Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 9/1 էջ 4–7
  • «Գրվեցին մեր սովորելու համար»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Գրվեցին մեր սովորելու համար»
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հեղինակի մասին
  • Արդյոք Եբրայերեն Գրությունները փոխարինվե՞լ են
  • Խորհուրդ՝ առօրյա կյանքի համար
  • Հույս՝ ապագայի համար
  • Եհովայի վկաները ընդունո՞ւմ են Հին Կտակարանը
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Արդյոք Եհովայի վկաները ընդունո՞ւմ են Հին Կտակարանը
    2008 Դիտարան
  • Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • 15 «Հին կտակարան» և «Նոր կտակարան» արտահայտությունները (2Կթ 3։14)
    Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
Ավելին
2007 Դիտարան
w07 9/1 էջ 4–7

«Գրվեցին մեր սովորելու համար»

«ՇԱՏ գրքեր շինելը ծայր չ’ունի» (Ժողովող 12։12)։ Այսօր մեզ համար մատչելի հսկայական քանակությամբ տպագրված ինֆորմացիան փաստում է, որ վերոհիշյալ խոսքերը այնքան ճշմարիտ են, որքան այն ժամանակ, երբ գրվեցին։ Ուստի ինչպե՞ս կարող է խորաթափանց ընթերցողը որոշել, թե ինչն է արժանի իր ուշադրությանը։

Շատ ընթերցողներ, երբ որոշում են որևէ գիրք կարդալ, սկզբում ցանկանում են ինչ–որ բան իմանալ հեղինակի մասին։ Գրքի նախաբանում հրատարակիչները մի փոքր տեղեկություն են հաղորդում այն մասին, թե ինչպիսի ծագում ունի գրողը, ակադեմիական ինչ լիազորագրեր ունի և թե ինչ գրքերի հեղինակ է։ Այն, որ հեղինակի ով լինելը կարևոր է, ակնհայտ է այն փաստից, որ վաղ դարերում կին գրողները հաճախ էին օգտագործում տղամարդու կեղծանուն, որպեսզի հետագայում ընթերցողները չքննադատեին իրենց գրքերը միայն այն պատճառով, որ հեղինակը կին է։

Ցավոք, ինչպես արդեն նշվեց նախորդ հոդվածում, ոմանք անտեսում են Եբրայերեն Գրությունները այն պատճառով, որ կարծում են, թե այնտեղ ներկայացված Աստվածը դաժան աստված է, որն առանց գթասրտության կործանել է իր թշնամիներին։a Հետևաբար եկեք քննարկենք, թե Եբրայերեն և Քրիստոնեական Հունարեն Գրությունները ինչ են հայտնում մեզ Աստվածաշնչի Հեղինակի մասին։

Հեղինակի մասին

Ինչպես նշվում է Եբրայերեն Գրություններում, Աստված ասաց Իսրայել ազգին. «Ես Տէրս չեմ փոփոխուիլ» (Մաղաքիա 3։6)։ Այս խոսքերը գրի առնելուց գրեթե 500 տարի անց Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, Աստծու մասին հետևյալը գրեց. «Նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես» (Հակոբոս 1։17)։ Այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք մտածում, որ Եբրայերեն Գրություններում ներկայացված Աստվածը տարբերվում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում նկարագրված Աստծուց։

Բանն այն է, որ Աստվածաշնչի տարբեր հատվածներում Աստծու անձնավորության տարբեր կողմերն են ներկայացված։ Օրինակ՝ միայն «Ծննդոց» գրքում Աստծու մասին գրված է, որ նա «իր սրտի մէջ տրտմեց», որ նա «Տէր է երկնքի եւ երկրի», որ նա «բոլոր երկրի դատաւորն» է (Ծննդոց 6։6; 14։22; 18։25)։ Արդյոք այս տարբեր նկարագրությունները նույն Աստծո՞ւն են վերաբերում։ Իհա՛րկե այո։

Բերենք օրինակ. մի դատավոր հայտնի է որպես օրենքի վճռական պաշտպան. նման կարծիք ունեն այն անհատները, ովքեր ներկա են եղել նրա դատերին։ Սակայն ընտանիքում իր երեխաների համար նա սիրող և առատաձեռն հայր է։ Իսկ մտերիմ ընկերների կարծիքով՝ նա հումորի զգացումով օժտված, ընկերասեր մարդ է։ Դատավորը, հայրը և ընկերը նույն անձնավորությունն են։ Պարզապես տարբեր պարագաներում ի հայտ են գալիս նրա անձնավորության տարբեր կողմերը։

Նմանապես, Եբրայերեն Գրություններում Եհովան նկարագրվում է որպես «Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով»։ Սակայն միևնույն ժամանակ մենք սովորում ենք, որ նա «յանցաւորին բնաւ անպարտ չի թողում» (Ելից 34։6, 7)։ Այս երկու առանձնահատկություններն էլ արտացոլվում են Աստծու անվան նշանակության մեջ։ «Եհովա» անունը բառացի նշանակում է «նա դարձնում է», այսինքն՝ Աստված դառնում է այն, ինչը որ պետք է իր խոստումները իրականացնելու համար (Ելից 3։13–15)։ Սակայն նա մնում է նույն Աստվածը։ Հիսուսն ասել է. «Եհովան՝ մեր Աստվածը, մե՛կ Եհովա է» (Մարկոս 12։29)։

Արդյոք Եբրայերեն Գրությունները փոխարինվե՞լ են

Այսօր սովորական երևույթ է, որ դասագրքերը փոփոխության են ենթարկվում, երբ նոր ուսումնասիրություններ են կատարվում, կամ երբ հասարակական կարծիքն է փոխվում։ Արդյո՞ք Քրիստոնեական Հունարեն Գրություններն էլ վերոհիշյալ պատճառներով փոխարինել են Եբրայերեն Գրություններին։ Ո՛չ։

Եթե Հիսուսը նպատակ ունենար, որ իր ծառայության մասին արձանագրությունները և իր աշակերտների գրի առածները փոխարինեցին Եբրայերեն Գրություններին, անկասկած, պարզորոշ կնշեր այդ մասին։ Ղուկասի արձանագրության մեջ կարդում ենք, թե ինչ արեց Հիսուսը երկինք համբարձվելուց անմիջապես առաջ. «Սկսելով Մովսեսից ու բոլոր Մարգարեներից [Եբրայերեն Գրություններ]՝ նա մեկնեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր ամբողջ Գրություններում»։ Ավելի ուշ Հիսուսը երևաց իր հավատարիմ առաքյալներին և ուրիշներին։ Նա ասաց. «Սրանք են իմ խոսքերը, որ ասացի ձեզ, քանի դեռ ձեզ հետ էի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեներում և Սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները պետք է կատարվեն» (Ղուկաս 24։27, 44)։ Ինչո՞ւ էր Հիսուսը դեռ շարունակում մեջբերումներ անել Եբրայերեն Գրություններից իր երկրային ծառայության վերջում, եթե այդ Գրությունները ժամանակավրեպ էին ու հնացած։

Այն բանից հետո, երբ հիմնադրվեց քրիստոնեական ժողովը, Հիսուսի հետևորդները շարունակեցին գործածել Եբրայերեն Գրությունները, որպեսզի ընդգծեին այն մարգարեությունները, որոնք դեռ պետք է կատարվեին, Մովսիսական օրենքի այն սկզբունքները, որոնք արժեքավոր դասեր էին սովորեցնում, և Աստծու վաղեմի ծառաների մասին արձանագրությունները, որոնց լավ օրինակները քաջալերում էին քրիստոնյաներին հավատարիմ մնալ (Գործեր 2։16–21; 1 Կորնթացիներ 9։9, 10; Եբրայեցիներ 11։1–12։1)։ «Ամբողջ Գրությունը,— գրում է Պողոս առաքյալը,— ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16)։b Իսկ ի՞նչ փաստ կա, որ Եբրայերեն Գրությունները այսօր էլ օգտակար են։

Խորհուրդ՝ առօրյա կյանքի համար

Տեսնենք, թե ռասայական նախապաշարումները ինչ խնդիրներ են հարուցում այսօր։ Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում 21–ամյա մի եթովպացի երիտասարդ ասում է. «Եթե մենք ուզում ենք ինչ–որ տեղ գնալ, ապա կազմակերպված խմբով ենք գնում։ Գուցե մեզ վրա հարձակում չգործեն, երբ տեսնեն, որ խմբով ենք»։ Նա շարունակում է. «Երեկոյան ժամը վեցից հետո մենք չենք կարողանում տանից դուրս գալ, հատկապես չենք կարողանում օգտվել մետրոյից։ Երբ մարդիկ նայում են մեզ վրա, միայն մեր մաշկի գույնն են նկատում»։ Արդյոք Եբրայերեն Գրություններում խոսվո՞ւմ է այս խնդրի մասին։

Հին իսրայելացիներին ասվել էր. «Եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան։ Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք» (Ղեւտացոց 19։33, 34)։ Այո, հին Իսրայելի օրենքով պահանջվում էր ուշադրություն դարձնել ներգաղթյալներին, կամ՝ «օտարականներին», և այդ օրենքը գտնվում էր Եբրայերեն Գրություններում։ Համաձայն չե՞ք արդյոք, որ այդ օրենքում պահպանված սկզբունքները կարող են լուծել ներկայիս ռասայական նախապաշարումների հետ կապված խնդիրը։

Չնայած Եբրայերեն Գրություններում ֆինանսական հարցերի հետ կապված մանրամասն խորհուրդներ չեն տրվում, սակայն այնտեղ գործնական առաջնորդություն է տրվում, որպեսզի գումարային հարցերը իմաստուն կերպով լուծվեն։ Օրինակ՝ Առակաց 22։7–ում կարդում ենք. «Փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին»։ Ֆինանսների գծով շատ խորհրդատուներ համամիտ են, որ անմտորեն պարտք վերցնելը կարող է տնտեսական ճգնաժամի առաջ կանգնեցնել։

Դեռ ավելին, այն, որ մարդիկ ամեն գնով հարստության ետևից էին ընկնելու, որն այնքան բնորոշ է այսօրվա նյութապաշտ աշխարհին, ճշգրտորեն նկարագրվել է պատմության մեջ ամենահարուստ մարդու՝ Սողոմոն թագավորի կողմից։ Նա գրել է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն» (Ժողովող 5։10)։ Ինչպիսի՜ իմաստուն նախազգուշացում։

Հույս՝ ապագայի համար

Ամբողջ Աստվածաշունչը միայն մեկ թեմա ունի. Հիսուս Քրիստոսի Թագավորության միջոցով արդարացվելու է Աստծու գերիշխանությունը և սրբացվելու է նրա անունը (Դանիէլ 2։44; Հայտնություն 11։15)։

Եբրայերեն Գրություններում մենք մանրամասն տեղեկություններ ենք գտնում այն մասին, թե Աստծու Թագավորության ներքո ինչպիսի պայմաններ են լինելու։ Այս ամենը մխիթարում է մեզ և ավելի է մոտեցնում մխիթարության Աղբյուրին՝ Եհովա Աստծուն։ Օրինակ՝ Եսայիա մարգարեն նախագուշակել էր, որ կենդանիների և մարդկանց միջև խաղաղություն է լինելու. «Գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց» (Եսայիա 11։6–8)։ Ի՜նչ հիանալի հեռանկար։

Իսկ Եբրայերեն Գրություններում ի՞նչ է ասվում այն մարդկանց մասին, ովքեր էթնիկական կամ ռասայական նախապաշարումների հետևանքով թշվառ վիճակում են գտնվում, ովքեր տառապում են լուրջ հիվանդություններով, կամ էլ նրանց մասին, որոնց հնարավորություններից և ուժերից վեր է տնտեսական իրավիճակը կարգավորելը։ Եբրայերեն Գրություններում Հիսուս Քրիստոսի մասին մարգարեացվել է. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ» (Սաղմոս 72։12, 13)։ Այս խոստումները գործնական են, քանի որ դրանց շնորհիվ նրանք, ովքեր հավատում են, որ այդ խոստումները կիրականանան, հույսով ու վստահությամբ են նայում ապագային (Եբրայեցիներ 11։6)։

Զարմանալի չէ, որ Պողոս առաքյալը ներշնչված գրեց. «Բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար, որպեսզի մեր տոկունությամբ և Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ Այո, Եբրայերեն Գրությունները դեռևս համարվո՛ւմ են Աստծու ներշնչված Խոսքի՝ Աստվածաշնչի կարևոր մասը։ Դրանք այսօ՛ր էլ իրական արժեք ունեն մեզ համար։ Հույս ունենք, որ դուք կձգտեք ավելին իմանալ այն մասին, թե իրականում ինչ է սովորեցնում ամբողջ Աստվածաշունչը, որն է՛լ ավելի կմոտեցնի ձեզ Աստվածաշնչի Հեղինակին՝ Եհովա Աստծուն (Սաղմոս 119։111, 112)։

[ծանոթագրություններ]

a Այս հոդվածում «Հին Կտակարանի» փոխարեն օգտագործվում է «Եբրայերեն Գրություններ» արտահայտությունը (տե՛ս 6–րդ էջի «Հին Կտակարա՞ն, թե՞ Եբրայերեն Գրություններ» շրջանակը)։ Իսկ Նոր Կտակարանը Եհովայի վկաները անվանում են Քրիստոնեական Հունարեն Գրություններ։

b Եբրայերեն Գրություններում կան բազմաթիվ սկզբունքներ, որոնք այսօր մեծ արժեք ունեն։ Սակայն պետք է նշել, որ քրիստոնյաները այն Օրենքի տակ չեն, որն Աստված Մովսեսի միջոցով տվեց Իսրայել ազգին։

[շրջանակ 6–րդ էջի վրա]

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ԵԲՐԱՅԵՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հին կտակարան» արտահայտությունը գրված է 2 Կորնթացիներ 3։14 համարում (ԱԹ, ԱԱ, ԷԹ), և թարգմանված է հունարեն դիաթի՛կիս բառից։ Սակայն ժամանակակից շատ թարգմանություններում հունարեն այս բառը թարգմանված է «ուխտ» («New International Version»)։ Ինչո՞ւ։

Բառարանագիր Էդուարդ Ռոբինսոնը գրում է. «Քանի որ հին ուխտի մասին խոսվում էր Մովսեսի գրքերում, [դիաթի՛կիս] բառը մատնանշում է ուխտի գիրքը, Մովսեսի գրած գրքերը, այսինքն՝ օրենքը»։ 2 Կորնթացիներ 3։14–ում Պողոս առաքյալը խոսում է Մովսիսական օրենքի մասին, որը նախաքրիստոնեական Գրությունների մի մասն է միայն։

Ուրեմն ո՞ր անվանումն է համապատասխանում Սուրբ Գրքի առաջին 39 գրքերին։ Հիսուս Քրիստոսը և իր հետևորդները չէին կարծում, որ Աստվածաշնչի այս մասը հնացած է, այլ դա «Գրություններ» կամ «սուրբ Գրություններ» էին անվանում (Մատթեոս 21։42; Հռոմեացիներ 1։2)։ Հետևաբար, այս ներշնչված խոսքերի համաձայն՝ Եհովայի վկաները Հին Կտակարանը անվանում են Եբրայերեն Գրություններ, քանի որ Աստվածաշնչի այդ մասը սկզբնապես գրի է առնվել հիմնականում եբրայերեն լեզվով։ Նմանապես, այսպես կոչված Նոր Կտակարանը նրանք անվանում են Հունարեն Գրություններ, քանի որ Աստծու կողմից ներշնչված մարդիկ Աստվածաշնչի այդ մասը գրի են առել հունարեն լեզվով։

[նկարներ 4–րդ էջի վրա]

Մարդուն կարող են ճանաչել որպես վճռական դատավորի, սիրող հոր և ընկերոջ

[նկարներ 5–րդ էջի վրա]

Հիսուսը իր ծառայության ընթացքում օգտվում էր Եբրայերեն Գրություններից

[նկար 7–րդ էջի վրա]

Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել անհատին ճիշտ որոշումներ կայացնել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը