Ողբերությունն անզոր էր մոր հավատի դեմ
«Եթե դուք կարդում եք այս նամակը, նշանակում է՝ ես կենդանի չեմ մնացել վիրահատությունից և այլևս ձեզ հետ չեմ»։
ԱՅՍ խոսքերով է սկսվում այն նամակը, որ Կարմեն անունով քրիստոնյա մի մայր գրեց իր 25, 19 և 16 տարեկան դուստրերին։ Փաստորեն, վիրահատությունը հաջող չընթացավ, և նա, դժբախտաբար, մահացավ։
Իսկապես որ մեծ ողբերգություն է թողնել երեք դուստրերին այսպիսի վշտի մեջ։ Սակայն Եհովայի ու նրա խոստումների հանդեպ Կարմենի զորեղ հավատը, իրոք, հաղթանակ տարավ ողբերգության դեմ, հավատ, որը նրան տվեց ներքին խաղաղություն, և դա հստակ արտահայտված է նրա հուզիչ նամակում։ Ահա թե ինչ է նա գրում իր դուստրերին։
«Ամենից առաջ ուզում եմ ասել, որ ամբողջ սրտով սիրում եմ ձեզ։ .... Դուք ամենալավ աղջիկներն եք, որ մայրը երբևէ կարող է ունենալ, և ես շատ եմ հպարտանում ձեզանով։
Կցանկանայի լինել ձեզ հետ մինչև Աստծու խոստացած նոր աշխարհը, .... սակայն քանի որ դա հնարավոր չէ, ես խնդրել եմ Աստծուն, որ օգնի ձեզ հավատարիմ մնալ, ինչպես որ եղել եք մինչև հիմա։ Միասին մենք շատ փորձություններ ենք հաղթահարել, և Եհովան երբեք չի լքել մեզ։ .... Ուրեմն շարունակեք վստահել նրա առաջնորդությանը, որը նա տալիս է իր կազմակերպության միջոցով, և շարունակեք աջակցել ժողովին ու երեցներին։ Հնարավորինս հաճախ մասնակցեք քարոզչական գործին և սիրեք բոլոր եղբայրներին։
Մեր բաժանումը ժամանակավոր է։ .... Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր սխալների համար և այն բոլոր պահերի համար, որ չեմ հասկացել ձեզ կամ չեմ ասել, թե որքան շատ եմ ձեզ սիրում։ .... Գիտեմ, որ յուրաքանչյուրդ տարբեր կարիքներ ունեք։ Եհովան դա ձեզանից ավելի լավ գիտի ու կտա այն ամենը, ինչի կարիքը որ ունեք։ Նա կվարձատրի ձեզ ձեր հաղթահարած բոլոր դժվարությունների համար։
Տեսադաշտից չկորցնեք ձեր նպատակը՝ ապրել նոր աշխարհում, և ամեն ինչ արեք այդ նպատակին հասնելու համար։ Թող Եհովան օրհնի և զորացնի ձեզ, որպեսզի մինչև վերջ հավատարիմ մնաք։ .... Իմ թանկագի՛ն աղջիկներ։ Չտխրե՛ք։ Ես սիրո՛ւմ եմ ձեզ»։
Յուրաքանչյուրի հետ ցանկացած ժամանակ կարող է ողբերգություն պատահել։ «Ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»,— գրեց հին ժամանակներում ապրող Սողոմոն թագավորը (Ժողովող 9։11)։ Ովքեր ամուր հավատ ունեն Աստծու հանդեպ, կարող են Պողոս առաքյալի պես վստահությամբ ասել. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ....ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չե՛ն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմեացիներ 8։38, 39; Եբրայեցիներ 6։10)։