Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 12/1 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսի առաջին հրաշքը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսի առաջին հրաշքը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նա դիմացավ սրի պես խոցող ցավին
    2014 Դիտարան
  • «Նրա ժամանակը դեռ չէր հասել»
    2000 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 12/1 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք այն, թե ինչպես Հիսուսը դիմեց իր մորը Կանայի հարսանեկան խնջույքի ժամանակ, անհարգալից և կոպիտ էր (Յովհաննէս 2։4)։

Իր մկրտությունից կարճ ժամանակ անց Հիսուսն ու իր աշակերտները հրավիրվեցին հարսանեկան խնջույքի Կանայում։ Հիսուսի մայրը նույնպես այնտեղ էր։ Երբ գինին պակասեց, Մարիամը նրան ասաց. «Գինի չ’ունին»։ Ի պատասխան՝ Հիսուսն իր մորն ասաց. «Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել» (Յովհաննէս 2։1–4)։

Այսօր մորը «կին» բառով և «քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ» արտահայտությամբ դիմելը կարող է անհարգալից և նույնիսկ վիրավորական համարվել։ Սակայն Հիսուսին այդ բաներում մեղադրելը կնշանակի հաշվի չառնել այդ օրերի մշակութային և լեզվական առանձնահատկությունները։ Օգտակար կլինի իմանալ, թե այսպիսի արտահայտությունները ինչ ձևով են օգտագործվել աստվածաշնչյան ժամանակներում։

«Կին» բառի վերաբերյալ «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանում» (անգլ.) ասվում է. «Կնոջը դիմելիս այդ բառը կրում է ոչ թե հանդիմանական կամ խիստ, այլ քաղցր և հարգալից երանգ»։ Ուրիշ աղբյուրներ նույնպես համաձայն են այդ տեսակետին։ Օրինակ՝ մեկ այլ աղբյուրում ասվում է. «Այդ բառը հանդիմանություն չի արտահայտում, ոչ էլ անքաղաքավարություն և սիրո պակաս.... Այն Հիսուսի՝ կանանց դիմելու բնական և քաղաքավարի ձևն էր» («The Anchor Bible»)։ Մի ուրիշ բառարանում բացատրվում է, որ այդ բառը «գործածվում է ինչ–որ մեկին դիմելու համար և չունի անհարգալից իմաստ» («The New International Dictionary of New Testament Theology»)։ Իսկ Գերհարդ Քիթելի բառարանում նշվում է, որ այդ բառի գործածությունը «ոչ մի դեպքում անքաղաքավարի կամ նսեմացնող չէ» («Theological Dictionary of the New Testament»)։ Այսպիսով՝ մենք չպետք է եզրակացնենք, որ Հիսուսը կոպիտ կամ ոչ հարգալից վերաբերմունք ուներ իր մոր հանդեպ, երբ դիմեց նրան «կին» բառով (Մատթէոս 15։28; Ղուկաս 13։12; Յովհաննէս 4։21; 19։26; 20։13, 15)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել «քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ» արտահայտության մասին։ Սա ակներևաբար հրեական լեզվում տարածված խոսելու ոճ է և բազմիցս հանդիպում է Աստվածաշնչում։ Օրինակ՝ Բ Թագաւորաց 16։10–ում կարդում ենք, որ Դավիթը չթողեց Աբեսսային սպանել Սեմեին՝ ասելով. «Դուք ինձ հետ ի՞նչ բան ունէք, ով Շարուհեայի որդիք. թող անիծէ. որովհետեւ Տէրն է ասել նորան՝ Անիծիր Դաւիթին» (Բ Թագաւորաց 16։10)։ Նմանապես, Գ Թագաւորաց 17։18–ում ասվում է, որ Սարեփթայում բնակվող որբևայրին, տեսնելով, որ որդին մահացել է, ասաց Եղիային. «Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. ով մարդ Աստուծոյ, ինձ մօտ եկար որ իմ մեղքը յիշեցնես եւ իմ որդին մեռցնես» (Գ Թագաւորաց 17։18)։

Աստվածաշնչյան այս օրինակներից կարող ենք տեսնել, որ «քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ» արտահայտությունը հաճախ գործածվում է ոչ թե արհամարհանք կամ հպարտություն արտահայտելու համար, այլ ցույց է տալիս մերժում՝ ներգրավվելու ինչ–որ առաջարկված գործողության մեջ կամ արտահայտում է տեսակետների և կարծիքների միջև տարբերություն։ Ուստի ի՞նչ կարելի է ասել Մարիամին ուղղված Հիսուսի բառերի մասին։

Երբ Մարիամը Հիսուսին ասաց «գինի չ’ունին», նա ոչ թե պարզապես հայտնում էր Հիսուսին այդ փաստի մասին, այլ առաջարկում էր ինչ–որ բան անել։ Հիսուսն օգտագործեց խոսելու այդ ոճը՝ մերժելու համար Մարիամի նրբորեն ասված առաջարկը։ Դրա պատճառը հասկանալու համար օգնում են նրա հաջորդ բառերը. «Իմ ժամանակը դեռ չէ հասել»։

Մ.թ. 29–ին մկրտվելուց և օծվելուց հետո Հիսուսը հստակ գիտեր, որ Եհովայի կամքն իր՝ որպես խոստացյալ Մեսիայի, առնչությամբ այն էր, որ նա ունենար անարատ ընթացք, ինչը բերելու էր մահվան, հարության և փառքի։ Նա ասաց. «Մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ» (Մատթէոս 20։28)։ Երբ իր մահվան ժամանակը մոտեցավ, Հիսուսը պարզաբանեց դա՝ ասելով. «Ժամը հասաւ» (Յովհաննէս 12։1, 23; 13։1)։ Ուստի մահվան նախորդ գիշերը իր աղոթքում նա ասաց. «Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ» (Յովհաննէս 17։1)։ Ի վերջո, երբ ամբոխը եկավ Գեթսեմանի պարտեզ՝ ձերբակալելու իրեն, Հիսուսն արթնացրեց առաքյալներին քնից և ասաց. «Ժամն եկաւ. ահա մարդի Որդին մատնվում է մեղաւորների ձեռը» (Մարկոս 14։41)։

Սակայն Կանայի հարսանիքի ժամանակ Հիսուսը նոր էր սկսել իր ծառայությունը որպես Մեսիա, և իր «ժամը» դեռ չէր եկել։ Նրա առաջնային նպատակը ընդունելի ձևով Հոր կամքը կատարելն էր և այն ժամանակահատվածում, երբ Հայրը կառաջնորդեր, ու այդ հարցում ուրիշ ոչ ոք չէր կարող միջամտել։ Այս բանի մասին հայտնելով իր մորը՝ Հիսուսը վճռական էր, բայց ոչ անհարգալից կամ կոպիտ։ Իր հերթին՝ Մարիամը չշփոթվեց կամ իրեն վիրավորված չզգաց։ Հասկանալով Հիսուսի խոսքերի իմաստը՝ նա հարսանիքի սպասավորներին ասաց. «Ինչ որ ասէ ձեզ, արէք»։ Հիսուսը չարհամարհեց իր մորը, այլ, որպես Մեսիա, Կանայում կատարեց իր առաջին հրաշքը. ջուրը գինի դարձրեց։ Այդպիսով նա հավասարակշռություն ցուցաբերեց իր Հոր կամքը կատարելու և մոր մտահոգությունը հաշվի առնելու մեջ (Յովհաննէս 2։5–11)։

[նկար 31-րդ էջի վրա]

Հիսուսը բարյացակամորեն, սակայն վճռական էր խոսում իր մոր հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը