Գնացեք հավատո՛վ և ոչ թե երևույթով
«Հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 5։7)։
1. Ի՞նչն է ցույց տալիս, որ Պողոս առաքյալը հավատով էր գնում և ոչ թե երևույթով։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 55 թվականն է։ Անցել է մոտ 20 տարի այն օրից, երբ մի մարդ, որի անունն այն ժամանակ Սողոս էր և որը հալածում էր քրիստոնյաներին, քրիստոնեություն է ընդունել։ Նա թույլ չի տվել, որ ժամանակի ընթացքում Աստծու հանդեպ իր հավատը թուլանա։ Չնայած որ իր աչքերով չի տեսել երկնային բաները, նա ամուր հավատ ունի։ Ուստի, նամակ գրելով երկնային հույս փայփայող օծյալ քրիստոնյաներին, այդ մարդը՝ Պողոս առաքյալը, կարող է ասել. «Հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով» (Բ Կորնթացիս 5։7)։
2, 3. ա) Ինչպե՞ս ենք փաստում, որ հավատով ենք գնում։ բ) Ի՞նչ է նշանակում երևույթով գնալ։
2 Հավատով գնալու համար անհրաժեշտ է լիակատար վստահություն ունենալ, որ Աստված կարող է առաջնորդել մեզ։ Մենք պետք է լիովին համոզված լինենք, որ նա իրոք գիտի, թե ինչն է մեզ համար ամենից օգտակար (Սաղմոս 119։66)։ Որոշումներ կայացնելիս և դրանք իրագործելիս մենք հաշվի ենք առնում ‘չերևացող բաները’ (Եբրայեցիս 11։1)։ Սրանց մեջ են մտնում խոստացված ‘նոր երկինքն ու նոր երկիրը’ (Բ Պետրոս 3։13)։ Այնինչ, եթե երևույթով ենք գնում, ապա նշանակում է, որ կյանքում ղեկավարվում ենք բացառապես նրանով, ինչ ընկալում ենք մեր զգայարաններով։ Իսկ դա վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել նրան, որ լիովին անտեսենք Աստծու կամքը (Սաղմոս 81։12; Ժողովող 11։9)։
3 Անկախ նրանից՝ «փոքր հոտից» ենք, որի անդամները երկնային հույս ունեն, թե «ուրիշ ոչխարներից», որոնց հույսը երկրային է՝ յուրաքանչյուրս պետք է իր սրտո՛ւմ դնի հավատով և ոչ թե երևույթով գնալու հորդորը (Ղուկաս 12։32; Յովհաննէս 10։16)։ Եկեք տեսնենք, թե այս ներշնչյալ խորհրդին հետևելն ինչպես կարող է մեզ պաշտպանել ‘մեղքի ժամանակավոր զվարճությանը’ տրվելուց, նյութապաշտության ծուղակն ընկնելուց և իրերի այս համակարգի վախճանը մեր տեսադաշտից կորցնելուց։ Նաև կքննենք երևույթով գնալու վտանգները (Եբրայեցիս 11։25, ԱԱ)։
Մերժենք ‘մեղքի ժամանակավոր զվարճությունը’
4. Ի՞նչ ընտրություն Մովսեսն արեց և ինչո՞ւ։
4 Տեսնենք, թե Մովսեսը՝ Ամրամի որդին, ինչպիսի կյանքով կարող էր ապրել։ Նա, դաստիարակվելով հին Եգիպտոսի արքունիքում, կարող էր ունենալ իշխանություն, հարստություն և ազդեցություն։ Մովսեսը հնարավորություն ուներ տրամաբանելու այսպես. «Ես կրթվել եմ եգիպտացիների մեծահամբավ իմաստությամբ ու զորավոր եմ խոսքերով և գործերով։ Եթե մնամ արքունիքում, ապա կարող եմ դիրքս օգտագործել հանուն իմ հարստահարվող հրեա եղբայրների» (Գործք 7։22)։ Սակայն Մովսեսը նախընտրեց «Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ»։ Ինչո՞ւ։ Ի՞նչը մղեց Մովսեսին մերժելու այն ամենը, ինչ կարող էր առաջարկել նրան Եգիպտոսը։ Աստվածաշունչը պատասխանում է. «Հաւատքով թողեց [Մովսեսը] Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս» (Եբրայեցիս 11։24–27)։ Մովսեսը հավատում էր, որ Եհովան անպայման կպարգևատրի իրեն արդար մնալու համար, և այդպիսի հավատն օգնեց նրան դիմադրելու մեղքին և անցողիկ հաճույքների տրվելուն։
5. Մովսեսի օրինակն ինչպե՞ս է խրախուսում մեզ։
5 Հաճախ մենք նույնպես կանգնում ենք դժվար որոշումներ կայացնելու առջև այնպիսի հարցերի առնչությամբ, ինչպիսիք են՝ «Պե՞տք է արդյոք հրաժարվեմ որոշ գործերից կամ սովորություններից, որոնք լիովին ներդաշնակ չեն աստվածաշնչյան սկզբունքներին։ Ընդունվե՞մ այնպիսի աշխատանքի, որը, թվում է, կապահովի ինձ նյութապես, սակայն կխանգարի իմ հոգևոր առաջընթացին»։ Մովսեսի օրինակը խրախուսում է մեզ չկայացնել այնպիսի որոշումներ, որոնք արտացոլում են այս աշխարհին հատուկ կարճատեսություն։ Փոխարենը՝ մենք պետք է հավատ ընծայենք ‘Անտեսանելիի’՝ Եհովա Աստծու հեռատես իմաստությանը։ Թող որ մենք Մովսեսի պես Եհովայի հետ մեր ընկերությունը շատ ավելի բարձր գնահատենք, քան ցանկացած բան, որ առաջարկում է այս աշխարհը։
6, 7. ա) Ինչպե՞ս Եսավը ցույց տվեց, որ գերադասում է երևույթով գնալը։ բ) Ի՞նչ նախազգուշական օրինակ ենք տեսնում Եսավի մեջ։
6 Հակադրենք Մովսեսին Իսահակ նահապետի որդի Եսավի հետ։ Վերջինս գերադասեց, որ իր կարիքը բավարարվի անհապաղ (Ծննդոց 25։30–34)։ Լինելով «անսուրբ» (ԱԱ), այսինքն՝ սուրբ բաները չգնահատող՝ Եսավը «մի կերակուրի համար» իր անդրանիկության իրավունքից հրաժարվեց (Եբրայեցիս 12։16)։ Նա թերացավ խորհել, թե անդրանիկությունը վաճառելու իր որոշումը ինչպես կազդեր Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունների վրա կամ իր ժառանգների վրա։ Նա հոգևոր տեսողություն չուներ։ Եսավը աչքերը փակեց Աստծու չքնաղ խոստումների վրա՝ դրանք համարելով փոքրարժեք բաներ։ Նա գնաց երևույթով և ոչ թե հավատով։
7 Եսավը նախազգուշական օրինակ է մեզ համար (Ա Կորնթացիս 10։11)։ Որոշումներ կայացնելիս, անկախ նրանից, դրանք էական են, թե՝ ոչ, մենք չպետք է հրապուրվենք Սատանայի աշխարհի պրոպագանդայով, որն ասում է. «Դու պիտի ունենաս այն, ինչ հենց հիմա ցանկանում ես»։ Լավ կլինի, եթե ինքներս մեզ հարցնենք. «Երբ որոշումներ եմ կայացնում, դրանցում արտացոլվո՞ւմ է Եսավի մտայնությունը։ Այն, ինչ ցանկանում եմ հիմա, ցո՞ւյց է տալիս արդյոք, որ հոգևոր հետաքրքրություններս ետին պլան են մղվում։ Իմ որոշումները վտանգո՞ւմ են Աստծու հետ հարաբերություններս և արգելք չե՞ն ստեղծում ապագա պարգևը ստանալու համար։ Ի՞նչ օրինակ եմ թողնում ուրիշներին»։ Եթե մեր որոշումները արտացոլեն գնահատանք սուրբ բաների համար, ապա Եհովան կօրհնի մեզ (Առակաց 10։22)։
Խուսափենք նյութապաշտության ծուղակից
8. Ի՞նչ նախազգուշացում ստացան լավոդիկեցի քրիստոնյաները, և ինչո՞ւ է դա մեզ հետաքրքրում։
8 Փառավորված Հիսուս Քրիստոսը առաջին դարի վերջում Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում ուղերձ հղեց փոքրասիական Լավոդիկե քաղաքի ժողովին։ Այդ ուղերձում Հիսուսը լավոդիկեցի քրիստոնյաներին նախազգուշացնում էր նյութապաշտությունից։ Նրանք նյութապես հարուստ էին, սակայն հոգևոր առումով սնանկ վիճակում էին։ Փոխանակ շարունակելու հավատով գնալ՝ նրանք թույլ էին տվել, որ նյութական բաները կուրացնեն իրենց հոգևոր աչքերը (Յայտնութիւն 3։14–18)։ Նյութապաշտությունը նման ազդեցություն է թողնում մեր օրերում։ Այն թուլացնում է հավատը և ստիպում է դադարեցնել հանուն կյանքի «համբերութեամբ վազե[լը]» (Եբրայեցիս 12։1)։ Եթե ուշադիր չլինենք, ապա այս ‘կյանքի զվարճությունները’ ետին պլան կմղեն հոգևոր գործերը և ի վերջո լիովին ‘կխեղդեն’ դրանք (Ղուկաս 8։14)։
9. Ինչպե՞ս ենք պաշտպանում մեզ, երբ բավարարվում ենք ունեցածով ու երախտապարտ ենք հոգևոր կերակրի համար։
9 Հոգևորապես պաշտպանված լինելու համար անչափ կարևոր է սովորել բավարարվել ունեցածով և ոչ թե ձգտել լիովին օգտվել այս աշխարհից և նյութապես հարստանալ (Ա Կորնթացիս 7։31, ՆԱ; Ա Տիմոթէոս 6։6–8)։ Երբ հավատով ենք գնում և ոչ թե երևույթով, ապա ուրախություն ենք գտնում ներկա հոգևոր դրախտում։ Օգտվելով սննդարար հոգևոր կերակրից՝ մենք ցանկանում ենք «ցնծա[լ] սրտի բերկրութիւնից» (Եսայիա 65։13, 14)։ Նաև, մեզ հաճույք է պատճառում շփվել նրանց հետ, ովքեր դրսևորում են Աստծու ոգու պտուղը (Գաղատացիս 5։22, 23)։ Որքա՜ն կենսական է, որ մենք բավականություն և թարմություն գտնենք Եհովայի տված հոգևոր բաների մեջ։
10. Լավ կլինի, որ ի՞նչ հարցեր տանք ինքներս մեզ։
10 Լավ կլինի, եթե որոշ հարցեր տանք ինքներս մեզ. «Նյութականը ի՞նչ տեղ է գրավում իմ կյանքում։ Իմ նյութական ունեցվածքն օգտագործում եմ հաճոյապաշտ կյանք վարելո՞ւ, թե՞ ճշմարիտ երկրպագության շահերն առաջ տանելու համար։ Ի՞նչն է ինձ գերագույն հաճույք պատճառում. Աստվածաշնչի ուսումնասիրությունը և հավատակիցների հետ ընկերակցությո՞ւնը քրիստոնեական հանդիպումների ժամանակ, թե՞ հանգստյան օրերին զվարճանալը՝ հեռու քրիստոնեական գործունեությունից։ Պլանավորում եմ շատ հանգստյան օրեր տրամադրել ժամանցի՞ն՝ փոխանակ այդ ժամանակը հատկացնելու քարոզչական ծառայությանը և ճշմարիտ երկրպագության հետ կապված այլ գործեր անելուն»։ Հավատով գնալ՝ նշանակում է միշտ զբաղված լինել Թագավորության գործով՝ լիովին վստահ լինելով Եհովայի խոստումների կատարման մեջ (Ա Կորնթացիս 15։58)։
Տեսադաշտից չկորցնենք վախճանը
11. Հավատով գնալն ինչպե՞ս է օգնում մեզ, որ տեսադաշտից չկորցնենք վախճանը։
11 Հավատով գնալն օգնում է մեզ հեռու մնալ այն մարմնավոր տեսակետից, որի համաձայն՝ վախճանը հեռու է կամ ամենևին էլ չի գա։ Ի տարբերություն սկեպտիկների, որոնք աստվածաշնչային մարգարեություններին կարևորություն չեն տալիս՝ մենք տեսնում ենք, թե աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես են փաստում սուրբգրային այն խոսքերի ճշմարտացիությունը, որ գրված են մեր օրերի հետ կապված (Բ Պետրոս 3։3, 4)։ Օրինակ՝ մի՞թե մարդկանց մտածելակերպն ու վարքը ընդհանուր առմամբ չեն վկայում, որ մենք ապրում ենք վերջին օրերում (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Հավատի աչքերով տեսնում ենք, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես կրկնվող պատմություն չեն։ Դրանք իրար հետ միասին կազմում են Քրիստոսի ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը (Մատթէոս 24։1–14)։
12. Առաջին դարում ինչպե՞ս կատարվեցին Հիսուսի այն խոսքերը, որ գրված են Ղուկաս 21։20, 21–ում։
12 Քննենք առաջին դարում տեղի ունեցած մի իրադարձություն, որն ունի իր զուգահեռը մեր օրերում։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին նախազգուշացրեց. «Երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան» (Ղուկաս 21։20, 21)։ Ի կատարումն այս մարգարեության՝ հռոմեական զորքերը մ.թ. 66–ին Կեստիոս Գալլոսի հրամանատարությամբ պաշարեցին Երուսաղեմը։ Բայց զորքերն անսպասելիորեն ետ քաշվեցին, ինչը և նշան եղավ քաղաքում ապրող քրիստոնյաների համար ու նրանց հնարավորություն տվեց ‘փախչելու սարերը’։ Մ.թ. 70–ին հռոմեական զորքերը վերադարձան, հարձակվեցին Երուսաղեմի վրա ու տաճարը ավերեցին։ Հովսեպոսը տեղեկագրում է, որ ավելի քան մեկ միլիոն հրեա մահացավ, իսկ 97 000 մարդ գերեվարվեց։ Հրեական իրերի համակարգը ենթարկվեց Աստծու դատաստանին։ Սակայն ովքեր հավատով գնացին և ականջ դրեցին Հիսուսի նախազգուշացմանը, խուսափեցին աղետից։
13, 14. ա) Առջևում ի՞նչ իրադարձություններ են սպասվում։ բ) Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, որ նկատենք աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը։
13 Նման մի բան շուտով տեղի կունենա մեր օրերում։ Միավորված ազգերի կազմակերպության տարրերը կներգրավվեն աստվածային դատաստանի իրագործման մեջ։ Ճիշտ ինչպես որ առաջին դարում հռոմեական զորքերի առջև նպատակ էր դրված պահպանել «պաքս ռոմանա»–ն (հռոմեական խաղաղությունը), այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության նպատակն է՝ լինել խաղաղապահ գործիք։ Թեև հռոմեական զորքերը ջանում էին հնարավորին չափ անվտանգ պահել այն ժամանակվա հայտնի ամբողջ աշխարհը, այնուամենայնիվ նրանք Երուսաղեմն ավերեցին։ Նմանապես այսօր։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ ՄԱԿ–ի շրջանակներում գտնվող ռազմական ուժերը կրոնը կդիտեն որպես անհանգստություններ ստեղծող տարր և քայլեր կձեռնարկեն նրան՝ ժամանակակից Երուսաղեմին, այսինքն՝ քրիստոնեական աշխարհին, ինչպես նաև Մեծ Բաբելոնի մնացած հատվածին ոչնչացնելու համար (Յայտնութիւն 17։12–17)։ Այո, կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը կործանման եզրին է կանգնած։
14 Կեղծ կրոնի ոչնչացումով կնշանավորվի մեծ նեղության սկիզբը։ Մեծ նեղության եզրափակիչ մասում կոչնչացվեն այս ամբարիշտ համակարգի մնացած տարրերը (Մատթէոս 24։29, 30; Յայտնութիւն 16։14, 16)։ Հավատով գնալը կօգնի մեզ ուշադիր լինել, որ նկատենք աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը։ Մենք ինքներս մեզ չենք խաբում՝ մտածելով, թե մարդակերտ ինչ–որ կազմակերպություն, ինչպես օրինակ՝ ՄԱԿ–ը, կարող է Աստծու կողմից օգտագործվել իսկական խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար։ Ուստի չպե՞տք է արդյոք մեր ապրելակերպով ցույց տանք մեր համոզվածությունն այն բանում, որ «մօտ է [Եհովայի] մեծ օրը» (Սոփոնիա 1։14)։
Երևույթով գնալը որքանո՞վ է վտանգավոր
15. Իսրայելացիները ո՞ր ծուղակն ընկան, չնայած որ զգացել էին Աստծու օրհնությունը։
15 Վաղեմի Իսրայելի հետ պատահածը վառ կերպով փաստում է, որ երևույթով գնալը վտանգավոր է և թուլացնում է հավատը։ Չնայած իսրայելացիներն ականատես էին եղել տասը պատուհասներին, որոնք նվաստացրին Եգիպտոսի կեղծ աստվածներին, իսկ այնուհետև տպավորիչ կերպով փրկվել էին՝ անցնելով Կարմիր ծովի միջով, այնուհանդերձ, նրանք անհնազանդորեն ոսկե հորթ շինեցին ու սկսեցին պաշտել նրան։ Իսրայելացիները անհամբերություն դրսևորեցին և ձանձրացան՝ Մովսեսին սպասելով, երբ վերջինս «ուշացաւ սարիցն իջնելու» (Ելից 32։1–4)։ Անհամբեր լինելով՝ նրանք սկսեցին երկրպագել ֆիզիկական աչքին տեսանելի կուռքի։ Երևույթով գնալով՝ նրանք վիրավորեցին Եհովային, և Աստված պատժեց «երեք հազար մարդի չափ» (Ելից 32։25–29)։ Որքա՜ն ցավալի է, երբ Եհովայի երկրպագուն այսօր կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք արտացոլում են անվստահություն Եհովայի հանդեպ և կասկած, որ Աստված կարող է կատարել իր տված խոստումները։
16. Երևացող բաներն ինչպե՞ս էին ազդել իսրայելացիների վրա։
16 Երևացող բաների բացասական ազդեցությունն իսրայելացիների վրա դրսևորվեց նաև ուրիշ ձևերով։ Երևույթով գնալու պատճառով նրանք թշնամիների ահից սարսռացին (Թուոց 13։29, 33; Բ Օրինաց 1։28)։ Այդ նույն պատճառով նրանք հարցականի տակ դրեցին Մովսեսի աստվածատուր իշխանությունը և գանգատվեցին իրենց կյանքից։ Անհավատություն ցուցաբերելով՝ նրանք դիվային ազդեցության տակ գտնվող Եգիպտոսը գերադասեցին Ավետյաց երկրից (Թուոց 14։1–4; Սաղմոս 106։24)։ Որքա՜ն պետք է որ Եհովան վիրավորված իրեն զգար՝ տեսնելով իր ժողովրդի անհարգալից վերաբերմունքն իրենց անտեսանելի Թագավորի հանդեպ։
17. Ինչո՞ւ իսրայելացիները մերժեցին Եհովայի առաջնորդությունը Սամուելի օրերում։
17 Սամուել մարգարեի օրերում իսրայելացիները դարձյալ ընկան երևույթով գնալու ծուղակը։ Նրանք ցանկացան թագավոր ունենալ, որին կկարողանային տեսնել։ Չնայած Եհովան ցույց էր տվել, որ ինքն է նրանց Թագավորը, դա նրանց համար բավական չեղավ, որ հավատով գնային (Ա Թագաւորաց 8։4–9)։ Ի վնաս իրենց՝ իսրայելացիներն անմտորեն մերժեցին Եհովայի անսխալ առաջնորդությունը և գերադասեցին հարևան ազգերի պես լինել (Ա Թագաւորաց 8։19, 20)։
18. Երևույթով գնալու վտանգների հետ կապված ի՞նչ դասեր կարող ենք քաղել։
18 Լինելով Եհովայի ժամանակակից ծառաներ՝ մենք անչափ բարձր ենք գնահատում Աստծու հետ մեր լավ փոխհարաբերությունները։ Մենք մեծ ցանկություն ունենք անցյալի իրադարձություններից արժեքավոր դասեր քաղելու և սովորածը կյանքում կիրառելու (Հռովմայեցիս 15։4)։ Երևույթով գնալով՝ իսրայելացիները մոռացան, որ Աստված Մովսեսի միջոցով առաջնորդում է իրենց։ Եթե զգույշ չլինենք, մենք նույնպես գուցե մոռանանք, որ այսօր Եհովա Աստված և Մեծ Մովսեսը՝ Հիսուս Քրիստոսը, առաջնորդում են քրիստոնեական ժողովը (Յայտնութիւն 1։12–16)։ Պետք է զգույշ լինենք, որ մարդկային տեսակետ չունենանք Եհովայի կազմակերպության երկրային մասի նկատմամբ։ Հակառակ դեպքում գուցե սկսենք դրսևորել գանգատվող ոգի և կորցնենք մեր երախտագիտությունը Եհովայի ներկայացուցիչների, ինչպես նաև այն հոգևոր սննդի համար, որ մատակարարում է «հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթէոս 24։45)։
Վճռական եղիր՝ գնալու հավատով
19, 20. Ի՞նչ ես վճռել դու անել, և ինչո՞ւ։
19 Աստվածաշունչն ասում է. «Մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6։12)։ Մեր գլխավոր թշնամին Բանսարկու Սատանան է։ Նրա նպատակն է կործանել Եհովայի հանդեպ մեր հավատը։ Նա կօգտագործի համոզելու ցանկացած ձև, որպեսզի մեզ շեղի Աստծուն ծառայելու որոշումից (Ա Պետրոս 5։8)։ Ուստի ի՞նչը կօգնի մեզ, որ Սատանայի համակարգում եղող տեսանելի բաները մեզ չխաբեն։ Հավատո՛վ և ոչ թե երևույթով գնալը։ Եհովայի խոստումներին վստահելը կպաշտպանի մեզ ‘հավատի մեջ նավակոծություն քաշելուց’ (Ա Տիմոթէոս 1։19)։ Ուրեմն, եկեք ամեն գնով շարունակենք գնալ հավատով՝ լիովին վստահ լինելով Եհովայի օրհնության մեջ։ Եկեք միշտ աղոթենք, որ խուսափենք այն բոլոր բաներից, որ տեղի կունենան մոտ ապագայում (Ղուկաս 21։36)։
20 Մինչ գնում ենք հավատով ու ոչ թե երևույթով, ունենք մի գերազանց Օրինակ, որի մասին Աստվածաշնչում ասվում է. «Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Ա Պետրոս 2։21)։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք շարունակել գնալ այնպես, ինչպես որ Քրիստոսը գնաց։
Հիշո՞ւմ եք
• Մովսեսի ու Եսավի օրինակներից ի՞նչ սովորեցիր հավատով և ոչ թե երևույթով գնալու մասին։
• Նյութապաշտությունից խուսափելու համար ի՞նչն է անչափ կարևոր։
• Հավատով գնալն ինչպե՞ս է օգնում մեզ չունենալ այն տեսակետը, թե վախճանը հեռու է։
• Երևույթով գնալն ինչո՞ւ է վտանգավոր։
[նկար 17–րդ էջի վրա]
Մովսեսը հավատով գնաց
[նկար 18–րդ էջի վրա]
Ժամանցը հաճախ քեզ ե՞տ է պահում աստվածապետական գործունեությունից
[նկար 20–րդ էջի վրա]
Աստծու Խոսքին ականջ դնելն ինչպե՞ս է պաշտպանում քեզ