Ովքե՞ր են այսօր կիրառում Քրիստոսի ուսմունքները
ՀԻՍՈՒՍ Քրիստոսը համարվում է երբևէ ապրած մեծագույն մարդը։ Շատերն են այդ կարծիքին։ Գրեթե երկու հազար տարի է, ինչ նրա ուսմունքները խոր ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Անգլիացի գրող Մելվին Բրագը գրում է, որ դրանք ազդում են «թե՛ բարի ու աննշան, թե՛ փառասեր ու բարեգործ մարդկանց կյանքի վրա»։
Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնեության մասին
Ի՞նչ կարելի է ասել քրիստոնեության մասին։ Այն նկարագրվում է, որպես «մարդկության մեծագույն հոգևոր ձեռքբերումներից մեկը»։ Շոտլանդիայի Գլազգո Կալեդոնիան Համալսարանի դասախոս Դեյվիդ Կելսոն գրել է. «Պատմության մեջ քրիստոնեության երկու հազար տարիները անզուգական նվաճումների տարիներ են եղել արվեստի, ճարտարապետության, փիլիսոփայության, երաժշտության և սոցիալական գործունեության բնագավառներում»։
Սակայն շատերը այլ տեսակետ ունեն։ Նրանք գտնում են, որ խնդիրը ոչ թե քրիստոնեության մեջ է, «որը հիմնված է Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա և այն համոզմունքի վրա, որ նա Աստծու որդին է» («Collins Cobuild»), այլ այն կրոնական հաստատությունների և կազմակերպությունների անդամների վարքի մեջ, որոնք պնդում են, թե քրիստոնյա են։
Օրինակ՝ 19–րդ դարի գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն քրիստոնեության մասին վերին աստիճանի վատ է արտահայտվել՝ ասելով, որ «քրիստոնեությունը մարդկության հավերժական արատն է»։ Նա շարունակում է. «Այն մի մեծ անեծք է, ահավոր ու խորապես ապականված...., որի համար ոչ մի ուղի չափազանց զազրելի, չափազանց անազնիվ, չափազանց խորհրդավոր և չափազանց չար չէ»։ Իհարկե, Նիցշեն ծայրահեղ տեսակետներ ուներ, սակայն մի շարք ողջամիտ մարդիկ նույնպես եկել են նման եզրակացության։ Ինչո՞ւ։ Որովհետև դարերի ընթացքում քրիստոնեություն դավանող մարդկանց բնորոշ են եղել ոչ թե Հիսուս Քրիստոսի հատկությունները, այլ լայնատարած «բարոյական անկումը, սարսափելի հանցանքներն ու աստվածանարգ վարքը»։
Արդյո՞ք քրիստոնեական աշխարհը հետևում է Քրիստոսի ուսմունքներին
Խելամիտ է հարցնել՝ արդյո՞ք քրիստոնեական աշխարհը հետևում է Քրիստոսի ուսմունքներին։ Ոմանք անմիջապես կասեն. «Իհարկե, չէ՞ որ Հիսուսը խոստացավ, որ իր հետևորդների հետ կլինի «մինչև աշխարհքի վերջը»» (Մատթէոս 28։20)։ Այո, Հիսուսը խոստացել է։ Սակայն մի՞թե նա նկատի ուներ, որ կլինի քրիստոնեություն դավանող յուրաքանչյուր մարդու հետ՝ անկախ այն բանից, թե նա ինչ վարք է դրսևորում։
Հիշիր, որ Հիսուսի օրերում որոշ կրոնական առաջնորդներ կարծում էին, որ Աստված անկասկած իրենց հետ էր։ Քանի որ Աստված Իսրայել ազգին հատուկ նպատակով էր ընտրել, որոշ կրոնական առաջնորդներ մտածում էին, թե Աստված երբեք իրենց չի մերժի՝ անկախ իրենց կատարած գործերից (Միքիա 3։11)։ Սակայն ի վերջո նրանք բացարձակապես մերժեցին Աստծու օրենքներն ու չափանիշները։ Այդ պատճառով էլ Հիսուս Քրիստոսը հստակորեն ասաց. «Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» (Մատթէոս 23։38)։ Մի ամբողջ կրոնական համակարգ կորցրեց Աստծու բարեհաճությունը։ Աստված մերժեց նրանց և թույլ տվեց, որ մ.թ. 70 թ.–ին հռոմեական զորքերը կործանեն մայրաքաղաք Երուսաղեմը և այնտեղ գտնվող տաճարը։
Հնարավո՞ր է նման բան տեղի ունենա քրիստոնեական աշխարհի հետ։ Եկեք քննարկենք, թե ինչ պահանջներ հիշատակեց Հիսուսը իր խոստման հետ միասին, որի համաձայն՝ նա լինելու էր իր հետևորդների հետ «մինչև աշխարհքի վերջը»։
[նկարներ 2-րդ և 3-րդ էջերի վրա]
Հիսուս Քրիստոսի ուսմունքները խոր ազդեցություն են թողել միլիոնավոր մարդկանց վրա