Ինչպես բարին կհաղթի չարին
Դավիթ թագավորը բարի մարդ էր. նա խորապես նվիրված էր Աստծուն, արդարություն էր սիրում և լավ էր վերաբերվում աղքատներին։ Սակայն այդ նույն թագավորը մի անգամ շնություն գործեց իր ամենավստահելի ծառաներից մեկի կնոջ հետ։ Իսկ այն բանից հետո, երբ իմացավ, որ այդ կինը՝ Բերսաբեն, հղիացել է իրենից, կազմակերպեց նրա ամուսնու սպանությունը։ Ապա, փորձելով թաքցնել իր հանցանքը, Դավիթն ամուսնացավ Բերսաբեի հետ (Բ Թագաւորաց 11։1–27)։
ԱԿՆՀԱՅՏ Է, որ մարդիկ բարին անելու մեծ կարողություն ունեն։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք այդքան չար գործեր կատարում։ Աստվածաշնչում բացատրվում են դրա հիմնական պատճառները։ Այնտեղ նաև ասվում է, որ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով մեկընդմիշտ կվերացնի չարը։
Չար հակումներ
Պատճառներից մեկի մասին խոսեց հենց ինքը՝ Դավիթը։ Երբ թագավորի հանցագործ արարքը բացահայտվեց, նա ընդունեց իր սխալը և զղջալով՝ գրեց. «Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը» (Սաղմոս 51։5)։ Աստված երբեք նպատակ չէր ունեցել, որ մայրերն այնպիսի զավակներ ‘հղանան’, որոնք մեղք կգործեն։ Պարզապես, այն բանից հետո, երբ Եվան, իսկ հետո նաև Ադամը ապստամբեցին Արարչի դեմ, նրանք այլևս չկարողացան մեղքից զերծ երեխաներ ունենալ (Հռովմայեցիս 5։12)։ Եվ երբ անկատար մարդկանց թիվն աճեց, պարզ դարձավ, որ «մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը» (Ծննդոց 8։21)։
Եթե չարն անելու հանդեպ այս նախատրամադրվածությունը հսկողության տակ չառնվի, ապա մարդը կգործի «պոռնկութիւն.... թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ.... երկպառակութիւններ, բաժանմունքներ» և վնասակար այլ բաներ, որոնք Աստվածաշունչը ‘մարմնի գործեր’ է անվանում (Գաղատացիս 5։19–21)։ Օրինակ՝ Դավիթ թագավորը անձնատուր եղավ իր մարմնավոր ցանկություններին և պոռնկություն գործեց, ինչը հանգեցրեց արյունահեղությունների (Բ Թագաւորաց 12։1–12)։ Ու թեև նա կարող էր զսպել իր չար հակումները, սակայն զարգացրեց Բերսաբեին տիրելու ցանկությունը, և իր հետ անխուսափելիորեն կատարվեց այն, ինչը ավելի ուշ Հակոբոս աշակերտը նկարագրեց հետևյալ կերպ. «Ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի» (Յակոբոս 1։14, 15)։
Մասսայական ջարդերը, բռնաբարություններն ու կողոպուտը, որոնց մասին խոսեցինք նախորդ հոդվածում, վառ օրինակներն են այն բանի, թե ինչ է պատահում, երբ մարդը սկսում է առաջնորդվել իր սխալ ցանկություններով։
Չարիքը բխում է գիտելիքների պակասից
Երկրորդ պատճառը, թե ինչու են մարդիկ չարագործություններ անում, երևում է Պողոս առաքյալի օրինակից։ Իր կյանքի վերջում նա մեղմ ու սիրառատ մարդու հեղինակություն էր վայելում. առաքյալը անձնազոհաբար ծառայել էր իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին (Ա Թեսաղոնիկեցիս 2։7–9)։ Սակայն ավելի վաղ շրջանում, երբ Պողոսը հայտնի էր Սավուղ անունով, նա ‘սպառնալիք ու մահ էր շնչում’ ընդդեմ այդ նույն մարդկանց (Գործք 9։1, 2)։ Իսկ ինչո՞ւ էր Պողոսը հավանություն տալիս և նույնիսկ մասնակցում առաջին քրիստոնյաների դեմ ուղղված չար արարքներին։ «Որովհետեւ չ’գիտենալով էի գործում»,— պատասխանում է նա (Ա Տիմոթէոս 1։13)։ Այո՛, Պողոսը «Աստուծոյ նախանձն [ուներ], բայց գիտութեամբ չէ» (Հռովմայեցիս 10։2)։
Այսօր բազմաթիվ մարդիկ նույնպես չար գործեր են անում այն պատճառով, որ ճշգրիտ գիտելիքներ չունեն Աստծու կամքի վերաբերյալ։ Հիսուսն իր աշակերտներին զգուշացրել էր. «Ժամանակ.... կ’գայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կ’կարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում» (Յովհաննէս 16։2)։ Եհովայի ժամանակակից վկաները անձնական օրինակով են համոզվել այս խոսքերի ճշմարտացիության մեջ։ Տարբեր երկրներում նրանք հալածվել և նույնիսկ սպանվել են այնպիսի մարդկանց կողմից, ովքեր պնդել են, թե ծառայում են Աստծուն։ Ակընհայտ է, որ նման անհիմն նախանձախնդրությունը ճշմարիտ Աստծուն հաճելի չէ (Ա Թեսաղոնիկեցիս 1։6)։
Չարի սկզբնաղբյուրը
Չարի գոյության գլխավոր պատճառը ներկայացրեց Հիսուսը։ Իրեն սպանելու մտադրություն ունեցող կրոնական առաջնորդներին նա ասաց. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր» (Յովհաննէս 8։44)։ Սատանան էր, որ եսասիրական նպատակներ հետապնդելով՝ Ադամին ու Եվային դրդեց ապստամբել Աստծու դեմ։ Այդ ապստամբության պատճառով առաջ եկավ մեղքը, իսկ մեղքից էլ՝ մահը, որը տարածվեց բոլոր մարդկանց վրա։
Սատանայի արյունարբությունը բացահայտվում է Հոբի դեմ նրա ձեռնարկած քայլերից։ Երբ Եհովան Բանսարկուին թույլ տվեց փորձության ենթարկել այդ անարատ մարդուն, Սատանան չբավարարվեց Հոբին իր ունեցվածքից զրկելով։ Նա սպանեց Աստծու այդ հավատարիմ ծառայի տասը երեխաներին (Յոբ 1։9–19)։ Մեր դարաշրջանում չարագործությունների թիվն է՛լ ավելի է աճել, և դրա պատճառը ոչ միայն մարդկանց անկատարությունն ու գիտելիքների պակասն է, այլև այն, որ ներկայումս Սատանան ավելի հաճախ է միջամտում մարդկանց գործերին։ Աստվածաշունչը հայտնում է, որ Բանսարկուն վայր է գցվել «երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ»։ Նույն մարգարեության մեջ ճշգրտորեն կանխագուշակվել էր, որ Սատանայի այս դատապարտությունը աննախադեպ ‘վայեր’ կբերեր երկրին։ Սատանան չի կարող ստիպել մարդկանց չար գործեր անել։ Համենայնդեպս, ‘բովանդակ աշխարհը մոլորեցնելու’ հարցում նա հմուտ վարպետ է (Յայտնութիւն 12։9, 12)։
Չար հակումները կվերանան
Որպեսզի չարը մեկընդմիշտ վերանա մեր հասարակությունից, հարկավոր է մարդկանց միջից հեռացնել չար հակումները, լրացնել նրանց գիտելիքների պակասը և վերջ դնել Սատանայի ազդեցությանը։ Նախ տեսնենք, թե ինչպես են մարդկանց սրտից հեռացվելու ի ծնե նրանց մեջ արմատացած չար հակումները։
Ոչ մի վիրաբույժ չի կարող անել այդ բանը։ Այդ խնդիրը հնարավոր չէ վերացնել նաև մարդու կողմից պատրաստված որևէ դեղամիջոցի օգնությամբ։ Սակայն Եհովա Աստված տրամադրել է ժառանգված մեղքից ու անկատարությունից «բուժվելու» միջոցը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ընդունել այն։ Հովհաննես առաքյալը գրում է. «Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Յովհաննէս 1։7)։ Երբ կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսը հոժարակամորեն զոհեց իր կյանքը, նա «մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք» (Ա Պետրոս 2։24)։ Հիսուսի զոհաբերական մահը կվերացնի Ադամի չար արարքի հետևանքները։ Ինչպես նշում է Պողոս առաքյալը, Քրիստոսը ‘ամենի համար համապատասխան փրկանք’ դարձավ (Ա Տիմոթէոս 2։6, ՆԱ)։ Այո՛, Հիսուսի մահը ամբողջ մարդկությանը հնարավորություն տվեց վերագտնելու այն կատարելությունը, որ կորցրել էր Ադամը։
Սակայն միգուցե հարցնեք. «Եթե 2 000 տարի առաջ Հիսուսի տված փրկանքը մարդկանց համար հնարավորություն է ստեղծել վերագտնելու իրենց կատարելությունը, ինչո՞ւ դեռևս գոյություն ունեն չարիքն ու մահը»։ Այս հարցի պատասխանը մասամբ կվերացնի չարի գոյության երկրորդ պատճառը՝ Աստծու նպատակների մասին գիտելիքների պակասը։
Բարին ծաղկում է ճշգրիտ գիտելիքներից
Ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով այն մասին, թե չարը վերացնելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկում Եհովան ու Հիսուսը՝ անկեղծ սիրտ ունեցող անհատները խուսափած կլինեն անգիտակցաբար չար գործեր անելուց, կամ, որ ավելի վատ է, «Աստուծոյ դէմ կռիւ անող[ներ]» դառնալուց (Գործք 5։38, 39)։ Եհովա Աստված պատրաստ է ներելու մեր նախկին սխալները, որ արել ենք բավականաչափ գիտելիքներ չունենալու պատճառով։ Ահա թե ինչ ասաց Պողոս առաքյալը Աթենքի բնակիչներին. «Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է, ամենին ամեն տեղ ապաշխարել։ [Նա] մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ» (Գործք 17։30, 31)։
Առաքյալը սեփական փորձով էր համոզվել այն բանում, որ Հիսուսը նորից կյանքի է վերադարձել. հարություն առած Հիսուսը անձամբ էր խոսել Պողոսի հետ, ինչը և պատճառ էր դարձել, որ նա դադարի հալածել առաջին քրիստոնյաներին (Գործք 9։3–7)։ Երբ Պողոսը ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեց Աստծու նպատակների մասին, նա փոխեց իր մտածելակերպը և դարձավ Հիսուսին ընդօրինակող բարի անձնավորություն (Ա Կորնթացիս 11։1; Կողոսացիս 3։9, 10)։ Ավելին, նա մեծ եռանդով սկսեց քարոզել ‘արքայության ավետարանը’ (Մատթէոս 24։14)։ Բազմաթիվ անհատներ Պողոսի պես լինելու են Հիսուսի թագավորակիցները, որոնց նա մարդկանց միջից ընտրել է 2 000 տարվա ընթացքում՝ իր մահից ու հարությունից հետո (Յայտնութիւն 5։9, 10)։
Ինչպես 20–րդ դարում, այնպես էլ այսօր Եհովայի վկաները ջերմեռանդորեն կատարում են Հիսուսի հետևյալ պատվերը. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։ Այս պատգամին արձագանքող մարդիկ երկրի վրա Քրիստոսի երկնային կառավարության ներքո հավիտյան ապրելու հույս են ձեռք բերում։ Հիսուսն ասել էր. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Եթե օգնենք մարդկանց ճանաչել ճշմարիտ Աստծուն և Հիսուսին, այսինքն՝ նրանց մասին գիտելիքներ ձեռք բերել, մեծագույն բարի գործը կատարած կլինենք։
Թագավորության բարի լուրն ընդունող անհատները դրսևորում են «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն»՝ անկախ այն բանից, թե ինչ չարիք է տիրում իրենց շուրջ (Գաղատացիս 5։22, 23)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ նրանք ‘չարի տեղ չար չեն հատուցում’ (Հռովմայեցիս 12։17)։ Այդ անհատներից յուրաքանչյուրը ջանք է թափում ‘բարությամբ հաղթել չարին’ (Հռովմայեցիս 12։21; Մատթէոս 5։44)։
Չարի վերջնական տապալումը
Մարդիկ սեփական ուժերով երբեք ի զորու չեն լինի վերացնել չարի սկզբնաղբյուրին՝ Բանսարկու Սատանային։ Շուտով, սակայն, Եհովան Հիսուսի միջոցով կջախջախի Սատանայի գլուխը (Ծննդոց 3։15; Հռովմայեցիս 16։20)։ Աստված նաև հրահանգ կտա Հիսուս Քրիստոսին ‘փշրելու և վերջացնելու’ բոլոր քաղաքական համակարգերը, որոնցից շատերը այդքան չարիք են գործել պատմության ընթացքում (Դանիէլ 2։44; Ժողովող 8։9)։ Դատաստանի այդ մոտալուտ օրը բոլոր նրանք, ովքեր «չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին.... [որպես] պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը» (Բ Թեսաղոնիկեցիս 1։8, 9; Սոփոնիա 1։14–18)։
Երբ Սատանան ու նրա աջակիցները վնասազերծվեն, Հիսուսը երկնքից կօգնի փրկություն ստացածներին երկրի վրա վերականգնել այն պայմանները, որ գոյություն են ունեցել ամենասկզբում։ Բացի այդ, Քրիստոսը կվերակենդանացնի բոլոր նրանց, ում, իր տեսանկյունից, տեղին կլինի հնարավորություն տալ վերականգնված երկրի վրա ապրելու (Ղուկաս 23։32, 39–43; Յովհաննէս 5։26–29)։ Այս ամենն ընդամենը մի քանիսն են մարդկանց տառապանք պատճառող այն չարիքներից, որ նա կվերացնի։
Եհովան չի ստիպում մարդկանց հնազանդվել Հիսուսի մասին բարի լուրին։ Մյուս կողմից՝ նա հնարավորություն է տալիս ձեռք բերել հավիտենական կյանքի առաջնորդող գիտությունը։ Եվ անչափ կարևոր է, որ դուք օգտվեք այդ հնարավորությունից ու դա անեք անհապաղ (Սոփոնիա 2։2, 3)։ Այդպես վարվելով՝ կկարողանանք հաղթահարել այն չար բաները, որ այսօր թունավորում են ձեր կյանքը։ Ավելին, դուք հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես Քրիստոսը վերջնական հաղթանակ կտանի չարի նկատմամբ (Յայտնութիւն 19։11–16; 20։1–3, 10; 21։3, 4)։
[նկար 5-րդ էջի վրա]
Ճշգրիտ գիտելիքներ չունենալու պատճառով Սողոսը հավանություն էր տալիս չար գործերին
[նկար 7-րդ էջի վրա]
Մեծագույն բարությունը, որ մարդը կարող է անել ուրիշներին, Աստծու մասին ճշգրիտ գիտությունը նրանց փոխանցելն է