Հավատիս շնորհիվ ծանր դժվարություններ դիմագրավեցի
Պատմում է Սոլեդադ Կաստիոն
Կյանքումս մի քանի անգամ ինձ թվացել է, թե միայնությունը կկործանի ինձ, բարեբախտաբար, նման բան չպատահեց։ Երբ 34 տարեկան էի, կորցրի ամուսնուս։ Վեց տարի հետո մահացավ հայրս։ Ութ ամիս անց իմացա, որ տղաս անբուժելի հիվանդություն ունի։
ԻՄ ԱՆՈՒՆԸ Սոլեդադ է, որը նշանակում է «միայնություն»։ Գուցե տարօրինակ թվա, սակայն ինձ երբեք միայնակ չեմ զգացել։ Երբ դժվարություններ եմ ունեցել, համոզվել եմ, որ Եհովա Աստված զորացնում է ինձ ու ասում. «Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Եսայիա 41։13)։ Այժմ պատմեմ, թե ինչ ողբերգական դեպքեր եղան իմ կյանքում, և թե դրանք ինչպես ավելի մոտեցրին ինձ Եհովային։
Ուրախ կյանք, չնչին խնդիրներ
Ես ծնվել եմ Իսպանիայի Բարսելոն քաղաքում, 1961թ. մայիսի 3–ին։ Ծնողներիս միակ զավակն էի։ Երբ ինը տարեկան էի, մայրս լսեց Աստվածաշնչի ճշմարտության մասին։ Նա միշտ էլ իրեն հուզող հարցեր էր ունեցել, բայց իր եկեղեցու առաջնորդները բավարար պատասխաններ չէին տվել դրանց։ Մի օր երկու Եհովայի վկա այցելեց մեզ։ Նրանք Գրությունների հիման վրա պատասխանեցին մորս բոլոր հարցերին, և նա ցանկացավ Աստվածաշունչ ուսումնասիրել։
Շատ չանցած՝ մայրս դարձավ Եհովայի վկա, իսկ մի քանի տարի հետո հայրս հետևեց նրա օրինակին։ Էլիանան, որը ուսումնասիրություն էր անցկացրել մորս հետ, նկատել էր, որ ես էլ եմ հետաքրքրվում Աստծու Խոսքով։ Չնայած դեռ շատ փոքր էի, բայց նա առաջարկեց, որ առանձին ուսումնասիրեմ Աստվածաշունչը։ Նրա ջանքերի և մորս աջակցության շնորհիվ 13 տարեկանում մկրտվեցի։
Պատանեկության տարիներին հաճախ էի աղոթքով դիմում Եհովային, հատկապես այն ժամանակ, երբ պետք է որոշումներ կայացնեի։ Անկեղծ ասած՝ այդ տարիներին համեմատաբար քիչ խնդիրներ եմ ունեցել։ Ես մտերիմ էի ծնողներիս հետ։ Նաև ժողովում շատ ընկերներ ունեի։ 1982թ.–ին ամուսնացա Ֆիլիպի հետ։ Մենք նույն հոգևոր նպատակներն ունեինք կյանքում։
Մեր փոքրիկը սովորում է սիրել Եհովային
Հինգ տարի հետո ծնվեց մեր տղան՝ Սաուլը։ Ես ու Ֆիլիպը շատ ուրախ էինք։ Մենք ուզում էինք, որ նա առողջ մեծանա ու դառնա խելացի երեխա, ինչպես նաև սիրի Աստծուն։ Այդ պատճառով շատ ժամանակ էինք անցկացնում Սաուլի հետ. պատմում էինք նրան Եհովայի մասին, ճաշում էինք միասին, գնում էինք զբոսնելու, խաղեր էինք խաղում։ Սաուլը սիրում էր Ֆիլիպի հետ գնալ ու մարդկանց պատմել Աստվածաշնչի ճշմարտությունները։ Նա դեռ վաղ տարիքից սովորեցրել էր մեր փոքրիկին դռան զանգը տալ և թերթիկներ առաջարկել մարդկանց։
Մեր տված դաստիարակությունը և դրսևորած սերը լավ արդյունքներ տվեցին։ Վեց տարեկանից նա սկսեց մեզ հետ կանոնավոր քարոզել։ Սաուլը սիրում էր լսել աստվածաշնչային պատմություններ և անհամբերությամբ սպասում էր մեր ընտանեկան ուսումնասիրությանը։ Իսկ երբ սկսեց դպրոց հաճախել, որոշումները կայացնում էր աստվածաշնչային իր գիտելիքների համաձայն։
Սակայն երբ Սաուլը դարձավ յոթ տարեկան, մեր ընտանեկան կյանքն ամբողջովին փոխվեց։ Ֆիլիպի թոքերում հայտնաբերվեց վիրուսային վարակ։ 11 ամիս շարունակ նա պայքարեց հիվանդության դեմ։ Այդ ընթացքում ամուսինս չէր կարողանում աշխատել և գամված էր անկողնուն։ 36 տարեկանում Ֆիլիպը մահացավ։
Չեմ կարողանում զսպել արցունքներս, երբ հիշում եմ այդ ծանր օրերը։ Մեծ ցավ էի ապրում, երբ տեսնում էի, որ ամուսինս այլևս ի զորու չէ պայքարելու հիվանդության դեմ, և ես ոչնչով չեմ կարող օգնել։ Այդ ամբողջ ընթացքում անդադար քաջալերում էի նրան, թեև հասկանում էի, որ ոչ մի հույս չկա։ Երբ չէինք կարողանում ներկա լինել ժողովներին, մեր հրատարակություններից հոդվածներ էի ընթերցում նրա համար։ Դա զորացնում էր մեզ երկուսիս։ Ֆիլիպի մահից հետո ինձ պարուրեց դատարկության զգացումը։
Այդուհանդերձ, Եհովան զորացրեց ինձ։ Ես անդադար խնդրում էի նրանից իր սուրբ ոգու օգնությունը։ Շնորհակալություն էի հայտնում նրան Ֆիլիպի հետ անցկացրած մեր ուրախ տարիների և հարության հույսի համար։ Խնդրում էի Աստծուն, որ օգնի ինձ ուրախ լինել և ապրել ամուսնուս հետ անցկացրած ուրախ պահերի հիշողություններով և որ իմաստություն տա ինձ, որպեսզի օգնեմ երեխայիս դառնալու ճշմարիտ քրիստոնյա։ Թեև վիշտս մեծ էր, Եհովան սփոփեց ինձ։
Ծնողներս և հավատակիցներս մեծապես աջակցեցին ինձ։ Այդուհանդերձ, ե՛ս պետք է զբաղվեի Սաուլի դաստիարակությամբ, ուսումնասիրեի Աստվածաշունչը նրա հետ և սովորեցնեի նրան, թե ինչպես կարող է ծառայել Եհովային։ Այդ ժամանակ ինձ առաջարկեցին լավ վարձատրությամբ օֆիսային աշխատանք, սակայն նախընտրեցի մաքրության գործ անել, որպեսզի կարողանամ ավելի շատ ժամանակ անցկացնել Սաուլի հետ, երբ նա դպրոցից տուն վերադառնա։ Ինձ համար տղայիս կողքին լինելը ավելի կարևոր էր, քան ֆինանսապես ճոխ կյանքով ապրելը։
Առակաց 22։6–ը ինձ միշտ հիշեցնում էր Սաուլի հոգևոր դաստիարակության կարևորության մասին. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»։ Այս համարը վստահեցնում էր ինձ, որ եթե իմ լավագույնն անեմ ու հոգևոր արժեքներ փոխանցեմ որդուս, Եհովան կօրհնի իմ ջանքերը։
Տարիներ անց մեկ ուրիշ դժբախտություն պատահեց. հայրս մահացավ։ Այդ ժամանակ Սաուլը 14 տարեկան էր։ Նրա համար դա ուժեղ հարված էր, որովհետև որդիս նորից վերապրեց այն ցավը, որ զգացել էր հորը կորցնելիս։ Հայրս նույնպես Եհովային սիրող մարդու լավ օրինակ է թողել։ Նրա մահից հետո Սաուլը հասկացավ, որ մեր տան միակ «տղամարդն» է և պետք է հոգ տանի ինձ ու տատիկին։
Պայքարում ենք լեյկոզի դեմ
Հորս մահից ութ ամիս անց բժիշկն ասաց, որ Սաուլին պետք է հիվանդանոց տեղափոխել, քանի որ նա շատ թույլ էր իրեն զգում։ Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Սաուլը հիվանդ է լեյկոզովa։
Հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում Սաուլը գրեթե միշտ հիվանդանոցում էր լինում։ Բժիշկները քիմիաբուժության միջոցով պայքարում էին քաղցկեղի դեմ։ Առաջին վեց ամիսներին կատարված բուժումները 18 ամսով թուլացրին քաղցկեղի ազդեցությունը։ Սակայն հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց։ Սաուլը կրկին կարճատև քիմիաբուժություն ստացավ, որի պատճառով նրա օրգանիզմը շատ թուլացավ։ Ցավերը միայն կարճ ժամանակով նրան հանգիստ թողեցին, ուստի երբ երրորդ անգամ քիմիաբուժություն ստացավ, չկարողացավ դիմանալ։ Սաուլը իր կյանքը նվիրել էր Աստծուն և ցանկություն էր հայտնել մկրտվելու, սակայն 17 տարին բոլորելուց շատ չանցած՝ մահացավ։
Բժիշկները հաճախ էին առաջարկում արյան փոխներարկում անել՝ քիմիաբուժության բացասական հետևանքների դեմ պայքարելու համար։ Սակայն հենց սկզբից ես ու Սաուլը պարզ ասացինք, որ չենք ընդունելու բուժման այդ ձևը։ Մենք ցանկանում էինք հնազանդվել Եհովայի օրենքին՝ «հեռու մնալ արյունից»։ Փաստն այն է, որ արյան փոխներարկմամբ հիվանդություն չես կարող բուժել (Գործեր 15։19, 20)։ Մի քանի անգամ իմ բացակայության ժամանակ Սաուլը հավաստիացրել էր բժիշկներին, որ այդ հարցի վերաբերյալ ինքն է որոշում կայացրել (տե՛ս շրջանակը, էջ 31)։
Վերջապես բժիշկները համոզվեցին, որ Սաուլը բավականին հասուն է և լավ հասկանում է, թե ինչ հիվանդությամբ է տառապում։ Նրանք ընդառաջեցին մեզ և անարյուն բուժում առաջարկեցին, թեև անընդհատ համոզում էին փոխել մեր որոշումը։ Ես հպարտանում էի Սաուլով, երբ լսում էի, թե ինչպես է նա բժիշկներին բացատրում իր համոզմունքները։ Ակնհայտ էր, որ նա մտերիմ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ։
Այն տարին, երբ իմացանք Սաուլի հիվանդության մասին, մարզային համաժողովին լույս տեսավ «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Մեր ապագան անորոշ էր և վհատեցնող, իսկ այդ թանկարժեք գիրքը խարսխի պես ամուր պահեց մեզ, ու մենք չընկանք վհատության գիրկը։ Հիվանդանոցում որոշ հատվածներ էինք կարդում այդ գրքից։ Հետագայում էլ բազում դժվարությունների հանդիպելիս հաճախ էինք հիշում գրքից կարդացած մտքերը։ Այդ օրերին էր, որ գրքի նախաբանում նշված Եսայիա 41։13–ը առանձնահատուկ տպավորություն գործեց մեզ վրա։ Այնտեղ գրված էր. «Ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ»։
Սաուլի հավատը տպավորել էր շատերին
Սաուլի հասունությունն ու լավատեսությունը շատ էին տպավորել բժիշկներին ու բուժքույրերին։ Որդուս սիրում էր ամբողջ բժշկական անձնակազմը։ Նրանց զարմացրել էր այն, որ Սաուլը երբեք չէր տրտնջում և չէր կորցնում իր հումորի զգացումը։ Բուժքույրերը մի անգամ ասել էին, որ նրա պես հիվանդ դեռ չեն ունեցել։ Իսկ գլխավոր արյունաբանին տպավորել էր Սաուլի քաջությունն ու լավատեսությունը։ Նա հաճախ էր հիշում, թե ինչպես էր Սաուլը հաստատակամորեն պաշտպանում իր համոզմունքները։ Տղայիս դեպքից հետո նա օգնել էր ուրիշ Վկաների՝ լեյկոզով հիվանդ երեխաներին։ Եվ բուժման ընթացքում մեծ հարգանքով ու արժանապատվությամբ էր վերաբերվել նրանց։
Հոգեբաններից մեկն ասաց ինձ, որ այսպիսի անբուժելի հիվանդություն ունեցող երեխաներից շատերն ըմբոստանում են բժիշկների և ծնողների դեմ էմոցիոնալ անհանգիստ վիճակի և ընկճվածության պատճառով։ Նա նկատել էր, որ Սաուլը բոլորովին այլ հոգեվիճակում է, և ապշել էր, որ այդքան հանգիստ է ու լավատեսորեն է տրամադրված։ Ինչ խոսք, մենք լավ վկայություն տալու առիթ ունեցանք։
Հիշում եմ նաև, թե ինչպես Սաուլը օգնեց մեր ժողովի Վկաներից մեկին։ Վերջինս վեց տարի տառապել էր դեպրեսիայով, և դեղամիջոցները չէին օգնել նրան։ Մի քանի անգամ այդ եղբայրը գիշերները խնամել էր Սաուլին հիվանդանոցում։ Տղայիս տրամադրվածությունը մեծ ազդեցություն էր թողել այդ եղբոր վրա։ Նա նկատել էր, որ չնայած իր ուժասպառ վիճակին՝ Սաուլը փորձում է քաջալերել իրեն այցելողներին։ Մի առիթով նա ասաց. «Սաուլի օրինակը ինձ ուժ տվեց, որ քաջությամբ պայքարեմ դեպրեսիայի դեմ»։
Արդեն երեք տարի է, ինչ Սաուլը կողքիս չէ։ Սիրտս դեռ վշտացած է։ Չէի ասի, որ ուժեղ եմ, բայց Աստված տալիս է ինձ «սովորականին գերազանցող զորությունը» (2 Կորնթացիներ 4։7)։ Ինձ հետ պատահած դեպքերից հասկացա, որ ամենածանր իրավիճակներում էլ կարելի է դրական որևէ բանի վրա կենտրոնանալ։ Դժվարությունները սովորեցրին ինձ ավելի շատ մտածել ուրիշների մասին և փորձել հասկանալ նրանց, ովքեր տառապում են։ Եվ որ ամենակարևորն է, ես ավելի մտերմացա Եհովայի հետ։ Այժմ կարող եմ առանց վախի նայել ապագային, որովհետև իմ երկնային Հայրը ինձ հետ է և ձեռքիցս բռնած տանում է ինձ։
[ծանոթագրություն]
a Սաուլը հիվանդ էր լիմֆո–բլաստային լեյկոզով։ Այն արյան քաղցկեղի մի տեսակ է, որն ախտահարում է սպիտակ գնդիկները։
[շրջանակ/նկար 31–րդ էջի վրա]
ԳԻՏԵ՞Ք ԱՐԴՅՈՔ
Հավանաբար լսել եք, որ Եհովայի վկաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ Գիտե՞ք, թե ինչու։
Աստվածաշնչի վրա հիմնված այս որոշումը մարդկանց հաճախ շփոթեցնում է։ Մարդիկ կարծում են, որ Եհովայի վկաները մերժում են բուժման բոլոր ձևերը կամ էլ չեն գնահատում իրենց կյանքը։ Իրականում դա ճիշտ չէ։ Եհովայի վկաները ընդունում են բուժման լավագույն ձևերը, որոնք մատչելի են թե՛ իրենց և թե՛ ընտանիքի անդամների համար։ Սակայն նախընտրում են առանց արյան բուժումը։ Ինչո՞ւ։
Նրանց դիրքորոշման հիմքում ընկած է այն օրենքը, որ Աստված տվեց մարդկությանը։ Ջրհեղեղից հետո Եհովան Նոյին և նրա ընտանիքին թույլատրեց կենդանու միս ուտել։ Սակայն նա մի սահմանափակում դրեց. նրանք չպետք է ուտեին կենդանու արյունը (Ծննդոց 9։3, 4)։ Այս օրենքը վերաբերում էր Նոյի բոլոր ժառանգներին։ Այն անփոփոխ է մնացել առ այսօր։ Ավելի քան ութ դար հետո Աստված վերհիշեցրեց այդ օրենքը Իսրայել ազգին՝ նշելով, որ արյունը սուրբ է և ներկայացնում է հոգին, կամ՝ կյանքը (Ղեւտացոց 17։14)։ Մոտ 1 500 տարի անց առաքյալները նույնպես հիշատակեցին այդ օրենքի մասին՝ պատվիրելով բոլոր քրիստոնյաներին «հեռու մնալ.... արյունից» (Գործեր 15։29)։
Ուստի եթե Եհովայի վկաները թույլ տան, որ իրենց արյուն ներարկեն, փաստորեն, հեռու չեն մնա արյունից։ Նրանք նախընտրում են այլընտրանքային բուժման ձևերը։ Առաջնորդվելով սուրբգրային այս օրենքով՝ Վկաները բարձրորակ բժշկական օգնություն են ստանում։ Այդ պատճառով էլ շատերը, ովքեր Եհովայի վկաներ չեն, նույնպես նախընտրում են անարյուն բուժում ստանալ։
[նկար 29–րդ էջի վրա]
Ֆիլիպի և Սաուլի հետ
[նկար 29–րդ էջի վրա]
Ծնողներիս հետ
[նկար 30–րդ էջի վրա]
Սաուլը՝ մահից մեկ ամիս առաջ