Նվիրատվություններ, որ ջերմացնում են Աստծու սիրտը
ԲԱՐԴ իրավիճակ էր։ Բազում սպանություններ գործելով՝ Գոթողիան նենգաբար զավթել էր Հուդայի թագավորության գահը։ Սխալմամբ կարծելով, թե բնաջինջ է արել բոլոր օրինական գահաժառնգներին՝ նա իրեն թագուհի էր հռչակել։ Հովսաբեե անունով մեկ ուրիշ կին, որ թագավորի դուստրն էր և շատ էր սիրում Եհովային ու նրա Օրենքը, արիաբար պաշտպանեց ժառանգորդներից մեկին՝ փոքրիկ Հովասին։ Հովսաբեեն ու նրա ամուսինը՝ Հովիադա քահանայապետը, վեց տարի տաճարում թաքցրին նրան (Դ Թագաւորաց 11։1–3)։
Երբ Հովասը դարձավ 7 տարեկան, քահանայապետ Հովիադան որոշեց գահընկեց անել ինքնահռչակ թագուհուն, որն իշխանության էր անցել նենգադավ ճանապարհով։ Քահանայապետը բացահայտեց տղայի գոյության գաղտնիքը և թագադրեց նրան՝ իբրև օրինական ժառանգորդի։ Ապա անիրավ Գոթողիա թագուհուն քարշ տալով հեռացրին տաճարի տարածքից և ի ուրախություն ժողովրդի՝ սպանեցին։ Իրենց գործերով Հովսաբեեն և Հովիադան մեծապես նպաստեցին Հուդայում ճշմարիտ երկրպագության վերականգնմանը։ Իսկ որ ավելի կարևոր է, այդպես նրանք պահպանեցին Դավթի թագավորական տոհմը, որից պետք է սերեր Մեսիան (Դ Թագաւորաց 11։4–21)։
Նորընծա թագավորը ևս այնպիսի քայլ ձեռնարկեց, որը ջերմացրեց Եհովայի սիրտը։ Աստծու տունը խղճուկ վիճակում էր և վերանորոգման կարիք ուներ։ Գոթողիան, Հուդայի տիրակալը լինելու իր ցանկությունից կուրացած, ոչ միայն մոռացության էր մատնել տաճարը, այլև կողոպտել էր այն։ Ուստի Հովասը վճռեց վերանորոգել Աստծու տունը։ Առանց հապաղելու՝ նա մի հրաման արձակեց, համաձայն որի՝ պետք է գումար հավաքվեր Եհովայի տան վերականգնման համար։ «Յովասն ասեց քահանաներին. Նուէրքի բոլոր փողը որ բերվում է Տիրոջ տունը՝ անց կենող փողը, իւրաքանչիւր մարդի անձանց գնահատութեան փողը՝ այն ամեն փողը, որ ամեն մարդ իր յօժար կամքովը նուիրում է որ Տիրոջ տունը բերէ, թող քահանաներն իրանց համար վեր առնեն ամեն մարդ իր ծանօթիցը եւ նորանով նորոգեն տան վնասուած տեղերը ուր որ էլ մի վնաս գտնուի» (Դ Թագաւորաց 12։4, 5)։
Ժողովուրդը սկսեց պատրաստակամորեն նվիրատվություններ անել։ Սակայն քահանաները բոլորանվեր կերպով չէին կատարում տաճարը վերանորոգելու իրենց պարտականությունը։ Ուստի թագավորը որոշեց ամեն բան իր ձեռքը վերցնել և հրամայեց, որ բոլոր նվիրատվությունները գցվեն հատուկ արկղի մեջ։ Այդ բանի համար պատասխանատու էր Հովիադան։ Մենք կարդում ենք. «Յովիադա քահանան մի արկղ առաւ եւ նորա խուփի վերայ մի ծակ փորեց, եւ նորան դրաւ սեղանի կշտին Տիրոջ տունը եկող մարդկանց աջ կողմին. եւ դռան պահպանութիւնն անող քահանաները այնտեղ էին գցում ամեն փող, որ բերվում էր Տիրոջ տունը։ Եւ եղաւ երբոր տեսնում էին որ արկղումը փողը շատ էր, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետը եւ ծրարում էին եւ համարում Տիրոջ տանը գտնուած փողը։ Եւ հաշուած փողը տալիս էին Տիրոջ տան վերայ նշանակուած գործաւորների ձեռքը. եւ նորանք վճարում էին հիւսներին եւ Տիրոջ տունը շինող գործաւորներին, եւ որմնադիրներին ու քարակոփներին. եւ որ փայտեր եւ տաշած քարեր առնեն Տիրոջ տան վնասուած տեղերը նորոգելու եւ այն ամեն բանի համար, որ ծախք կ’լինի տունը նորոգելու համար» (Դ Թագաւորաց 12։9–12)։
Ինչպես տեսնում ենք, մարդիկ ուրախությամբ արձագանքեցին։ Եհովայի տունը վերակառուցվեց։ Այժմ նրան երկրպագություն կմատուցեին արժանավայել կերպով։ Կարելի է ասել, որ բոլոր նվիրատվությունները ճիշտ օգտագործվեցին։ Այդ մասին հոգ տարավ ինքը Հովաս թագավորը։
Նմանապես, այսօր Եհովայի տեսանելի կազմակերպությունը խստորեն հոգ է տանում, որ բոլոր նվիրատվությունները պատշաճորեն օգտագործվեն և նպաստեն ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։ Հնում ապրած իսրայելացիների նման՝ այսօր ճշմարիտ քրիստոնյաները իրենց նվիրատվությունները սրտանց են անում։ Հնարավոր է, որ դուք էլ եք եղել այն մարդկանց թվում, ովքեր նյութապես օժանդակել են Թագավորության շահերի առաջխաղացմանը վերջին ծառայողական տարվա ընթացքում։ Տեսնենք, թե որ ասպարեզներում են օգտագործվել ձեր նվիրատվությունները։
ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ողջ աշխարհում կրթական նպատակով թողարկվել և տարածվել են՝
• գրքեր՝ 47 490 247
• փոքր գրքույկներ՝ 6 834 740
• գրքույկներ՝ 167 854 462
• օրացույցներ՝ 5 405 955
• պարբերագրեր՝ 1 179 266 348
• թերթիկներ՝ 440 995 740
• տեսաերիզներ՝ 3 168 611
Գրականության տպագրումն իրականացվել է Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում. ընդհանուր առմամբ՝ 19 երկիր։
«Իմ անունը Քեթլին Մեյ է։ Ես ութ տարեկան եմ։ Շատ եմ ցանկանում, որ իմ այս 28 դոլարն օգտագործեք տպագրական մեքենաների ծախսերը վճարելու համար։
Ձեր փոքրիկ քույրիկ՝ Քեթլին»։
«Նոր տպագրամեքենաների ձեռքբերումը մղեց մեզ, որ ընտանիքով հավաքվենք և խորհրդակցենք։ Մեր երեխաները (9 և 11 տարեկան) որոշեցին իրենց լուման ներդնել այդ գործում՝ զոհաբերելով իրենց հավաքած գումարի մի մասը։ Ուրախությամբ ուղարկում ենք ձեզ այդ գումարը մեր նվիրաբերության հետ միասին»։
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ստորև ներկայացված տվյալները կապ ունեն շինարարական ծրագրերի հետ, որոնք խթանում են Եհովայի վկաների գործունեությունը՝
• Թագավորության սրահներ՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրներում՝ 2 180
• Համաժողովի սրահներ՝ 15
• Մասնաճյուղեր՝ 10
• Միջազգային շինարարական ծրագրի լիաժամ կամավորներ՝ 2 342
«Այս շաբաթ առաջին անգամ մեր հանդիպումն անցկացրինք նոր Թագավորության սրահում։ Որքա՜ն երջանիկ ենք, որ հիմա արդեն կարող ենք արժանավայել պայմաններում գովաբանել մեր երկնային Հորը՝ Եհովա Աստծուն։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Եհովային, ինչպես նաև ձեզ, որ հոգ եք տանում մեր կարիքների մասին՝ կառուցելով նորանոր Թագավորության սրահներ։ Մեր Թագավորության սրահը մեծ վկայություն է շրջապատի մարդկանց համար» (Չիլի)։
«Եղբայրներն ու քույրերը շատ երախտապարտ են այն օգնության համար, որ մեզ տալիս է Եհովայի կազմակերպությունը։ Մինչև հիմա շարունակում ենք խոսել այն հրաշալի օրերի մասին, որ անցկացրեցինք շինարարների հետ» (Մոլդովա)։
«Ես ու կինս վերջերս նշեցինք մեր ամուսնության 35–ամյակը։ Մենք մտածում էինք, թե այս առիթով ինչ նվեր կարող ենք տալ միմյանց։ Ի վերջո որոշեցինք այդ «նվերը» տալ Եհովային և նրա կազմակերպությանը, քանզի առանց նրանց աջակցության՝ թերևս երբեք չէինք կարողանա երջանիկ ընտանիք ունենալ։ Մենք ցանկանում ենք, որ այս գումարը օգտագործվի Թագավորության սրահների շինարարության համար ոչ այնքան հարուստ երկրներից մեկում»։
«Վերջերս ժառանգություն եմ ստացել, և քանի որ «ցանկություններս» քիչ են, իսկ «կարիքներս» է՛լ ավելի քիչ, ցանկանում եմ, որ այս գումարը ներդնեք Թագավորության սրահների շինարարության գործում. մի բան, որ անչափ անհրաժեշտ է բազմաթիվ երկրներում»։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՂԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Այս վերջին օրերում աղետները չափազանց շատ են, և հաճախ նրանք վրա են հասնում անսպասելիորեն։ Եհովայի բազմաթիվ վկաներ հավելյալ միջոցներ են նվիրաբերում, որպեսզի հնարավոր լինի օգնություն ցույց տալ աղետի գոտիներում ապրող իրենց եղբայրներին։ Հիշենք, որ այդ նպատակով ուղարկված միջոցները համաշխարհային գործի համար տրվող զոհաբերությունների մաս են կազմում։ Ահա այն վայրերից մի քանիսը, որտեղ Եհովայի վկաները աջակցել են տուժածներին՝
•Աֆրիկա
• Ասիա
• Կարիբյան ծովի մերձափնյա շրջաններ
• Խաղաղօվկիանոսյան կղզիներ
«Ես ու ամուսինս շնորհակալություն ենք հայտնում ձեր օգնության համար, որով փոխհատուցեցիք փոթորիկների ժամանակ մեզ հասցված վնասը։ Մենք կարողացանք հիմնովին փոխել մեր տանիքը։ Անչափ երախտապարտ ենք, որ այդքան արագ արձագանքեցիք»։
«Իմ անունը Քոնոր է։ Ես 11 տարեկան եմ։ Երբ տեսա, թե ինչ կատարվեց ցունամիի ժամանակ, ցանկացա ինչ–որ բանով աջակցել տուժածներին։ Հույս ունեմ, որ այս գումարը կօգնի եղբայրներիս ու քույրերիս»։
ՀԱՏՈՒԿ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ
Որոշ քրիստոնյաներ լիաժամ ծառայություն են կատարում Բեթելի տներում կամ դաշտում։ Լիաժամ ծառայողների մի մասի ծախսերը ծածկվում են հոժարակամ նվիրատվություններով։ Նրանց մեջ մտնում են՝
• միսիոներներ՝ 2 635
• շրջագայող վերակացուներ՝ 5 325
• Բեթելի ծառայողներ՝ 20 092
«Ես հիմա չեմ կարող ծառայել Բեթելում [գրում է 5 տարեկան մի տղա]։ Ուստի մեծ սիրով ուղարկում եմ այս նվիրատվությունը։ Երբ մեծանամ, կգամ Բեթել՝ ձեզ հետ ժրաջանորեն ծառայելու»։
Աստվածաշնչյան կրթություն
Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին հանձնարարել էր ‘աշակերտել բոլոր ազգերը’ (Մատթէոս 28։19)։ Հնազանդվելով այս խոսքերին՝ Եհովայի Վկաները 235 երկրներում զբաղված են Աստվածաշնչի լուրը քարոզելու, ինչպես նաև ուսուցանելու գործով։ Նրանք աստվածաշնչյան գրականություն են հրատարակում և տարածում 413 լեզուներով։
Անշուշտ, քրիստոնյայի ամենաարժեքավոր «նվիրատվությունը» իր ժամանակն է, որը նա հատկացնում է՝ մարդկանց սովորեցնելով Աստծու և նրա նպատակների մասին։ Եհովայի վկաները մեծահոգաբար տրամադրում են իրենց ժամանակն ու եռանդը՝ իրենց մերձավորներին օգնելու համար։ Նրանք առատաձեռնորեն նվիրաբերում են նաև իրենց ֆինանսական միջոցները։ Այդ բոլոր նվիրատվությունները տարբեր կերպերով նպաստել են Եհովայի անվան և նպատակների հռչակմանը աշխարհով մեկ։ Թող Եհովան շարունակի օրհնել այն ջանքերը, որ նրանք թափում են ուրիշներին իր մասին սովորեցնելու համար (Առակաց 19։17)։ Այդ քրիստոնյաների պատրաստակամությունը ջերմացնում է Եհովայի սիրտը (Եբրայեցիս 13։15, 16)։
[շրջանակ 28–րդ էջի վրա]
Ինչպես են ոմանք նվիրատվություններ կատարում
Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրատվությունների արկղը, որի վրա գրված է՝ «Նվիրատվություններ համաշխարհային գործի համար (Մատթէոս 24։14)»։
Ամեն ամիս այդ նվիրատվությունները ժողովներից ուղարկվում են Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Կամավոր դրամական նվիրատվությունները կարելի է անմիջապես ուղարկել այն մասնաճյուղ, որը հոգ է տանում այդ երկրի մասին։ Հարկավոր է գումարին կցել մի համառոտ նամակ և այնտեղ նշել, որ դա նվեր է, կամ՝ նվիրատվություն։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅԼ ԿԵՐՊԵՐ
Դրամական նվիրատվություններից բացի՝ մի շարք երկրներում կան Թագավորության համաշխարհային գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Վաճառքի համար պիտանի անշարժ գույքը անհատը կարող է կա՛մ նվիրաբերել որպես նվեր անմիջապես մասնաճյուղին, կա՛մ նվիրաբերել՝ պահպանելով նվիրատուի՝ գույքի սեփականությանը տիրելու ցմահ իրավունքը՝ շարունակելով ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է կապ հաստատել մասնաճյուղի հետ։
Կտակ։ Մասնաճյուղին կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի ձևով։ Այն պետք է կազմվի օրենքով սահմանված կարգով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Դիտարան» ընկերության տեղի գրասենյակից։
[նկար 27–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Faithful video: Stalin: U.S. Army photo