Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 12/1 էջ 8–12
  • Սիրո, հավատի և հնազանդության ապացույց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սիրո, հավատի և հնազանդության ապացույց
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան սատար է կանգնում գործին
  • Համագործակցության ուրախ ոգի
  • Նվիրման ծրագիրը
  • Ինչ տեսակետ պետք է ունենանք տպարանի վերաբերյալ
  • Ինչ տեսակետ ունի Եհովան տպարանի վերաբերյալ
  • Այցելենք ՈՒոլքիլի տպարան
    2009 Դիտարան
  • Աստվածաշնչյան գրականության թողարկումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Սիրելի՛ Թագավորության քարոզիչներ
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Մասնաճյուղի նամակը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2005 Դիտարան
w05 12/1 էջ 8–12

Սիրո, հավատի և հնազանդության ապացույց

ԵՐԿՈՒ հազար հինգ թվականի մայիսի 16–ն էր։ Ուոլքիլում (Նյու Յորք) գտնվող ««Դիտարանի» ֆերմաներում» առավոտյան եղանակը զով էր և արևոտ։ Խնամված մարգագետիններն ու ծաղկաթմբերը շողում էին վաղորդյան անձրևից հետո ծագած արևի ճառագայթներից։ Մի բադ իր ութ ձագուկների հետ միասին հանգիստ լողում էր լճակում։ Այցելուները հիանում էին տեսարանի գեղեցկությամբ։ Նրանք խոսում էին ցածրաձայն, ասես չէին ցանկանում խախտել առավոտյան անդորրը։

Այցելուները Եհովայի վկաներ էին, որոնք եկել էին աշխարհի 48 երկրներից։ Սակայն նրանց գալու նպատակը այդ տեսարանով հիանալը չէր։ Նրանց հետաքրքրում էր այն, ինչ տեղի էր ունենում կարմիր աղյուսից կառուցված հսկայական շենքում, որի շինարարությունը միայն վերջերս էր ավարտվել Միացյալ Նահանգների Բեթելում (Ուոլքիլ)։ Երբ շենք մտան, նրանք կրկին հիացմունք ապրեցին, թեև այնտեղ ո՛չ հանդարտություն էր տիրում, ո՛չ էլ լռություն։

Այցելուները միջնահարկից ուշադրությամբ նայում էին բարդ սարքավորումներին։ Հինգ հսկայական տպագրահաստոցներ տեղադրված էին բետոնե հարթ հատակին։ Նրա մակերևույթը ավելի մեծ է, քան ինը ֆուտբոլի դաշտի տարածությունը։ Այստեղ տպագրվում են Աստվածաշնչեր, գրքեր և պարբերագրեր։ Հսկայական թղթագլանները, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 1 700 կիլոգրամ, պտտվում են արագընթաց բեռնատար մեքենայի անիվների պես։ 23 կիլոմետր երկարություն ունեցող թղթագլաններից յուրաքանչյուրը անցնում է տպագրահաստոցով և սպառվում ընդամենը 25 րոպեում։ Այդ ժամանակահատվածում տպագրահաստոցը հասցնում է տպել, չորացնել ներկը և սառեցնել թուղթը։ Դրանից հետո այն արդեն կարելի է վերածել պարբերագրերի, որոնք կոնվեյերների միջոցով արագորեն տեղադրվում են արկղերի մեջ և ուղարկվում ժողովներին։ Մյուս հաստոցները տպագրում են գրքի թերթեր, որոնք այնուհետև ծալվում են և շարվում հատակից մինչև առաստաղ տարածություն զբաղեցնող պահեստում նախքան կազմատուն ուղարկվելը։ Այս ամենը ամենայն ճշգրտությամբ կարգավորում է համակարգիչը։

Տպարանից այցելուները ուղևորվեցին կազմատուն։ Այստեղ տպագրվում են կոշտակազմ գրքեր և ոսկեզօծ Աստվածաշնչեր, որոնց թիվը ամեն օր հասնում է մինչև 50 000–ի։ Գրքի թերթերը հերթականությամբ հավաքվում են, կարվում, որից հետո դրանց եզրերը կտրվում են։ Այնուհետև կարվում են նաև կազմերը։ Պատրաստի գրքերը ավտոմատ կերպով դրվում են արկղերի մեջ, որոնք փաթեթավորվում են, այնուհետև արկղերի վրա պիտակ է փակցվում, և ապա դրանք շարում են փայտե հարթակին։ Բացի այդ, օրական տպագրվում և փաթեթավորվում է 100 000 փափկակազմ գիրք։ Գրքեր տպագրելու համար նույնպես մեծ հաստոցներ են պահանջվում. անթիվ շարժիչներ, կոնվեյերներ, մեխանիզմներ, անիվներ և ժապավեններ, որոնք բոլորն էլ պտտվում են ապշեցուցիչ արագությամբ՝ թողարկելով աստվածաշնչյան գրականություն։

Բարձրորակ ժամացույցի պես ճշգրտորեն գործող արագընթաց այդ սարքավորումները ժամանակակից տեխնիկայի իսկական հրաշքներ են։ Ինչպես կտեսնենք, այս ամենը նաև Աստծու ժողովրդի սիրո, հավատի և հնազանդության ապացույցն է։ Սակայն ինչո՞ւ են տպագրական հաստոցները Բրուքլինից (Նյու Յորք) տեղափոխել Ուոլքիլ։

Նախ այն պատճառով, որ եթե տպագրական աշխատանքները կատարվեին մեկ տեղում, ապա գրականություն տպագրելն ու առաքելը ավելի հեշտ կլիներ։ Տարիներ շարունակ գրքերը տպագրում և առաքվում էին Բրուքլինից, իսկ պարբերագրերը՝ Ուոլքիլից։ Սակայն եթե այդ ամենը կատարվեր մի տեղում, ապա կպահանջվեր ավելի քիչ աշխատակազմ, իսկ նվիրատվությունները խնայողաբար կօգտագործվեին։ Բացի այդ, քանի որ Բրուքլինի տպագրահաստոցները ավելի հին էին, Գերմանիայից պատվիրվեցին երկու նոր «MAN Roland Lithoman» տպագրահաստոցներ։ Դրանք այնքան մեծ էին, որ չէին կարող տեղավորվել Բրուքլինի տպարանում։

Եհովան սատար է կանգնում գործին

Տպագրության նպատակը միշտ էլ եղել է Աստծու Թագավորության բարի լուրը տարածելը։ Ակնհայտ է, որ Եհովան հենց սկզբից էլ օրհնել է այս գործը։ 1879–1922 թթ. գրքերը տպագրվում էին մասնավոր տպագրատներում։ 1922 թ.–ին Կազմակերպությունը վարձեց վեց հարկանի մի շինություն Բրուքլինի Կոնկորդ 18 փողոցում, և գրքեր տպագրելու համար գնվեցին համապատասխան սարքավորումներ։ Այդ ժամանակ ոմանք կասկածում էին, որ եղբայրները կկարողանան գլուխ հանել այդ գործից։

Կասկածով լցված մարդկանցից մեկը այն տպագրատան տնօրենն էր, որտեղ տպագրվում էր մեր գրքերի մեծ մասը։ Այցելելով Կոնկորդ փողոցում գտնվող մեր շինությունը՝ նա ասաց. «Դուք ունեք առաջնակարգ տպագրական սարքավորումներ, սակայն ձեզանից ոչ մեկը չգիտի, թե ինչպես պետք է դրանք օգտագործել։ Վեց ամսից այս սարքավորումները շարքից դուրս կգան և դուք կտեսնեք, որ ավելի լավ էր, որ ձեր տպագրական գործերը անեին նրանք, ովքեր միշտ զբաղվել են այդ գործով և իրենց գործի մեջ վարպետ են»։

Տպարանի վերակացուն, որն այդ ժամանակ Ռոբերտ Մարտինն էր, ասաց. «Նրա ասածը բավականին տրամաբանական էր թվում, սակայն նա անտեսել էր Տիրոջը, որը միշտ մեզ հետ է եղել։ .... Շատ չանցած մենք արդեն գրքեր էինք տպագրում»։ Հաջորդ 80 տարիների ընթացքում Եհովայի վկաները տպագրել են միլիարդավոր հրատարակություններ իրենց իսկ տպագրական հաստոցներով։

Այնուհետև 2002 թ. հոկտեմբերի 5–ին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տարեկան հանդիպմանը հայտարարվեց, որ Կառավարիչ մարմինը հավանություն է տվել, որ տպագրական սարքավորումները Միացյալ Նահանգների մասնաճյուղից տեղափոխվեն Ուոլքիլ։ Պատվիրվեցին երկու նոր տպագրական հաստոցներ, որոնք կազմակերպությունը կստանար 2004 թ. փետրվարին։ Եղբայրները պետք է ընդարձակեին տպարանը և 15 ամսից պատրաստ լինեին ստանալու նոր տպագրահաստոցները։ Հաջորդ ինը ամիսներին պետք է կառուցվեր նոր կազմատուն և ամբողջացվեին առաքման հետ կապված գործերը։ Քանի որ նախագիծը հսկայական էր, ոմանք կասկածների մեջ ընկան, երբ լսեցին, թե որքան ժամանակում պետք է արվեր այդ ամենը։ Սակայն եղբայրները գիտեին, որ Եհովայի օրհնությամբ դա հնարավոր էր։

Համագործակցության ուրախ ոգի

Իմանալով, որ Եհովայի ծառաները հոժարակամորեն կտրամադրեն իրենց՝ եղբայրները սկսեցին աշխատել նախագծի վրա (Սաղմոս 110։3)։ Առաջադրանքը այնքան հսկայական էր, որ անհրաժեշտ էին ավելի մեծ թվով աշխատողներ, քան կարող էին տրամադրել Բեթելի շինարարական բաժինները։ Միացյալ Նահանգներից և Կանադայից ավելի քան 1000 եղբայրներ ու քույրեր, որոնք փորձ ունեին շինարարության մեջ, ցանկություն հայտնեցին մասնակցելու այդ շինարարությանը որպես կամավորներ։ Նրանք կարող էին ծառայել մեկ շաբաթից մինչև երեք ամիս։ Գործին մասնակցելու համար հրավիրվեցին նաև միջազգային ծրագրի ծառայողներ և կամավորներ։ Տարածաշրջանային շինարարական կոմիտեները մեծապես աջակցեցին այդ նախագծին։

Ուոլքիլում ընթացող աշխատանքներին մասնակցելու համար շատերը պետք է մեծ գումարներ ծախսեին և արձակուրդ վերցնեին աշխատավայրում։ Այնուհանդերձ, նրանք ուրախությամբ կատարեցին այդ զոհողությունները։ Բեթելի ընտանիքը առիթ ունեցավ աջակցելու այդ ծրագրին՝ բազմաթիվ կամավորների ապահովելով օթևանով ու սննդով։ Բրուքլինից, Պատերսոնից և Ուոլքիլից 535 բեթելցիներ, բացի իրենց աշխատանքը կատարելուց, ցանկություն հայտնեցին նաև աշխատել այդ նախագծի վրա շաբաթ օրերին։ Աստծու ժողովուրդը մեծապես աջակցեց պատմական նշանակություն ունեցող այս իրադարձությանը, որը հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ Եհովան սատար կանգնեց ձեռնարկված գործին։

Շատերը ֆինանսապես աջակցեցին։ Օրինակ՝ եղբայրները մի նամակ ստացան իննամյա Էբիից։ Նա գրել էր. «Շատ շնորհակալություն, որ այդքան աշխատում եք և հրաշալի գրքեր եք տպագրում։ Հնարավոր է շուտով այցելեմ ձեզ։ Հայրիկս ասում է, որ մյուս տարի կգանք։ Ես պլակետկա կկրեմ, որպեսզի դուք ճանաչեք ինձ։ Ուղարկում եմ 20 դոլար նոր տպագրական հաստոցի համար։ Դա իմ գրպանի ծախսերի գումարն է, սակայն ես ուզում եմ այն ձե՛զ ուղարկել, եղբայրներ»։

Մի քույր գրել էր. «Խնդրում եմ, ընդունեք հերյունով գործված այս գլխարկները որպես նվեր։ Այդ համեստ աշխատանքը ես կատարել եմ իմ ձեռքերով։ Կուզեի, որ այս գլխարկները տրվեին նրանց, ովքեր Ուոլքիլում մասնակցում են շինարարությանը։ Մի օրացույցում կարդացի, որ շատ ցուրտ ձմեռ է լինելու։ Չգիտեմ դա ճիշտ է, թե՝ ոչ, սակայն գիտեմ, որ Ուոլքիլում աշխատանքի մեծ մասը կատարվելու է դրսում, և ուզում եմ համոզված լինել, որ եղբայրներս ու քույրերս չեն մրսի։ Ես չունեմ այնպիսի հմտություններ, որոնց կարիքը կա այդտեղ, սակայն կարող եմ հերյունով գործել, ուստի որոշեցի օգտագործել հմտությունս իմ կարողության չափով զոհաբերություն կատարելու համար»։ Այդ քույրը ուղարկել էր 106 գլխարկ։

Աշխատանքները ավարտվեցին ժամանակին։ Ջոն Լարսոնը՝ տպարանի վերակացուն ասաց. «Համագործակցության այնպիսի՜ ուրախ ոգի էր տիրում։ Ոչ ոք չէր կասկածում, որ Եհովան օրհնում է այդ գործը։ Շինարարությունն ավարտվեց շատ արագ։ Հիշում եմ 2003 թ. մայիսին ցեխի մեջ կանգնած դիտում էի, թե ինչպես են եղբայրները շինության հիմքը գցում։ Մեկ տարի էլ չէր անցել, որ ես այդ նույն տեղից դիտում էի, թե ինչպես էր աշխատում տպագրական հաստոցը»։

Նվիրման ծրագիրը

Նոր տպարանի և բնակելի երեք շենքերի նվիրման ծրագիրը տեղի ունեցավ 2005 թ. մայիսի 16–ին՝ երկուշաբթի օրը, Ուոլքիլում։ Ծրագիրը հեռարձակվում էր նաև Պատերսոնի և Բրուքլինի, ինչպես նաև Կանադայի Բեթելներում։ Ընդհանուր առմամբ ծրագրին ներկա եղավ 6 049 հոգի։ Ծրագրի նախագահողն էր Թեոդոր Յարաչը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը։ Նա համառոտ ներկայացրեց տպագրական աշխատանքի պատմությունը։ Հարցազրույցների և տեսաֆիլմերի միջոցով մասնաճյուղի կոմիտեի անդամներ Ջոն Լարսոնը և Ջոն Կիկոտը ներկայացրեցին թե՛ շինարարական աշխատանքների և թե՛ Միացյալ Նահանգներում տպագրական գործունեության պատմությունը։ Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը ներկայացրեց եզրափակիչ ելույթը՝ նվիրելով նոր տպագրատունը և երեք բնակելի շենքերը Եհովա Աստծուն։

Հաջորդ շաբաթվա ընթացքում Պատերսոնի և Բրուքլինի բեթելցիներին հնարավորություն տրվեց էքսկուրսիա անցնել նոր շենքերում։ Այդ ընթացքում այցելուների ընդհանուր թիվը հասավ 5920–ի։

Ինչ տեսակետ պետք է ունենանք տպարանի վերաբերյալ

Նվիրման ելույթում եղբայր Բարը հիշեցրեց ունկնդիրներին, որ տպարանի աշխատանքի մեջ, անկախ այն բանից, թե որքան տպավորիչ է այն, գլխավորը ոչ թե սարքավորումներն են, այլ մարդիկ։ Մեր տպագրած գրականությունը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա։

Այդ նոր տպագրական հաստոցներից յուրաքանչյուրը մեկ ժամում կարող է տպել մեկ միլիոնից ավելի թերթիկ։ Իսկ ընդամենը մի թերթիկը կարող է խոր ազդեցություն թողնել ինչ–​որ մեկի կյանքի վրա։ Օրինակ՝ 1921 թ.–ին Հարավային Աֆրիկայում երկաթուղային ճանապարհների վերանորոգմամբ զբաղվող մի խումբ աշխատում էր երկաթուղային ճանապարհի մի հատվածի վրա։ Խմբի անդամներից մեկը՝ Կրիստիան անունով մի մարդ ռելսի տակ մի թղթի կտոր նկատեց։ Դա մեր թերթիկներից մեկն էր։ Կրիստիանը մեծ հետաքրքրությամբ ընթերցեց այն։ Նա շտապեց իր փեսայի մոտ և ոգևորվածությամբ ասաց. «Այսօր ես գտա ճշմարտությունը»։ Դրանից կարճ ժամանակ անց նրանք նամակ գրեցին Հարավային Աֆրիկայի մասնաճյուղին հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ Մասնաճյուղը նրանց աստվածաշնչյան գրականություն ուղարկեց։ Նրանք երկուսն էլ ուսումնասիրեցին, մկրտվեցին և սկսեցին աստվածաշնչյան ճշմարտությունը պատմել ուրիշներին։ Արդյունքում շատերը ընդունեցին ճշմարտությունը։ Իրականում 1990–ական թվականների սկզբներին նրանց ընտանիքի անդամներից ավելի քան հարյուր հոգի Եհովայի վկաներ էին։ Եվ այս ամենը ընդամենը մի թերթիկի շնորհիվ, որը մի մարդ գտել էր երկաթուղային ճանապարհին։

Եղբայր Բարն ասաց, որ մեր տպագրած գրականությունը մարդկանց բերում է դեպի ճշմարտությունը, օգնում է նրանց մնալ ճշմարտության մեջ, մղում է ծառայել ավելի եռանդորեն և միավորում է եղբայրությանը։ Իսկ որ ամենակարևորն է, այդ գրականությունը, որ մենք տարածում ենք, փառաբանում է մեր Աստծուն՝ Եհովային։

Ինչ տեսակետ ունի Եհովան տպարանի վերաբերյալ

Եղբայր Բարը նաև հրավիրեց ունկնդիրներին մտածել այն հարցի շուրջ, թե ինչ տեսակետ ունի Եհովան տպարանի վերաբերյալ։ Իհարկե, դա անհրաժեշտ չէ նրան։ Նա կարող էր այնպես անել, որ նույնիսկ քարերը քարոզեին բարի լուրը (Ղուկաս 19։40)։ Դեռ ավելին, Եհովային չի տպավորում սարքավորումների բարդությունը, չափը, արագությունը և արտադրողականությունը։ Չէ՞ որ նա արարել է տիեզերքը (Սաղմոս 147։10, 11)։ Եհովան գիտի գրականություն թողարկելու ավելի առաջադեմ կերպեր, որոնք մարդկանց մտքով անգամ չեն անցել և ոչ էլ մարդիկ պատկերացում ունեն դրանց մասին։ Ուստի ի՞նչն է իրականում գնահատում Եհովան։ Անշուշտ, նա գնահատում է տպարանում աշխատող մարդկանց լավ հատկությունները՝ նրանց սերը, հավատը և հնազանդությունը։

Եղբայր Բարը օրինակով լուսաբանեց, թե ինչպես է դրսևորվում սերը։ Աղջիկը ծնողների համար խմորեղեն է պատրաստում։ Հավանաբար դա շատ հաճելի է ծնողներին։ Սակայն նրանց տպավորում է ոչ թե խմորեղենի համը, այլ իրենց երեխայի սերը, որը երևում է նրա արածից։ Նմանապես, երբ Եհովան նայում է այս նոր տպարանին, նրան չի տպավորում շինությունը կամ սարքավորումները։ Այս ամենի մեջ նա առաջին հերթին տեսնում է իր անվան հանդեպ ցուցաբերված սերը (Եբրայեցիս 6։10)։

Բացի այդ, ինչպես որ Եհովայի տեսանկյունից տապանը Նոյի հավատի ապացույցն էր, այնպես էլ այս տպարանը մեր հավատի ապացույցն է։ Հավատ ինչի՞ հանդեպ։ Նոյը հավատում էր, որ Եհովայի ասածները իրականանալու էին։ Մենք հավատում ենք, որ ապրում ենք վերջին օրերում և որ բարի լուրը երկրագնդում տարածվող ամենակարևոր պատգամն է, ուստի անհրաժեշտ է, որ մարդիկ լսեն այն։ Մենք գիտենք, որ Աստվածաշնչի պատգամը կարող է կյանքեր փրկել։

Անշուշտ, տպարանի գործունեությունը Եհովան դիտում է որպես մեր հնազանդության արտահայտում։ Նրա կամքն է, որ բարի լուրը քարոզվի աշխարհով մեկ, նախքան կգա վերջը (Մատթէոս 24։14)։ Ինչպես երկրագնդի տարբեր մասերում գտնվող տպարանները, այս տպարանը նույնպես կարևոր դեր կխաղա վերոհիշյալ հանձնարարությունը կատարելու գործում։

Այս շենքերի ֆինանսավորման, կառուցման և գործունեության առնչությամբ ցույց տրված սերը, հավատը և հնազանդությունը նաև արտահայտվում են Եհովայի ծառաների նախանձախնդիր ծառայության մեջ. ծառայություն, որ նրանք կատարում են ամենուրեք՝ հռչակելով ճշմարտությունը այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են լսել։

[շրջանակ/նկար 11–րդ էջի վրա]

Տպագրական Գործունեության Ընդարձակումը Միացյալ Նահանգներում

1920 թ.–ին պարբերագրերը տպագրվել են առաջին գլանատպագրության մամլիչներով Մըրթլ Ավենյու 35 հասցեով, Բրուքլին։

1922 թ. տպարանը փոխադրվեց Կոնկորդ փողոցի 18 հասցեում գտնվող վեցհարկանի շենքը։ Սկսեցին տպագրվել գրքեր։

1927 թ.–ին տպարանը տեղափոխում են Ադամս փողոցի 117 հասցեում գտնվող նոր շենքը։

1949 թ.–ին ինը հարկանի շինության շնորհիվ տպարանի չափերը կրկնապատկվում են։

1956 թ. Ադամս փողոցում գտնվող տպարանի չափերը կրկնապատկվում են, երբ Սենդս փողոցի 77 հասցեում նոր շինություն է կառուցվում։

1967 թ.–ին կառուցվեց 10 հարկանի շինություն, որի շնորհիվ հնարավոր դարձավ ունենալ մի տպարան, որը տաս անգամ ավելի մեծ էր, քան առաջին տպարանը։

1973 թ.–ին Ուոլքիլում կառուցվեց ևս մի տպարան գլխավորապես պարբերագրեր տպագրելու համար։

2004 թ.–ից սկսած բոլոր տպագրական, կազմարարական և առաքման աշխատանքները կատարվում են ոչ թե Միացյալ Նահանգներում, այլ Ուոլքիլում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը