Բարի գործեր չար աշխարհում
ԹՎՈՒՄ Է, թե այսօր քչերն են պատրաստ գնալ զոհողությունների։ Սակայն դեռևս կան անհատներ, ովքեր ցանկություն ունեն որևէ ձևով բարի գործեր անել ուրիշների համար։ Մեծ թվով մարդիկ ամեն տարի բարի նկատառումներով միլիարդավոր դոլարներ են զոհաբերում։ Օրինակ՝ 2002 թ.–ին Բրիտանիայում բարեգործական նպատակներով հավաքված գումարը հասավ ռեկորդային ցուցանիշի՝ կազմելով 13 միլիարդ դոլար։ 1999 թ.–ից ի վեր տասը առատաձեռն բարեգործներ ավելի քան 38 միլիարդ դոլար են հատկացրել (կամ խոստանում են հատկացնել) կարիքավորներին։
Բարեգործները ծածկում են աղքատների բժշկական ծախսերը, իրենց խնամքի տակ են առնում միակողմանի ծնողազուրկ երեխաներին, զարգացող երկրներում ֆինանսավորում են բնակչության պատվաստման ծրագրերը, դասագրքեր են բաժանում, աղքատ երկրներում ապրող գյուղացիներին նվիրում են ընտանի կենդանիներ, առաջին անհրաժեշտության իրեր են հասցնում բնական աղետներից տուժածներին և կատարում են բազմաթիվ այլ գործեր։
Այս փաստերը ցույց են տալիս, որ մարդն ունակ է բարություն անելու։ Բայց ցավալին այն է, որ այսօր աներևակայելիորեն չար գործեր են կատարվում։
Չարիքն աճում է
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գրանցվել է ջարդերի և քաղաքական հողի վրա հրահրված կոտորածների գրեթե 50 դեպք։ Ինչպես նշվում է ամերիկյան մի պարբերականում, «այդ ջարդերի ընթացքում զոհվել է առնվազն 12 միլիոն զինվորական և գրեթե 22 միլիոն խաղաղ բնակիչ, ինչը գերազանցում է բոլոր այն զոհերի թիվը, որ եղել են 1945 թ.–ից հետո տեղի ունեցած բոլոր քաղաքացիական և ազգամիջյան պատերազմների ժամանակ» («American Political Science Review»)։
20–րդ դարի երկրորդ կեսին քաղաքական հողի վրա Կամբոջայում սպանվեց մոտ 2 200 000 մարդ։ Ռուանդայում ազգային անհանդուրժողականությունը ավելի քան 800 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների մահվան պատճառ դարձավ։ Իսկ Բոսնիայում կրոնական և քաղաքական նկատառումներով հրահրված ջարդերից զոհվեց ավելի քան 200 000 հոգի։
2004 թ.–ին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, խոսելով այդ ժամանակ տեղի ունեցող չարագործությունների մասին, ասաց. «Իրաքում անխնա կոտորում են խաղաղ բնակիչներին, իսկ հումանիտար կազմակերպությունների աշխատողներին, լրագրողներին և քաղաքացիական այլ անձանց պատանդ են վերցնում ու բարբարոսաբար սպանում։ Իրաքցի բանտարկյալները ծայրաստիճան նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում։ Միևնույն ժամանակ, Դարֆուրում մասսայաբար տեղահան են անում մարդկանց, ավերում նրանց տները, իսկ կանանց նպատակային ձևով բռնաբարում են։ Ուգանդայի հյուսիսային շրջաններում երեխաներին խեղանդամ են անում և ստիպում սարսափելի դաժանություններ գործել։ Իսկ Բեսլանում ականատես եղանք այն բանին, թե ինչպես երեխաներին պատանդ վերցրին և անգթորեն կոտորեցին»։
Նույնիսկ այսպես կոչված զարգացած երկրներում ավելի ու ավելի հաճախակի են դառնում ազգային փոքրամասնությունների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերը։ Օրինակ՝ 2004 թ.–ին մի պարբերագրում նշվում էր, որ «վերջին տասնամյակում [Բրիտանիայում] 11 անգամ ավելացել է այն մարդկանց թիվը, ում հանդեպ բռնություն է գործադրվել կամ վատ վերաբերմունք է ցուցաբերվել ազգային հողի վրա» («Independent News»)։
Եթե մարդիկ ընդունակ են այդքան շատ բարություն գործելու, ինչո՞ւ են չարագործություններ անում։ Արդյոք երբևէ կազատվե՞նք չարիքից։ Ինչպես երևում է հաջորդ հոդվածից, այս բարդ հարցերին սպառիչ պատասխան է տալիս Աստվածաշունչը։
[նկար 2-րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER: Mark Edwards/Still Pictures/Peter Arnold, Inc.