Front Lines of Broadcast Journalism» գրքից։

b Որոշ անուններ փոխված են։

[նկար 7–րդ էջի վրա]

Ներողություն խնդրելը հաճախ վերականգնում է խաղաղ փոխհարաբերությունները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը