Սովորեցրեք ձեր երեխաներին մեկնաբանություններ տալ
ՊԵՐԼԱՆ, որն ապրում է Մեքսիկայում, հիշում է, որ երբ ինքը փոքրիկ աղջիկ էր, մայրն օգնում էր իրեն կարճ մեկնաբանություններ պատրաստել «Դիտարանի» ուսումնասիրության համար։ Այժմ Պերլան հինգ տարեկան տղա ունի։ Ինչպե՞ս է նա օգնում իր որդուն։ «Սկզբում ես ինքս եմ ուսումնասիրում հոդվածը։ Պատրաստվելիս փնտրում եմ այնպիսի պարբերություն, որը տղաս կարող է հասկանալ և իր բառերով բացատրել։ Այնուհետև մենք կենտրոնանում ենք «իր պարբերության» վրա։ Ես խնդրում եմ նրան բացատրել այդ պարբերությունը՝ օգտագործելով սովորական օրինակներ, որից հետո մի քանի անգամ կրկնում ենք մեկնաբանությունը։ Մենք օգտագործում ենք խոսափողի պես ինչ–որ բան, որպեսզի նա իմանա, թե ինչպես բռնի խոսափողը մեկնաբանություն տալիս։ Ես շատ ուրախ եմ, որ ամեն հանդիպմանը նա մեկնաբանություն է տալիս կամ ձեռք է բարձրացնում։ Շատ հաճախ նա մոտենում է ժողովի հանդիպումն անցկացնող եղբորը և ասում նրան, թե որն է «իր պարբերությունը»»։
Յենսը՝ հինդիախոս խմբում ծառայող մի երեց, ունի երկու որդի, որոնցից մեկը երկու տարեկան է, իսկ մյուսը՝ չորս։ Երբ նա և իր կինը երեխաների հետ միասին պատրաստվում են ժողովի հանդիպմանը, նրանք օգտագործում են մի մեթոդ, որը Յենսը սովորել է իր ծնողներից։ Նա ասում է. «Մենք որոշում ենք, թե երեխաները նյութի որ մասը կարող են հասկանալ։ Այնուհետև ընդհանուր ներկայացնում ենք կամ բացատրում հոդվածի գլխավոր մտքերը, որից հետո ընտրում ենք այն հարցերը, որոնց նրանք կարող են պատասխանել ժողովի հանդիպմանը։ Հաճախ զարմանում ենք, թե որքան բնական ձևով են նրանք մեկնաբանություններ տալիս։ Այն, թե ինչպես են նրանք արտահայտվում, ցույց է տալիս, թե իրականում ինչ են հասկանում։ Արդյունքում նրանք իրենց մեկնաբանություններով փառաբանում են Եհովային և արտահայտում իրենց հավատը»։