Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 8/15 էջ 3–4
  • Մահվան կործանարար ազդեցությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մահվան կործանարար ազդեցությունը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Կենդանիները գիտեն որ մեռնելու են»
  • Մեծ հանելուկ
  • «Մահը կլանվեց»
    2005 Դիտարան
  • Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ
    2012 Դիտարան
  • Եհովայի օգնությամբ եմ մեծացրել հինգ երեխաներիս
    Եհովայի վկաների կենսագրությունները
  • Մահվան մասին հորինվածքների հետազոտություն
    2002 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 8/15 էջ 3–4

Մահվան կործանարար ազդեցությունը

«ՎԵՑԱՄՅԱ ՄԻ ԵՐԵԽԱ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ»։ Ահա այսպիսի ցնցող վերնագիր ուներ մի հոդված, որում պատմվում էր Ջեքի անունով փոքրիկ աղջկա ողբերգական մահվան մասին։ Ջեքիի մայրը դեպքերից կարճ ժամանակ առաջ մահացել էր անբուժելի հիվանդությունից։ Աղջիկը, որն իրեն գցել էր գնացքի տակ, նախքան այդ մյուս երեխաներին ասել էր, թե ուզում է «դառնալ հրեշտակ և գնալ մայրիկի մոտ»։

18 տարեկան Իենը թախանձագին խնդրեց քահանային բացատրել, թե ինչու է իր հայրը հիվանդացել քաղցկեղով ու մահացել։ Քահանան պատասխանեց, որ Իենի հայրը բարի մարդ էր, ուստի Աստված կամեցել է երկինք տանել նրան։ Այդպիսի բացատրությունից հետո Իենն այլևս ցանկություն չուներ ճանաչել նման դաժան Աստծու։ Քանի որ կյանքը պատանուն անիմաստ էր թվում, նա որոշեց ապրել իր հաճույքի համար։ Արդյունքում Իենը դարձավ հարբեցող ու թմրամոլ և սկսեց անբարո կյանք վարել։ Իր կյանքն այլևս իր ձեռքերում չէր։

«Կենդանիները գիտեն որ մեռնելու են»

Այս երկու օրինակները ցույց են տալիս, թե մահն ինչպես կարող է կործանել մարդկանց կյանքը, հատկապես երբ վրա է հասնում անսպասելիորեն։ Անկասկած, բոլորս էլ գիտակցում ենք այն իրողությունը, որն Աստվածաշնչում ներկայացված է հետևյալ կերպ. «Կենդանիները [կենդանի մարդիկ] գիտեն որ մեռնելու են» (Ժողովող 9։5)։ Սակայն շատերը անուշադրության են մատնում այս դաժան իրականությունը։ Իսկ դո՞ւք։ Առօրյա գործերն այնքան ջանք և ուշադրություն են պահանջում, որ ժամանակ չի մնում մտածել մահվան մասին և թվում է, թե այդ բանը տեղի է ունենալու հեռավոր ապագայում։

«Մարդիկ մեծամասամբ վախենում են մահից և ձգտում են չմտածել այդ մասին»,— ասվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում։ Այնուամենայնիվ, մահվան իրողությանը մենք կարող ենք բախվել հանկարծակի՝ դժբախտ պատահարի կամ անբուժելի հիվանդության պատճառով։ Նաև հնարավոր է՝ ընկերոջ կամ բարեկամի հուղարկավորությունը հիշեցնի մեզ այն տխուր վախճանի մասին, որը սպասում է բոլոր մարդկանց։

Սակայն հուղարկավորությունների ժամանակ հաճախ կարելի է լսել նաև այս խոսքերը. «Կյանքը շարունակվում է։ Պետք է ուժ գտնել ապրելու»։ Եվ դա ճշմարիտ է։ Իրականում, կյանքն ասես այնքան արագ է անցնում, որ աննկատելիորեն վրա է հասնում ծերությունը՝ բերելով իր խնդիրները։ Այդ ժամանակ մահն այլևս չի թվում հեռավոր ապագայում տեղի ունենալիք մի բան։ Մարդը սկսում է ավելի հաճախ մասնակցել թաղման արարողությունների. նրա վաղեմի ընկերները մեկը մյուսի ետևից հեռանում են կյանքից։ Տարեցներին հաճախ անհանգստացնում է հետևյալ միտքը. «Շուտով կգա նաև իմ հերթը»։

Մեծ հանելուկ

Թեև բոլորն էլ ընդունում են, որ մահն անխուսափելի է, մարդկանց համար մեծ հանելուկ է մնում, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Պատասխանները շատ են և հակասում են մեկը մյուսին։ Ուստի սկեպտիկ անհատները սկսում են մտածել, որ նման մեկնաբանությունները սոսկ ունայն վիճաբանություններ են անհայտ բաների շուրջ։ Իսկ ռեալիստների կարծիքով՝ քանի որ «կյանքը մեկ անգամ է տրվում մարդուն», պետք է հնարավորին չափ վայելել նրա բոլոր հաճույքները։

Ի տարբերություն նրանց՝ կան մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ մահով ամեն բան ավարտվում է։ Այնուամենայնիվ, նրանք ոչ մի կոնկրետ պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Ոմանք ենթադրում են, թե կյանքը հավիտյան շարունակվում է ինչ–​որ երանելի վայրում, ոմանք էլ կարծում են, թե ապագայում նորից կծնվեն, թերևս՝ իբրև ուրիշ անձնավորություն։

Հարազատի մահը ողբացող մարդիկ հաճախ հարցնում են. «Որտե՞ղ են մահացածները»։ Ահա մի օրինակ. մի քանի տարի առաջ մի ֆուտբոլային թիմ գնում էր սպորտային միջոցառման։ Հանկարծ մի բեռնատար բախվեց նրանց միկրոավտոբուսին։ Ավտոբուսը շրջվեց և սկսեց գլորվել։ Թիմի անդամներից հինգը մահացան։ Նրանցից մեկի մայրը այդ պատահարից հետո կորցրեց իր հետաքրքրությունը կյանքի հանդեպ։ Այդ կնոջը հանգիստ չէր տալիս այն միտքը, թե որտեղ է իր որդին։ Նա միշտ գնում էր գերեզման և ժամերով բարձրաձայն խոսում իր որդու հետ։ Վշտահար այդ կինը ասել էր. «Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ մահից հետո ոչինչ չկա, սակայն չեմ էլ կարող վստահությամբ ասել որևէ բան»։

Հստակ է, որ մահվան հանդեպ մեր վերաբերմունքը արդեն այսօր կարող է անդրադառնալ մեր կյանքի վրա։ Երբ հաշվի ենք առնում, թե ինչպես են մարդիկ արձագանքում մահվանը, որոշ հարցեր են առաջանում։ Խորհեք, թե ինչպես կպատասխանեիք դրանց։ Ահա այդ հարցերը. «Արդյո՞ք պետք է մեր հիշողությունից ջնջենք մահը և մտածենք միայն ապրելու մասին։ Արդյո՞ք պետք է թույլ տանք, որ մահվան սպառնալիքը մռայլի մեր կյանքը։ Արդյո՞ք վշտահար մարդիկ այդպես էլ չեն իմանա, թե որտեղ են իրենց մահացած հարազատները։ Արդյո՞ք մահը հավիտյան առեղծված կմնա»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը