Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/15 էջ 23–28
  • Երեխանե՛ր, փառաբանեք Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երեխանե՛ր, փառաբանեք Եհովային
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ պետք է փառաբանեք Եհովային
  • Ինչպես են որոշ երեխաներ փառաբանել Եհովային
  • Ինչպե՞ս կարող եք փառաբանել Եհովային
  • Ե՞րբ պետք է սկսեք փառաբանել Եհովային
  • «Գովաբանե՛ք Եհովայի անունը»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Փառաբանեք Եհովային իր մեծ գործերի համար
    2001 Դիտարան
  • Փառաբանիր Եհովային ամեն օր
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովային փառաբանող երիտասարդները իմաստալից են դարձնում իրենց կյանքը
    2005 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 6/15 էջ 23–28

Երեխանե՛ր, փառաբանեք Եհովային

«Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով.... երիտասարդներ եւ աղջիկներ» (ՍԱՂՄՈՍ 148։7, 12)։

1, 2. ա) Շատ երեխաներ իրենց վրա դրված ի՞նչ սահմանափակումների մասին գիտեն։ բ) Ինչո՞ւ երեխաները չպետք է վրդովվեն իրենց վրա դրված սահմանափակումների պատճառով։

ԵՐԵԽԱՆԵՐԸ հաճախ շատ լավ հասկանում են, թե ի՛նչ չի թույլատրվում իրենց անել։ Նրանցից շատերը կարող են իսկույն ասել, թե քանի տարեկան պետք է դառնան, որպեսզի ծնողներն իրենց թույլ տան ինքնուրույն անցնել փողոցը, երեկոյան ավելի ուշ ժամի արթուն մնալ, կամ էլ մեքենա վարել։ Երբեմն երեխաները գուցե այնպիսի զգացողություն ունենան, թե իրենց խնդրանքների մեծ մասին տրվում է միևնույն պատասխանը. «Սպասիր, մինչև որ մեծանաս»։

2 Դո՛ւք, երեխանե՛ր, գիտեք, որ ձեր ծնողների կարծիքով՝ իմաստուն կլինի, եթե ձեզ վրա այդպիսի սահմանափակումներ դրված լինեն, ըստ էության, ձեր իսկ պաշտպանվածության համար։ Անշուշտ, դուք նաև գիտեք, որ Եհովային հաճելի է, երբ հնազանդվում եք ձեր ծնողներին (Կողոսացիս 3։20)։ Բայց երբեմն ձեզ թվո՞ւմ է, որ անվերջ սպասում եք, թե երբ կսկսվի ձեր իսկական կյանքը։ Թվո՞ւմ է, որ բոլոր կարևոր բաներից զրկվում եք, մինչև որ հասնեք որոշակի տարիքի։ Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից, քան այդպիսի մտքերը։ Այսօր կա մի գործ, որը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած բան, որին գուցե սպասում եք։ Իսկ ձեզ թույլատրվո՞ւմ է այդ գործին մասնակցել։ Այո՛։ Դեռ ավելին, անձամբ Բարձրյալ Աստծու կողմից դուք հրավիրվում եք միանալու այդ գործին։

3. Ի՞նչ առանձնաշնորհում է Եհովան առաջարկում երեխաներին ունենալ, և ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը։ Ուշադրություն դարձրու, թե այս հոդվածի բնաբանում ինչ է գրված. «Օրհնեցէք Տիրոջը երկրիցս, ով.... երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ» (Սաղմոս 148։7, 12)։ Այս խոսքերում նշվում է, թե դու ինչ մեծ առանձնաշնորհում կարող ես ունենալ. դու կարող ես օրհնել, այսինքն՝ փառաբանել Եհովային։ Քո պատանեկան սիրտը լի՞ է փափագով՝ մասնակցելու այդ գործին։ Քեզ պես շատ երեխաներ ունեն նման ցանկություն։ Որպեսզի համոզվենք, թե ինչու արժե նման փափագ ունենալ, քննենք երեք հարց։ Առաջին՝ ինչո՞ւ պետք է փառաբանես Եհովային։ Երկրորդ՝ ինչպե՞ս կարող ես դա արդյունավետ կերպով անել։ Երրորդ՝ ե՞րբ է ամենալավ ժամանակը սկսելու փառաբանել Եհովային։

Ինչո՞ւ պետք է փառաբանեք Եհովային

4, 5. ա) Համաձայն 148–րդ սաղմոսի՝ մենք ի՞նչ հրաշալի երգ ենք լսում։ բ) Ինչպե՞ս կարող են փառաբանել Եհովային այն ստեղծագործությունները, որոնք ո՛չ խոսում են, ո՛չ տրամաբանում։

4 Եհովային փառաբանելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նա Արարիչն է։ 148–րդ սաղմոսն օգնում է մեզ կենտրոնանալ այս ճշմարտության վրա։ Պատկերացրու հետևյալը. դու մոտենում ես մարդկանց մի մեծ խմբի, որը միաձայն երգում է մի գեղեցիկ, հուզիչ երգ։ Այն ունկնդրում ես ու տեսնում, որ խոսքերը ճշմարիտ են և արտահայտում են կարևոր, ուրախալի ու ոգեշնչող մտքեր։ Ի՞նչ կզգայիր։ Կցանկանայի՞ր արդյոք անգիր անել երգի բառերն ու միանալ այդ խմբին։ Մեծամասնությունս կցանկանար։ 148–րդ սաղմոսը ցույց է տալիս, որ դու, նման ձևով, մի շատ ավելի լավ երգ ես լսում։ Սաղմոսում խոսվում է մի վիթխարի բազմության մասին, որի բոլոր անդամները միաձայն փառաբանում են Եհովային։ Սակայն կարդալով այս սաղմոսը՝ կնկատես մի անսովոր բան։ Իսկ ի՞նչ։

5 Ինչպես երևում է Սաղմոս 148–ից, Աստծուն փառաբանողներից շատերը ո՛չ կարող են խոսել, ո՛չ էլ տրամաբանել։ Սաղմոսում, օրինակ, կարդում ենք, որ արևը, լուսինը, աստղերը, ձյունը, քամին, լեռները և բլուրները փառաբանում են Եհովային։ Ինչպե՞ս կարող են այս անկենդան ստեղծագործությունները դա անել (3, 8, 9 համարներ)։ Ճիշտ այնպես, ինչպես որ անում են ծառերը, ծովի ու ցամաքի կենդանիները (7 ՆԱ, 9, 10 համարներ)։ Երբևէ զմայլվե՞լ ես գեղեցիկ մայրամուտով, կամ հայացքդ հառե՞լ ես աստղերի ծովում լողացող բոլորակ լուսնի վրա, լիաթոք ծիծաղե՞լ ես՝ կենդանիների խաղը տեսնելով։ Իսկ հիացմունքից չե՞ս քարացել, երբ դիտել ես բնության մի հիասքանչ տեսարան։ Եթե այո, ուրեմն դու «լսել» ես արարչագործության փառաբանական երգը։ Այն ամենը, ինչ Եհովան ստեղծել է, մեզ հիշեցնում է, որ նա ամենակարող Արարիչն է, որ ամբողջ տիեզերքում չկա նրա պես հզոր, իմաստուն և սիրառատ անձնավորություն (Հռովմայեցիս 1։20; Յայտնութիւն 4։11)։

6, 7. ա) 148–րդ սաղմոսում Եհովային փառաբանող ո՞ր բանական էակներն են հիշատակվում։ բ) Ի՞նչը կարող է մեզ մղել Եհովային փառաբանելու։ Բացատրեք օրինակով։

6 148–րդ սաղմոսի համաձայն Եհովան փառաբանության է արժանանում նաև բանական արարչության կողմից։ 2–րդ համարում կարդում ենք, որ Եհովայի երկնային ‘զորքերը’՝ հրեշտակները, փառաբանում են Աստծուն։ 11–րդ համարում այդ փառաբանությանը հրավիրվում են միանալ հզոր ու ազդեցիկ մարդիկ, ինչպիսիք են՝ թագավորներն ու դատավորները։ Եթե հզոր հրեշտակներն են մեծ հաճույք ստանում՝ փառաբանելով Եհովային, ապա ի՞նչ առարկություն կարող է բերել մարդ արարածը՝ հիմնավորելու համար, թե ինչու չի գովաբանում Աստծուն։ Իսկ 12–րդ և 13–րդ համարներում ձեզ է հրավեր տրվում միանալ Եհովայի փառաբանությանը, երեխանե՛ր։ Քո սիրտը մղո՞ւմ է քեզ դա անելու։

7 Քննարկենք մի օրինակ։ Քո մտերիմ ընկերն ունի արտակարգ ընդունակություններ, ասենք, սպորտի, նկարչության կամ երաժշտության ասպարեզում։ Չէի՞ր պատմի նրա մասին քո ընտանիքի անդամներին և մյուս ընկերներիդ։ Իհարկե կպատմեիր։ Այդպես էլ Եհովայի արած բոլոր գործերի մասին սովորելը կարող է մղել մեզ պատմելու նրա մասին։ Օրինակ՝ ինչպես նշվում է Սաղմոս 19։1, 2–ում, աստղազարդ երկինքը «խօսք է բղխում»։ Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ մարդկանց, մենք պարզապես չենք կարող մեր Աստծու մասին չխոսել մյուսների հետ, երբ խորհում ենք, թե ինչ զարմանահրաշ գործեր է արել նա։

8, 9. Ո՞ր պատճառներով է Եհովան ցանկանում, որ մենք փառաբանենք իրեն։

8 Եհովային փառաբանելու մեկ ուրիշ կարևոր պատճառ է այն, որ նա ինքն է ուզում, որ մենք գովաբանենք իրեն։ Ինչո՞ւ։ Մի՞թե նա կարիք ունի, որ մարդիկ իրեն գովաբանեն։ Ո՛չ։ Այդ մենք՝ մարդիկս, գուցե երբեմն կարիք ունենանք, որ մեզ գովեն, այնինչ Եհովան շատ ու շատ ավելի բարձր է մեզանից (Եսայիա 55։8)։ Նա ոչ մի կասկած չունի իր անձնավորության կամ իր հատկությունների վերաբերյալ (Եսայիա 45։5)։ Բայցևայնպես, Եհովան կամենում է, որ մենք փառաբանենք իրեն, և դա իրեն հաճույք է պատճառում։ Ինչո՞ւ։ Քննենք երկու պատճառ։ Առաջին՝ նա գիտի, որ մենք կարիք ունենք իրեն փառաբանելու։ Աստված մեզ ստեղծել է հոգևորի կարիքով, այդ թվում երկրպագելու կարիքով (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Եհովան հաճույք է ստանում՝ տեսնելով, որ մեր այդ կարիքը բավարարվում է, ինչպես որ քո ծնողներն են ուրախանում՝ քեզ տեսնելով սննդարար կերակուր ուտելիս (Յովհաննէս 4։34)։

9 Երկրորդ՝ Եհովան գիտի, որ մարդիկ կարիք ունեն փառաբանության խոսքեր լսելու իր մասին։ Պողոս առաքյալը հետևյալը գրեց երիտասարդ Տիմոթեոսին. «Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով քո անձն էլ կ’ապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Այո, եթե դու սովորեցնես մարդկանց Եհովա Աստծու մասին՝ փառաբանելով նրան, ապա նրանք հավանաբար նույնպես կճանաչեն Եհովային։ Գիտելիքներ ստանալով՝ նրանք ի վերջո կարող են հասնել հավիտենական փրկության (Յովհաննէս 17։3)։

10. Ինչո՞ւ ենք մղվում փառաբանելու մեր Աստծուն։

10 Բայց Եհովային փառաբանելու մեկ ուրիշ պատճառ էլ կա։ Վերադառնանք ուշագրավ ընդունակություններ ունեցող քո ընկերոջ օրինակին։ Եթե լսեիր, որ մարդիկ սուտ լուրեր են տարածում նրա մասին, արատավորում են նրա բարի անունը, մի՞թե է՛լ ավելի մեծ վճռականությամբ չէիր գովի նրան ուրիշների մոտ։ Նմանապես, այս աշխարհում ամենուրեք Եհովայի անունը արատավորվում է (Յովհաննէս 8։44; Յայտնութիւն 12։9)։ Հետևաբար, ովքեր սիրում են նրան, մղվում են պատմել ճշմարտությունը նրա մասին՝ շտկելով մարդկանց սխալ պատկերացումները։ Դու նո՞ւյնպես ցանկանում ես արտահայտել Եհովայի հանդեպ քո սերն ու գնահատանքը և ցույց տալ, որ ուզում ես, որ նա՛ լինի քո Իշխանը և ոչ թե նրա գլխավոր թշնամին՝ Սատանան։ Այս բոլորը կարող ես անել՝ Եհովային փառաբանելով։ Ուստի հաջորդ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս։

Ինչպես են որոշ երեխաներ փառաբանել Եհովային

11. Սուրբգրային ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ երեխաները կարող են բավական արդյունավետորեն փառաբանել Եհովային։

11 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երեխաները հաճախ բավական արդյունավետորեն փառաբանել են Եհովային։ Օրինակ՝ մի իսրայելացի աղջիկ, որին ասորիները գերել էին, իր տիրուհուն համարձակորեն պատմեց Եհովայի մարգարե Եղիսեի մասին։ Այն, ինչ նա ասաց, ի վերջո հանգեցրեց նրան, որ հրաշք տեղի ունեցավ, և Եհովայի մասին մեծ վկայություն տրվեց (Դ Թագաւորաց 5։1–17)։ Հիսուսը փոքր հասակում նույնպես համարձակորեն վկայություն տվեց։ Նրա մանկության հետ կապված բոլոր այն դեպքերից, որոնք կարող էին արձանագրվել Գրություններում, Եհովան ընտրեց մեկը։ Դա այն դեպքն է, երբ 12–ամյա Հիսուսը Երուսաղեմի տաճարում կրոնական առաջնորդներին անվախորեն հարցեր տվեց՝ նրանց ապշեցնելով Եհովայի ճանապարհների վերաբերյալ իր հասկացողությամբ (Ղուկաս 2։46–49)։

12, 13. ա) Իր մահից կարճ ժամանակ առաջ ի՞նչ արեց Հիսուսը տաճարում, և ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը։ բ) Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց երեխաների մատուցած փառաբանությանը։

12 Լինելով չափահաս՝ Հիսուսը քաջալերում էր երեխաներին փառաբանել Աստծուն։ Օրինակ՝ իր մահվանից ընդամենը մի քանի օր առաջ նա Երուսաղեմի տաճարում էր։ Աստվածաշունչն ասում է, որ նա այնտեղ ‘հրաշքներ’ գործեց։ Հիսուսը տաճարից դուրս արեց նրանց, ովքեր այդ սուրբ վայրը ավազակների որջ էին դարձրել։ Բացի այդ, նա բուժեց կույրերին ու կաղերին։ Այնտեղ գտնվող յուրաքանչյուր ոք, հատկապես կրոնական առաջնորդները, պետք է իրենց մեջ մղում զգային փառաբանելու Եհովային ու նրա Որդուն՝ Մեսիային։ Ցավոք, այն օրերում շատերը չգովաբանեցին նրանց։ Թեև նրանք գիտեին, որ Հիսուսին Աստված է ուղարկել, սակայն վախեցան հոգևոր առաջնորդներից։ Բայց մարդկանց մի խումբ լուռ չմնաց։ Գիտե՞ս, թե ովքեր էին նրանք։ Աստվածաշունչն ասում է. «Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ [Հիսուսը] արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. եւ ասեցին [Հիսուսին]. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում» (Մատթէոս 21։15, 16; Յովհաննէս 12։42)։

13 Այդ քահանաները հույս ունեին, որ Հիսուսը կլռեցնի իրեն գովաբանող երեխաներին։ Սաստե՞ց նա արդյոք նրանց։ Ամենևի՛ն։ Հիսուսը քահանաներին պատասխանեց. «Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր»։ Հստակ է, որ Հիսուսն ու նրա Հայրը ուրախ էին երեխաների մատուցած փառաբանությամբ։ Այդ երեխաներն արեցին այն, ինչ պետք է անեին բոլոր չափահասները։ Նրանց մանկական ուղեղներում ամեն ինչ պետք է որ այնքա՜ն պարզ լիներ։ Նրանք տեսան, թե այդ մարդը ինչպես է հրաշքներ գործում, քաջությամբ ու հավատով խոսում, մեծ սեր ցուցաբերում Աստծու և նրա ժողովրդի հանդեպ։ Նա հենց խոստացված Մեսիան էր՝ ‘Դավթի Որդին’։ Այդ երեխաները նույնիսկ պատիվ ունեցան մասնակցելու մարգարեության կատարմանը՝ պարգևատրվելով իրենց հավատի համար (Սաղմոս 8։2)։

14. Երեխաներն իրենց ո՞ր հնարավորությունները կարող են օգտագործել Եհովային փառաբանելու համար։

14 Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից։ Սովորում ենք այն, որ երեխաները կարող են բավական արդյունավետ կերպով փառաբանել Եհովային։ Հաճախ նրանք ընդունակ են ճշմարտությունը պարզ ու հստակ հասկանալու և իրենց հավատը լրջությամբ ու եռանդով դրսևորելու։ Նրանք նաև ունեն մի պարգև, որի մասին գրված է Առակաց 20։29–ում. «Երիտասարդների զարդը իրանց ոյժն է»։ Այո՛, դո՛ւք, երեխանե՛ր, ունեք ուժ և կորով, որոնք կարևոր ու արժեքավոր միջոցներ են Եհովային փառաբանելու համար։ Իսկ կոնկրետ ինչպե՞ս կարող եք ձեր այդ հնարավորություններն օգտագործել։

Ինչպե՞ս կարող եք փառաբանել Եհովային

15. Եհովային արդյունավետ կերպով փառաբանելու համար ի՞նչ մղումներ են անհրաժեշտ։

15 Եթե ուզում ես Եհովային փառաբանել արդյունավետ կերպով, ապա սի՛րտդ պետք է քեզ մղի դա անելու։ Դու չես կարող այս հարցում լավ արդյունքների հասնել, եթե դա անում ես միայն այն պատճառով, որ գոհացում տաս ուրիշների ցանկությանը։ Հիշի՛ր. բոլոր պատվիրաններից մեծագույնը սա է. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթէոս 22։37)։ Իսկ դու Եհովային անձամբ ճանաչելու հարցում հասե՞լ ես հաջողությունների նրա Խոսքի ինքնուրույն ուսումնասիրության միջոցով։ Նման ուսումնասիրության պտուղը Եհովայի հանդեպ սերն է։ Իսկ այդ սերն արտահայտելու բնական ձևը նրան գովաբանելն է։ Հենց որ քո մղումները դառնան բավական հստակ և ուժգին, դու պատրաստ կլինես խանդավառությամբ փառաբանելու Եհովային։

16, 17. Ի՞նչ դեր է խաղում վարքը Եհովային փառաբանելու մեջ։ Բացատրեք։

16 Այժմ, նախքան մտածելը, թե ինչ պիտի ասես, քննիր, թե ինչպես պիտի գործես։ Ի՞նչ ես կարծում, եթե Եղիսեի օրերում ապրած այն իսրայելացի աղջիկը լիներ կոպիտ, անհարգալից կամ անազնիվ, նրա ասորի տերերը ականջ կդնեի՞ն Եհովայի մարգարեի վերաբերյալ նրա ասած խոսքերին։ Ըստ ամենայնի, ոչ։ Նման ձևով, շատ ավելի հավանական է, որ մարդիկ լսեն քեզ, եթե դու քեզ լավ պահես ու նրանց հանդեպ լինես հարգալից ու ազնիվ (Հռովմայեցիս 2։21)։ Ահա մի օրինակ։

17 Պորտուգալիայում ապրող մի 11–ամյա աղջիկ տոնակատարություններ նշելու ճնշման ենթարկվեց դպրոցում, որոնք հակասում էին Աստվածաշնչի հիման վրա կրթված իր խղճին։ Նա հարգալից ձևով իր ուսուցչուհուն բացատրեց, թե ինչու է հրաժարվում տոնել դրանք, բայց ուսուցչուհին ծաղրեց աղջկան։ Ուսուցչուհին այս դեպքից հետո էլ անընդհատ ստորացնում էր նրան՝ ծաղրի առարկա դարձնելով նրա կրոնը։ Սակայն աղջիկը շարունակում էր հարգանք դրսևորել նրա հանդեպ։ Անցան տարիներ։ Այդ երիտասարդ քույրը ծառայում էր որպես ընդհանուր ռահվիրա՝ լիաժամ ծառայող։ Մի անգամ համաժողովի ժամանակ նա դիտում էր, թե ինչպես են նորեկները մկրտվում։ Հանկարծ նա ճանաչեց նրանցից մեկին։ Դա նրա նախկին ուսուցչուհին էր։ Արտասվալից գրկախառնությունից հետո վերջինս քրոջն ասաց, որ երբեք չի մոռացել իր աշակերտուհու հարգալից վարքը։ Մի Եհովայի վկա այցելել էր ուսուցչուհուն, և վերջինս պատմել էր նրան իր նախկին աշակերտուհու վարքի մասին։ Ամեն ինչ վերջացել էր նրանով, որ սկսվել էր Աստվածաշնչի ուսումնասիրություն, և ուսուցչուհին ընդունել էր Աստվածաշնչի ճշմարտությունը։ Այո՛, քո վարքը կարող է զորավոր ձևով փառաբանել Եհովային։

18. Ի՞նչ կարող են երեխաներն անել, եթե վարանում են Եհովա Աստծու և Աստվածաշնչի վերաբերյալ զրույցներ սկսել։

18 Երբեմն քեզ թվո՞ւմ է, որ դժվար է դպրոցում քո հավատի մասին խոսակցություն սկսել։ Հիշիր, որ ուրիշներն էլ ունեն նման զգացումներ։ Այդուհանդերձ, դու կարող ես այնպես անել, որ մյուսները քեզ հարցեր տան քո հավատի մասին։ Օրինակ՝ եթե օրենքով չի արգելվում, ինչո՞ւ Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն չբերես քեզ հետ դպրոց ու կարդաս ճաշի ժամին կամ ուրիշ ժամանակ, երբ դա թույլատրվում է։ Մյուս աշակերտները գուցե քեզ հարցնեն, թե ինչ ես կարդում։ Նրանց հարցերին պատասխանելով ու պատմելով, թե ինչ հետաքրքիր մտքեր կան քո ձեռքում եղած պարբերագրում կամ գրքում՝ դու արդեն հաճելի զրույցի բռնված կլինես նրանց հետ, նախքան դա կգիտակցես։ Մի մոռացիր հարցեր տալ՝ պարզելու համար, թե քո դպրոցակիցները ինչ հավատալիքներ ունեն։ Հարգալից կերպով լսիր և Աստվածաշնչից քո սովորածի մասին մտքեր արտահայտիր։ 29–րդ էջում ներկայացված դեպքերը ցույց են տալիս, որ շատ երեխաներ դպրոցում փառաբանում են Աստծուն։ Դա մեծ ուրախություն է պարգևում նրանց և օգնում է շատերին Եհովային ճանաչելու։

19. Ինչպե՞ս կարող են երեխաները ավելի արդյունավետ կերպով մասնակցել տնետուն ծառայությանը։

19 Տնետուն ծառայությունը Եհովային փառաբանելու ամենից արդյունավետ ձևն է։ Եթե դեռ չես մասնակցում ծառայության այս ձևին, ապա ինչո՞ւ այդպիսի նպատակ չդնես։ Իսկ եթե մասնակցում ես, ապա, ի՞նչ ես կարծում, կա՞ն ուրիշ նպատակներ, որ կարող ես դնել քո առջև։ Օրինակ՝ յուրաքանչյուր դռան մոտ գրեթե միշտ նույն բանը ասելու փոխարեն՝ խորհիր, թե ինչպես կարող ես բարելավել մատուցումներդ։ Խորհրդի համար դիմիր քո ծնողներին և մյուս փորձառու քրիստոնյաներին։ Սովորիր, թե ինչպես ավելի շատ օգտագործես Աստվածաշունչը, արդյունավետ վերայցելություններ կատարես և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես (Ա Տիմոթէոս 4։15)։ Որքան շատ փառաբանես Եհովային նշված ձևերով, այնքան ավելի արդյունավետ կլինես քարոզչության գործում և ավելի շատ հաճույք կստանաս ծառայությունից։

Ե՞րբ պետք է սկսեք փառաբանել Եհովային

20. Ինչո՞ւ երեխաները չպետք է մտածեն, թե իրենք չափազանց փոքր են ու դեռևս ի վիճակի չեն Եհովային փառաբանելու։

20 Այժմ անդրադառնանք վերջին հարցին, որին պատասխանելն ավելի հեշտ է, քան քննարկված երկու հարցերին։ Ուշադրություն դարձրու, թե Աստվածաշունչն ինչ ուղղակի պատասխան է տալիս այդ հարցին. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (Ժողովող 12։1)։ Այս համարը ցույց է տալիս, որ հարկավոր է սկսել փառաբանել Եհովային այսօր իսկ։ Գուցե դու ասես. «Ես դեռ բավական փոքր եմ, որ սկսեմ Եհովային փառաբանել։ Անփորձ եմ։ Պետք է սպասեմ, մինչև մեծանամ»։ Դու առաջինը չես, որ այդպես ես մտածում։ Օրինակ՝ պատանի Երեմիան Եհովային ասաց. «Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ»։ Եհովան հավաստիացրեց նրան, որ վախենալու ոչ մի պատճառ չկա (Երեմիա 1։6, 7)։ Նույն ձևով, մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք, երբ փառաբանում ենք Եհովային։ Նա կարող է ամբողջովին վերացնել ցանկացած վնաս, որ կարող է մեզ պատահել (Սաղմոս 118։6)։

21, 22. Ինչո՞ւ են Եհովային փառաբանող երեխաները նմանեցվում ցողերի, և ինչո՞ւ է այսպիսի համեմատությունը քաջալերական։

21 Ուստի ձե՛զ, երեխանե՛ր, մենք հորդորում ենք. «Մի՛ վարանեք փառաբանել Եհովային»։ Հիմա՝ պատանեկան տարիքում է ամենալավ ժամանակը, երբ կարող եք մասնակցել երկրագնդի վրա կատարվող ամենակարևոր գործին։ Բաժին ունենալով քարոզչության մեջ՝ դուք դառնում եք Եհովային փառաբանողների տիեզերական հրաշալի ընտանիքի անդամը։ Եհովան շատ ուրախ է, որ դուք այդ ընտանիքի մասն եք կազմում։ Տեսեք, թե ինչ ներշնչյալ խոսքեր է ասում սաղմոսերգուն Եհովային. «Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին» (Սաղմոս 110։3)։

22 Առավոտյան արևի շողերի ներքո պսպղացող ցողերը հաճելի տեսարան են ներկայացնում, այդպես չէ՞։ Ցողերը, որոնք հնարավոր չէ հաշվել, թարմություն են պատճառում մարդկանց։ Ահա հենց այսպիսին եք դուք Եհովայի աչքերում, երեխանե՛ր, որ հավատարմորեն գովաբանում եք նրան այս ծանր ժամանակներում։ Հստակ է, որ ձեր ընտրությունը՝ փառաբանել Աստծուն, ուրախացնում է նրա սիրտը (Առակաց 27։11)։ Ուրեմն, երեխանե՛ր, ոչ մի ջանք մի խնայեք փառաբանելու Եհովային։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Եհովային փառաբանելու ի՞նչ կարևոր պատճառներ կան։

• Սուրբգրային ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ երեխաները կարող են բավական արդյունավետ ձևով փառաբանել Եհովային։

• Ինչպե՞ս կարող են երեխաները փառաբանել Եհովային այսօր։

• Ե՞րբ երեխաները պետք է սկսեն փառաբանել Եհովային, և ինչո՞ւ։

[նկարներ 25–րդ էջի վրա]

Եթե ընկերդ արտակարգ ընդունակություններ ունենար, մի՞թե այդ մասին չէիր պատմի ուրիշներին

[նկար 27–րդ էջի վրա]

Դպրոցակիցներդ գուցե հետաքրքրվեն քո հավատալիքներով

[նկար 28–րդ էջի վրա]

Եթե ուզում ես բարելավել ծառայությունդ, փորձառու Վկաներից որևէ մեկից խորհուրդ հարցրու

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը