Մոտեցեք Աստծուն
«Ամենայն մխիթարության Աստվածը»
ԿՅԱՆՔՈՒՄ շատ բաներ՝ տառապանքը, հիասթափությունը, միայնությունը, կարող են ցավ պատճառել, նույնիսկ վհատեցնել։ Այդպիսի պահերին գուցե մտածեք. «Ումի՞ց կարող եմ օգնություն ստանալ»։ Պողոս առաքյալի խոսքերը, որոնք գտնվում են 2 Կորնթացիներ 1։3, 4–ում, մատնանշում են մխիթարության հուսալի աղբյուրին՝ Եհովա Աստծուն։
Երրորդ համարում Աստված կոչվում է «ջերմ կարեկցանքի Հայր»։ Ի՞նչ է դա նշանակում։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «ջերմ կարեկցանք», կարող է ունենալ հետևյալ նշանակությունը՝ կարեկցանք զգալ, երբ ուրիշները տառապում ենa։ Աստվածաշնչային մի աշխատության մեջ ասվում է, որ այս բառը կարող է ունենալ «խղճալ» կամ «հոգատարություն դրսևորել» իմաստները։ Աստծու «ջերմ կարեկցանքը» մղում է նրան գործելու։ Մի՞թե Եհովայի այս հատկությունը մեզ չի մոտեցնում նրան։
Պողոսը նաև Եհովային կոչեց «ամենայն մխիթարության Աստված»։ Այստեղ նա օգտագործեց մի բառ, որն ունի «որևէ մեկին դժվարության կամ նեղության ժամանակ մխիթարելու և ակտիվորեն օգնելու կամ քաջալերելու գաղափարը»։ Աստվածաշնչային մի թարգմանության մեջ բացատրվում է. «Մենք մխիթարում ենք տառապողին, երբ քաջալերում ենք նրան դիմանալ ցավին» («The Interpreter’s Bible»)։
Գուցե հարցնեք. «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մեզ և քաջալերում, որ դիմանանք ցավին»։ Նա օգնում է մեզ հիմնականում իր Խոսքի՝ Աստվածաշնչի, ինչպես նաև հրաշալի պարգևի՝ աղոթքի միջոցով։ Պողոսն ասում է, որ Եհովան սիրով տալիս է մեզ իր Խոսքը, որպեսզի «Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Դեռ ավելին, սրտանց աղոթքների միջոցով մենք զգում ենք «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Հռոմեացիներ 15։4; Փիլիպպեցիներ 4։7)։
Իսկ որքա՞ն շատ է Եհովան մխիթարում իր ժողովրդին։ Պողոսն ասում է, որ Աստված «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։4)։ Անկախ այն բանից, թե ինչ նեղություն, ցավ կամ տառապանք ենք կրում՝ նա կտա մեզ անհրաժեշտ քաջությունը և զորությունը, որ դիմանանք։ Մի՞թե դա մխիթարական չէ։
Եհովան չի բավարարվում միայն մի անգամ մխիթարելով։ Պողոսը ասում է, որ Աստված մխիթարում է մեզ այնպես, որ «ամեն տեսակ նեղության մեջ լինողներին մենք կարողանանք մխիթարել այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց»։ Երբ մխիթարություն ենք ստանում նեղությունների ժամանակ, կարողանում ենք կարեկցել ուրիշներին և օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիքի մեջ են։
«Ամենայն մխիթարության Աստվածը»՝ Եհովան, անմիջապես չի վերացնի մեր խնդիրները կամ ցավը։ Սակայն մի բանում կարող ենք վստահ լինել. եթե նրան դիմենք մխիթարության համար, նա կզորացնի մեզ, որ տոկանք կյանքի ցանկացած նեղության կամ դժվարության ժամանակ։ Մեր կարեկից Աստվածը վստահաբար արժանի է, որ երկրպագենք ու փառք տանք իրեն։
[ծանոթագրություն]
a Աստված կոչվում է «ջերմ կարեկցանքի Հայր [կամ՝ աղբյուր]», քանի որ կարեկցանքը բնորոշ է նրա էությանը։