Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս չարությունը
ԴՈՒՔ ամենուրեք կարող եք չարության ու տառապանքի ականատեսը լինել։ Պատերազմների հետևանքով միլիոնավոր մարդիկ են մահանում։ Պատերազմի զոհն են դառնում նաև զինվորները։ Հանցագործությունն ու բռնությունը սովորական բան են դարձել։ Հավանաբար դուք նույնպես դարձել եք նախապաշարման ու անարդարության զոհը։ Հաշվի առնելով այն, թե ինչ եք տեսել, կամ թե ինչ է տեղի ունեցել ձեզ հետ՝ գուցե հարցնեք. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս չարությունը»։
Շատերն են այս հարցը տվել։ Գրեթե 3 600 տարի առաջ Աստծու հավատարիմ ծառա Հոբը հարցրեց. «Ի՞նչու են ապրում ամբարիշտները» (Յոբ 21։7)։ Անհանգստացած լինելով իր երկրում ապրող մարդկանց չար գործերով՝ Երեմիա մարգարեն, որն ապրել է մ.թ.ա. յոթերորդ դարում, հարցրեց. «Ինչո՞ւ համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները» (Երեմիա 12։1)։ Թե՛ Հոբը, թե՛ Երեմիան գիտեին, որ Աստված արդար է։ Այդուհանդերձ, նրանց հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու այդքան շատ չարություն գոյություն ունի։ Հավանաբար դուք նույնպես մտահոգված եք այս անլուծելի թվացող հարցով։
Ոմանք չարության և տառապանքի համար Աստծուն են մեղադրում։ Մյուսները հարցնում են՝ եթե Աստված ամենակարող է, արդար և սիրող է, ապա ինչո՞ւ վերջ չի դնում տառապանքին ու չարությանը։ Ինչո՞ւ է նա թույլ տվել, որ չարությունը մինչև հիմա գոյություն ունենա։ Հաջորդ հոդվածից կիմանանք այս և այլ կարևոր հարցերի պատասխանները։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
AP Photo/Adam Butler