«Կշարունակե՞ս ընթանալ ոգով»
«Շարունակե՛ք ընթանալ ոգով և մարմնական ոչ մի ցանկություն չեք կատարի» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 5։16)։
1. Ի՞նչը կօգնի մեզ չանհանգստանալ, որ գուցե սուրբ ոգու դեմ մեղք գործենք։
ԻՆՉՊԵ՞Ս կարող ենք չանհանգստանալ, որ գուցե Եհովայի սուրբ ոգու դեմ մեղք գործենք։ Պողոս առաքյալը գրեց. «Շարունակե՛ք ընթանալ ոգով և մարմնական ոչ մի ցանկություն չեք կատարի» (Գաղատացիներ 5։16)։ Եթե թույլ տանք, որ Աստծու ոգին մեզ առաջնորդի, ապա անպատշաճ մարմնական ցանկությունները չեն հաղթի մեզ (Հռոմեացիներ 8։2–10)։
2, 3. Եթե շարունակենք ընթանալ ոգով, ինչպե՞ս այն կանդրադառնա մեզ վրա։
2 Եթե «շարունակենք ընթանալ ոգով», ապա այն կմղի մեզ հնազանդվելու Եհովային։ Մենք կդրսևորենք աստվածահաճո հատկություններ ծառայության մեջ, ժողովում, ընտանիքում և այլուր։ Ոգու պտուղը ակնհայտորեն կդրսևորվի կողակցի, երեխաների, հավատակիցների և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերություններում։
3 «Աստծու տեսանկյունից ոգով ապրելը» օգնում է մեզ դադարել մեղք գործելուց (1 Պետրոս 4։1–6)։ Եթե ոգու ներգործության տակ ենք, անշուշտ, աններելի մեղք չենք գործի։ Սակայն ուրիշ ի՞նչ կերպերով սուրբ ոգին դրական ազդեցություն կունենա մեզ վրա, եթե շարունակենք ընթանալ նրանով։
Մոտ մնա Աստծուն և Քրիստոսին
4, 5. Ոգով ընթանալն ինչպե՞ս է ազդում Հիսուսի վերաբերյալ մեր տեսակետի վրա։
4 Քանի որ ընթանում ենք սուրբ ոգով, կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Աստծու և նրա Որդու հետ։ Գրելով հոգևոր պարգևների մասին՝ Պողոսը կորնթացի քրիստոնյաներին ասաց. «Հայտնում եմ ձեզ [նախկին կռապաշտներիդ], որ Աստծու ոգով խոսող ոչ մի մարդ չի ասում՝ «Հիսուսն անիծվա՛ծ է», և ոչ մի մարդ չի կարող ասել՝ «Հիսուսը Տե՛ր է», եթե ոչ՝ միայն սուրբ ոգով» (1 Կորնթացիներ 12։1–3)։ Ցանկացած բան, որ դրդում է մարդկանց անիծելու Քրիստոսին, բխում է Բանսարկու Սատանայից։ Սակայն մենք՝ որպես ոգով ընթացող քրիստոնյաներ, համոզված ենք, որ Եհովան Հիսուսին հարություն է տվել մահացածների միջից և նրան մյուս բոլոր արարածներից ավելի բարձր դիրքի է արժանացրել (Փիլիպպեցիներ 2։5–11)։ Մենք հավատում ենք Հիսուսի քավիչ զոհաբերությանը և նրան ընդունում ենք որպես Աստծու կողմից մեզ վրա նշանակված Տիրոջ։
5 Առաջին դարում քրիստոնյա կոչվող որոշ անձնավորություններ ժխտեցին, որ Հիսուսը եկել է մարմնով (2 Հովհաննես 7–11)։ Ոմանք, այս սուտ տեսակետը որդեգրելով, մերժեցին Հիսուսի՝ Մեսիա լինելու վերաբերյալ ճշմարիտ ուսմունքները (Մարկոս 1։9–11; Հովհաննես 1։1, 14)։ Սուրբ ոգով ընթանալը պաշտպանում է մեզ այդպիսի հավատուրացությունից։ Միայն հոգևորապես զգոն մնալու շնորհի՛վ կարող ենք շարունակել վայելել Եհովայի անարժան բարությունը և «քայլել ճշմարտության մեջ» (3 Հովհաննես 3, 4)։ Ուստի եկեք վճռական լինենք մերժելու ամեն հավատուրացություն, որպեսզի կարողանանք ամուր փոխհարաբերություններ պահպանել մեր երկնային Հոր հետ։
6. Ի՞նչ հատկություններ է առաջ բերում Աստծու գործուն ուժը նրանց մեջ, ովքեր ապրում և քայլում են ոգով։
6 Պողոսը կռապաշտությունն ու աղանդավորությունը դասեց «մարմնի այնպիսի գործերի» կողքին, ինչպիսիք պոռնկությունն ու անառակ վարքն են։ Այնուհետև նա ասաց. «Նրանք, ովքեր Քրիստոս Հիսուսին են պատկանում, մարմինը՝ իր կրքերով ու ցանկություններով հանդերձ, ցցին են գամել։ Եթե ոգով ենք ապրում, եկեք շարունակենք ոգով էլ պատշաճորեն քայլել» (Գաղատացիներ 5։19–21, 24, 25)։ Ի՞նչ հատկություններ է առաջ բերում Աստծու գործուն ուժը նրանց մեջ, ովքեր ապրում և քայլում են ոգով։ Պողոսը գրեց. «Ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, բարեգործություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում» (Գաղատացիներ 5։22, 23)։ Եկեք քննենք ոգու պտղի այս հատկությունները։
«Սիրենք միմյանց»
7. Ի՞նչ սերը, և ի՞նչ է բնորոշ սիրուն։
7 Սերը, որ ոգու պտղի հատկություններից է, հաճախ նշանակում է ջերմ և ամուր կապվածություն, որին ուղեկցում է անեսասեր հոգատարությունը։ Գրություններում ասվում է, որ «Աստված սեր է», քանի որ նա այդ հատկության կատարյալ մարմնացումն է։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը Աստծու և նրա Որդու մեծ սիրո դրսևորումն է մարդկության նկատմամբ (1 Հովհաննես 4։8; Հովհաննես 3։16; 15։13; Հռոմեացիներ 5։8)։ Մենք Հիսուսի հետևորդները կլինենք, եթե սիրենք իրար (Հովհաննես 13։34, 35)։ Այո՛, մեզ պատվե՛ր է տրված «սիրել միմյանց» (1 Հովհաննես 3։23)։ Պողոսն ասում է, որ սերը երկայնամիտ է և բարի։ Այն նախանձոտ չէ, չի պարծենում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր սեփական շահերը չի փնտրում։ Սերը բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում։ Անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ։ Սերը ամեն ինչի դիմանում է, հավատում է, հույս ունի, տոկում է։ Սերը երբեք չի վերջանում (1 Կորնթացիներ 13։4–8)։
8. Ինչո՞ւ պետք է սեր դրսևորենք հավատակիցների հանդեպ։
8 Եթե թույլ տանք, որ Աստծու ոգին մեր մեջ սեր առաջացնի, ապա այդ հատկությունը կդրսևորվի Աստծու և մերձավորի հետ ունեցած մեր հարաբերություններում (Մատթեոս 22։37–39)։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ով չի սիրում, մնում է մահվան մեջ։ Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է, և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի» (1 Հովհաննես 3։14, 15)։ Հին Իսրայելում մարդասպանը կարող էր ապաստանի քաղաքներից մեկում ապահովություն գտնել միայն այն դեպքում, եթե չէր ատել սպանվածին (Բ Օրինաց 19։4, 11–13)։ Եթե մենք առաջնորդվում ենք սուրբ ոգով, ապա կսիրենք Աստծուն, մեր հավատակիցներին և ուրիշներին։
«Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»
9, 10. Ի՞նչ է ուրախությունը, և ուրախ լինելու ի՞նչ պատճառներ ունենք։
9 Ուրախությունը սրտի բերկրալից վիճակն է։ Եհովան ուրախ, «երջանիկ» Աստված է (1 Տիմոթեոս 1։11; Սաղմոս 104։31)։ Որդին հաճույքով է կատարում իր Հոր կամքը (Սաղմոս 40։8; Եբրայեցիներ 10։7–9)։ «Տիրոջ ուրախութիւնը [մեր] զօրութիւնն է» (Նէեմիա 8։10)։
10 Եթե կատարում ենք Աստծու կամքը, ապա աստվածատուր ուրախություն և խոր բավականություն ենք զգում, նույնիսկ երբ բախվում ենք դժվարությունների, վշտի ու հալածանքի։ Ի՜նչ մեծ ուրախություն է տալիս «Աստուծոյ գիտութիւնը» (Առակաց 2։1–5)։ Աստծու հետ մեր փոխհարաբերությունները, որից ուրախություն ենք ստանում, հիմնված են ճշգրիտ գիտելիքների, Հիսուսի քավիչ զոհաբերության և Աստծու հանդեպ հավատի վրա (1 Հովհաննես 2։1, 2)։ Միջազգային ճշմարիտ եղբայրության մաս կազմելը ուրախության մեկ այլ աղբյուր է (Սոփոնիա 3։9; Անգէ 2։7)։ Բարի լուրը հռչակելու մեծ առանձնաշնորհումը, ինչպես նաև հույսը, որ Աստծու Թագավորությունը կիշխի երկրի վրա, մեր սիրտը լցնում են ցնծությամբ (Մատթեոս 6։9, 10; 24։14)։ Հավիտենական կյանքի հույսը նույնպես ուրախացնում է մեզ (Հովհաննես 17։3)։ Ունենալով այսպիսի հույս՝ մենք պետք է ուրախ լինենք (Բ Օրինաց 16։15)։
Լինենք խաղաղասեր ու երկայնամիտ
11, 12. ա) Ի՞նչ է խաղաղությունը։ բ) Ի՞նչ ազդեցություն է թողնում Աստծու տված խաղաղությունը մեզ վրա։
11 Ոգու պտղի մասերից է խաղաղությունը։ Այն հանդարտ, անհանգստությունից զերծ վիճակ է։ Մեր երկնային Հայրը խաղաղության Աստված է։ Սուրբ Գրությունները մեզ հավաստիացնում են. «Տէրը կ’օրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով» (Սաղմոս 29։11; 1 Կորնթացիներ 14։33)։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս» (Հովհաննես 14։27)։ Իսկ ինչպե՞ս էր դա օգնելու նրա հետևորդներին։
12 Հիսուսի տված խաղաղությունը հանգստացնում էր աշակերտների սիրտն ու միտքը և ցրում նրանց մտավախությունները։ Նրանք խաղաղություն ունեցան հատկապես այն ժամանակ, երբ ստացան խոստացված սուրբ ոգին (Հովհաննես 14։26)։ Ոգու ազդեցության ներքո և ի պատասխան մեր աղոթքների՝ մենք վայելում ենք Աստծու կողմից տրված աննկարագրելի խաղաղություն, որը հանգստացնում է մեր սիրտն ու միտքը (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Նաև Եհովայի ոգին օգնում է մեզ խաղաղ փոխհարաբերություններ ունենալ մեր հավատակիցների և ուրիշների հետ (Հռոմեացիներ 12։18; 1 Թեսաղոնիկեցիներ 5։13)։
13, 14. Ի՞նչ է երկայնամտությունը, և ինչո՞ւ պետք է այն դրսևորենք։
13 Երկայնամտությունը կապված է խաղաղասիրության հետ։ Երկայնամիտ անհատը կարողանում է համբերատար կերպով դիմանալ սադրանքին կամ այլ սխալ արարքի՝ հույս ունենալով, որ իրավիճակը կբարելավվի։ Աստված երկայնամիտ է (Հռոմեացիներ 9։22–24)։ Հիսուսը նույնպես դրսևորել է այս հատկությունը։ Մենք կարող ենք օգուտներ քաղել նրա երկայնամտությունից։ Ահա թե ինչ գրեց Պողոսը. «Իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց այն պատճառով, որ իմ բացառիկ օրինակի միջոցով Քրիստոս Հիսուսը իր ողջ երկայնամտությունը իբրև օրինակ ցույց տա նրանց, ովքեր իր հանդեպ հավատ կդրսևորեն հավիտենական կյանքի համար» (1 Տիմոթեոս 1։16)։
14 Երկայնամտությունն օգնում է մեզ դիմանալ ուրիշների անբարյացակամ և անխոհեմ խոսքերին ու արարքներին։ Պողոսը քրիստոնյաներին հորդորեց. «Երկայնամի՛տ եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Քանի որ մենք բոլորս անկատար ենք և սխալներ ենք գործում, անշուշտ, ցանկանում ենք, որ մարդիկ մեր նկատմամբ լինեն երկայնամիտ ու համբերատար, երբ սխալվում ենք։ Ուստի եկեք նպատակ դնենք «երկայնամիտ լինել ուրախությամբ» (Կողոսացիներ 1։9–12)։
Լինենք բարի, անենք բարի գործեր
15. Ի՞նչ է բարությունը, և բարության ի՞նչ օրինակներ կան Աստվածաշնչում։
15 Մենք բարություն ենք դրսևորում, երբ հետաքրքրվում ենք ուրիշներով՝ նրանց ասելով ջերմ խոսքեր և նրանց համար անելով օգտակար գործեր։ Եհովան բարի է, նրա Որդին նույնպես (Հռոմեացիներ 2։4; 2 Կորնթացիներ 10։1)։ Աստծու և Քրիստոսի ծառաներից ակնկալվում է բարություն անել (Միքիա 6։8; Կողոսացիներ 3։12)։ Արտասովոր բարություն՝ «մարդասիրություն» են դրսևորել նույնիսկ Աստծուն չճանաչող մարդիկ (Գործեր 27։3; 28։2)։ Ուստի, անշուշտ, մենք կարող ենք բարություն դրսևորել, եթե «շարունակենք ընթանալ ոգով»։
16. Ո՞ր դեպքերում կարող ենք բարություն դրսևորել։
16 Բարություն կարելի է դրսևորել նույնիսկ այն դեպքում, եթե մենք արդարացիորեն բարկացել ենք ինչ–որ մեկի վիրավորական խոսքերից կամ անխոհեմ արարքից։ Պողոսն ասաց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք. թող արևը մայր չմտնի, քանի դեռ դուք զայրացած վիճակում եք, ոչ էլ տեղ տվեք Բանսարկուին.... Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ձեզ ներեց» (Եփեսացիներ 4։26, 27, 32)։ Հատկապես կարևոր է բարություն դրսևորել փորձության մեջ գտնվողների հանդեպ։ Իհարկե, քրիստոնյա երեցի կողմից բարության դրսևորում չի լինի, եթե նա, մտածելով, որ զգացումներ կվիրավորի, սուրբգրային խորհուրդ չտա այն անհատին, որն ակնհայտորեն գտնվում է «բարեգործության, արդարության և ճշմարտության» ճանապարհը թողնելու վտանգի մեջ (Եփեսացիներ 5։9)։
17, 18. Ինչպե՞ս է սահմանվում բարեգործությունը, և ի՞նչ դեր պետք է այն ունենա մեր կյանքում։
17 Բարեգործությունը առաքինություն է, բարոյական վեհ հատկություն, որը բնորոշվում է բարի և օգտակար գործերով։ Մեծագույն բարեգործը Եհովա Աստված է (Սաղմոս 25։8, ՆԱ; Զաքարիա 9։17, ՆԱ)։ Հիսուսը առաքինի և մեծ բարոյականության տեր անձնավորություն է։ Սակայն նա չընդունեց «Բարի», կամ՝ «Բարեգործ» տիտղոսը, երբ նրան «Բարի Ուսուցիչ» անվանեցին (Մարկոս 10։17 ծնթ., 18)։ Ակներևաբար նա այդպես վարվեց, քանի որ Աստծուն էր համարում բարեգործության մեծագույն օրինակը։
18 Ժառանգական մեղքը խանգարում է մեզ, որ բարին գործենք (Հռոմեացիներ 5։12)։ Այնուամենայնիվ, կկարողանանք դրսևորել այս հատկությունը, եթե աղոթենք Աստծուն, որ սովորեցնի մեզ բարի գործեր անել (Սաղմոս 119։66, ՆԱ)։ Պողոսն իր հռոմեացի հավատակիցներին ասաց. «Ես ինքս էլ համոզված եմ ձեզանում, եղբայրնե՛րս, որ դուք էլ եք լի բարեգործությամբ, քանի որ լցված եք ամենայն գիտությամբ» (Հռոմեացիներ 15։14)։ Քրիստոնյա վերակացուն պետք է «բարեգործություն սիրի» (Տիտոս 1։7, 8)։ Եթե առաջնորդվենք Աստծու սուրբ ոգով, ապա հայտնի կլինենք որպես բարի գործեր անող մարդիկ, և Եհովան մեզ կհիշի մեր արած բարի գործերի համար (Նէեմիա 5։19; 13։31)։
«Կեղծավորությունից զերծ հավատ»
19. Ի՞նչ է հավատը՝ ըստ Եբրայեցիներ 11։1–ի։
19 Հավատը, որը նույնպես ոգու պտղի մեջ է մտնում, «հուսացած բաների հաստատուն ակնկալությունն է և ակնհայտ ապացույցը այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։ Եթե հավատ ունենք, ապա վստահ ենք, որ Եհովայի խոստացած ամեն բան անպայման կկատարվի։ Անտեսանելի իրողությունների գոյության ապացույցն այնքան համոզիչ է, որ հավատը, կարելի է ասել, հավասարազոր է այդ ապացույցներին։ Օրինակ՝ ստեղծված բաների առկայությունը մեզ համոզում է, որ գոյություն ունի Արարիչ։ Այսպիսի հավատ պետք է դրսևորենք, եթե ընթանում ենք ոգով։
20. Ո՞րն է այն «մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ», և ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանից և մարմնի գործերից։
20 Իսկ հավատի պակասը «մեղք է, որը հեշտությամբ խճճում է մեզ» (Եբրայեցիներ 12։1)։ Մենք պետք է ապավինենք Աստծու սուրբ ոգուն, որպեսզի կարողանանք խուսափել մարմնի գործերից, նյութապաշտությունից և կեղծ ուսմունքներից. դրանք կարող են քայքայել հավատը (Կողոսացիներ 2։8; 1 Տիմոթեոս 6։9, 10; 2 Տիմոթեոս 4։3–5)։ Աստծու ոգին Եհովայի ներկայիս ծառաների մեջ առաջ է բերում այնպիսի հավատ, ինչպիսին որ ունեին նախաքրիստոնեական ժամանակների վկաները և Աստվածաշնչում նկարագրված այլ անձինք (Եբրայեցիներ 11։2–40)։ «Կեղծավորությունից զերծ մեր հավատը» կարող է զորացնել ուրիշների հավատը (1 Տիմոթեոս 1։5; Եբրայեցիներ 13։7)։
Դրսևորենք մեղմություն և ինքնատիրապետում
21, 22. Ի՞նչ է մեղմությունը, և ինչպե՞ս կարող ենք դրսևորել այն։
21 Մեղմությունը փափկությունն է բնավորության և վարքագծի մեջ։ Այն Աստծու հատկություններից է։ Դա այդպես է, որովհետև Հիսուսը, որը մեղմ և հեզ անձնավորություն էր, կատարելապես արտացոլեց Եհովայի անձնավորությունը (Մատթեոս 11։28–30; Հովհաննես 1։18; 5։19)։ Ի՞նչ է, ուրեմն, պահանջվում Աստծու ծառաներից։
22 Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է «մեղմությամբ վերաբերվենք բոլոր մարդկանց» (Տիտոս 3։2)։ Մենք մեղմություն ենք դրսևորում ծառայության մեջ։ Հոգևոր որակներ ունեցողներին խորհուրդ է տրվում, որ ուղղեն սխալվող քրիստոնյաներին «մեղմության ոգով» (Գաղատացիներ 6։1)։ Բոլորս էլ կարող ենք նպաստել քրիստոնեական միասնությանն ու խաղաղությանը՝ ցուցաբերելով «խոնարհամտություն և մեղմություն» (Եփեսացիներ 4։1–3)։ Մենք կարող ենք մեղմություն դրսևորել, եթե անշեղորեն ընթանանք ոգով և ինքնատիրապետում ցույց տանք։
23, 24. Ի՞նչ է ինքնատիրապետումը, և ինչպե՞ս է այն օգնում մեզ։
23 Ինքնատիրապետման շնորհիվ մենք հսկում ենք մեր մտքերը, խոսքերը և գործերը։ Եհովան իրեն «զսպել» էր՝ ինքնատիրապետում էր դրսևորել, Երուսաղեմը կործանած բաբելոնացիների առնչությամբ (Եսայիա 42։14)։ Նրա Որդին «օրինակ թողեց մեզ»՝ ինքնատիրապետում դրսևորելով տառապանքների ժամանակ։ Իսկ Պետրոս առաքյալը խորհուրդ տվեց հավատակիցներին «գիտության վրա ինքնատիրապետում ավելացնել» (1 Պետրոս 2։21–23; 2 Պետրոս 1։5–8)։
24 Քրիստոնյա երեցներից ինքնատիրապետում է ակնկալվում (Տիտոս 1։7, 8)։ Բոլոր նրանք, ովքեր առաջնորդվում են սուրբ ոգով, կարող են ինքնատիրապետում դրսևորել և այդպիսով խուսափել անբարոյություն գործելուց, գռեհիկ խոսքեր ասելուց և ընդհանրապես ցանկացած բանից, որ կարող է տհաճություն պատճառել Եհովային։ Եթե թույլ ենք տալիս, որ Աստծու ոգին մեր մեջ ինքնատիրապետում զարգացնի, ապա ուրիշները դա պարզորոշ կտեսնեն մեր աստվածահաճո խոսքից ու վարքից։
Շարունակենք ընթանալ ոգով
25, 26. Ոգով ընթանալն ինչպե՞ս կանդրադառնա մեր ներկա և ապագա կյանքի վրա։
25 Եթե ընթանանք ոգով, ապա եռանդուն կլինենք Թագավորության քարոզչության գործում (Գործեր 18։24–26)։ Մենք հաճելի անձնավորություններ կլինենք, և հատկապես աստվածանվեր մարդիկ մեզ հետ շփվելուց հաճույք կստանան։ Քանի որ առաջնորդվում ենք սուրբ ոգով, հոգևոր քաջալերանքի աղբյուր կլինենք մեր հավատակիցների համար (Փիլիպպեցիներ 2։1–4)։ Մի՞թե բոլոր քրիստոնյաների ցանկությունը չէ հենց այդպիսին լինել։
26 Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում հեշտ չէ ընթանալ Աստծու սուրբ ոգով (1 Հովհաննես 5։19)։ Բայցևայնպես, միլիոնավոր մարդիկ ընթանո՛ւմ են ոգով։ Եթե ամբողջ սրտով վստահենք Եհովային, կվայելենք կյանքը հիմա՛ և սուրբ ոգու Աղբյուրի արդար ճանապարհներով կգնանք հավիտյան (Սաղմոս 128։1; Առակաց 3։5, 6)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս է «ոգով ընթանալն» անդրադառնում Աստծու և նրա Որդու հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
• Ի՞նչ հատկություններից է բաղկացած սուրբ ոգու պտուղը։
• Ի՞նչ կերպերով կարող ենք դրսևորել Աստծու ոգու պտուղը։
• Ոգով ընթանալն ինչպե՞ս կանդրադառնա մեր ներկա և ապագա կյանքի վրա։
[նկար 23–րդ էջի վրա]
Եհովայի սուրբ ոգին մեր մեջ սեր է առաջացնում հավատակիցների հանդեպ
[նկար 24–րդ էջի վրա]
Բարություն ցույց տուր խոսքերով և գործերով