«Հավատարիմ՝ հալածանքների ներքո»
ՀԱԶԱՐ ինը հարյուր հիսունմեկ թվականի ապրիլի սկզբին խորհրդային հզոր իշխանությունները հարձակում գործեցին Խորհրդային Միության արևմտյան մասում ապրող անմեղ քրիստոնյաների մի խմբի՝ Եհովայի վկաների վրա։ Հազարավոր ընտանիքների, որոնց թվում՝ փոքրիկ երեխաների, հղի կանանց ու տարեցների տեղավորեցին ապրանքատար վագոնների մեջ. նրանց սպասում էր քսանօրյա երկարատև, տանջալից ճանապարհ դեպի Սիբիր։ Այդ մարդիկ երկար տարիներ անցկացրին աքսորավայրում, դաժան, խղճուկ պայմաններում։
2001 թ. ապրիլին Մոսկվայում այս պատմական իրադարձության 50–ամյակի առթիվ լույս տեսավ մի տեսաֆիլմ, որը փաստում է նախկին Խորհըրդային Միությունում Եհովայի վկաների դեմ տասնամյակներ տևած հալածանքի մասին։ Վավերագրական այդ ֆիլմում պատմաբաններն ու ականատեսները պատմում են, թե ինչպես են Վկաները վերապրել այդ հալածանքը և նույնիսկ բարգավաճել՝ չնայած ծայրահեղ ճնշմանը։
Միլիոնավոր մարդիկ, որոնք ապրում են Ռուսաստանում և այլ երկրներում, դիտել են «Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Խորհրդային Միությունում» վավերագրական ֆիլմը։ Այն մեծ ընդունելության է արժանացել հասարակության, ինչպես նաև պատմաբանների կողմից։ Ստորև ներկայացվում են երկու ռուս գիտնականների մեկնաբանություններ։ Նրանք ապրում են այն տարածքում, որտեղ աքսորվել էր Վկա ընտանիքների մեծամասնությունը։
«Ես մեծ հաճույքով դիտեցի այդ ֆիլմը։ Ինձ միշտ դուր են եկել ձեր կրոնի ներկայացուցիչները, բայց ֆիլմը դիտելուց հետո իմ համակրանքը ձեր հանդեպ ավելի աճեց։ Այն բավական պրոֆեսիոնիալ ձևով է նկարահանված։ Հատկապես ինձ դուր եկավ, թե դուք ինչպես եք յուրաքանչյուր մարդու ներկայացրել որպես անհատականություն։ Թեև ուղղափառ եմ և մտադիր չեմ փոխել իմ կրոնը, սակայն հիացած եմ Վկաներով։ Կցանկանայի, որ մեր ֆակուլտետում ունենայինք այդ ֆիլմից մի օրինակ։ Ես և գործընկերներս որոշել ենք այդ ֆիլմը ցուցադրել մեր ուսանողներին և ընդգրկել ուսումնական ծրագրում» (պրոֆեսոր Սերգեյ Նիկոլաևիչ Ռուբցով, Իրկուտսկի (Ռուսաստան) պետական մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետի դեկան)։
«Ես ողջունում եմ այս ֆիլմի լույսընծայումը։ Երբ ինչ–որ մեկը ֆիլմ է նկարահանում ռեպրեսիայի մասին, սովորաբար դժվար է լինում հետևողականորեն շարադրել դեպքերը։ Սակայն դա ձեզ հաջողվել է։ Կարող եք ձեր ունեցած ֆիլմերից կրկին բերել ինձ համար» (Սերգեյ Իլյիչ Կուզնեցով, Իրկուտսկի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկան)։
Սիբիրում ապրող Եհովայի վկաները նույնպես մեծապես գնահատեցին այդ ֆիլմը։ Ահա մի քանի արձագանքներ։
«Ֆիլմում նկարագրված դեպքերը տեղի են ունեցել այն տարիներին, երբ Ռուսաստանում շատերը աղավաղված տեղեկություններ ունեին Եհովայի վկաների գործունեության մասին։ Սակայն ֆիլմը դիտելով՝ մարդիկ հասկանում են, որ մեր կազմակերպությունը աղանդ չէ, ինչպես մինչ այդ կարծում էին։ Նրանք, ովքեր վերջերս են դարձել Վկաներ, ասում են. «Մենք չենք պատկերացրել, որ ապրել ու աշխատել ենք այնպիսի քրիստոնյա եղբայրների կողքին, որոնք այդքան բան են վերապրել։ Ֆիլմը դիտելուց հետո Վկաներից մեկը լիաժամ ծառայություն սկսելու ցանկություն հայտնեց»» (Աննա Վովչուկ, Վկա, որ աքսորվել էր Սիբիր)։
«Երբ ֆիլմում ներկայացվեց, թե ինչպես են գաղտնի ոստիկանության աշխատակիցները թակում Վկաներից մեկը դուռը, մարմինս փշաքաղվեց։ Կարծես մեր դուռն էին թակում։ Հիշում եմ մորս խոսքերը. «Երևի ինչ–որ տեղ հրդեհ է բռնկվել»։ Ֆիլմը ինձ հիշեցնում է նաև այն մասին, որ Վկաներից շատերն ինձնից ավելի են տառապել։ Այդ բոլոր տեղեկությունները մեծապես ամրապնդում և ոգևորում են, որպեսզի շարունակենք ծառայել Եհովային» (Ստեպան Վովչուկ, Վկա, Սիբիր աքսորվածներից)։
«Ես աքսորված Վկայի զավակ եմ։ Հետևաբար կարծում էի, որ արդեն շատ բան եմ լսել այն ժամանակների մասին։ Մինչդեռ ֆիլմը դիտելուց հետո ես հասկացա, որ համարյա ոչինչ չեմ իմացել։ Հարցազրույցները լսելիս աչքերս արտասուքով էին լցվում։ Այժմ այդ դեպքերը լոկ պատմություններ չեն ինձ համար, այլ իրողություններ։ Ֆիլմը ամրապնդեց իմ ու Եհովայի փոխհարաբերությունները և օգնեց նախապատրաստվելու ապագա դժվարություններին» (Վլադիմիր Կովաշ, Իրկուտսկ)։
«Ինձ համար այս ֆիլմը ավելի ազդեցիկ էր, քան գրավոր հաղորդագրությունները։ Երբ դիտում էի եղբայրների հետ անցկացված հարցազրույցները, ինձ թվում էր, թե նրանց հետ միասին անցել եմ այդ ամենի միջով։ Այն եղբոր օրինակը, որը բանտում եղած տարիներին բացիկներ էր նկարում իր մանկահասակ դուստրերի համար, մղեց ինձ, որ ձգտեմ աստվածաշնչյան ճշմարտությունը հասցնել երեխաներիս սրտերին։ Շնորհակալությո՛ւն։ Այս ֆիլմի օգնությամբ Ռուսաստանի Եհովայի վկաները հասկացան, որ իրենք Եհովայի համաշխարհային կազմակերպության մի մասն են» (Տատյանա Կալինա, Իրկուտսկ)։
«Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» ասացվածքը ճշմարիտ է այս ֆիլմի առնչությամբ։ Այն այնքան կենդանի է, այնքան իրական և հոգեհարազատ։ Ֆիլմը դիտելուց հետո ինձ բավական ժամանակ էր անհրաժեշտ՝ խորհելու համար։ Այն հնարավորություն տվեց ինձ պատկերացնել աքսորված Վկաների կյանքը։ Այսօր, երբ իմ հանգամանքները համեմատում եմ նրանց հանգամանքների հետ, կարողանում եմ ներկայիս խնդիրներին նայել մեկ այլ տեսանկյունից» (Լիդիա Բիդա, Իրկուտսկ)։
«Հավատարիմ՝ հալածանքների ներքո» ֆիլմը լույս է տեսել ավելի քան 25 լեզուներով և ջերմ ընդունելության է արժանացել։a Այն ամբողջությամբ ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի, Օմսկի, Ռուսաստանի ուրիշ քաղաքների, ինչպես նաև Ուկրաինայի Վիննիցա, Կերչ, Մելիտոպոլ և Լվով քաղաքների հեռուստաալիքներով։ Ֆիլմը նաև հավանության է արժանացել ֆիլմերի միջազգային հանձնաժողովի կողմից։
Այս վավերագրական ֆիլմի զորության գաղտնիքը հազարավոր հասարակ մարդկանց օրինակների մեջ է. մարդիկ, որոնք արտասովոր քաջություն և անկոտրում ոգի են դրսևորել երկարատև հալածանքների ժամանակ։ Խորհրդային Միությունում Եհովայի վկաներն իսկապես փաստել են իրենց հավատարմությունը հալածանքների ներքո։ Եթե ցանկանաք դիտել այս ֆիլմը, Եհովայի վկաները սիրով այն կներկայացնեն ձեզ։Կարող եք կապ հաստատել ձեր տարածքում ապրող Վկաներից որևէ մեկի հետ։
[ծանոթագրություն]
a Տեսաֆիլմը առկա է անգլերեն, բուլղարերեն, գերմաներեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, կանտոներեն, կորեերեն, հունարեն, հունգարերեն, ճապոներեն, մանդարինյան (չինարեն բարբառ), նորվեգերեն, չեխերեն, ռուսերեն, սլովակերեն, ֆիններեն և ֆրանսերեն լեզուներով։
[թույլտվությամբ]
Stalin: U.S. Army photo
[նկար 9–րդ էջի վրա]