«Դա իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր»
«ԴԵՊՐԵՍԻԱՆ ամենատարածված և հավանաբար ամենաբարդ հիվանդությունն է երիտասարդների շրջանում»,— հայտնում է «Բիյոնդբլու» պետական գործակալությունը (Ավստրալիա)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն տարի դեպրեսիայով տառապում են մոտ 100 000 երիտասարդ ավստրալիացիներ։
Քրիստոնյա երիտասարդները ևս բացառություն չեն այս հարցում։ Սակայն հավատը Եհովայի նկատմամբ օգնել է նրանցից շատերին հաղթահարելու բացասական զգացումները և իմաստուն կերպով անցկացնելու իրենց երիտասարդությունը։ Այդպես վարվելով՝ նրանք մեծապես տպավորում են ուրիշներին։ Ահա մի օրինակ։
18–ամյա Քլերն ու նրա մայրը բնակվում էին Մելբուրնում և հաճախում Եհովայի վկաների հանդիպումներին։ Երբ Քլերի հայրը լքեց նրանց, աղջիկը դեպրեսիայի մեջ ընկավ։ Սակայն նրա հավատը իր երկնային հոր՝ Եհովայի հանդեպ չսասանվեց։ Մի օր Քլերի մայրը հիվանդացավ, և նրանք կանչեցին իրենց ընտանեկան բժշկին, որի անունը Լիդիա էր։ Հիվանդին ստուգելուց հետո բժշկուհին Քլերին առաջարկեց իր մեքենայով խանութ տանել։ Ճանապարհին նա աղջկան հարցրեց, թե ընկեր չունի՞։ Քլերը պատասխանեց, որ լինելով Եհովայի վկա՝ թեթևամտորեն չի վերաբերվում այդ հարցին։ Բժշկուհին շատ զարմացավ։ Քլերը բացատրեց, թե ինչպես է Աստվածաշունչն օգնել իրեն իմաստուն որոշումներ կայացնել կյանքում։ Զրույցի վերջում նա բժշկուհուն առաջարկեց Աստվածաշնչի հիման վրա գրված մի գիրք, որն իրեն շատ էր օգնել։ Այդ գիրքը վերնագրված էր «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ»։
Երեք օր անց Լիդիան զանգահարեց Քլերի մորը և ասաց, որ մեծ բավականություն է ստացել գրքի ընթերցանությունից։ Նա նույնիսկ այդ գրքից վեց օրինակ խնդրեց իր գործընկերների համար։ Երբ Քլերը տարավ գրքերը, բժշկուհին ասաց, որ նրա հավատը խորապես տպավորել է իրեն։ Աղջիկը Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց, և Լիդիան ընդունեց այն։
Մի քանի ամիս ուսումնասիրությունն անցկացվում էր բժշկուհու ընդմիջման ժամերին։ Մի օր Լիդիան հարցրեց Քլերին, թե առաջիկա սեմինարին կկարողանա ելույթ ներկայացնել պատանեկան դեպրեսիայի մասին։ Սկզբում աղջիկը վարանեց, բայց հետո համաձայնվեց։ Սեմինարին ներկա էր ավելի քան 60 մարդ։ Նախ ելույթներ ներկայացրին չորս հոգեբույժներ, բոլորը՝ մեծահասակ։ Ապա հերթը հասավ Քլերին։ Նա շեշտեց այն միտքը, որ երիտասարդների համար չափազանց կարևոր է փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ։ Նաև նշեց, որ Եհովա Աստված մեծապես հոգ է տանում երիտասարդներին և օգնում է բոլոր նրանց, ովքեր իրեն են դիմում աջակցություն և մխիթարություն ստանալու համար։ Բացի այդ, Քլերը համոզվածությամբ ասաց, որ Եհովան շուտով վերջ կդնի բոլոր հիվանդություններին՝ հոգեկան թե ֆիզիկական (Եսայիա 33։24)։ Իսկ ի՞նչ արդյունքներ տվեց այդ հիանալի վկայությունը։
«Սեմինարից հետո շատերը ինձ մոտեցան և ասացին, որ հաճելի էր լսել, թե ինչպես է երիտասարդը խոսում Աստծու մասին,— պատմում է Քլերը։— Ես «Երիտասարդների հարցերը» գրքից 23 օրինակ բաժանեցի։ Երեք աղջիկներ տվեցին իրենց հեռախոսահամարները։ Նրանցից մեկի հետ այժմ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացվում։ Դա իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր»։