Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 8/15 էջ 25–29
  • ‘Հոբի տոկունությունը լսել եք’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Հոբի տոկունությունը լսել եք’
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Տեսնենք ամբողջ պատկերը
  • Օգնություն՝ տոկալու համար
  • Իմաստուն խորհրդատուներ, որոնք օգնում են մեզ տոկալ
  • Երջանիկ է նա, ով տոկում է
  • Եհովան ամոքեց նրա ցավը
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից
    2006 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 8/15 էջ 25–29

‘Հոբի տոկունությունը լսել եք’

«Յոբի համբերութիւնը [«տոկունությունը», ՆԱ] լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած» (ՅԱԿՈԲՈՍ 5։11)։

1, 2. Ի՞նչ փորձություններ կրեց մի լեհ ամուսնական զույգ։

ՀԱՐԱԼԴ ԱԲՏԸ համարյա երկու տարվա Եհովայի վկա էր, երբ հիտլերականները գրավեցին Լեհաստանի հյուսիսում գտնվող Դանցիգ (այժմ՝ Գդանսկ) քաղաքը։ Այդ ժամանակվանից տեղի քրիստոնյաների դրությունը ծանրացավ և նույնիսկ վտանգավոր դարձավ։ Գեստապոն փորձեց ստիպել Հարալդին ստորագրել հավատից հրաժարվելու մասին փաստաթուղթ, բայց նա մերժեց։ Հարալդին բանտում մի քանի շաբաթ պահելուց հետո ուղարկեցին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, որտեղ նրան անընդհատ սպառնում էին և ծեծում։ Սպան ցույց տվեց դիակիզարանի ծխնելույզը և ասաց. «Եթե չպոկվես հավատիցդ, 14 օր անց կբարձրանաս քո Եհովայի մոտ»։

2 Երբ Հարալդին բանտարկեցին, նրա կինը՝ Էլզան, մնաց իրենց տասը ամսական ծծկեր դստրիկի հետ։ Նա էլ չվրիպեց գեստապոյի աչքից։ Շատ չանցած՝ երեխային խլեցին մորից, իսկ նրան ուղարկեցին Օսվենցիմի մահվան ճամբար։ Սակայն Էլզան, տարիներ շարունակ անցկացնելով այնտեղ, կենդանի մնաց։ Հարալդը նույնպես անցավ ճամբարային կյանքի սարսափների միջով և կենդանի մնաց։ «Դիտարան» պարբերագրի 1980 թ. ապրիլի 15–ի համարում (անգլ.) կարելի է ավելի շատ տեղեկություն գտնել այն մասին, թե ինչպես են նրանք տոկացել։ Հարալդը գրեց. «Ես որոշել էի հավատարիմ մնալ Աստծուն, և ընդհանուր հաշվով համակենտրոնացման ճամբարներում և բանտերում անցկացրեցի 14 տարի։ Ինձ հարցրեցին. «Կինդ օգնե՞ց քեզ, որ տոկաս այդ ամենին»։ Իհարկե, նա ինձ շատ է օգնել։ Հենց սկզբից էլ գիտեի, որ նա չի ուրանա իր հավատը, և այդ բանի իմացությունը ինձ ուժ էր տալիս։ Ես գիտեի, որ նա կնախընտրեր ինձ մահացած տեսնել պատգարակի վրա, քան որ ես ազատ արձակվեի, բայց Աստվածաշնչի սկզբունքներից հրաժարվեի.... Էլզան բազմաթիվ դժվարություններ է կրել գերմանական համակենտրոնացման ճամբարներում»։

3, 4. ա) Ո՞ւմ օրինակները կարող են զորացնել քրիստոնյաներին, որ տոկան։ բ) Ինչո՞ւ է Աստվածաշունչը մեզ խորհուրդ տալիս, որ քննենք Հոբի օրինակը։

3 Ինչ խոսք, չարիք դիմագրավելը հեշտ չէ, ինչը կարող են փաստել բազմաթիվ Եհովայի վկաներ։ Ուստի պատահական չէ, որ Աստվածաշունչը բոլոր քրիստոնյաներին խորհուրդ է տալիս. «Չարչարանքի եւ երկայնմտութեան [«համբերութեան», ԱԱ] օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին» (Յակոբոս 5։10)։ Ողջ պատմության ընթացքում Աստծու ծառաները հալածվել են։ ‘Վկաների այս բազմության’ օրինակը կարող է զորացնել մեզ, որ շարունակենք տոկունությամբ վազել մեր առջև դրված քրիստոնեական «ասպարէզի ընթացքը» (Եբրայեցիս 11։32–38; 12։1)։

4 Աստվածաշնչային կերպարներից տոկունության ուշագրավ օրինակ է Հոբը։ «Ահա համբերողներին երանի ենք տալիս. Յոբի համբերութիւնը [«տոկունությունը», ՆԱ] լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած» (Յակոբոս 5։11)։ Հոբի դեպքն օգնում է մեզ պատկերացնել, թե հավատարիմներին ինչ պարգև և օրհնություն է սպասում Եհովայի կողմից։ Բայց ավելի կարևորն այն է, որ այդ դեպքը բացահայտում է ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ ծանր իրավիճակներում։ «Յոբ» գիրքը պատասխանում է մեզ հետաքրքրող այսպիսի հարցերի. «Փորձության ժամանակ ինչո՞ւ պետք է հիշենք, որ մենք ներգրավված ենք կարևոր վիճաբանական հարցերի մեջ։ Ո՞ր հատկությունները և ինչպիսի՞ մտայնությունը կօգնեն մեզ տոկալ։ Ինչպե՞ս կարող ենք նեցուկ լինել չարչարանքներ կրող մեր հավատակիցներին»։

Տեսնենք ամբողջ պատկերը

5. Ո՞րն է այն գլխավոր հարցը, որ պետք է հիշենք փորձությունների և գայթակղությունների ժամանակ։

5 Չարիքի ներքո հոգևոր հավասարակշռություն պահելու համար պետք է կարողանանք տեսնել հարցի ամբողջական պատկերը։ Այլապես անձնական խնդիրները կարող են աղոտացնել մեր հոգևոր տեսողությունը։ Աստծուն հավատարիմ մնալու հարցը ամենակարևորն է։ Մեր երկնային Հայրը հորդորում է անձամբ մեզ. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Իրոք, մեր Արարչի սիրտն ուրախացնելը եզակի պատիվ է, և մենք կարո՛ղ ենք դա անել՝ չնայած մեր տկարություններին և անկատարությանը։ Երբ մենք, Եհովայի հանդեպ սիրուց մղված, դիմանում ենք փորձություններին և գայթակղություններին, Աստված ուրախանում է։ Իսկական քրիստոնեական սերը ամեն բանի դիմանում է։ Այն երբեք անհաջողության չի մատնվում (Ա Կորնթացիս 13։7, 8)։

6. Ինչպե՞ս է Սատանան անարգում Եհովային և ի՞նչ չափով։

6 «Յոբ» գիրքը պարզ ցույց է տալիս, որ Սատանան է Եհովային անարգում, և բացահայտում է այս անտեսանելի թշնամու չար բնավորությունը, ինչպես նաև այն, որ նա ցանկանում է քայքայել մեր փոխհարաբերությունները Աստծու հետ։ Փաստորեն, ինչպես երևում է Հոբի դեպքից, Սատանան Եհովայի բոլոր ծառաներին մեղադրում է այն բանում, որ նրանք եսասիրական մղումներ ունեն, և ջանում է ապացուցել, որ Աստծու հանդեպ նրանց սերը կարող է սառչել։ Նա Աստծուն անարգել է հազարավոր տարիներ։ Երբ Սատանան երկնքից վայր գցվեց, երկնքից մի ձայն նրան անվանեց «մեր եղբայրների չարախօսը» և ասաց, որ նա «չարախօսում [է] նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր» (Յայտնութիւն 12։10)։ Հավատարմորեն տոկալով՝ մենք կարող ենք փաստել, որ նրա չարախոսությունները, կամ՝ մեղադրանքները, անհիմն են։

7. Ի՞նչը կօգնի մեզ լավագույն ձևով հակազդելու ֆիզիկական տկարությանը։

7 Միշտ պետք է հիշենք, որ Բանսարկուն կօգտվի մեր ցանկացած դժվարությունից, որպեսզի մեզ հեռացնի Եհովայից։ Ե՞րբ նա փորձեց Հիսուսին։ Այն ժամանակ, երբ Հիսուսը քաղցած էր՝ շատ օրեր ծոմ պահելուց հետո (Ղուկաս 4։1–3)։ Սակայն, հոգևորապես ուժեղ լինելով, Հիսուսը կարողացավ հաստատակամորեն մերժել Սատանայի առաջարկները։ Որքա՜ն կարևոր է հոգևորապես ուժեղ լինել։ Դա կօգնի մեզ, որ հակազդենք ցանկացած ֆիզիկական տկարության՝ լինի հիվանդության թե տարիքի պատճառով։ «Թէ եւ մեր դրսի մարդը փճանում է», մեր դիրքերը չենք զիջում, որովհետև «մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է» (Բ Կորնթացիս 4։16)։

8. ա) Ինչպե՞ս կարող են բացասական զգացումները քայքայիչ ազդեցություն ունենալ։ բ) Ի՞նչ մտայնություն ուներ Հիսուսը։

8 Բացասական զգացումները նույնպես կարող են հոգևոր վնաս հասցնել անհատին։ Գուցե մեկը հարցնի. «Ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս դա»։ Մեկ ուրիշն էլ, վատ վերաբերմունքի արժանանալով, թերևս զարմանա. «Ինչպե՞ս կարող է եղբայրը այդպես վարվել»։ Նման զգացումների պատճառով գուցե շեղվենք կարևոր վիճաբանական հարցերից և ամբողջությամբ կենտրոնանանք անձնական հանգամանքների վրա։ Այն վհատությունը, որ Հոբին պատճառել էին նրա երեք անխոհեմ ընկերները, ըստ երևույթին, նույնքան էմոցիոնալ վնաս էր հասցրել նրան, ինչքան որ հիվանդությունը (Յոբ 16։20; 19։2)։ Պողոս առաքյալը նշեց, որ բարկացած մնալը կարող է ‘առիթ տալ Սատանային’ (Եփեսացիս 4։26, 27 ԱՆԹ)։ Վհատվածությունը կամ բարկությունը դիմացինին արտահայտելու կամ էլ անարդարության վրա չափազանց կենտրոնանալու փոխարեն՝ ավելի լավ կլինի, որ քրիստոնյաները նմանվեն Հիսուսին՝ ‘իրենք իրենց հանձնելով արդար դատավորին’՝ Եհովա Աստծուն (Ա Պետրոս 2։21–23)։ Քրիստոսի ‘միտքն’ ունենալը կարող է մեծ պաշտպանություն լինել Սատանայի հարձակումներից (Ա Պետրոս 4։1)։

9. Ի՞նչ հավաստիացում է տալիս Աստված՝ մեր ‘հոգսերի’ և փորձությունների հետ կապված։

9 Իսկ որ ամենակարևորն է, երբեք չպետք է մտածենք, որ եթե մեր կյանքում դժվարություններ են ստեղծվում, ուրեմն դա անպայման նշանակում է, որ Աստված դժգոհ է մեզանից։ Հոբը հենց այդպես մտածեց, և դա նրան վշտացրեց՝ ի հավելումն այն ցավերի, որ նրա կեղծ մխիթարիչներն էին պատճառում խիստ խոսքերով (Յոբ 19։21, 22)։ Սակայն Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում» (Յակոբոս 1։13)։ Ընդհակառակը՝ Եհովան խոստանում է օգնել և ‘ելք պատրաստել’, ինչ ‘հոգս’ էլ որ ունենանք և ինչ փորձության մեջ էլ որ ընկնենք (Սաղմոս 55։22; Ա Կորնթացիս 10։13)։ Դժվարությունների ժամանակ մոտենալով Աստծուն՝ մենք կկարողանանք իրերին օբյեկտիվորեն նայել և Բանսարկուին հաջողությամբ հակառակ կենալ (Յակոբոս 4։7, 8)։

Օգնություն՝ տոկալու համար

10, 11. ա) Ի՞նչն օգնեց Հոբին տոկալ։ բ) Մաքուր խիղճն ինչպե՞ս օգնեց Հոբին։

10 Չնայած իր աղետալի վիճակին, կեղծ մխիթարիչների խոսքերին և իր իսկ շփոթությանը՝ Հոբը անարատ մնաց։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա տոկունությունից։ Անկասկած, Հոբը հաջողության հասավ գլխավորապես Եհովայի հանդեպ ցուցաբերած հավատարմության շնորհիվ։ Նա ‘վախեցավ Աստծուց և հեռացավ չարությունից’ (Յոբ 1։1)։ Այդպիսին էր նրա ապրելակերպը։ Հոբը հրաժարվեց երես թեքել Եհովայից նույնիսկ այն դեպքում, երբ չէր հասկանում, թե ինչու հանկարծ ամեն ինչ սկսեց հակառակ գնալ։ Հոբը համոզված էր, որ ինքը պետք է Աստծուն ծառայի թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում (Յոբ 1։21; 2։10)։

11 Հասկանալով, որ գուցե մահանա՝ Հոբը մխիթարվում էր այն մտքով, որ իր խիղճը մաքուր է։ Նրան մխիթարում էր նաև այն, որ ինքը ջանք չի խնայել ուրիշներին օգնելու համար, կառչած է եղել Եհովայի չափանիշներից և խուսափել է կռապաշտության ցանկացած դրսևորումից (Յոբ 31։4–11)։

12. Ինչպե՞ս Հոբն արձագանքեց Եղիուսի տված օգնությանը։

12 Բայցևայնպես, Հոբը որոշ հարցերում իր մտածելակերպը շտկելու կարիք ուներ, և երբ նրան օգնություն առաջարկվեց, նա խոնարհաբար ընդունեց այն։ Սա ևս նպաստեց, որ Հոբը հաջողությամբ տանի իր չարչարանքները։ Նա հարգալից լսեց Եղիուսի իմաստուն խորհուրդը և դրականորեն արձագանքեց Եհովայի տված խրատին։ «Խօսել եմ, բայց չեմ հասկացել,— խոստովանեց նա։— Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ» (Յոբ 42։3, 6)։ Չնայած իր հիվանդությունը դեռ շարունակվում էր, Հոբը ուրախ եղավ, որ իր մտածելակերպի մեջ ուղղում անելով՝ ինքն ավելի է մոտեցել Աստծուն։ «Գիտեմ որ ամեն բան կարող ես»,— ասաց նա Եհովային (Յոբ 42։2)։ Շնորհիվ այն բանի, որ Եհովան նկարագրեց իր վեհությունը՝ Հոբը շատ ավելի լավ հասկացավ, թե որն է իր դիրքը Արարչի կողքին։

13. Ինչպե՞ս գթառատություն դրսևորելն օգտակար եղավ Հոբի համար։

13 Վերջապես, Հոբը գթառատություն դրսևորելու հիանալի օրինակ է։ Նրա կեղծ մխիթարիչները խորապես վիրավորեցին նրան, մինչդեռ Եհովան Հոբին ասաց, որ աղոթի նրանց համար, և Հոբը այդպես էլ վարվեց։ Այնուհետև Եհովան վերականգնեց նրա առողջությունը (Յոբ 42։8, 10)։ Հստակ է, որ դառնասիրտ լինելը չի օգնի մեզ տոկալ, սակայն սերն ու գթառատությունը կօգնեն։ Մեզանից հեռացնելով դառնության զգացումը՝ մենք հոգևորապես կթարմանանք և կստանանք Եհովայի օրհնությունը (Մարկոս 11։25)։

Իմաստուն խորհրդատուներ, որոնք օգնում են մեզ տոկալ

14, 15. ա) Ո՞ր հատկությունների շնորհիվ խորհուրդ տվող անձնավորությունը կարող է ամոքել ուրիշներին։ բ) Բացատրեք, թե ինչպես Եղիուսը կարողացավ օգնել Հոբին։

14 Հոբի հետ պատահածից մեկ ուրիշ բան էլ ենք սովորում. իմաստուն խորհրդատուները մեծ արժեք ունեն։ Այդպիսի անձնավորությունները ‘նեղ օրվա համար ծնված’ եղբայրներ են (Առակաց 17։17)։ Բայց ինչպես տեսնում ենք Հոբի դեպքից, կարող են լինել խորհրդատուներ, որոնք ավելի շատ վնաս են հասցնում, քան ամոքում։ Լավ խորհրդատուն պետք է Եղիուսի պես լինի կարեկից, հարգալից և բարի։ Երեցներն ու մյուս հասուն քրիստոնյաները երբեմն գուցե անհրաժեշտ համարեն շտկել հոգսերով ծանրաբեռնված եղբայրների մտածելակերպը, ուստի այս հարցում նրանք շատ բան ունեն սովորելու «Յոբ» գրքից (Գաղատացիս 6։1; Եբրայեցիս 12։12, 13)։

15 Եղիուսից շատ դասեր կարող ենք սովորել։ Նա համբերությամբ լսեց, նախքան կհերքեր Հոբի երեք ընկերների սխալ դատողությունները (Յոբ 32։11; Առակաց 18։13)։ Եղիուսը Հոբին ընկեր համարեց՝ դիմելով նրան անունով (Յոբ 33։1)։ Ի տարբերություն կեղծ մխիթարիչների՝ նա իրեն բարձր չէր դասում Հոբից։ «Ես էլ եմ ցեխից կազմուած»,— ասաց նա։ Եղիուսը չէր ցանկանում անխոհեմ խոսքերով ավելացնել Հոբի տանջանքները (Յոբ 33։6, 7; Առակաց 12։18)։ Նա չքննադատեց Հոբին նրա նախկին արարքի համար, այլ գովեց՝ արդարության համար (Յոբ 33։32, ՆԱ)։ Իսկ ամենակարևորը, Եղիուսը իրերին նայեց Աստծու աչքերով և օգնեց Հոբին կենտրոնանալ այն ճշմարտության վրա, որ Եհովան երբեք անարդարացի չի վարվում (Յոբ 34։10–12)։ Նա խրախուսեց նրան սպասել Եհովային և ոչ թե ջանալ ցույց տալ սեփական արդարությունը (Յոբ 35։2; 37։14, 23)։ Անշուշտ, երեցներն ու մյուս քրիստոնյաները կարող են օգուտներ քաղել Եղիուսի օրինակից։

16. Ինչպե՞ս Հոբի երեք կեղծ մխիթարիչները Սատանայի կամակատարներ դարձան։

16 Մեծ տարբերություն է նկատվում Եղիուսի իմաստուն խորհրդի և Եղիփազի, Բաղդատի ու Սոփարի վնասաբեր խոսքերի միջև։ Եհովան նրանց ասաց. «Իմ մասին ուղիղ չ’խօսեցիք» (Յոբ 42։7)։ Նույնիսկ եթե նրանք ասեին, որ բարի մտադրություններ ունեին, միևնույն է, նրանք Սատանայի կամակատարներ եղան և ոչ թե հավատարիմ ընկերներ։ Բոլոր երեքն էլ հենց սկզբից կարծիք հայտնեցին, թե Հոբն ինքն է մեղավոր իր դժբախտությունների համար (Յոբ 4։7, 8; 8։6; 20։22, 29)։ Ըստ Եղիփազի՝ Աստված չի վստահում իր ծառաներին, և նրա համար կարևոր չէ՝ մենք արդար ենք, թե՝ ոչ (Յոբ 15։15; 22։2, 3)։ Եղիփազը Հոբին նույնիսկ մեղադրեց այնպիսի բաներում, որոնք նա չէր արել (Յոբ 22։5, 9)։ Այնինչ Եղիուսը, ի տարբերություն նրա, հոգևոր օգնություն ցույց տվեց Հոբին։ Սիրառատ խորհրդատուները միշտ ջանում են այդպես վարվել։

17. Փորձության ժամանակ ի՞նչ պետք է հիշենք։

17 «Յոբ» գրքից տոկունության վերաբերյալ մեկ ուրիշ դաս էլ կարող ենք քաղել։ Մեր սիրառատ Աստվածը տեսնում է մեր կացությունը։ Նա թե՛ ի վիճակի է, թե՛ ցանկանում է օգնել մեզ, և դա կարող է անել ամենատարբեր կերպերով։ Հոդվածի սկզբում խոսեցինք Էլզա Աբտի մասին։ Խորհիր, թե ինչ եզրակացության եկավ նա. «Նախքան բանտարկվելս ես կարդացել էի մի քրոջ նամակ, որտեղ նա ասում էր, որ դաժան փորձության ժամանակ Եհովայի սուրբ ոգին հանդարտություն է իջեցնում անհատի վրա։ Մտածեցի, թե քույրը մի քիչ չափազանցնում է։ Բայց երբ ինքս ընկա փորձությունների մեջ, հասկացա, որ նրա խոսքերը ճշմարիտ էին։ Ինձ հետ էլ նույն բանը տեղի ունեցավ։ Դժվար է դա պատկերացնել, եթե անձամբ չես զգացել։ Ես դա զգացի։ Եհովան իրոք օգնում է»։ Էլզան չէր խոսում այն մասին, թե Եհովան ինչ կարող էր անել կամ արեց հազարամյակներ առաջ՝ Հոբի օրերում։ Նա խոսում էր մեր ժամանակների մասին։ Այո՛, «Եհովան իրոք օգնում է»։

Երջանիկ է նա, ով տոկում է

18. Ի՞նչ օգուտներ ստացավ Հոբը՝ տոկունություն ցուցաբերելով։

18 Մեզանից քչերին թերևս բաժին ընկնեն այնպիսի դժբախտություններ, ինչպիսիք որ պատահեցին Հոբին։ Բայց ինչպիսի փորձության մեջ էլ որ մեզ գցի իրերի այս համակարգը, մենք ծանրակշիռ հիմքեր ունենք Հոբի պես պահելու մեր անարատությունը։ Այո, կարելի է ասել, որ տոկունությունը հարստացրեց Հոբի կյանքը։ Այն կատարյալ և ամբողջական դարձրեց նրան (Յակոբոս 1։2–4)։ Տոկունությունը ամրապնդեց նրա փոխհարաբերությունները Աստծու հետ։ Հոբն ասաց. «Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ» (Յոբ 42։5)։ Սատանան ստախոս դուրս եկավ, քանի որ չկարողացավ պղծել Հոբի անարատությունը։ Այդ դեպքերից հարյուրավոր տարիներ անց Եհովան իր ծառա Հոբի մասին նույն կարծիքին էր, այսինքն՝ որ Հոբը արդարության օրինակ է (Եզեկիէլ 14։14)։ Անարատության և տոկունության նրա օրինակը մինչև օրս քաջալերում է Աստծու ժողովրդին։

19. Ըստ քեզ՝ ինչո՞ւ արժե տոկալ։

19 Տոկունության մասին գրելով առաջին դարի քրիստոնյաներին՝ Հակոբոսը նշեց, որ այդ հատկությունը դրսևորելը գոհունակություն է բերում։ Օգտվելով Հոբի օրինակից՝ նա հիշեցրեց նրանց, որ Եհովան առատորեն օրհնում է իր հավատարիմ ծառաներին (Յակոբոս 5։11)։ Յոբ 42։12–ում կարդում ենք. «Եւ Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի»։ Աստված Հոբին տվեց նրա կորցրածի կրկնակին, և Հոբն ապրեց երկար ու երջանիկ կյանքով (Յոբ 42։16, 17)։ Նմանապես՝ ինչ ցավ, տառապանք և դժվարություն էլ որ ունենանք այս համակարգում, Աստծու նոր աշխարհում մոռացված կլինեն (Եսայիա 65։17; Յայտնութիւն 21։4)։ Մենք լսել ենք Հոբի տոկունության մասին և վճռականորեն տրամադրված ենք, որ Եհովայի օգնությամբ ընդօրինակենք նրան։ Աստվածաշունչը խոստանում է. «Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին» (Յակոբոս 1։12)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչպե՞ս կարող ենք Եհովայի սիրտն ուրախացնել։

• Ինչո՞ւ չպետք է եզրակացնենք, որ եթե խնդիրներ ունենք, ուրեմն՝ Աստված դժգոհ է մեզանից։

• Ի՞նչն օգնեց Հոբին տոկալ։

• Ինչպե՞ս կարող ենք նմանվել Եղիուսին, երբ զորացնում ենք հավատակիցներին։

[նկար 28-րդ էջի վրա]

Լավ խորհրդատուն կարեկից է, հարգալից և բարի

[նկարներ 29-րդ էջի վրա]

Էլզա և Հարալդ Աբտ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը