Մա՞րդ, թե՞ Աստված
«ԵՍ ԵՄ աշխարհքի լոյսը. ով որ իմ հետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Յովհաննէս 8։12)։ Այս խոսքերն ասել է Հիսուս Քրիստոսը։ Իսկ առաջին դարի մի բանիմաց մարդ հետևյալը գրեց. «[Նրա] մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը» (Կողոսացիս 2։3)։ Ավելին, Աստվածաշունչն ասում է. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Մեր հոգևոր կարիքները բավարարելու համար շատ կարևոր է ճշգրիտ գիտելիքներ ունենալ Հիսուսի վերաբերյալ։
Ամբողջ աշխարհում բոլորն էլ լսել են Հիսուս Քրիստոսի մասին։ Կասկած չկա, որ նա մարդկության պատմության վրա մեծ ազդեցություն է թողել։ Փաստն այն է, որ աշխարհում օգտագործվող օրացույցների մեծ մասը կազմված է ըստ նրա ծննդյան ենթադրյալ տարեթվի։ «Այդ տարեթվից առաջ գոյություն ունեցող թվերի մասին խոսելիս շատերն օգտագործում են Ք. ա. հապավումը, այսինքն՝ Քրիստոսից առաջ,— բացատրվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում,— իսկ այդ տարեթվից հետո օգտագործում են ա. Դ. հապավումը, այսինքն՝ աննո Դոմինի (մեր Տիրոջ տարվա ընթացքում)»։
Բազմաթիվ հակասական մտքեր կան այն մասին, թե ով է եղել Հիսուս Քրիստոսը։ Ոմանց կարծիքով՝ նա պարզապես նշանավոր մարդ է եղել, որն իր ազդեցությունն է թողել պատմության վրա։ Մյուսներն էլ երկրպագում են նրան որպես Ամենակարող Աստծու։ Հնդուականության որոշ կողմնակիցներ Հիսուս Քրիստոսին նմանեցնում են իրենց աստված Կրիշնային, որը, շատերի կարծիքով, մարմնավորված աստված է։ Արդյոք Հիսուսը պարզապես մա՞րդ էր, թե՞ մեկը, որին պետք է երկրպագել։ Իրականում ո՞վ էր նա։ Ի՞նչ ծագում ուներ։ Ինչպիսի՞ն էր նա։ Որտե՞ղ է այսօր։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածից, այս հարցերի պատասխանները կան մի գրքում, որը շատ բան ունի ասելու Հիսուսի մասին։