Աստվածաշունչ հասկանալը կարող է բավականություն պատճառել ձեզ
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ Աստծուց ստացած թանկարժեք ճշմարտություններ է պարունակում։ Այն հայտնում է մեզ, թե որն է կյանքի իմաստը, մարդկության տառապանքի պատճառը, և թե ինչպիսին է լինելու ողջ մարդկության ապագան։ Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչպես երջանկություն գտնել, լավ ընկերներ ձեռք բերել և ինչպես լուծել խնդիրները։ Եվ ամենակարևորը, այդ գրքի միջոցով մենք սովորում ենք մեր Ստեղծիչի և երկնային Հոր՝ Եհովայի մասին։ Այդպիսի գիտությունը մեզ մեծ ուրախություն է պարգևում և մեր կյանքին իմաստ է հաղորդում։
Աստվածաշնչում Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելը համեմատվում է հաց ուտելու հետ։ Հիսուսն ասաց. «Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթէոս 4։4; Եբրայեցիս 5։12–14)։ Ինչպես ամենօրյա սննդարար կերակուրն է անհրաժեշտ ապրելու համար, այնպես էլ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն է կարևոր մեզ համար, որպեսզի օգուտներ քաղենք հավիտենական կյանքի վերաբերյալ Աստծու տված խոստումից։
Բացի այն, որ անհրաժեշտություն ենք զգում սնվելու, նաև բավականություն ենք ստանում դրանից, քանի որ այդպես ենք ստեղծված։ Սակայն մեկ ուրիշ կարիք էլ կա, որ պետք է բավարարենք, եթե ուզում ենք երջանիկ լինել։ Հիսուսն ասաց. «Երանի հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ]» (Մատթէոս 5։3)։ Աստծու Խոսքը հասկանալով՝ մենք կարող ենք բավարարել մեր հոգևոր կարիքները և երջանիկ լինել։
Ճիշտ է, ոմանք դժվարանում են հասկանալ Աստվածաշունչը։ Օրինակ՝ գուցե դուք օգնության կարիք ունենաք հասկանալու աստվածաշնչյան այն հատվածները, որտեղ խոսվում է անծանոթ սովորությունների մասին կամ օգտագործվում են փոխաբերական արտահայտություններ։ Բացի այդ, կան մարգարեություններ, որոնք այլաբանական լեզվով են գրված, և որոնք հնարավոր է հասկանալ՝ միայն տվյալ թեմայի վերաբերյալ ուրիշ աստվածաշնչյան համարներ քննելով (Դանիէլ 7։1–7; Յայտնութիւն 13։1, 2)։ Այնուհանդերձ, դուք կարո՛ղ եք հասկանալ Աստվածաշունչը։ Սակայն ինչպե՞ս վստահ լինել դրանում։
Բոլորը կարող են բավականություն ստանալ
Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, որտեղ Աստված մեզ հայտնում է իր կամքը։ Մի՞թե նա մեզ մի գիրք կտար, որն անհնար լիներ հասկանալ, կամ հասկանալի լիներ միայն բարձրագույն կրթություն ստացած մարդկանց։ Իհարկե ո՛չ։ Եհովան այդպես անարդար չէր վարվի։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. եւ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։ Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ’տայ նորան։ Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։11–13)։ Ուստի վստահ եղեք, որ կարո՛ղ եք հասկանալ Աստվածաշունչը, և եթե աղոթքով անկեղծորեն դիմեք Աստծուն, նա կօգնի ձեզ հասկանալ իր Խոսքը։ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները նույնիսկ երեխաները կարող են հասկանալ (Բ Տիմոթէոս 3։15)։
Աստվածաշունչ հասկանալը կարող է լավ ազդեցություն թողնել ձեզ վրա և քաջալերել, չնայած որ դրա համար ջանքեր են պահանջվում։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց իր երկու աշակերտներին ու խոսեց նրանց հետ աստվածաշնչյան մարգարեությունների մասին։ Ղուկասի Ավետարանում կարդում ենք. «Սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին»։ Ինչպիսի՞ ազդեցություն թողեց աշակերտների վրա այս զրույցը։ Այդ երեկո նրանք իրենց տպավորությունները արտահայտեցին միմյանց. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար» (Ղուկաս 24։13–32)։ Աստծու Խոսքը հասկանալը աշակերտներին բավականություն պատճառեց, քանի որ դա զորացրեց նրանց հավատը Աստծու խոստումների հանդեպ և ապագայի լավ հեռանկար բացեց նրանց առջև։
Աստվածաշունչ ընթերցելը հոգնեցուցիչ չէ։ Հաճելի սննդարար կերակրի նման՝ Աստծու Խոսքը հասկանալը օգտակար է և բավականություն է պատճառում։ Ի՞նչ է հարկավոր Աստվածաշունչը հասկանալու համար։ Հաջորդ հոդվածը ցույց է կտա, թե ինչպես դուք կարող եք բավականություն ստանալ «Աստուծոյ գիտութիւնը» ձեռք բերելուց (Առակաց 2։1–5)։
[նկար 4-րդ էջի վրա]
Սիրող հոր նման՝ Եհովան իր սուրբ ոգու միջոցով օգնում է մեզ հասկանալ Աստվածաշունչը