Աշխատանքի հանելուկը
«Աշխատե՛նք, աշխատե՛նք։ Անսահման ուրախություն է իմանալ, որ առջևում մեզ սպասում են լավագույն գործերը» (գրող Քեթրին Մենսֆիլդ, 1888–1923 թթ.)։
ԴՈՒՔ նո՞ւյնպես նման իդեալական պատկերացումներ ունեք։ Ինչպե՞ս եք վերաբերվում աշխատանքին։ Գուցե ձեզ թվում է, թե դա մի երկար ու մթին թունել է հանգստյան օրերի արանքում։ Իսկ միգուցե այն ձեզ համար տարերք է, որ հասնում է մոլուցքի աստիճանի։
Հիմնականում, մարդիկ իրենց օրվա մեծ մասը նվիրում են աշխատանքին։ Աշխատանքը կարող է որոշիչ դեր խաղալ այն հարցում, թե որտեղ ենք ապրելու և ինչ կյանք ենք վարելու։ Շատերի համար դա միակ ձգտումն է, որին նրանք մեծ կարևորություն են տալիս կյանքում՝ երիտասարդ տարիքից մինչև թոշակի անցնելը։ Մեզանից ոմանք բավականություն են ստանում աշխատելուց։ Ոմանք էլ աշխատանքի արժեքը որոշում են եկամտի քանակով կամ նրա շնորհիվ ձեռք բերված հեղինակությամբ։ Մինչդեռ որոշ մարդկանց համար աշխատանքը սոսկ ժամանակ անցկացնելու կամ էլ նույնիսկ վատնելու միջոց է։
Կան մարդիկ, ովքեր աշխատում են ապրելու համար։ Կան նաև այնպիսիները, ովքեր ապրում են աշխատելու համար։ Իսկ ոմանք մահանում են աշխատանքի ժամանակ կամ դրա պատճառով։ Օրինակ՝ ինչպես նշվում է ՄԱԿ–ի վերջին հաղորդագրություններից մեկում, աշխատանքը ավելի շատ ցավ ու մահ է պատճառում, քան «պատերազմները կամ թմրանյութերի և ոգելից խմիչքների չարաշահումը՝ միասին վերցված»։ Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» պարբերաթերթը այս կապակցությամբ հայտնում է. «Աշխատանքի ժամանակ տեղի ունեցած պատահարներից կամ աշխատավայրում ձեռք բերված հիվանդություններից ամեն տարի մահանում է ավելի քան երկու միլիոն մարդ.... Փոշուց, քիմիկատներից, աղմուկից և ճառագայթումից պաշտպանված չլինելը քաղցկեղի, ինֆարկտի և կաթվածի պատճառ է դառնում»։ Իսկ երեխաների շահագործումը, ինչպես նաև հարկադրական աշխատանքը ընդամենը երկուսն են այն սոսկալի իրողություններից, որ ներկայումս գոյություն ունեն։
Ավելին, կա մի բան, որը հոգեբան Սթիվեն Բերգլասն անվանում է «գերնոր աստղի բռնկում և մարում»։ Նա խոսում է կարիերայի գագաթնակետին հասած ջանասեր աշխատողի մասին, որը միայն «անհանգստություն, վհատվածություն, հուսահատություն կամ ընկճվածություն [է զգում]։ Ու դրա պատճառն այն է, որ նա համոզված է, թե ընկել է աշխատանքի կամ կարիերայի ծուղակը, որից ո՛չ կարող է դուրս գալ, ո՛չ էլ որևէ հոգեկան բավականություն ստանալ»։
Ջանադիր աշխատա՞նք, թե՞ գործամոլություն
Այս աշխարհում, որտեղ շատերը ժամերով ծանր աշխատում են, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է տարբերությունը ջանադիր աշխատողի և գործամոլի միջև։ Գործամոլի տեսանկյունից՝ աշխատավայրը հանգրվան է այս վտանգավոր, անկանխատեսելի ժամանակներում։ Իսկ ջանասեր մարդը աշխատանքը համարում է կարևոր ու երբեմն էլ հաճելի պարտականություն։ Գործամոլը աշխատանքի պատճառով անտեսում է կյանքի մյուս բոլոր ոլորտները, իսկ ջանասեր աշխատողը գիտի, թե երբ է հարկավոր անջատել համակարգիչը, մտքով կտրվել աշխատանքից և աշխատավայրում մնալու փոխարեն ներկա լինել, օրինակ, իր ամուսնության տարեդարձին։ Գործամոլը էմոցիոնալ բավականություն է ստանում արտաժամ աշխատելուց. նրա ադրենալինը դրանից բարձրանում է։ Նույնը, սակայն, չի կարելի ասել ջանասեր աշխատողի մասին։
Ժամանակակից հասարակությունը ջնջում է տարբերությունը այս երկու բաների միջև՝ արտաժամ աշխատանքը ներկայացնելով դրական լույսի ներքո։ Մոդեմները, բջջային հեռախոսները և փեյջերները վերացնում են սահմանը աշխատավայրի ու տան միջև։ Եթե ցանկացած վայրը դառնա աշխատավայր, իսկ ցանկացած ժամանակը՝ աշխատաժամանակ, ոմանք կաշխատեն մինչև վերջին շունչը։
Ինչպե՞ս են որոշ մարդիկ արձագանքում նման անառողջ վերաբերմունքին։ Հասարակագետները նկատել են, որ չափից շատ աշխատող, գերլարված անհատները հակված են աշխատավայրում զբաղվել հոգևոր բաներով և կրոնը զուգակցել իրենց մասնագիտության հետ։ Ինչպես նշվում էր մի պարբերականում, «հոգևորը աշխատանքին միախառնելը դարձել է հասարակական երևույթ» («San Francisco Examiner»)։
Սիլիցիումային Հովտի (բարձրակարգ տեխնիկական սարքավորումների պատրաստման կենտրոն ԱՄՆ–ում) վերաբերյալ մի հաղորդագրության մեջ ասվում է. «Եթե դեռևս շարունակվող կրճատումների պատճառով ղեկավար աշխատողները դատարկ կայանավայրերում ավտոմեքենաների հետքերն են հաշվում, ապա երեկոյան անցկացվող աստվածաշնչյան ուսումնասիրությունների ժամանակ կայանելու տեղ գրեթե չի լինում»։ Ինչպիսի նշանակություն էլ սա ունենա, աշխարհի բոլոր ծայրերում ապրող բազմաթիվ մարդիկ նկատել են, որ Աստվածաշունչը դրականորեն է անդրադառնում աշխատանքի հանդեպ իրենց վերաբերմունքի վրա, և արդյունքում իրենք ավելի հավասարակշռված կյանք են վարում։
Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել մեզ հավասարակշռված տեսակետ ունենալ աշխատանքի վերաբերյալ։ Գոյություն ունե՞ն արդյոք սուրբգրային այնպիսի սկզբունքներ, որոնց օգնությամբ մենք կկարողանանք հաջողությամբ հաղթահարել այսօր աշխատավայրերում առաջացող խնդիրները։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։