Գործնական պատասխաններ
ԱՅՍՕՐ ինքնազարգացմանը նպաստող շատ գրքեր կան, որոնցում տեղ գտած խորհուրդները գլխավորապես կենտրոնանում են ծայրահեղ իրավիճակում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու վրա։ Աստվածաշունչը տարբերվում է այդ գրքերից։ Նրա խորհուրդները կարող են ոչ միայն օգնել անհատին հաղթահարելու իր դժվարությունները, այլև խուսափելու այն սխալներից, որոնք զուր տեղը կբարդացնեին նրա կյանքը։
Աստվածաշունչը կարող է «պարզամիտներին խորագիտութիւն տալ, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն» (Առակաց 1:4)։ Եթե դուք կիրառեք այն, ինչ ասվում է Աստվածաշնչում, ապա «խոհեմութիւնը ձեզ կ’պահէ, հանճարը ձեզ կ’պաշտպանէ. որ ձեզ ազատէ չար ճանապարհիցը» (Առակաց 2:11, 12)։ Նկատի առեք մի քանի օրինակներ, թե, աստվածաշնչյան խորհուրդներին հետևելով, ինչպես կարող եք պաշտպանել ձեր առողջությունը, բարելավել ձեր ընտանեկան կյանքը և դառնալ ավելի լավ աշխատող կամ գործատեր։
Խոհեմություն ցուցաբերեք ալկոհոլ օգտագործելու հարցում
Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլի չափավոր գործածումը։ Պողոս առաքյալը նշեց գինու բուժիչ հատկությունների մասին, երբ երիտասարդ Տիմոթեոսին խորհուրդ տվեց. «Մի քիչ գինի օգտագործիր ստամոքսիդ համար և հաճախակի հիվանդանալուդ պատճառով» (1 Տիմոթեոս 5:23)։ Աստվածաշնչի այլ համարների համաձայն՝ Աստված նախատեսել էր, որ գինին լիներ ոչ միայն զուտ դեղամիջոց։ Գինու մասին ասվում է, որ այն «ուրախացնում է մարդի սիրտը» (Սաղմոս 104:15)։ Սակայն Աստվածաշունչը զգուշացնում է «չափից շատ գինի խմելուն գերի» չդառնալ (Տիտոս 2:3)։ Այնտեղ գրված է. «Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ: Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան» (Առակաց 23:20, 21)։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ այս հավասարակշռված խորհուրդը անտեսվում է։ Եկեք նկատի առնենք որոշ փաստեր մի քանի երկրներից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2004 թ.–ին ամբողջ աշխարհում ալկոհոլի չարաշահմանը վերաբերող հաշվետվությունում ասվում է. «Խնդիրների պատճառով իռլանդական հասարակությունը տարեկան ծախսում է մոտ 3 միլիարդ ամերիկյան դոլար»։ Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ բացի այդ, ծախսվում են հսկայական գումարներ՝ «առողջության (350 միլիոն ամերիկյան դոլար), ճանապարհատրանսպորտային պատահարների (380 միլիոն ամերիկյան դոլար), ալկոհոլի ազդեցության տակ կատարված հանցագործությունների (126 միլիոն ամերիկյան դոլար), ինչպես նաև ալկոհոլի օգտագործման պատճառով աշխատանքից բացակայելու հետևանքով արտադրողականության նվազման (1 միլիարդ 300 միլիոն ամերիկյան դոլար) հետ կապված»։
Սակայն ալկոհոլի չարաշահման հետ կապված հսկայական ծախսերից առավել ցավալի մի բան կա՝ մարդկային տառապանքը։ Օրինակ՝ Ավստրալիայում միայն 12 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիոն մարդ ֆիզիկական բռնության է ենթարկվել ալկոհոլի ազդեցության տակ եղողների կողմից։ Ֆրանսիայում ընտանեկան բռնության մոտ 30 տոկոսի պատճառը ալկոհոլի չարաշահումն է։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ չե՞ք կարծում, որ ալկոհոլի վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդները գործնական են։
Խուսափեք պիղծ սովորություններից
Արդեն 1942 թ.–ին, երբ ծխելը լայն տարածում ուներ, այս պարբերագիրը օգնեց իր ընթերցողներին հասկանալ, որ ծխախոտի գործածությունը խախտում է աստվածաշնչյան սկզբունքները, և որ դրանից պետք է խուսափել։ Այդ տարի մի հոդված լույս տեսավ, որում բացատրվում էր, որ նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն, պետք է հետևեն Աստվածաշնչի հետևյալ պատվերին. «Մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7:1)։ Այժմ, երբ արդեն անցել է մոտ 65 տարի, չի՞ ապացուցվել արդյոք, որ աստվածաշնչյան այս խորհրդին հետևելը խելամիտ է։
2006 թ.–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշեց, որ ծխախոտի գործածումը «ամբողջ աշխարհում մահվան պատճառներից երկրորդն է»։ Համեմատենք. ամեն տարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ից մահանում է մոտ երեք միլիոն մարդ, այնինչ ծխախոտ օգտագործելու պատճառով տարեկան մահանում է մոտ հինգ միլիոն մարդ։ Իսկ 20–րդ դարի ընթացքում ծխախոտը մոտ 100 միլիոն մարդու կյանք է խլել, գրեթե այնքան, որքան սպանվել է այդ դարում տեղի ունեցած բոլոր պատերազմներում։ Այո՛, այժմ լայնորեն տարածված է այն կարծիքը, որ ծխախոտից հեռու մնալը իմաստուն է։
«Փախե՛ք պոռնկությունից»
Այսօր քչերն են հակված ընդունելու այն, ինչ Աստվածաշունչն ասում է սեքսի վերաբերյալ։ Չնայած շատերին ուսուցանել են, որ ամեն տեսակ սեռական ցանկությունները մեղք են համարվում ու դատապարտելի են, այնուամենայնիվ, Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Սակայն Աստվածաշունչը հստակ խորհուրդներ է տալիս այն մասին, թե անհատը ինչպես պետք է բավարարի իր սեռական ցանկությունները։ Այն սովորեցնում է, որ սեռական հարաբերությունները թույլատրելի են միայն իրար հետ ամուսնացած տղամարդու և կնոջ միջև (Ծննդոց 2:24; Մատթեոս 19:4–6; Եբրայեցիներ 13:4)։ Սեռական հարաբերությունների միջոցով ամուսինները միմյանց հանդեպ սեր ու քնքշանք են արտահայտում (1 Կորնթացիներ 7:1–5)։ Այսպիսի միությունից ծնված երեխաները վայելում են երկու ծնողների սերը, որոնք հոգ են տանում միմյանց (Կողոսացիներ 3:18–21)։
Սեռական այլասերվածության վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6:18)։ Ինչո՞ւ։ Շարունակության մեջ կարդում ենք. «Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, բայց նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում»։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ սեռային հարցերի վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդն անտեսվում է։
Նկատի առեք, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում։ Զարգացած երկրների թվում այս երկիրը անչափահասների հղիության ամենաբարձր ցուցանիշն ունի՝ ամեն տարի մոտ 850 000։ Նրանցից շատերը, ովքեր արհեստական վիժման չեն դիմում, իրենց երեխաներին միայնակ են մեծացնում։ Անկասկած, այս մայրերից շատերը ամեն ինչ անում են, որ սիրով ու խրատով մեծացնեն իրենց երեխաներին, ու ոմանք հաջողության են հասնում։ Սակայն դառը իրականությունն այն է, որ հաճախ շատ անչափահաս մայրերի որդիներ հայտնվում են բանտում, իսկ դուստրերը դառնում են անչափահաս մայրեր։ Անցած մի քանի տասնամյակների վիճակագրությունը քննելուց հետո հետազոտող Ռոբերտ Լերմանը եզրակացրեց. «Ըստ ամենայնի, ոչ լրիվ ընտանիքների աճը նպաստել է հասարակական այլ խնդիրների տարածմանը, ինչպիսիք են՝ դպրոցից դուրս մնալը, ալկոհոլի և թմրադեղերի գործածությունը, դեռահասների հղիությունը և պատանեկան հանցագործությունը»։
Այն մարդիկ, ովքեր սեռական անբարո կյանք են վարում, նաև առողջական լուրջ խնդիրներ են ունենում՝ թե՛ ֆիզիկական և թե՛ մտային։ Օրինակ՝ մի հանդեսում ասվում է. «Տվյալները ցույց են տալիս, որ սեռական ակտիվ կյանք վարող դեռահասները կանգնած են դեպրեսիայի մեջ ընկնելու և ինքնասպանություն գործելու մեծ վտանգի առջև» («Pediatrics»)։ Ինչ վերաբերում է առողջական այլ խնդիրներին, Սոցիալական առողջապահության ամերիկյան ընկերությունը նշում է. «[Միացյալ Նահանգներում] մարդկանց կեսից ավելին իրենց կյանքի որոշակի հատվածում կվարակվի սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ»։ Մտածեք այն ցավի ու տառապանքի մասին, որից կարելի էր խուսափել, եթե մարդիկ հետևեին սեռային հարցերին վերաբերող աստվածաշնչյան խորհուրդներին։
Ընտանեկան ամուր կապեր ստեղծեք
Վնասակար սովորություններից խուսափելու մասին զգուշացումներ տալուց բացի՝ Աստվածաշունչը նաև գործնական խորհուրդներ է տալիս, թե ինչպես բարելավել ընտանեկան կյանքը։ Նկատի առնենք դրանցից մի քանիսը։
Աստծու Խոսքն ասում է. «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց ինչպես իրենց սեփական մարմինները» (Եփեսացիներ 5:28)։ Ամուսիններին հորդոր է տրվում չթերագնահատել իրենց կանանց, այլ «նրանց հետ ապրել գիտության համաձայն՝ պատիվ տալով նրանց որպես ավելի թույլ անոթի՝ որպես կանացիի» (1 Պետրոս 3:7)։ Ընտանիքում հնարավոր է վեճեր ծագեն, ուստի ամուսիններին հետևյալ խորհուրդն է տրվում. «Շարունակե՛ք սիրել ձեր կանանց և դառնապես մի՛ բարկացեք նրանց վրա» (Կողոսացիներ 3:19)։ Համաձայն չե՞ք, որ այս խորհուրդը կիրառող ամուսինը կշահի իր կնոջ սերն ու հարգանքը։
Իսկ կանանց Աստվածաշունչը հետևյալ առաջնորդությունն է տալիս. «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է.... Կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5:22, 23, 33)։ Ի՞նչ եք կարծում, կինը իր ամուսնու սիրուն չի՞ արժանանա, եթե իր ամուսնու հետ կամ նրա մասին խոսելիս հետևի այս խորհրդին։
Ծնողնե՛ր, Աստվածաշունչը երեխաներին դաստիարակելու վերաբերյալ խորհուրդ է տալիս. հաղորդակցվե՛ք ձեր երեխաների հետ «տան մէջ նստած ժամանակ եւ ճանապարհ գնացած ժամանակ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6:7)։ Մասնավորապես հայրերին հրահանգ է տրվում իրենց երեխաներին բարոյական առաջնորդություն և սիրով լի դաստիարակություն տալ։ «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակե՛ք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով»,— գրված է Աստծու Խոսքում (Եփեսացիներ 6:4)։ Իսկ երեխաներին ասվում է. «Հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին» և՝ «պատվի՛ր քո հորը և քո մորը»a (Եփեսացիներ 6:1, 2)։
Չե՞ք կարծում, որ ընտանիքները օգուտներ կքաղեն՝ կիրառելով այս խորհուրդները։ «Այո՛,— գուցե պատասխանեք,— տեսականորեն դրանք լավ խորհուրդներ են, սակայն արդյոք գործնակա՞ն են»։ Հրավիրում ենք ձեզ այցելել Եհովայի վկաների մոտակա Թագավորության սրահը։ Այնտեղ դուք կտեսնեք ընտանիքներ, որոնք ջանում են կիրառել աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները։ Զրուցեք նրանց հետ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են ընտանիքի անդամները վերաբերվում միմյանց։ Դուք ինքներդ կտեսնեք, որ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը իսկապե՛ս երջանկացնում է ընտանիքներին։
Ջանասեր աշխատող և ազնիվ գործատեր
Մենք ամեն օր կանգնած ենք մեր աշխատանքը կորցնելու վտանգի առջև։ Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդները կօգնեն մեզ պահպանել այն։ Այնտեղ ասվում է, որ իր աշխատանքը հմտորեն կատարողը հավանաբար կգնահատվի և կվարձատրվի։ «Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը,— հարցրեց իմաստուն Սողոմոն թագավորը,— նա թագաւորների առաջին է կանգնելու» (Առակաց 22:29)։ Իսկ «ծոյլ» մարդը ասես գրգռող «ծուխ» լինի իր գործատիրոջ «աչքերին» (Առակաց 10:26)։ Աստվածաշունչը հորդորում է աշխատողներին լինել ազնիվ ու ջանասեր։ «Ով գողանում էր, թող էլ չգողանա, այլ թող ծանր աշխատի՝ իր ձեռքերով բարի գործեր անելով» (Եփեսացիներ 4:28)։ Այս խորհուրդը վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ գործատերը չի հսկում ձեր աշխատանքը։ «Ամեն ինչում հնազանդվե՛ք ձեր երկրավոր տերերին ոչ թե ցուցադրական գործերով՝ իբրև մարդկանց հաճեցնողներ, այլ սրտի անկեղծությամբ, Եհովայից վախենալով» (Կողոսացիներ 3:22)։ Եթե դուք գործատեր եք, չե՞ք գնահատի արդյոք այն աշխատողին, որը կիրառում է այս խորհուրդը։
Գործատերերին Աստվածաշունչը հետևյալ հիշեցումն է տալիս. «Աշխատողը արժանի է իր վարձին» (1 Տիմոթեոս 5:18)։ Իսրայելացիներին տրված Աստծու Օրենքում ասվում էր, որ գործատերերը պետք է առանց ուշացնելու և արդար կերպով տային իրենց աշխատողների վարձը։ «Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չ’մնայ» (Ղեւտացոց 19:13)։ Ձեզ հաճելի չէ՞ր լինի, եթե ձեր գործատերը հնազանդվեր Աստվածաշնչի առաջնորդությանը ու առանց ուշացնելու և արդար կերպով վճարեր ձեր աշխատավարձը։
Իմաստության գերազանց աղբյուր
Զարմանալի՞ է արդյոք, որ այնպիսի հին գիրքը, ինչպիսին Աստվածաշունչն է, պարունակում է խորհուրդներ, որոնք գործնական են այսօր։ Պատճառը, թե ինչու Աստվածաշունչը, ի տարբերություն շատ գրքերի, չի կորցրել իր գործնական արժեքը, այն է, որ այդ գիրքը ոչ թե մարդկանց խոսքն է, այլ Աստծու (1 Թեսաղոնիկեցիներ 2:13)։
Մենք հորդորում ենք ձեզ ժամանակ հատկացնել և ավելի լավ ծանոթանալ Աստծու Խոսքին։ Եթե այդպես վարվեք, դուք կսկսեք սիրել Աստվածաշնչի Հեղինակին՝ Եհովա Աստծուն։ Կիրառեք նրա տված խորհուրդները և կտեսնեք, որ դրանք պաշտպանում են ձեզ շատ խնդիրներից և օգնում բարելավել ձեր կյանքը։ Այդպիսով դուք «կմոտենաք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8)։ Ուրիշ ոչ մի գիրք չի կարող ձեզ այդպիսի օգնություն տալ։
[ծանոթագրություն]
a Ընտանեկան կյանքին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքների մանրամասն քննարկման համար տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 4–րդ էջի վրա]
Ձեր կարծիքով՝ ալկոհոլի վերաբերյալ Աստվածաշնչի խորհուրդները գործնակա՞ն են
[նկար 5–րդ էջի վրա]
Համամի՞տ եք ծխախոտից խուսափելու վերաբերյալ Աստվածաշնչի խորհրդին
[նկար 7–րդ էջի վրա]
Աստվածաշնչի խորհրդին հետևելը բարելավում է ընտանեկան կյանքը
[թույլտվությամբ. նկար 5–րդ էջի վրա]
Globe: Based on NASA photo