Ինչպե՞ս կարող ես Աստծու կամքին ներդաշնակ որոշումներ կայացնել
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ապրող մի մարդ 25 000 դոլար արժողությամբ վճարագիրը ձեռքին գնաց բանկ։ Նա մտածում էր այդ գումարը պահել հաստատագրված ժամկետով։ Սակայն դրամագործը նրան խորհուրդ տվեց գումարը գործառության մեջ դնել արժեթղթի շուկայում՝ ասելով, որ նույնիսկ երկար ժամանակ անց արժեթղթի շուկան չի կորցնի իր արժեքը։ Այդ մարդը որոշեց հետևել դրամագործի տված խորհրդին։ Շատ չանցած՝ նրա ներդրած գումարի մեծ մասը կորցրեց իր արժեքը։
Այս դեպքը ցույց է տալիս, որ դժվար է կայացնել իմաստուն որոշումներ։ Ի՞նչ կարելի է ասել այն տարբեր որոշումների մասին, որ պետք է կայացնենք մեր կյանքում։ Շատ որոշումներ որոշիչ դեր ունեն. կամ հաջողության կհասնենք, կամ անհաջողության կմատնվենք։ Վաղ թե ուշ որոշումները կարող են նաև կյանք կամ մահ նշանակել մեզ համար։ Ուստի ինչպե՞ս վստահ լինենք, որ իմաստուն որոշումներ ենք կայացնում։
«Սա է ճանապարհը»
Ամեն օր մենք որոշումներ ենք կայացնում այն բանի վերաբերյալ, թե ինչ ուտենք, ինչ հագնենք, ուր գնանք և այլն։ Գուցե կան որոշումներ, որ աննշան են թվում, սակայն դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ առաջին ծխախոտը ծխելու որոշումը կարող է առաջացնել ծխելու սովորություն։ Մենք երբեք չպետք է թերագնահատենք թվացյալ փոքր որոշումների կարևորությունը։
Որտեղի՞ց առաջնորդություն փնտրենք որոշումներ կայացնելու դեպքում, նույնիսկ եթե դրանք մեզ աննշան են թվում։ Որքան հրաշալի կլիներ ունենալ մի վստահելի խորհրդատու, որը մեզ խորհուրդներ կտար, երբ դժվար որոշումներ կայացնելու առջև կանգնեինք։ Դու կարող ես գտնել այդպիսի խորհրդատու։ Հնագույն մի գիրք, որը մեր օրերի համար պատգամ ունի, ասում է. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Ո՞վ է սա խոստանում։ Եվ ինչպե՞ս համոզված լինենք, որ նրա առաջնորդությունը վստահելի է։
Վերոհիշյալ հավաստիացումը գրված է Աստվածաշնչում, որն ուսումնասիրելով՝ միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ այն ներշնչված է Եհովա Աստծու՝ Ստեղծիչի կողմից (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Եհովան գիտի, թե ինչպես ենք մենք ստեղծված, ուստի նա կարող է տալ լավագույն առաջնորդությունը։ Նա նաև կարող է նախագուշակել ապագան։ Աստվածաշնչում ասվում է. «Պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի» (Եսայիա 46։10)։ Սաղմոսերգուն արտահայտեց իր վստահությունը Եհովայի Խոսքի հանդեպ՝ ասելով. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։ Սակայն ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հաստատուն ընթացք ունենալ այսօրվա աշխարհի փոթորկալից ջրերում։ Ինչպե՞ս Աստծու կամքին ներդաշնակ որոշումներ կայացնենք։
Կիրառիր աստվածաշնչյան սկզբունքները
Եհովա Աստված քրիստոնյաներին սուրբգրային սկզբունքներ է տվել, որպեսզի նրանք դրանց օգնությամբ ողջամիտ որոշումներ կայացնեն։ Աստվածաշնչյան սկզբունքները սովորելը և դրանք կիրառելը կարելի է համեմատել օտար լեզու սովորելու և այն օգտագործելու հետ։ Երբ լավ ես տիրապետում լեզվին, ինչ–որ մեկի խոսքերից հաճախ զգում ես, թե նա քերականական ինչ սխալներ է թույլ տալիս։ Գուցե չկարողանաս քերականական տերմիններով բացատրել, թե կոնկրետ ինչն է սխալ նրա խոսքերի մեջ, բայց կզգաս, որ սխալ է։ Սովորելով աստվածաշնչյան սկզբունքները և իմանալով, թե ինչպես է հարկավոր կիրառել դրանք՝ սովորաբար հեշտությամբ ես կողմնորոշվում, թե որ որոշումն է սխալ և աստվածաշնչյան սկզբունքներին ոչ ներդաշնակ։
Օրինակ՝ քննարկենք այն հարցը, թե ինչպես երիտասարդը կարող է որոշում կայացնել իր սանրվածքի վերաբերյալ։ Կոնկրետ որևէ սանրվածք ընտրելու հարցում Աստվածաշունչը սահմանափակումներ չի դնում։ Սակայն քննարկենք հետևյալ աստվածաշնչյան սկզբունքը։ Պողոս առաքյալը գրեց. «Կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով» (Ա Տիմոթէոս 2։9, 10)։ Այստեղ Պողոսը գրում է կանանց մասին, սակայն սկզբունքը վերաբերում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց։ Ո՞րն է այդ սկզբունքը։ Մեր արտաքին տեսքը պետք է համեստ լինի և ցույց տա, որ ողջամիտ ենք։ Ուստի երիտասարդ անձնավորությունը կարող է հարց տալ իրեն. «Արդյո՞ք իմ սանրվածքը համեստ է և վայել է քրիստոնյային»։
Իսկ ի՞նչ օգտակար սկզբունք երիտասարդը կարող է գտնել Հակոբոս աշակերտի հետևյալ խոսքերում. «Շնացողներ, չ’գիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ» (Յակոբոս 4։4)։ Քրիստոնյաները տհաճություն են զգում աշխարհի ընկերը դառնալու մտքից. աշխարհ, որը թշնամության մեջ է Աստծու հետ։ Ընտրելով այնպիսի սանրվածք, որին նախապատվություն են տալիս իր հասակակիցները՝ երիտասարդը ո՞ւմ ընկերն է դառնում՝ Աստծո՞ւ, թե՞ աշխարհի։ Այն երիտասարդը, որը մտածում է, թե ինչ սանրվածք ընտրի, իմաստուն որոշում կայացնելիս կարող է հաշվի առնել այս աստվածաշնչյան սկզբունքները։ Այո՛, սուրբգրային սկզբունքները օգնում են մեզ որոշումներ կայացնել։ Երբ մենք սովորություն ենք դարձնում որոշումներ կայացնել աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա, ավելի հեշտ է լինում իմաստուն որոշումներ ընդունել, որոնք վատ հետևանքներ չեն ունենա։
Աստծու Խոսքում շատ սկզբունքներ ենք գտնում։ Իհարկե, գուցե չգտնենք աստվածաշնչյան այնպիսի համար, որը կոնկրետ մեր իրավիճակին է վերաբերում։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք կարդալ այն մասին, թե ինչպես են որոշ մարդիկ հնազանդվել Աստծու առաջնորդությանը, և թե ինչպես են ոմանք անտեսել նրա տված նախազգուշացումները (Ծննդոց 4։6, 7, 13–16; Բ Օրինաց 30։15–20; Ա Կորնթացիս 10։11)։ Կարդալով այս արձանագրությունները և վերլուծելով այն, թե ինչ արդյունք է ունեցել Աստծուն հնազանդվելը կամ չհնազանդվելը՝ մենք կհասկանանք աստվածաշնչյան այն սկզբունքները, որոնք կօգնեն մեզ կայացնել Աստծուն հաճելի որոշումներ։
Օրինակ՝ տեսնենք, թե ինչ զրույց ունեցավ Հիսուս Քրիստոսը Պետրոս առաքյալի հետ։ Այն մարդիկ, որոնք հավաքում էին «երկդրամեանը», հարցրել էին Պետրոսին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չէ՞ վճարում»։ Պետրոսը պատասխանել էր. «Այո»։ Կարճ ժամանակ անց Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Երկրի թագաւորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը, իրանց որդիների՞ցը թէ օտարներիցը»։ Երբ Պետրոսն ասաց՝ «օտարներիցը», Հիսուսը պատասխանեց. «Ապա ուրեմն ազատ են որդիները։ Բայց որպէսզի նորանց չ’գայթակղեցնենք, գնա ծովը եւ կարթը գցիր, եւ առաջի դուրս եկող ձուկն առ՝ բերանը բաց, եւ մի սատեր կ’գտնես. այն առ տուր նորանց իմ եւ քո տեղ» (Մատթէոս 17։23–26)։ Ի՞նչ սուրբգրային սկզբունքներ ենք գտնում այս արձանագրության մեջ։
Մի շարք հարցեր տալով՝ Հիսուսը օգնեց Պետրոսին տրամաբանել. որպես Աստծու Որդի՝ նա ազատված էր հարկերից։ Չնայած Պետրոսը սկզբում չէր հասկացել դա, Հիսուսը բարյացակամորեն օգնեց նրան։ Երբ նկատում ենք ուրիշի սխալները, Հիսուսին ընդօրինակելով՝ գուցե որոշենք կարեկցանքով վերաբերվել այդ անհատին և ոչ թե ուղղակիորեն մատնացույց անենք նրա սխալը կամ քննադատենք նրան։
Այդպիսով Պետրոսը հասկացավ, թե ինչու էր անհրաժեշտ վճարել հարկը. դա պետք էր անել ուրիշներին չգայթակղեցնելու համար։ Ահա մեկ ուրիշ սկզբունք, որ սովորում ենք այս արձանագրությունից. ուրիշների խիղճը հաշվի առնելը ավելի կարևոր է, քան մեր իրավունքները պաշտպանելը։
Ի՞նչն է մղում մեզ որոշումներ կայացնելիս հաշվի առնել ուրիշների խիղճը։ Մերձավորի հանդեպ ունեցած սերը։ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց, որ մերձավորին մեր անձի պես սիրելը երկրորդ կարևոր պատվիրանն է (Մատթէոս 22։39)։ Սակայն մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդիկ եսասեր են, և մեր մեղավոր հակումները դրդում են մեզ նույնպես լինել եսասեր։ Ուստի եթե անհատը ուզում է մերձավորին սիրել իր անձի պես, նա պետք է փոխի իր մտածելակերպը (Հռովմայեցիս 12։2)։
Շատերը այսպիսի փոփոխություններ են կատարում և հաշվի են առնում ուրիշների կարծիքը մեծ թե փոքր որոշումներ կայացնելիս։ Պողոսը գրեց. «Դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չ’տայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար» (Գաղատացիս 5։13)։ Ինչպե՞ս կարող ենք այսպես վարվել։ Քննարկենք հետևյալ օրինակը. մի երիտասարդ աղջիկ Աստծու Խոսքը մարդկանց սովորեցնելու համար տեղափոխվել էր գյուղ։ Մարդկանց հետ զրուցելիս նա նկատում էր, որ, թեև իր հագուստը, ըստ քաղաքում ընդունված չափանիշների, համեստ էր, սակայն դարձել էր ողջ գյուղի խոսակցության առարկան։ Ու չնայած նրա հագուստն ու հարդարանքը համեստ էր, նա որոշեց կրել այնպիսի հագուստ, որն այնքան էլ ժամանակակից չէր, «որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի» (Տիտոս 2։5)։
Իսկ դո՞ւ ինչպես կվարվեիր, եթե հարդարանքին կամ անձնական ճաշակին վերաբերող հարցում որոշում կայացնելու առջև կանգնեիր։ Վստահ եղիր, որ Եհովային հաճելի կլինեն քո այն որոշումները, որոնք կայացնելիս հաշվի ես առնում ուրիշների խիղճը։
Հեռատես եղիր
Աստվածաշնչյան սկզբունքները և ուրիշների խիղճը հաշվի առնելուց բացի, ի՞նչ պետք է նկատի ունենանք որոշումներ կայացնելիս։ Թեև քրիստոնյայի ճանապարհը քարքարոտ է ու նեղ, սակայն Աստված որոշակի ազատություն է տալիս (Մատթէոս 7։13, 14)։ Մենք պետք է հաշվի առնենք այն, թե մեր որոշումները հետագայում ինչպես կանդրադառնան մեր հոգևոր, մտային, էմոցիոնալ և ֆիզիկական առողջության վրա։
Ենթադրենք՝ դու մտածում ես աշխատանքի ընդունվելու մասին։ Թերևս այդ գործի մեջ ոչ մի անբարո կամ անպատշաճ բան չկա։ Դու հնարավորություն կունենաս հաճախելու քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին։ Աշխատավարձը ավելին է, քան դու ակնկալում ես։ Գործատերը բարձր է գնահատում քո կարողությունները և ցանկանում է, որ լիարժեքորեն օգտագործես դրանք։ Դեռ ավելին, դու սիրում ես այդպիսի աշխատանք կատարել։ Արդյոք ինչ–որ բան քեզ ետ կպահի՞ այդ առաջարկն ընդունելուց։ Միգուցե դու տեսնում ես, որ աշխատանքով տարվելու վտանգ կա։ Քեզ ասում են, որ ստիպված չես լինի աշխատել արտաժամ։ Սակայն ինչ–որ նախագիծ ավարտելու համար պատրաստ կլինե՞ս հարկ եղածից ավելին անել։ Իսկ գուցե պետք լինի հաճախակի աշխատել արտաժամ։ Արդյոք այդ աշխատանքը քեզ չի՞ հեռացնի քո ընտանիքից, իսկ հետո նաև հոգևոր գործունեությունից, որը դու, ինչ խոսք, չպետք է անտեսես։
Տեսնենք, թե Ջիմն ինչ որոշում կայացրեց իր աշխատանքի վերաբերյալ։ Նա անխոնջ աշխատում էր և հասավ բարձր դիրքի։ Ի վերջո նա դարձավ Արևելյան երկրներում գործող մի ընկերության գլխավոր տնօրեն, Միացյալ Նահանգներում գտնվող այդ ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրենը և Եվրոպայի տնօրենների խորհրդի անդամ։ Սակայն երբ Ճապոնիայում տնտեսական ճգնաժամ եղավ, նա հասկացավ, թե որքան ունայն է հարստության հետամուտ լինելը։ Դժվարությամբ վաստակած իր գումարը արագորեն անհետացավ։ Նա զգաց, որ կորցնում է իր կյանքի իմաստը։ «Ի՞նչ կլինի ինձ հետ տասը տարի հետո»,— հարց էր տալիս նա ինքն իրեն։ Ջիմը տեսավ, որ իր կինն ու երեխաները ավելի իմաստալից նպատակներ ունեն կյանքում։ Տարիներ շարունակ նրանք ընկերակցում են Եհովայի վկաների հետ։ Ջիմը ցանկացավ այնպիսի երջանկություն և բավականության զգացում ունենալ, ինչպիսին որ իր ընտանիքի անդամները ունեին։ Ուստի նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։
Շուտով Ջիմը հասկացավ, որ իր ապրելակերպի պատճառով չէր կարողանում քրիստոնեական նպատակասլաց կյանքով ապրել։ Ասիա, Միացյալ Նահանգներ և Եվրոպա մշտապես ճանապարհորդելու հետևանքով նա բավականաչափ ժամանակ չէր ունենում Աստվածաշունչ ուսումնասիրելու և հավատակիցների հետ ընկերակցելու համար։ Նա կանգնեց որոշում կայացնելու առջև. «Շարունակե՞մ ապրել այնպես, ինչպես ապրել եմ անցած 50 տարիներին, թե՞ փոխեմ ապրելակերպս»։ Ջիմը աղոթքով խորհրդածեց այն մասին, թե ինչ հետևանքներ կունենա իր որոշումը, և վճռեց թողնել իր բոլոր աշխատանքները, բացի մեկից։ Այդպիսով նա կկարողանար ժամանակ տրամադրել հոգևոր գործերին (Ա Տիմոթէոս 6։6–8)։ Այդ որոշումը ուրախություն պատճառեց նրան և հնարավորություն տվեց զբաղվել քրիստոնեական գործերով։
Որոշումները կարևոր են՝ լինեն դրանք մեծ թե փոքր։ Այն որոշումը, որ կայացնում ես այսօր, գուցե որոշիչ դեր ունենա ապագայում. արդյունքում դու կամ հաջողության կհասնես, կամ անհաջողության կմատնվես, այն մահ կամ կյանք կնշանակի քեզ համար։ Դու կկարողանաս իմաստուն որոշումներ կայացնել, եթե հաշվի առնես աստվածաշնչյան սկզբունքները, ուրիշների խիղճը և այն, թե ինչ հետևանքներ կունենան դրանք։ Կայացրու Աստծու կամքին ներդաշնակ որոշումներ։
[նկար 13-րդ էջի վրա]
Թվացյալ փոքր որոշումները գուցե լուրջ հետևանքներ ունենան
[նկար 14-րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել նրան իմաստուն որոշում կայացնել
[նկար 15-րդ էջի վրա]
Հիսուսը կարեկցանքով խոսեց Պետրոսի հետ