Մոտ է աղքատությունից զերծ աշխարհը
ԴՐԱԽՏ պատկերող նկարները, ինչպիսին, օրինակ, այս պարբերագրի շապիկի վրայի նկարն է, գրավիչ են աղքատության մեջ ապրող մարդկանց համար։ Առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, ապրում էին իսկական դրախտում։ Նրանց տունը Եդեմի պարտեզն էր (Ծննդոց 2։7–23)։ Թեև մարդիկ կորցրին այդ Դրախտը, սակայն հավատը ապագա դրախտի՝ աղքատությունից զերծ նոր աշխարհի հանդեպ, լոկ երազանք չէ։ Այդ հավատի հիմքը Աստվածաշնչում գտնվող խոստումներն են։
Քննարկենք, թե Հիսուս Քրիստոսն ինչ խոստացավ իր երկրային կյանքի վերջին օրը։ Հիսուսի կողքին մահացող չարագործներից մեկը հավատ ցուցաբերեց մարդկության խնդիրները լուծելու Աստծու կարողության նկատմամբ։ Նա ասաց. «Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ չարագործը հավատում էր, որ Հիսուսը իշխելու էր որպես Թագավոր, և որ մահացածները կյանքի էին վերադառնալու։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։42, 43 ՆԱ)։
Խոսելով նրանց մասին, ովքեր ապրելու են Դրախտում՝ Աստվածաշունչը նշում է. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն» (Եսայիա 65։21)։ Այո՛, «ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Միքիա 4։4)։
Սակայն ինչո՞ւ այսօր աղքատություն գոյություն ունի։ Ինչպե՞ս է Եհովան օգնում աղքատությունից տառապող մարդկանց։ Վերջապես ե՞րբ կվերանա աղքատությունը։
Ինչո՞ւ է թույլ տրվել, որ աղքատությունը գոյություն ունենա
Այն Դրախտը, որտեղ Աստված բնակեցրել էր Ադամին ու Եվային, առաջին մարդկային զույգը կորցրեց ըմբոստության պատճառով, որը բարձրացրել էր մի չար հրեշտակ՝ Բանսարկու Սատանան։ Օձի միջոցով խոսելով՝ Սատանան դրդեց Եվային խախտել Աստծու օրենքը ծառերից մեկի պտղից չուտելու մասին։ Նա հավատացրեց կնոջը, որ Աստծուց անկախ լինելը ավելի լավ կյանքի կառաջնորդի։ Երբ Եվան արգելված պտուղն առաջարկեց Ադամին, նա նույնպես կերավ՝ երես թեքելով Աստծուց և թիկունք կանգնելով իր կնոջը (Ծննդոց 3։1–6; Ա Տիմոթէոս 2։14)։
Միանգամայն արդարացի է, որ ըմբոստ զույգը դուրս վռնդվեց Դրախտից, և այդ ժամանակվանից սկսած՝ Ադամն ու Եվան պետք է պայքարեին իրեն գոյությունը պահպանելու համար։ Մինչև այսօր Եհովան թույլ է տվել, որ Սատանան կառավարի մեղքի մեջ գտնվող մարդկությանը, և բացահայտորեն ցույց է տվել իրեն չհնազանդվելու հետևանքները։ Պատմությունը փաստել է, որ մարդիկ չեն կարող երկիրը Դրախտ դարձնել (Երեմիա 10։23)։ Դեռ ավելին, Աստծուց անկախ ընթացքը ծանր խնդիրներ է առաջ բերել, որոնցից է նաև աղքատությունը (Ժողովող 8։9)։
Այնուամենայնիվ, աղքատներն անօգնական չեն հոգսերով լի այս աշխարհում։ Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը, վստահելի առաջնորդություն է տալիս նրանց։
«Հոգս մի անէք»
Խոսելով մեծաթիվ մարդկանց առջև, որոնց թվում շատ աղքատներ կային՝ Հիսուսն ասաց. «Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։ .... Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։26–33)։
Աղքատությունը պատճառ չէ գողություն անելու համար (Առակաց 6։30, 31)։ Եթե աղքատ մարդը Աստծուն առաջին տեղում դնի իր կյանքում, Աստված հոգ կտանի նրա մասին։ Քննարկենք Լեսոթոյում (Հարավային Աֆրիկա) ապրող մի մարդու՝ Տուկիսոյի օրինակը։ 1998 թ.–ին արտերկրյա զորքերը մտան Լեսոթո, որպեսզի ճնշեն պետության դեմ բարձրացված ապստամբությունը։ Պատերազմական դրության պատճառով խանութները թալանվում էին, մարդիկ կորցնում էին իրենց աշխատանքը և սննդամթերքի խիստ պակաս էր զգացվում։
Տուկիսոն ապրում էր մայրաքաղաքի ամենաաղքատ թաղամասում։ Նրա հարևաններից շատերը իրենց գոյությունը պահպանելու նպատակով խանութներ էին թալանում։ Մի օր երբ Տուկիսոն վերադարձավ իր մեկ սենյականոց բնակարանը, տեսավ մթերքներ, որ գողացել էր Մասեյսոն՝ այն կինը, որի հետ նա ապրում էր։ «Դո՛ւրս տար այս մթերքները»,— ասաց Տուկիսոն՝ բացատրելով, որ գողություն անելը դեմ է Աստծու օրենքին։ Մասեյսոն հնազանդվեց։ Հարևանները ծաղրեցին նրանց և իրենց վերցրին գողացված սննդամթերքը։
Տուկիսոն նման դիրք բռնեց այն բանի հիման վրա, ինչ սովորել էր Եհովայի վկաների հետ Աստվածաշունչն ուսումնասիրելիս։ Արդյո՞ք Աստծու օրենքը կատարելով՝ նա սովի մատնվեց։ Ո՛չ։ Որոշ ժամանակ անց մի քանի երեցներ Եհովայի վկաների այն ժողովից, ուր Տուկիսոն հաճախում էր, կապ հաստատեցին նրա հետ և մթերքներ բերեցին նրան. Հարավային Աֆրիկայի մյուս երկրներում ապրող Եհովայի վկաները ավելի քան երկու տոննա հումանիտար օգնություն էին ուղարկել Լեսոթոյում ապրող իրենց քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Մասեյսոյին տպավորեց Տուկիսոյի հնազանդությունը Աստծու հանդեպ և ժողովի ցուցաբերած սիրալիր օգնությունը։ Մասեյսոն նույնպես սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Վերջիվերջո, նրանք օրինականացրին իրենց ամուսնությունը և այդպիսով համապատասխանեցին մկրտվելու և Եհովայի վկա լինելու պահանջներին։ Մինչև այժմ նրանք հավատարմորեն ծառայում են Աստծուն։
Եհովա Աստված հոգ է տանում աղքատների մասին (տե՛ս «Ինչպե՞ս է Աստված վերաբերվում աղքատներին» շրջանակը)։ Նա սիրով միջոցներ է ձեռնարկել, որպեսզի օգնի Տուկիսոյի և Մասեյսոյի նման ուրիշ անհատների ավելին իմանալ իր մասին։ Նա հոգ է տարել, որ իր Խոսքում առօրյա կյանքին վերաբերող գործնական խորհուրդներ լինեն։
Հրաշալի միջոցներ
Եհովայի վկաները միշտ ձգտել են արտացոլել աղքատների հանդեպ Աստծու ունեցած հոգատարությունը (Գաղատացիս 2։10)։ Հաճախ երբ որևէ երկրում աղետ է պատահում, և ճշմարիտ քրիստոնյաները տուժում են դրանից, միջոցներ են ձեռնարկվում նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար։ Իսկ ավելի կարևորն այն է, որ Վկաները հոգ են տանում մարդկանց հոգևոր կարիքների մասին, այդ թվում նաև աղքատների (Մատթէոս 9։36–38)։ Վերջին 60 տարիներին հատուկ ուսուցում ստացած հազարավոր Վկաներ կամավորապես իրենց տրամադրել են ծառայելու որպես միսիոներներ օտար երկրներում։ Օրինակ՝ Ֆինլանդիայից մի ամուսնական զույգ, որ ծառայում է որպես միսիոներ, սովորելով սեսոթո լեզուն, կարողացավ Տուկիսոյին ու Մասեյսոյին օգնել դառնալու Հիսուսի աշակերտները (Մատթէոս 28։19, 20)։ Միսիոներական ծառայությունը հաճախ պահանջում է թողնել հարուստ երկրում հարմարավետ կյանքը և տեղափոխվել աղքատ երկիր։
Գոյություն պահպանելու նպատակով գողություն անելը ելք չէ ճշմարիտ քրիստոնյաների համար։ Նրանք հավատում են, որ Եհովա Աստված կարո՛ղ է հոգալ իրենց կարիքները (Եբրայեցիս 13։5, 6)։ Միջոցներից մեկը, որով Եհովան հոգում է իր ծառաների մասին, իր երկրպագուների համաշխարհային կազմակերպությունն է, որի անդամները հոգատարություն են ցույց տալիս միմյանց հանդեպ։
Մյուս միջոցը, որով Եհովան օգնում է աղքատներին, առօրյա կյանքի վերաբերյալ նրանց գործնական խորհուրդներ տալն է։ Օրինակ՝ Աստվածաշունչը պատվիրում է. «Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը բարին գործելով. որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին» (Եփեսացիս 4։28)։ Շատ գործազուրկ անհատներ կարողացել են իրենց համար աշխատանք ստեղծել՝ ծանր աշխատելով, օրինակ՝ բանջարաբուծությամբ զբաղվելով։ Աստվածաշունչը նաև օգնում է աղքատներին խնայել իրենց դրամական միջոցները՝ սովորեցնելով խուսափել վատ սովորություններից, ինչպես օրինակ՝ ալկոհոլի չարաշահումից (Եփեսացիս 5։18)։
Աղքատությունից զերծ աշխարհ. ե՞րբ
Աստվածաշունչը հայտնում է, որ մենք ապրում ենք Սատանայի իշխանության վերջին օրերում (Բ Տիմոթէոս 3։1)։ Շուտով Եհովա Աստված կուղարկի Հիսուս Քրիստոսին՝ դատելու մարդկությանը։ Ի՞նչ տեղի կունենա այդ ժամանակ։ Հիսուսն այս հարցին պատասխանեց իր առակներից մեկում։ Նա ասաց. «Երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ. եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը» (Մատթէոս 25։31–33)։
Այս առակում հիշատակված ոչխարները ներկայացնում են այն մարդկանց, ովքեր ենթարկվում են Հիսուսի թագավորական իշխանությանը։ Հիսուսը նրանց նմանեցրեց ոչխարների, քանի որ նրանք հետևում են իրեն՝ որպես իրենց Հովվի (Յովհաննէս 10։16)։ Այս անհատները կապրեն Հիսուսի կատարյալ իշխանության ներքո։ Դա կլինի երջանիկ կյանք աղքատությունից զերծ աշխարհում։ Իսկ այծերով ներկայացված անհատները, որոնք մերժում են Հիսուսի իշխանությունը, մեկընդմիշտ կոչնչացվեն (Մատթէոս 25։46)։
Աստծու Թագավորությունը վերջ կդնի չարությանը։ Այդ ժամանակ աղքատությունը անցյալի գիրկը կանցնի։ Երկիրը կբնակեցվի այնպիսի մարդկանցով, որոնք սիրում ու հոգ են տանում միմյանց մասին։ Այն, որ այդպիսի նոր աշխարհը իրականություն է, երևում է Եհովայի վկաների միջազգային սիրառատ եղբայրությունից, ինչպես և Հիսուսն ասաց. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ
Աստվածաշունչը մարդկության Արարչին նկարագրում է որպես Մեկի, որ «հաց [է] տալիս՝ սովածներին» (Սաղմոս 146։7)։ Այն բովանդակում է հարյուրից ավելի սուրբգրային համարներ, որոնք հստակորեն ցույց են տալիս աղքատների հանդեպ Աստծու հոգատարությունը։
Օրինակ՝ երբ Եհովան իր Օրենքը տվեց վաղեմի Իսրայել ազգին, նա պատվիրեց իսրայելացի հողագործներին, որ իրենց արտերի եզրերը մինչև վերջ չհնձեն։ Նրանք չպետք է ձիթենիների ու խաղողի վազերի վրա մնացած բերքը մեկ անգամ ևս հավաքեին։ Այս օրենքները սիրառատ հոգատարության դրսևորում էին օտարականների, որբերի, այրիների և աղքատության մեջ գտնվող այլ մարդկանց հանդեպ (Ղեւտացոց 19։9, 10; Բ Օրինաց 24։19–21)։
Բացի այդ, Աստված պատվիրել էր իսրայելացիներին. «Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։ Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը. եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի եւ ձեզ սրով կ’մեռցնեմ. եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կ’լինին» (Ելից 22։22–24)։ Ցավոք, ունևոր իսրայելացիներից շատերը չէին հնազանդվում այս խոսքերին։ Այդ և ուրիշ սխալ արարքների պատճառով Եհովա Աստված իր մարգարեների միջոցով բազմաթիվ զգուշացումներ է տվել իսրայելացիներին (Եսայիա 10։1, 2; Երեմիա 5։28; Ամովս 4։1–3)։ Ի վերջո Եհովան այնպես արեց, որ ասորեստանցիները և հետագայում բաբելոնացիները նվաճեցին Իսրայելի տարածքը։ Իսրայելացիներից շատերը սպանվեցին, իսկ կենդանի մնացածները գերի տարվեցին օտար երկրներ։
Աստծու սիրելի որդին՝ Հիսուս Քրիստոսը, աղքատների հանդեպ արտացոլել է իր հոր սիրառատ հոգատարությունը։ Բացատրելով իր ծառայության նպատակը՝ Հիսուսն ասել է. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու» (Ղուկաս 4։18)։ Սա չի նշանակում, որ Հիսուսը իր ծառայության մեջ միայն աղքատներին է քարոզել։ Նա սիրով օգնել է նաև հարուստ մարդկանց։ Բայց հարուստներին օգնելիս Հիսուսը հաճախ արտահայտել է իր հոգատարությունը աղքատների հանդեպ։ Օրինակ՝ նա այսպիսի խորհուրդ տվեց մի հարուստ իշխանի. «Ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ» (Ղուկաս 14։1, 12–14; 18։18, 22; 19։1–10)։
Եհովա Աստված և նրա Որդին մեծապես հոգ են տանում աղքատների մասին (Մարկոս 12։41–44; Յակոբոս 2։1–6)։ Ցույց տալով իր հոգատարությունը աղքատների հանդեպ՝ Եհովան իր հիշողության մեջ է պահում միլիոնավոր աղքատ մարդկանց, որ մահացել են։ Բոլոր այդ անհատները հարություն կառնեն աղքատությունից զերծ նոր աշխարհում (Գործք 24։15)։
[նկարներ]
Եհովայի Վկաների միջազգային եղբայրությունը ցույց է տալիս, որ նոր աշխարհը իրականություն է
[նկար 5–րդ էջի վրա]
Տուկիսոն և Մասեյսոն՝ այն միսիոների հետ, որը Տուկիսոյի հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը
[նկար 5–րդ էջի վրա]
Մասեյսոն՝ իր տան դռան առջև՝ միսիոներ քրոջ հետ, որն իր հետ Աստվածաշունչ է ուսումնասիրել