Ո՞վ կարող է կանխագուշակել ապագան
«Ես եմ Աստուած.... որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած» (Եսայիա 46։9, 10)։
ԱՅՍ անհանգիստ օրերում քաղաքական, ֆինանսական, սոցիալական ոլորտի վերլուծաբանները ուսումնասիրում են պատմությունը ու համաշխարհային դեպքերի զարգացումը և փորձում են կանխագուշակել ապագան։ Շատերն էլ, ովքեր հուսալքված են, դիմում են աստղագետներին և ոգեհարցներին՝ իմանալու համար, թե ինչ է իրենց սպասում ապագայում։ Արդյունքում այս մարդիկ հաճախ խորապես հիասթափվում են։ Ուրեմն ի՞նչ, հնարավոր չէ՞ իմանալ, թե ինչ կլինի այս աշխարհի, մեր ընտանիքի կամ անձամբ մեզ հետ։ Ի վերջո, ո՞վ կարող է կանխագուշակել ապագան։
Այս առումով հետաքրքրական են Եսայիա մարգարեի խոսքերը, որոնք մեջբերված են վերևում։ Այդ համարներում Ամենակարող Աստված Եհովայի մասին ասվում է, որ նա ունակ է կանխագուշակելու ապագան։ Եսայիա մարգարեի միջոցով Աստված ասել էր, որ իսրայելացիները ազատվելու են Բաբելոնի գերությունից և վերադառնալու են՝ Երուսաղեմը և տաճարը վերակառուցելու։ Ճշգրտորեն կատարվե՞ց արդյոք այս մարգարեությունը։ Մոտ 200 տարի առաջ Եսայիան նշել էր, որ Բաբելոնը նվաճելու էր Կյուրոսը, և մանրամասնորեն նկարագրել էր, թե ինչպես է վերջինս պաշարելու քաղաքը։ Նա փոխելու էր Եփրատ գետի հունը, ինչը մեծ խոչընդոտ էր Բաբելոնը գրավել ցանկացողների համար։ Մարգարեն նույնիսկ կանխագուշակել էր, որ պաշարման ժամանակ քաղաքի երկու հսկայական դարպասները անզգուշորեն բաց էին թողնվելու, ինչի շնորհիվ Կյուրոսը հեշտությամբ գրավելու էր քաղաքը (Եսայիա 44։24–45։7)։
Ի տարբերություն Աստծու՝ մարդիկ անզոր են կանխատեսելու ապագան։ Այդ մասին Սողոմոն թագավորը գրել է. «Մի պարծենար վաղուայ օրովը. որովհետեւ չ’գիտես թէ օրը ինչ կ’ծնէ» (Առակաց 27։1)։ Այս խոսքերը մինչև օրս ճշմարիտ են։ Ոչ մեկը չի կարող գուշակել նույնիսկ իր ապագան։ Մինչդեռ Աստված ամեն ինչ գիտի իր ստեղծագործությունների, այդ թվում նաև մարդ արարածի էության և հակումների մասին։ Նա ի զորու է ճշգրտորեն կանխատեսել, թե ինչպես կվարվեն մարդիկ և ազգերը։ Դեռ ավելին, նա կարող է ղեկավարել դեպքերի ընթացքը։ Երբ նա որևէ բան է հայտնում իր մարգարեների միջոցով, դառնում է Մեկը, ով «հաստատում է իր ծառայի խօսքը, եւ իր դեսպանների խորհուրդն է կատարում» (Եսայիա 44։26)։ Միայն Եհովա Աստված կարող է իրականություն դարձնել այս խոսքերը։
Չնայած որ Եսայիան ապրել էր Հիսուսից՝ Մեսիայից ավելի քան 700 տարի առաջ, մարգարեացել էր նրա գալստյան մասին։ Սակայն 18–րդ դարից սկսած՝ Աստվածաշնչի քննադատները «Եսայիա» գրքի վավերականությունը կասկածի են ենթարկել։ Նրանք պնդում էին, որ Եսայիայի մարգարեությունները կանխագուշակված չեն, այլ գրվել են դեպքերի կատարումից հետո։ Արդյոք նրանք ճի՞շտ էին։ 1947 թ.–ին Մեռյալ ծովի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերվեցին «Եսայիա» գրքի մի օրինակ և ուրիշ հնագույն ձեռագրեր։ Հնագետները պարզեցին, որ այդ օրինակը գրվել էր Մեսիայի՝ Հիսուսի ծննդից հարյուրավոր տարիներ առաջ։ Այո՛, Աստվածաշունչը կանխագուշակել էր ապագան։
Եսայիան և Աստվածաշնչի մյուս գրողները չէին կարող մարդկային իմաստությամբ կանխագուշակել ապագայում կատարվելիք դեպքերը։ Նրանք «Աստծու կողմից խոսեցին, քանի որ սուրբ ոգուց էին մղված» (2 Պետրոս 1։21)։ Հաջորդ հոդվածներում կքննենք որոշ մանրամասնություններ Հիսուսի կյանքի վերաբերյալ, որոնց մասին կանխագուշակել է Եսայիան։ Այնուհետև կտեսնենք, թե Հիսուսը և իր աշակերտները մեր օրերի և ապագայի մասին ինչ իրադարձություններ են մարգարեացել։