Կենսագրություն
Ծնողներիս օրինակը զորացրել է ինձ
ՊԱՏՄՈՒՄ Է ՅԱՆԵՍ ՌԵԿԵԼԸ
Հազար ինը հարյուր հիսունութ թվականն էր։ Ես ու կինս՝ Ստանկան, գտնվում էինք Կարավանկյան Ալպերում (Հարավսլավիա–Ավստրիա սահմանի վրա)՝ փորձելով փախչել Ավստրիա։ Դա վտանգավոր էր, քանի որ հարավսլավական զինված սահմանապահները վճռականորեն տրամադրված էին կանխելու ցանկացած մարդու փախուստը։ Առաջ գնալով՝ անսպասելիորեն հայտնվեցինք մի թեք ժայռաբեկորի եզրին։ Ես ու Ստանկան նախկինում երբեք չէինք տեսել այդ լեռների ավստրիական կողմը։ Մենք ուղղվեցինք դեպի արևելք, մինչև հասանք ժայռերի և խճաքարերի մի անհարթ հատվածի։ Փաթաթվելով բրեզենտի հաստ կտորով՝ լեռնալանջով իջանք ցած՝ առանց իմանալու, թե այնտեղ ինչ է մեզ սպասում։
ԹՈՒՅԼ տվեք պատմել, թե ինչպես հայտնվեցինք այդ իրավիճակում, և թե ինչպես է ծնողներիս օրինակը մղել ինձ նվիրված մնալ Եհովային դժվար ժամանակներում։
Ես մեծացել եմ Սլովենիայում՝ Կենտրոնական Եվրոպայում գտնվող մի փոքրիկ երկրում, որ ծվարել է Եվրոպական Ալպերում։ Հյուսիսից այն սահմանակից է Ավստրիային, արևմուտքից՝ Իտալիային, հարավից՝ Հորվաթիային և արևելքից՝ Հունգարիային։ Սակայն ծնողներիս՝ Ֆրանկ և Ռոզալիա Ռեկելների մանկության տարիներին Սլովենիան դեռ Ավստրո–Հունգարական կայսրության մաս էր կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Սլովենիան մտավ մի նոր պետության՝ սերբերի, հորվաթների և սլովենների Թագավորության կազմի մեջ։ 1929 թ.–ին երկրի անունը փոխվեց Հարավսլավիա։ Ես ծնվեցի այդ նույն տարվա հունվարի 9–ին Պոդոմ գյուղի ծայրամասում՝ գեղատեսիլ Բլեդ լճի մոտակայքում։
Մայրս խիստ կաթոլիկական դաստիարակություն էր ստացել։ Նրա հորեղբայրներից մեկը քահանա էր, իսկ հորաքույրներից երեքը՝ միանձնուհիներ։ Նա շատ էր ցանկանում ունենալ Աստվածաշունչ, ընթերցել և հասկանալ այն։ Հայրս, սակայն, լավ կարծիք չուներ կրոնի մասին։ Նրան տհաճություն էր պատճառում այն, թե ինչ դեր էր խաղացել կրոնը 1914–1918 թթ. Համաշխարհային պատերազմում։
Իմանում ենք ճշմարտությունը
Պատերազմից որոշ ժամանակ անց մորս զարմիկը՝ Յանես Բրայեսը և իր կինը՝ Անեչկան, դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներ (նախկինում այդպես էին կոչվում Եհովայի Վկաները)։ Այդ ժամանակ նրանք ապրում էին Ավստրիայում։ 1936 թ.–ից սկսած՝ Անեչկան մի քանի անգամ այցելեց մորս։ Նա մայրիկիս տվեց «Դիտարան» ու աստվածաշնչյան այլ հրատարակություններ սլովեներեն լեզվով, ինչպես նաև Աստվածաշունչ, որը նա արագորեն ընթերցեց։ Վերջիվերջո, երբ 1938 թ.–ին Հիտլերը անեքսիայի ենթարկեց Ավստրիան, Յանեսն ու Անեչկան ստիպված եղան վերադառնալ Սլովենիա։ Ես հիշում եմ, որ նրանք կիրթ ու խորաթափանց ամուսիններ էին և իսկապես սիրում էին Եհովային։ Նրանք հաճախ աստվածաշնչյան ճշմարտություններ էին քննարկում մորս հետ, ինչն էլ մղեց վերջինիս իր կյանքը նվիրել Եհովային։ Նա մկրտվեց 1938 թ.–ին։
Մեր տարածքում վիճաբանություններ առաջացան, երբ մայրս դադարեց նշել ոչ սուրբգրային մի շարք սովորույթներ ու տոներ, ինչպես օրինակ՝ Սուրբ Ծնունդը, նաև երբ դադարեց ուտել արյունեփ երշիկ, և հատկապես, երբ հանեց մեր տան բոլոր սրբապատկերները և այրեց դրանք։ Շուտով հակառակության ալիք բարձրացավ։ Մորս միանձնուհի հորաքույրերն անընդհատ նամակներ էին գրում՝ փորձելով համոզել նրան վերադառնալու սուրբ Մարիամին և կաթոլիկ եկեղեցուն։ Սակայն երբ մայրս նամակ գրեց նրանց՝ խնդրելով պատասխանել սուրբգրային կոնկրետ հարցերի, նրանք պատասխան չուղարկեցին։ Պապս նույնպես ուժեղ հակառակություն էր ցույց տալիս։ Նա վատ անձնավորություն չէր, սակայն մեր բարեկամներն ու համայնքի անդամները մեծ ճնշում էին գործադրում նրա վրա։ Դրա հետևանքով նա մի քանի անգամ ոչնչացրել է մորս աստվածաշնչյան գրականությունը, բայց երբեք ձեռք չի տվել Աստվածաշնչին։ Նա ծնկի եկած աղաչում էր մորս վերադառնալ եկեղեցի։ Նույնիսկ սպառնացել էր նրան դանակով։ Սակայն հայրս պարզ ասաց պապիս, որ չի հանդուրժի նման վերաբերմունքը։
Հայրս շարունակում էր մորս աջակցել Աստվածաշունչ ընթերցելու և հավատալիքների մասին որոշումներ կայացնելու հարցում։ 1946 թ.–ին նա նույնպես մկրտվեց։ Ես տեսնում էի, թե ինչպես էր Եհովան, չնայած հակառակությանը, զորացնում մորս՝ հաստատուն մնալու ճշմարտության մեջ, և թե ինչպես էր օրհնում նրան իր հավատի համար։ Դա մղեց ինձ անձնական փոխհարաբերություններ զարգացնել Աստծու հետ։ Նաև մեծ օգուտներ քաղեցի Աստվածաշունչը և աստվածաշնչյան հրատարակությունները բարձրաձայն ընթերցելու մորս սովորությունից։
Մայրս նաև աստվածաշնչյան թեմաներ էր քննարկում իր քրոջ՝ Մարիա Ռեպեի հետ և, ի վերջո, ես ու մորաքույր Մարիան մկրտվեցինք նույն օրը՝ 1942 թ. հուլիսի կեսերին։ Մի եղբայր համառոտ ելույթ ներկայացրեց, որից հետո մկրտվեցինք մեր տանը՝ մի լայն փայտե տաշտի մեջ։
Հարկադրական աշխատանք Երկրորդ համաշխարհայինի ընթացքում
1942 թ.–ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Գերմանիան և Իտալիան գրավեցին Սլովենիան և այն բաժանեցին միմյանց և Հունգարիայի միջև։ Ծնողներս հրաժարվեցին միանալ «Ֆոլկսբունտ» նացիստական կազմակերպությանը։ Իսկ դպրոցում ես մերժեցի ասել՝ «հայլ Հիտլեր»։ Ըստ երևույթին, իմ ուսուցիչը այդ մասին հայտնել էր ղեկավար մարմիններին։
Մեզ գնացքով ուղարկեցին Բավարիայի Հյուտենբախ գյուղի մոտ գտնվող մի ամրոց, որն օգտագործվում էր որպես ուղղիչ–աշխատանքային գաղութ։ Հայրս այնպես արեց, որ ես աշխատեմ և ապրեմ տեղի հացթուխի ու նրա ընտանիքի հետ։ Ես դարձա հացագործ, ինչը ապագայում շատ օգտակար եղավ ինձ համար։ Որոշ ժամանակ անց ընտանիքիս մնացած անդամներին, այդ թվում՝ մորաքույր Մարիային իր ընտանիքի հետ միասին, տեղափոխեցին Գունզենհաուզենի ճամբարը։
Պատերազմի ավարտին պատրաստվում էի միանալ ինչ–որ խմբի և գնալ ծնողներիս մոտ։ Հենց այդ երեկո, երբ պատրաստվում էի մեկնել, հայտնվեց հայրս։ Ես չգիտեմ, թե ինչ կարող էր պատահել ինձ, եթե գնացած լինեի այդ խմբի հետ, քանի որ նրանք վստահելի մարդիկ չէին։ Այս անգամ ևս ես զգացի Եհովայի սիրառատ հոգատարությունը, երբ նա ծնողներիս միջոցով պաշտպանեց և առաջնորդեց ինձ։ Երեք օր շարունակ ես ու հայրս քայլեցինք, որպեսզի հասնենք մեր ընտանիքին։ 1945 թ. հունիսին բոլորս էլ տուն վերադարձանք։
Պատերազմից հետո կոմունիստները՝ նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյի գլխավորությամբ, Հարավսլավիայում իշխանության գլուխ անցան։ Այդ ժամանակ Եհովայի վկաները դարձյալ դժվար իրավիճակում հայտնվեցին։
1948 թ.–ին Ավստրիայից մի եղբայր եկավ։ Մի անգամ մենք միասին ճաշեցինք մեր տանը։ Ուր էլ որ գնում էր այդ եղբայրը, ոստիկանությունը հետևում էր նրան և ձերբակալում էր այն եղբայրներին, որոնց նա այցելում էր։ Հորս նույնպես ձերբակալեցին այն բանի համար, որ նա հյուրընկալել էր այդ եղբորը և չէր հանձնել ոստիկանությանը։ Դրա հետևանքով հայրս երկու տարի անցկացրեց բանտում։ Դրանք շատ ծանր ժամանակներ էին մորս համար ոչ միայն այն պատճառով, որ հայրս նրա կողքին չէր, այլ նաև մայրս գիտեր, որ քրիստոնեական չեզոքություն պահելու համար շուտով ես ու կրտսեր եղբայրս փորձության էինք բախվելու։
Մակեդոնիայում՝ ազատազրկման մեջ
1949 թ.–ին ինձ զորակոչեցին բանակ։ Ես գնացի ներկայանալու և բացատրելու, որ խիղճս թույլ չի տալիս զինվորական ծառայություն կատարել։ Սակայն իշխանությունները չլսեցին ինձ և նորակոչիկների հետ միասին գնացքով ուղարկեցին Մակեդոնիա՝ Հարավսլավիայի հակառակ կողմը։
Երեք տարի շարունակ կտրված եմ եղել իմ ընտանիքից և եղբայրությունից։ Այդ ընթացքում աստվածաշնչյան ոչ մի գրականություն և նույնիսկ Աստվածաշունչ չեմ ունեցել։ Ինձ համար շատ դժվար էր, բայց Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի օրինակի շուրջ խորհրդածելն ինձ զորացնում էր։ Ծնողներիս օրինակը նույնպես ամրապնդում էր ինձ։ Բացի այդ, ուժ ունենալու համար շարունակաբար աղոթելը օգնում էր ինձ չընկնել վհատության գիրկը։
Ի վերջո ինձ ուղարկեցին Իդրիզովոյի բանտը՝ Սկոպիեի մոտակայքում։ Այս բանտում կալանավորները տարբեր գործեր էին կատարում։ Սկզբում ես մաքրություն էի անում և ներքին փոստն էի բաժանում։ Թեև բանտարկյալներից մեկը, որը նախկինում գաղտնի ոստիկանության աշխատակից էր եղել, անընդհատ ագրեսիայի էր ենթարկում ինձ, սակայն ես աշխատանքային լավ փոխհարաբերություններ ունեի բոլորի՝ պահակների, բանտարկյալների և նույնիսկ բանտի գործարանի տնօրենի հետ։
Ավելի ուշ իմացա, որ բանտի հացի փռում հացթուխի կարիք կար։ Մի քանի օր անց՝ անվանականչի ժամանակ, տնօրենը, շարքի առջևով անցնելիս, կանգնեց դիմացս ու հարցրեց. «Դու հացթո՞ւխ ես»։ «Այո՛, պարոն»,— ասացի։ Նա պատասխանեց. «Վաղը առավոտյան արի հացի փուռ»։ Այն բանտարկյալը, որը վատ էր վերաբերվում ինձ, հաճախ անցնում էր փռի կողքով, բայց այլևս ոչինչ չէր կարող անել։ 1950 թ. փետրվարից մինչև հուլիս ես աշխատեցի այնտեղ։
Այնուհետև ինձ տեղափոխեցին Մակեդոնիայի հարավում՝ Պրեսպա լճի մոտակայքում գտնվող Վոլկոդերիի բարաքները։ Հարևան Օտեշովո քաղաքից ես կարողանում էի նամակներ գրել տուն։ Այդ ընթացքում մի խումբ բանտարկյալների հետ միասին աշխատում էի ճանապարհների շինարարության վրա, բայց մեծ մասամբ ժամանակս անցնում էր հացի փռում, ինչը հեշտացնում էր գործս։ 1952 թ. նոյեմբերին ինձ ազատ արձակեցին։
Իմ բացակայության ընթացքում Պոդոմում ժողով էր կազմավորվել։ Սկզբում ժողովի հանդիպումներն անցկացվում էին Սպոդնյե Գորժեում գտնվող մի փոքրիկ հյուրանոցում։ Իսկ հետագայում հայրս ժողովի հանդիպումներն անցկացնելու համար տրամադրեց մեր սենյակներից մեկը։ Մակեդոնիայից վերադառնալուց հետո ես ուրախությամբ միացա նրանց։ Նաև վերականգնեցի իմ ծանոթությունը Ստանկայի հետ, որին հանդիպել էի նախքան բանտ նստելը։ 1954 թ. ապրիլի 24–ին մենք ամուսնացանք։ Սակայն իմ ազատությունը կարճ տևեց։
Բանտարկություն Մարիբորում
1954 թ. սեպտեմբերին ինձ կրկին զորակոչեցին բանակ։ Այս անգամ ես դատապարտվեցի ավելի քան 3,5 տարվա բանտարկության Մարիբորի բանտում, որը գտնվում է Սլովենիայի արևելյան կողմում։ Հնարավորին չափ արագ ես թղթեր ու մատիտներ ձեռք բերեցի։ Սկսեցի գրել ամեն բան, ինչ հիշում էի. աստվածաշնչյան համարներ, «Դիտարանից» հատվածներ և քրիստոնեական այլ հրատարակություններում տեղ գտած մտքեր։ Ես կարդում էի իմ նշումները և, երբ նոր բաներ էի հիշում, դրանք էլ էի գրի առնում գրքույկիս մեջ։ Բանտարկությանս վերջում գրքույկիս մեջ արդեն տեղ չէր մնացել։ Այն ինձ օգնեց հաստատուն մնալ ճշմարտության մեջ և հոգևորապես չթուլանալ։ Աղոթելն ու խորհրդածելը նույնպես օգնեցին ինձ պահպանել հոգևոր ուժերս և ավելի քաջ լինել ճշմարտությունը ուրիշներին պատմելու գործում։
Ինձ թույլ էին տալիս ամիսը մեկ անգամ նամակ ստանալ։ Նաև ամեն ամիս որևէ մեկը 15 րոպեով կարող էր այցելել ինձ։ Ստանկան ամբողջ գիշեր գնացքով գալիս էր, որ վաղ առավոտյան բանտում լիներ և այդ նույն օրը տուն էր վերադառնում։ Այդ այցելությունները շատ քաջալերական էին ինձ համար։ Ես Աստվածաշունչ ձեռք բերելու ծրագիր կազմեցի։ Ստանկան ու ես նստում էինք սեղանի շուրջ՝ դեմ–դիմաց, և մի մարդ հսկում էր մեզ։ Մի անգամ, երբ հսկիչը չէր նայում, Ստանկայի պայուսակի մեջ մի նամակ խցկեցի, որում խնդրում էի հաջորդ այցելության ժամանակ Աստվածաշունչ բերել ինձ։
Ստանկան և ծնողներս մտածել էին, որ դա շատ վտանգավոր է, ուստի Քրիստոնեական Հունարեն Գրությունների էջերը առանձնացրել էին և դրել փոքրիկ բուլկիների մեջ։ Այս կերպով ես ստացա ամբողջ Աստվածաշունչը, որի կարիքը շատ էի զգում։ Այդպես էի ստանում նաև «Դիտարանի» օրինակները, որ արտագրում էր Ստանկան։ Ես անմիջապես իմ ձեռագրով արտագրում էի դրանք և ոչնչացնում նրա բերածները, որպեսզի եթե հանկարծ որևէ մեկը գտներ այդ հոդվածները, չկարողանար իմանալ, թե որտեղից էի ձեռք բերել դրանք։
Քանի որ շարունակ վկայություն էի տալիս, բանտակիցներս ասում էին, որ հաստատ փորձանքի մեջ կընկնեմ։ Մի անգամ բանտակցիս հետ աստվածաշնչյան թեմայով աշխուժորեն զրուցում էի։ Հանկարծ լսեցինք, որ փականքի մեջ բանալի պտտվեց, և բանտապահը ներս մտավ։ Ես անմիջապես մտածեցի, որ ինձ մենախուց կգցեն։ Սակայն դա չէր բանտապահի նպատակը։ Նա լսել էր մեր քննարկումը և ցանկացել էր միանալ մեր զրույցին։ Իր հարցերին գոհացուցիչ պատասխաններ ստանալուց հետո նա հեռացավ՝ ետևից փակելով բանտախցի դուռը։
Բանտարկությանս վերջին ամսվա ընթացքում բանտարկյալների վարքը բարեփոխելու հարցով զբաղվող պատասխանատուն գովեց ինձ ճշմարտության նկատմամբ իմ վճռական դիրքորոշման համար։ Ես հասկացա, որ դա Եհովայի անունը հայտնի դարձնելու համար իմ թափած ջանքերի վարձատրությունն էր։ 1958 թ. մայիսին ես կրկին բանտից ազատ արձակվեցի։
Փախուստ նախ Ավստրիա, հետո՝ Ավստրալիա
1958 թ. օգոստոսին մայրս մահացավ։ Նա որոշ ժամանակ հիվանդ էր եղել։ 1958 թ. սեպտեմբերին ես երրորդ անգամ զորակոչվեցի բանակ։ Այդ երեկո Ստանկան և ես մի կարևոր որոշում կայացրինք անցնելու այն սահմանը, որի մասին հիշատակվում է հոդվածի սկզբում։ Առանց որևէ մեկին տեղյակ պահելու՝ մենք վերցրինք երկու ուսապարկ, բրեզենտի մի կտոր և, պատուհանից փախչելով, Ստոլ սարի արևմտյան կողմով ուղղվեցինք դեպի Ավստրիական սահմանը։ Թվում էր, թե Եհովան էր մեր առջև բացում ճանապարհը, քանզի տեսնում էր, որ օգնության կարիք ունեինք։
Ավստրիական իշխանությունները մեզ ուղարկեցին Զալցբուրգի մոտակայքում գտնվող փախստականների ճամբարը։ Այնտեղ անցկացրած վեց ամիսների ընթացքում միշտ շփվում էինք տեղի Եհովայի վկաների հետ, հետևաբար քիչ ժամանակ էինք անցկացնում ճամբարում։ Մարդիկ զարմանում էին, թե որքան արագ կարողացանք ընկերներ ձեռք բերել։ Հենց այդ ժամանակ էր, երբ առաջին անգամ ներկա եղանք համաժողովի։ Հաջորդ բանը, որ նույնպես առաջին անգամ կարողացանք անել՝ ազատորեն տնետուն քարոզելն էր։ Երբ հասավ հրաժեշտի պահը, դժվարությամբ բաժանվեցինք մեր թանկագին ընկերներից։
Ավստրիական իշխանությունները Ավստրալիա տեղափոխվելու հնարավորություն տվեցին մեզ։ Մենք երբեք չէինք պատկերացրել, որ այդքան հեռու կգնանք։ Սկզբում գնացքով մեկնեցինք Ջենովա՝ Իտալիա, այնուհետև նստեցինք Ավստրալիա տանող նավը։ Վերջիվերջո մենք բնակություն հաստատեցինք Վուլոնգոնգ քաղաքում (Նոր Հարավային Ուելս)։ Այստեղ 1965 թ. մարտի 30–ին ծնվեց մեր որդին՝ Ֆիլիպը։
Ավստրալիայում ապրելը ծառայության մեծ դռներ բացեց մեր առջև, այդ թվում՝ հնարավորություն տվեց քարոզելու նրանց, ովքեր ներգաղթել էին նախկին Հարավսլավիայի տարածքներից։ Մենք երախտապարտ ենք Եհովային իր տված օրհնությունների, նաև այն բանի համար, որ կարող ենք ծառայել նրան որպես միասնական ընտանիք։ Ֆիլիպը և իր կինը՝ Սյուզին, պատիվ ունեն ծառայելու Եհովայի վկաների Ավստրալիայի մասնաճյուղում, բացի այդ նրանք հնարավորություն են ունեցել նաև երկու տարի ծառայել Սլովենիայի մասնաճյուղում։
Չնայած ծերության պատճառած դժվարություններին և առողջական խնդիրներին՝ ես ու կինս շարունակում ենք հաճույք ստանալ Եհովային ծառայելուց։ Որքա՜ն երախտապարտ եմ ծնողներիս՝ նրանց թողած գերազանց օրինակի համար։ Այն շարունակում է զորացնել և օգնել ինձ անելու այն, ինչ ասաց Պողոս առաքյալը. «Յուսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք, աղօթքում յարատեւեցէք» (Հռովմայեցիս 12։12)։
[նկար 16 և 17–րդ էջերի վրա]
Ծնողներս 1920–ականների վերջին
[նկար 17–րդ էջի վրա]
Աջ կողմում մայրս է Անեչկայի հետ, որը նրան սովորեցրեց ճշմարտությունը
[նկար 18–րդ էջի վրա]
Կնոջս՝ Ստանկայի հետ, ամուսնությունից կարճ ժամանակ անց
[նկար 19–րդ էջի վրա]
Ժողովը, որ տեղի էր ունենում մեր տանը, 1955 թ.
[նկար 20–րդ էջի վրա]
Կնոջս, մեր որդու՝ Ֆիլիպի և նրա կնոջ՝ Սյուզիի հետ