Դու թարմացնո՞ւմ ես ուրիշներին
ՀԱԿԱԼԻԲԱՆԱՆ լեռնաշղթայի հարավային ծայրում գտնվում է Հերմոն լեռը, որի գագաթը ծովի մակարդակից բարձր է 2 814 մետր։ Տարվա մեծ մասը Հերմոնի գագաթը ձյունածածկ է, և այդ պատճառով տաք երեկոներին գագաթին մառախուղ է լինում, որն էլ, խտանալով, վերածվում է ցողի։ Ցողը իջնում է եղևնիների, պտղատու ծառերի և խաղողի այգիների վրա։ Հին Իսրայելում երկարատև չոր եղանակներին այդ թարմացուցիչ ցողը բուսականությունը ջրելու միակ միջոցն էր։
Աստծուց ներշնչված մի երգում Եհովայի երկրպագուների միջև գոյություն ունեցող թարմացուցիչ միասնությունը նմանեցվում է «Հերմոնի շաղի [ցողի], որ վայր է գալիս Սիօնի սարերի վերայ» (Սաղմոս 133։1, 3)։ Ինչպես որ Հերմոն լեռան թարմացուցիչ ցողն է թրջում բուսականությունը, այնպես էլ մենք կարող ենք թարմացնել նրանց, ում հանդիպում ենք։ Ինչպե՞ս։
Հիսուսի թարմացնող օրինակը
Հիսուս Քրիստոսը մեծ ազդեցություն էր թողնում մարդկանց վրա։ Նույնիսկ կարճ հանդիպումը նրա հետ շատ թարմացուցիչ էր։ Օրինակ՝ ավետարանագիր Մարկոսն ասում է. «[Հիսուսը] իր թևերի մեջ առավ երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով» (Մարկոս 10։16)։ Որքա՜ն թարմացուցիչ դա պետք է որ լիներ փոքրիկների համար։
Իր մարդկային կյանքի վերջին գիշերը Հիսուսը լվաց աշակերտների ոտքերը։ Նրա խոնարհությունը, շատ հավանական է, հասավ աշակերտների սրտերին։ Այնուհետև Հիսուսն ասաց նրանց. «Ձեզ օրինակ թողեցի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13։1–17)։ Այո՛, նրանք նույնպես պետք է խոնարհ լինեին։ Թեև առաքյալները անմիջապես չհասկացան նրա խոսքերի իմաստը և այդ նույն երեկո՝ ավելի ուշ, սկսեցին վիճել, թե ով է իրենց մեջ մեծը, Հիսուսը չբարկացավ։ Ընդհակառակը՝ նա համբերատարորեն տրամաբանեց նրանց հետ (Ղուկաս 22։24–27)։ Նույնիսկ «երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա [Հիսուսը] չէր չարախոսում։ Երբ նա չարչարվում էր, չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր նրան, ով արդարությամբ է դատում»։ Հիսուսի թարմացնող օրինակին արժե հետևել (1 Պետրոս 2։21, 23)։
Հիսուսն ասաց. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթեոս 11։29)։ Պատկերացրու, թե ի՜նչ է նշանակում ուսուցանվել անձամբ Հիսուսի կողմից։ Երբ նրա բնակավայրում ապրող մարդիկ լսեցին, թե ինչպես էր նա ուսուցանում իրենց ժողովարանում, զարմացան և ասացին. «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը և զորավոր գործեր անելու կարողությունը» (Մատթեոս 13։54)։ Հիսուսի կյանքի և ծառայության մասին կարդալը շատ բան կարող է սովորեցնել մեզ այն մասին, թե ինչպես թարմացնենք ուրիշներին։ Եկեք քննարկենք, թե ինչ ակնառու օրինակ թողեց Հիսուսը իր քաջալերական խոսքերով և մարդկանց օգնելու պատրաստակամությամբ։
Խոսենք դրական բաների մասին
Շատ ավելի հեշտ է քանդել շենքը, քան թե նորը կառուցել։ Այս պարզ սկզբունքը ճշմարիտ է նաև խոսքերով քանդելու և շինելու առնչությամբ։ Լինելով անկատար՝ բոլորս էլ ունենք սխալներ և թերություններ։ Սողոմոն թագավորն ասաց. «Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ» (Ժողովող 7։20)։ Շատ ջանքեր չեն պահանջվում դիմացինի սխալները տեսնելու և նրան սուր խոսքերով վիրավորելու համար (Սաղմոս 64։2–4)։ Մյուս կողմից՝ դրական խոսակցություններ վարելը ջանքեր է պահանջում։
Հիսուսն իր լեզուն օգտագործում էր մարդկանց քաջալերելու համար։ Նա հոգևորապես թարմացնում էր նրանց՝ պատմելով Թագավորության բարի լուրը (Ղուկաս 8։1)։ Հիսուսը նաև թարմացրեց իր աշակերտներին՝ նրանց հայտնելով, թե ինչպիսին է իր երկնային Հայրը (Մատթեոս 11։25–27)։ Զարմանալի չէ, որ մարդիկ մղվում էին դեպի նա։
Ի տարբերություն Հիսուսի՝ դպիրներն ու փարիսեցիները հաշվի չէին առնում ուրիշների կարիքները։ Հիսուսն ասաց. «Ընթրիքների ժամանակ սիրում են ամենապատվավոր տեղը, իսկ ժողովարաններում՝ առաջին աթոռները» (Մատթեոս 23։6)։ Նրանք նույնիսկ բարձրից էին նայում հասարակ ժողովրդին՝ ասելով. «Այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի, անիծված է» (Հովհաննես 7։49)։ Անշուշտ, նրանց վերաբերմունքն ամենևին թարմություն չէր բերում մարդկանց։
Մեր խոսքը հաճախ արտացոլում է մեր ներքին անձնավորությունը և ուրիշների մասին ունեցած կարծիքը։ Հիսուսն ասաց. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարի բաներ է հանում, իսկ չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում, որովհետև սրտի լիությունից է նրա բերանը խոսում» (Ղուկաս 6։45)։ Ուստի ի՞նչ կարող ենք անել՝ հավաստիանալու համար, որ մեր խոսքը թարմացնում է ուրիշներին։
Նախևառաջ կարող ենք դադար տալ և խոսելուց առաջ մտածել։ Առակաց 15։28–ում ասվում է. «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ»։ Կարիք չկա, որ դա երկարատև խորհրդածություն լինի։ Եթե խոսելուց առաջ փոքր–ինչ մտածենք՝ կհասկանանք, թե արդյոք մեր խոսքերը դրական ազդեցություն կթողնեն դիմացինի վրա։ Կարող ենք հարց տալ ինքներս մեզ. «Այն, ինչ պատրաստվում եմ ասել, հաճելի՞ է։ Ճշմարտությո՞ւն է, թե՞ բամբասանք։ Արդյո՞ք այդ խոսքը «իր ժամանակին» է։ Կթարմացնի՞ և կոգևորի՞ նրանց, ում ուզում եմ պատմել» (Առակաց 15։23)։ Եթե եզրակացնենք, որ այն, ինչ ուզում ենք ասել, բացասական է կամ տեղին չէ, եկեք գիտակցաբար ջանքեր գործադրենք ու չասենք այն։ Դեռ ավելին, կարող ենք ձգտել բացասական մտքերը փոխարինել դրական և տեղին մտքերով։ Չմտածված խոսքերը նման են «սրի» հարվածների, իսկ դրական խոսքերը «բժշկութիւն» են (Առակաց 12։18)։
Կարող ենք նաև կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչու են մեր հավատակիցները այդքան թանկ Աստծու աչքերում։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհաննես 6։44)։ Եհովան տեսնում է իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրի դրական հատկությունները, նույնիսկ նրանց հատկությունները, որոնք մեր կարծիքով՝ բարդ բնավորություն ունեն։ Մենք կկարողանանք դրականորեն խոսել նրանց մասին, եթե ջանքեր գործադրենք տեսնել նրանց լավ հատկությունները։
Օգնենք ուրիշներին
Հիսուսը լիովին հասկանում էր ճնշված մարդկանց։ Իսկապես, «տեսնելով մարդկանց բազմությունները՝ նա խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթեոս 9։36)։ Սակայն Հիսուսը ոչ միայն տեսավ նրանց խղճալի վիճակը, այլ նաև քայլեր ձեռնարկեց օգնելու նպատակով։ Նա այսպիսի հրավեր տվեց. «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ»։ Նաև հավաստիացրեց. «Իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11։28, 30)։
Այսօր մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Շատերը բեռնավորված են «այս համակարգի հոգսերով» (Մատթեոս 13։22)։ Մյուսներին մտահոգում են իրենց հանգամանքները (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Ինչպե՞ս կարող ենք թարմացնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Քրիստոսի նման՝ մենք կարող ենք թեթևացնել նրանց բեռը։
Ոմանք ձգտում են թեթևացնել իրենց հոգսերը՝ խոսելով խնդիրների մասին։ Եթե ընկճված անհատը օգնություն ստանալու նպատակով գալիս է մեզ մոտ, ժամանակ տրամադրո՞ւմ ենք նրան ուշադիր լսելու համար։ Կարեկից ունկնդիր լինելու համար ինքնակարգապահություն է պահանջվում։ Հարկավոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է ասում անհատը, և ոչ թե այդ պահին մտածել, թե ինչ ասենք կամ ինչպես լուծենք խնդիրը։ Ուշադիր լսելով, տեսողական կապ պահպանելով և, երբ տեղին է, ժպտալով՝ մենք ցույց կտանք, որ հոգ ենք տանում նրա մասին։
Քրիստոնեական ժողովում հավատակիցներին քաջալերելու շատ հնարավորություններ կան։ Օրինակ՝ Թագավորության սրահում հանդիպումների հաճախելիս եկեք փորձենք տեսնել, թե ով է պայքարում առողջական խնդիրների դեմ։ Երբեմն մեզանից ընդամենը մի քանի րոպե կարող է պահանջվել հանդիպումից առաջ կամ հետո նրանց քաջալերելու համար։ Նաև նկատենք, թե ով է բացակայում ժողովի Գրքի ուսումնասիրությունից։ Միգուցե կարող ենք զանգահարել և հետաքրքրվել նրանց բարօրությամբ կամ օգնություն առաջարկել (Փիլիպպեցիներ 2։4)։
Քրիստոնյա երեցները ժողովում մեծ պատասխանատվություններ ունեն։ Մենք կարող ենք թեթևացնել նրանց բեռը՝ համագործակցելով և խոնարհաբար կատարելով ցանկացած հանձնարարություն, որ նրանք տալիս են։ Աստծու Խոսքը մեզ հորդորում է. «Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար՝ իբրև այնպիսիներ, որոնք հաշիվ պետք է տան. որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբրայեցիներ 13։17)։ Պատրաստակամություն դրսևորելով՝ կարող ենք թարմացնել նրանց, ովքեր «լավ են ղեկավարում» (1 Տիմոթեոս 5։17)։
Չխնայենք դրական խոսքերն ու օգտակար գործերը
Թարմացուցիչ ցողը առաջանում է ջրի հազարավոր փոքրիկ կաթիլներից, և չենք էլ նկատում, թե ինչպես է իջնում։ Նմանապես, մենք թարմություն կբերենք ուրիշներին ոչ թե մեկ գովելի գործ անելով նրանց համար, այլ ամեն ժամանակ քրիստոնեական հատկություններ դրսևորելով։
Պողոս առաքյալը գրեց. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմեացիներ 12։10)։ Եկե՛ք կիրառենք Պողոսի խորհուրդը։ Թո՛ղ որ մեր խոսքերով ու գործերով իսկապես թարմացնենք ուրիշներին։
[նկարներ 16–րդ էջի վրա]
Հերմոն լեռան ցողը բուսականությունը ջրելու միակ միջոցն էր
[նկար 17–րդ էջի վրա]
Կարեկից ունկնդիրը թարմացնում է ուրիշներին