Ո՞ր դեպքում վիրավորվելը սխալ չէ
ԺՈՂՈՎՈՂ 7։9–ում ասվում է. «Բարկութիւնը [«Վիրավորվածությունը», ՆԱ] յիմարների ծոցումն է հանգչում»։ Այս համարը ցույց է տալիս, որ մենք չպետք է չափազանց զգացմունքայնորեն արձագանքենք, երբ ինչ–որ մեկը վիրավորում է մեզ։ Մենք պետք է ներողամիտ լինենք։
Բայցևայնպես, արդյո՞ք Ժողովող 7։9 համարի իմաստն այն է, որ երբեք չպետք է նեղանանք ինչ–որ մեկից կամ նեղվենք որևէ բանից, որ պետք է ներենք բոլոր վիրավորանքները՝ անկախ նրանից, թե որքան ցավալի են դրանք կամ թե որքան հաճախ են մեզ վիրավորում, և ոչինչ չձեռնարկենք։ Իսկ եթե ինքներս ենք խոսքով կամ գործով վիրավորում, ապա ճիշտ կլինի՞ չմտահոգվել դրանով՝ մտածելով, որ վիրավորված անհատը պետք է ներողամիտ լինի։ Ո՛չ, ճիշտ չի լինի։
Եհովա Աստված սիրո, գթության, ներողամտության և երկայնամտության մարմնացումն է։ Այդուհանդերձ, աստվածաշնչյան շատ օրինակներ ցույց են տալիս, որ մարդիկ Աստծու զգացմունքները վիրավորել են։ Երբ վիրավորանքը լուրջ է եղել, Եհովան քայլեր է ձեռնարկել իրեն վիրավորողների դեմ։ Քննենք մի քանի օրինակ։
Հանցանքներ Եհովայի դեմ
Գ Թագաւորաց 15։30–ում (ԱԱ) խոսվում է Հերոբովամի այն մեղքերի մասին, որոնցով նա «Իսրայէլին մեղանչել տուեր էր՝ Իսրայէլի Տէր Աստուածը բարկացնելով [«վիրավորելով», ՆԱ]»։ Բ Մնացորդաց 28։25–ում Հուդայի Աքազ թագավորի մասին ասվում է. «Բարձրաւանդակներ շինեց ուրիշ աստուածների խունկ ծխելու համար. եւ բարկացրեց [«վիրավորեց», ՆԱ] իրան հայրերի Տէր Աստուծուն»։ Մեկ ուրիշ օրինակ գտնում ենք Դատաւորաց 2։11–14 համարներում. «Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին եւ Բահաղիմը պաշտեցին.... եւ բարկացրին [«վիրավորեցին», ՆԱ] Տիրոջը։ ....Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայելի վերայ բորբոքուեց, եւ նա կողոպտիչների ձեռքը մատնեց նորանց»։
Ուրիշ արարքներ էլ կային, որ վիրավորում էին Եհովայի զգացմունքները, և դրանց համար խիստ պատիժ էր սահմանված։ Օրինակ՝ Ելից 22։18–20-ում կարդում ենք. «Կախարդը չ’թողես ապրէ։ Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։ Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի»։
Վաղեմի իսրայելացիներն անընդհատ վիրավորում էին Եհովային, ճշմարիտ զղջում չէին դրսևորում և նրան հնազանդվելու ուղղությամբ ոչ մի փոփոխություն չէին անում։ Ուստի Աստված հանցագործներին չէր ներում և կործանում էր։ Մ.թ.ա. 607–ին Եհովան բաբելոնացիների ձեռքով համազգային կործանում բերեց Իսրայելի վրա, և մի այդպիսի կործանում էլ տեղի ունեցավ մ.թ. 70–ին հռոմեացիների ձեռքով։
Այո՛, մարդկանց չար խոսքերն ու գործերը վիրավորում են Եհովային, և նա ծանր մեղք գործած և անզեղջ անհատներին պատժում է։ Բայց վիրավորվելով՝ արդյո՞ք Աստված չի նմանվում այն մարդկանց, ում մասին նշվում է Ժողովող 7։9–ում։ Բոլորովի՛ն։ Եթե նա վիրավորվում է, ուրեմն հիմքեր կան դրա համար։ Աստված միշտ արդարացի կերպով է դատաստան անում։ Աստվածաշունչը Եհովայի մասին ասում է. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։
Ծանր հանցանքներ մարդու դեմ
Ըստ Օրենքի, որ Աստված տվել էր վաղեմի Իսրայելին՝ մարդու դեմ ծանր հանցանք գործելը լուրջ հետևանքներ էր ունենում։ Օրինակ՝ եթե գողը գիշերով մտներ տուն, և նրան տանտերը սպաներ, ապա վերջինս արյունապարտ չէր լինի։ Նա անմեղ էր և տուժել էր ծանր հանցագործությունից։ Ուստի, կարդում ենք. «Եթէ գողը տուն ծակէլիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, [տանտիրոջ] համար արիւն չ’կայ» (Ելից 22։2)։
Բռնաբարությունը ծանր հանցանք է Աստծու աչքում, և դա մեծ վիրավորանք է բռնաբարված կնոջ համար։ Ըստ Մովսիսական օրենքի՝ կնոջը բռնաբարած տղամարդը պետք է մեռներ, որովհետև նրա արարքը նման էր ‘մեկի կողմից իր դրացու վրա հարձակվելուն և նրան մեռցնելուն’ (Բ Օրինաց 22։25, 26)։ Թեև մենք այդ Օրենքի տակ չենք, այն օգնում է մեզ հասկանալ, թե Եհովան ինչ տեսակետ ունի այնպիսի սոսկալի վիրավորանքի վերաբերյալ, ինչպիսին բռնաբարությունն է։
Մեր ժամանակներում նույնպես բռնաբարությունը ծանր հանցանք է համարվում, որի համար խիստ պատիժներ են սահմանված։ Տուժածը բոլոր իրավունքներն ունի տեղեկացնելու կատարվածի մասին ոստիկանությանը։ Այդպես համապատասխան իշխանությունները կկարողանան պատժել հանցագործին։ Իսկ եթե տուժածը անչափահաս է, նման գործողություններ գուցե ցանկանան ձեռնարկել ծնողները։
Մանր հանցանքներ
Սակայն ոչ բոլոր հանցանքների համար հարկ կա դիմելու իշխանություններին։ Եթե մարդիկ մեր հանդեպ համեմատաբար թեթև սխալներ են գործում, ապա չպետք է հակված լինենք վիրավորվելու, այլ պետք է ներողամիտ լինենք։ Որքա՞ն հաճախ պետք է ներենք դիմացինին։ Պետրոս առաքյալը Հիսուսին հարցրեց. «Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ»։ Հիսուսը պատասխանեց. «Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը» (Մատթէոս 18։21, 22)։
Մյուս կողմից՝ պետք է միշտ բարելավենք մեր քրիստոնեական անձնավորությունը՝ ձգտելով հնարավորին չափ քիչ վիրավորել ուրիշներին։ Օրինակ՝ երբեմն կոպի՞տ ենք, աննրբանկա՞տ ենք, վիրավորո՞ւմ ենք մարդկանց։ Նման վարքը, ըստ ամենայնի, վշտացնում է մյուսներին։ Վիրավորող անհատը չպետք է մեղադրի դիմացինին իրենից նեղանալու համար և չպետք է մտածի, թե նա պարզապես պարտավոր է ներել իրեն։ Վիրավորողը պետք է գիտակցի, որ ինքն է պատճառը, որ դիմացինը նեղացել է իրենից։ Նա կարիք ունի աշխատելու իր գործողություններն ու խոսքերը վերահսկելու ուղղությամբ, որպեսզի չնեղացնի ուրիշներին։ Նման ջանքեր գործադրելով՝ մենք ավելի ու ավելի քիչ կվիրավորենք մարդկանց զգացմունքները։ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է. «Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն, բայց իմաստուններուն լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18, ԱԱ)։ Նույնիսկ եթե դիմացինին վիրավորել ենք ոչ դիտավորյալ, ներողություն խնդրելով՝ կարող ենք մեծապես նպաստել իրավիճակը հարթելուն։
Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ մենք պետք է «խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք» (Հռովմայեցիս 14։19)։ Երբ նրբանկատությամբ ու բարությամբ ենք վարվում, այդ ժամանակ կիրառում ենք հետևյալ առակը. «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 25։11)։ Ի՜նչ հաճելի տպավորություն կթողնենք՝ վարվելով այդպես։ Մեղմ ու նրբանկատ խոսքը նույնիսկ կարող է ստիպել մարդկանց փոխել իրենց բռնած կոշտ դիրքը. «Կակուղ լեզուն ոսկոր կը կոտրէ» (Առակաց 25։15)։
Ուստի, Աստծու Խոսքը մեզ խորհուրդ է տալիս. «Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ» (Կողոսացիս 4։6)։ «Աղով համեմած» նշանակում է, որ մենք ախորժելի կերպով ենք խոսում մարդկանց հետ՝ դրանով իսկ նվազեցնելով նրանց վիրավորելու հավանականությունը։ Թե՛ խոսքով և թե՛ գործով՝ քրիստոնյաները ձգտում են կիրառել Աստվածաշնչի հետևյալ հորդորը. «Խաղաղութիւն որոն[իր] եւ նորան հետ[ևիր]» (Ա Պետրոս 3։11)։
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Ժողովող 7։9 համարի իմաստն այն է, որ մենք պետք է աշխատենք չնեղանալ ուրիշներից նրանց համեմատաբար փոքր սխալների պատճառով։ Այդ սխալները թերևս մարդկային անկատարության հետևանք են, կամ նույնիսկ հնարավոր է անհատը գիտակցաբար գործի մանր սխալներ, բայց դրանք լուրջ մեղքեր չլինեն։ Սակայն երբ կատարվածը լուրջ մեղք է, ապա տուժածը վիրավորվելու հիմքեր ունի և կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել (Մատթէոս 18։15–17)։
[նկար 14–րդ էջի վրա]
Եհովան անզեղջ իսրայելացիներին մ. թ. 70–ին մատնեց հռոմեացիների ձեռքը
[նկար 15–րդ էջի վրա]
«Յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են»